Ա՜խ, կարծես նստած ես դռանը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ա՜խ, կարծես նստած ես դռանը

Եղիշե Չարենց

Ա՜խ, կարծես նստած ես դռանը և ինձ հետ Տերյան ես կարդում...
Շարքն ես կարդում նաիրյան՝ նաիրյան խոսքերի գանձարանը...
Օ՜, սիրում էինք մենք նրան, ինչպես հույսն են սիրում ապարդյուն,—
Եվ... Տերյան էիր դու կարդում՝ միշտ հետըս նստած մեր դռանը...
Բայց ցնորք ես դո՛ւ էլ հուրհուրան — քո հուշն է միայն դեռ արթուն։
Օ՜, սրբազան իմ Վահան,— երբ փակվեց հոգուս դամբարանը՝
Խոհերի՝ անաղարտ դեռ պահած — պահապանն աննինջ եղար դու...
Հիշատակդ, որ վառ ու բուրյան է,— խփել է կապույտ իր վրանը,
Հնչում է ձայնդ ահա արևի նման զվարթուն...
Նո՛ւյն կարոտն ես դու նաիրյան, և նստած կրկին իմ դռանը՝
Հի՛ն տրտունջը քո մեջ դեռ պահած — ահա հետըս Տերյան ես կարդում։

1937