Աղավնին ու ագռավը
Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
| Աղավնին ու ագռավը հեղինակ՝ Հովհաննես Շիրազ |
Ապշել էր մանուկ աղավնին բարի,
Որ, իբր ագռավն հինգ հարյուր տարի,
Կամ թե երեք դար
Կապրի անդադար,
Ու գեթ մի դարի կյանքի ծարավից՝
Ուզեց իմանալ գաղտնիքն ագռավից.
― Այդ ինչի՞ց է, որ՝
Ես էլ թևավոր,
Բայց դու մեզանից երկար ես ապրում,
Դու, որ չարժեիր իմ ոտի փոշին.
― Արի գաղտնիքը քեզ ցույց տամ իսկույն,―
Ասաց ագռավը և իջավ լեշին՝
Կտուցը խրեց հոտած լեշի մեջ․․․
Բայց իսկույն սոսկաց աղավնին իմ խեղճ.
― Թող կյանքս, ասավ, մի վայրկյան լինի,
Լավ է քիչ ապրեմ, իբրև աղավնի,
Քան թե դարերով, բայց իբրև ագռավ,―
Ասաց աղավնին ու երկինք թռավ։

