Արցախի Սահմանադրություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Բովանդակություն

1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16
17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43, 44, 45, 46, 47, 48, 49, 50, 51, 52, 53, 54, 55, 56, 57, 58, 59, 60
61, 62, 63, 64, 65, 66, 67, 68, 69, 70, 71, 72, 73, 74, 75
76, 77, 78, 79, 80, 81, 82, 83, 84, 85, 86, 87, 88, 89, 90, 91, 92, 93, 94, 95, 96, 97, 98
99, 100, 101, 102, 103, 104, 105, 106, 107
108, 109, 110, 111, 112, 113, 114, 115, 116
117, 118
119, 120
121, 122
123, 124, 125, 126, 127, 128, 129, 130, 131, 132
133, 134, 135, 136
137, 138, 139, 140, 141, 142



Մենք` Արցախի ժողովուրդը`

-տոգորված ազատության ոգով,

-իրագործելով Հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու ու ստեղծագործելու մեր նախնիների երազանքը և ժողովրդի բնական իրավունքը,

-դրսևորելով անսասան կամքª զարգացնելու և պաշտպանելու ինքնորոշման իրավունքի հիման վրա 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ստեղծված և 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը`

որպես ազատ« իրավահավասար քաղաքացիների ինքնիշխան պետություն,

որտեղ մարդը« նրա կյանքն ու անվտանգությունը,

իրավունքներն ու ազատությունները բարձրագույն արժեքներ են,

-հաստատելով հավատարմությունը 1992 թվականի հունվարի 6-իª ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին՚ Հռչակագրի սկզբունքներին,

-երախտագիտությամբ հիշելով մեր նախնիների և ներկա սերունդների հերոսական պայքարը ազատության վերականգնման համար, խոնարհվելով մեզ պարտադրված պատերազմում նահատակվածների հիշատակի առջև,

- ոգեշնչված աշխարհասփյուռ հայության դրսևորած միասնության զորությամբ,

-վերակերտելով Արցախում ազգային պետականության պատմական ավանդույթները,

-ձգտելով հաստատել բարիդրացիական հարաբերություններ բոլոր ժողովուրդների« առաջին հերթին` հարևանների հետª իրավահավասարության« փոխադարձ հարգանքի և խաղաղ գոյակցության հիման վրա«

-հանդես գալով հանուն միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին համապատասխան համաշխարհային արդարացի կարգերի,

-գիտակցելով պատմական Հայրենիքի ճակատագրի համար սեփական պատասխանատվությունը ներկա և ապագա սերունդների առջև,

-իրականացնելով մեր ինքնիշխան իրավունքը,

մեզ համար« սերունդների և բոլոր նրանց համար« ովքեր կցանկանան ապրել Արցախում« ընդունում և հռչակում ենք սույն Սահմանադրությունը:

ԳԼՈՒԽ 1․ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 1

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն անվանումները նույնական են:

Հոդված 2

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչում է մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները` որպես անօտարելի ու բարձրագույն արժեքներ, ազատության, արդարության և խաղաղության հիմք:

Հոդված 3

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

2. Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների եղանակով, ինչպես նաև Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

3. Իշխանության յուրացումը հանցագործություն է:

Հոդված 4

Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:

Հոդված 5

Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին համապատասխան: Պետությունը սահմանափակված է այդ իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք:

Հոդված 6

1. Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա:

2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ և օրենքներով:

Հոդված 7

1. Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն:

2. Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Այլ ներպետական իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրու­թյանը և օրենքներին: Ներպետական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով:

3. Օրենքները և այլ ներպետական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով պաշտոնական հրապարակումից հետո:

4. Սահմանադրությանը հակասող ճանաչված օրենքները, ինչպես նաև Սահմանադրությանը կամ օրենքին հակասող ճանաչված այլ ներպետական իրավական ակտերն իրավաբանական ուժ չունեն:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են:

6. Օրենքներն ու այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին:

7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում միայն վավերացվելուց կամ հաստատվելուց հետո: Եթե վավերացված միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը:

8. Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել: Օրենքին հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող հաստատվել:

Հոդված 8

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ճանաչվում են գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցու­թյունը:

2. Կուսակցությունները կազմավորվում են ազատորեն, նպաստում ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը: Նրանց գործունեությունը չի կարող հակասել Սահմանադրությանը և օրենքներին, իսկ գործելակերպը` ժողովրդավարության սկզբունքներին:

3. Կուսակցություններն ապահովում են իրենց ֆինանսական գործունեության հրապարակայնությունը:

Հոդված 9

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում երաշխավորվում են տնտեսական գործունեության ազատությունը և ազատ տնտեսական մրցակցությունը:

2. Արգելվում է անբարեխիղճ մրցակցությունը:

3. Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի թույլատրելի տեսակներն ու սահմանները կարող են սահմանվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հանրության շահերի ապահովման համար:

4. Պետությունը երաշխավորում է սեփականության բոլոր ձևերի ազատ զարգացումը և հավասար իրավական պաշտպանությունը:

Հոդված 10

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու` որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունն արցախահայության հոգևոր կյանքում« նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

Հոդված 11

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը:

2. Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն ևգտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո:

Հոդված 12

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հանրաճանաչ սզբունքներին և նորմերին համապատասխան:

Հոդված 13

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը:

Հոդված 14

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս գտնվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ներքո:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիության ձեռք բերման և դադարման կարգը սահմանվում է օրենքով:

Հոդված 15

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում երաշխավորվում է բնակչության մեջ տարածում գտած այլ լեզուների ազատ գործածումը:

Հոդված 16

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը եռագույն է` կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով, աջ կողմի երկու ծայրերից սկսվող և դրոշի մեկ երրորդ հատվածում միացող սպիտակ գույնի հնգատամ սանդղանման զարդանախշով: Դրոշի մանրամասն նկարագրությունը սահմանվում է օրենքով:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը և օրհներգը սահմանվում են օրենքով:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքը Ստեփանակերտն է:

ԳԼՈՒԽ 2․ ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 17

Մարդու արժանապատվությունը հարգվում և պաշտպանվում է պետության կողմից:

Հոդված 18

1. Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք:

2. Ոչ ոք չի կարող դատապարտվել մահապատժի:

Հոդված 19

1. Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունք:

2. Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Ոչ ոք չի կարող առանց իր համաձայնության ենթարկվել գիտական, բժշկական և այլ փորձերի:

Հոդված 20

Յուրաքանչյուր ոք ազատ է անելու այն ամենը, ինչն արգելված չէ Սահմանադրությամբ կամ օրենքով և չի խախտում այլոց իրավունքներն ու ազատությունները:


Հոդված 21

1. Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև:

2. Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Հոդված 22

1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք:

2. Անձը կարող է զրկվել ազատությունից միայն օրենքով սահմանված կարգով` հետևյալ դեպքերում.

2.1) դատարանի կողմից անձը դատապարտվել է հանցագործություն կատարելու համար.

2.2) անձը չի կատարել դատարանի` օրինական ուժի մեջ մտած կարգադրությունը.

2.3) օրենքով սահմանված որոշակի պարտականությունների կատարումն ապահովելու նպատակով.

2.4) առկա է հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա անհրաժեշտ է անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու նպատակով.

2.5) անչափահասին դաստիարակչական հսկողության հանձնելու կամ իրավասու այլ մարմին ներկայացնելու նպատակով.

2.6) վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով կամ հոգեկան հիվանդ, գինեմոլ, թմրամոլ կամ թափառաշրջիկ անձանցից բխող հասարակական վտանգը կանխելու նպատակով.

2.7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անձի անօրինական մուտքը կանխելու, նրան արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով:

3. Եթե ձերբակալված անձը ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի կալանավորվում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման:

4. Ազատությունից զրկված անձն իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է պատճառների, իսկ քրեական մեղադրանք ներկայացվելու դեպքում` նաև մեղադրանքի մասին: Ազատությունից զրկված անձի ցանկությամբ այդ մասին անհապաղ տեղեկացվում է նրա կողմից նշված անձը:

5. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր ձերբակալման, կալանավորման և կալանքի տակ պահվելու օրինականությունն ու հիմնա­վորվածությունը վիճարկել դատական կարգով:

6. Յուրաքանչյուր ոք ապօրինի ձերբակալման, կալանավորման կամ կալանքի տակ պահվելու համար օրենքով սահմանված հիմքերով և կարգով ունի պատճառված վնասի հատուցման իրավունք:

7. Ոչ ոք չի կարող ազատությունից զրկվել միայն այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու քաղաքացիաիրավական պարտավորությունները:

8. Ոչ ոք չի կարող խուզարկվել այլ կերպ, քան օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

Հոդված 23

1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ու ընտանեկան կյանքի հարգման իրավունք:

2. Առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ կարող են հավաքվել, պահվել, օգտագործվել կամ տարածվել միայն օրենքով նախատեսված տեղեկություններ: Արգելվում է անձի վերաբերյալ տեղեկությունների օգտագործումը և տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին:

3. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալ իր վերաբերյալ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում առկա տեղեկություններին և պահանջել դրանց ճշգրտում կամ վերացումª օրենքով նախատեսված դեպքերում:

4. Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով` դատարանի որոշմամբ:

Հոդված 24

1. Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք: Արգելվում է անձի կամքին հակառակ մուտք գործել նրա բնակարան, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

2. Բնակարանը կարող է խուզարկվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով` դատարանի որոշմամբ:

Հոդված 25

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից դուրս գալու իրավունք:

3. Յուրաքանչյուր քաղաքացի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բնակվելու իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացին ու քաղաքացիություն չունեցող անձն ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն վերադառնալու իրավունք:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող օտարերկրյա քաղաքացին և քաղաքացիություն չունեցող անձը կարող են արտաքսվել Հանրապետությունից օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

Հոդված 26

1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք:

2. Կրոնի և համոզմունքների արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` Սահմանադրության 52-րդ հոդվածում նախատեսված հիմքերով:

3. Օրենքով սահմանված կարգով գործող կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը երաշխավորվում է:

Հոդված 27

1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատորեն արտահայտելու իրավունք, այդ թվում` խոսքի ազատության իրավունք, ներառյալ` տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը տեղեկատվության ցանկացած միջոցով` անկախ պետական սահմաններից:

2. Արգելվում է անձին հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն:

3. Զանգվածային լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Տեղեկատվության միջոցների գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

4. Պետությունը երաշխավորում է հանրային ռադիոյի և հեռուստատեսության առկայությունը և գործունեությունը:

Հոդված 28

Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց դիմումներ, առաջարկություններ և հանրագրեր ներկայացնելու ու ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք:

Հոդված 29

1. Յուրաքանչյուր ոք ունի այլ անձանց հետ միավորումներ կազմելու, այդ թվում` արհեստակցական միություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու իրա-վունք: Արհեստակցական միություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու իրավունքը օրենքով կարող է սահմանափակվել զինված ուժերում, դատախազությունում, ոստիկանության և ազգային անվտանգության մարմիններում ծառայողների, ինչպես նաև դատավորների համար:

2. Անձին չի կարելի հարկադրել անդամագրվելու որևէ միավորման:

3. Միավորումների գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել միայն օրենքով նախատեսված դեպքերում` դատական կարգով:

Հոդված 30

1. Յուրաքանչյուր քաղաքացի ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու իրավունք: Այս իրավունքը օրենքով կարող է սահմանափակվել զինված ուժերում, դատախազությունում, ոստիկանության և ազգային անվտանգության մարմիններում ծառայողների համար:

2. Անձին չի կարելի հարկադրել անդամագրվելու որևէ կուսակցության:

3. Կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել միայն օրենքով նախատեսված դեպքերում` Գերագույն դատարանի որոշմամբ:

Հոդված 31

1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր և այլ հավաքներ անցկացնելու իրավունք:

2. Օրենքով սահմանված դեպքերում հավաքներն անցկացվում են նախնական իրազեկմամբ:

Հոդված 32

1. Տասնութ տարին լրացած քաղաքացիներն ունեն հանրաքվեներին մասնակցելու և ընտրելու իրավունք:

2. Օրենքով կարող է սահմանվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց ընտրական իրավունքª տեղական ինքնակառա;վարման մարմինների ընտրություններում:

3. Հանրաքվեներին մասնակցելու, ընտրելու և ընտրվելու իրավունք չունեն դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող քաղաքացիները:

4. Քաղաքացիներն ունեն օրենքով սահմանված ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության ընդունվելու իրավունք: Հանրային ծառայության սկզբունքները և կազմակերպման կարգը սահմանվում են օրենքով:

Հոդված 33

1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետել, օգտագործել, տնօրինել և ժառանգել օրինական հիմքերով որպես սեփականություն ձեռք բերած գույքը:

2. Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է խախտի այլ անձանց իրավունքները և ազատությունները, վնաս պատճառի շրջակա միջավայրին, հանրային շահերին:

3. Սեփականությունից կարող է զրկել միայն դատարանը` օրենքով նախատեսված դեպքերում:

4. Սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերումª օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ:

5. Հողի նկատմամբ սեփականության իրավունք չունեն օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Հոդված 34

1. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ընտրության ազատություն:

2. Յուրաքանչյուր աշխատող ունի արդարացի և օրենքով սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի, ինչպես նաև անվտանգության ու հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների իրավունք:

3. Յուրաքանչյուր ոք ունի օրենքով չարգելված տնտեսական, այդ թվում` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Այս իրավունքը օրենքով կարող է սահմանափակվել հանրային ծառայողների համար:

4. Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական և աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք:

5. Մինչև 16 տարեկան երեխաներին մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է: Նրանց ժամանակավոր աշխատանքի ընդունման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով:

6. Հարկադիր աշխատանքն արգելվում է:

Հոդված 35

1. Յուրաքանչյուր աշխատող ունի ամենօրյա և շաբաթական հանգստի, ինչպես նաև ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք:

2. Առավելագույն աշխատաժամանակը, ընդմիջման տևողությունը, հանգստյան օրերը և ամենամյա վճարովի արձակուրդի նվազագույն տևողությունը սահմանվում են օրենքով:

Հոդված 36

1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու բարենպաստ շրջակա միջավայրում:

2. Յուրաքանչյուր ոք ունի շրջակա միջավայրի մասին տեղեկատվություն ստանալու իրավունք:

Հոդված 37

Յուրաքանչյուր ոք ունի իր և իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի ապահովման իրավունք:

Հոդված 38

1. Ընտանիքը հասարակության բնական և հիմնական հիմքն է:

2. Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը ունեն ամուսնանալու և ընտանիք ստեղծելու իրավունք: Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում և ամուսնալուծվելիս նրանք օգտվում են հավասար իրավունքներից:

3. Մայրության հետ կապված պատճառներով աշխատանքից ազատելն արգելվում է: Յուրաքանչյուր աշխատող կին հղիության և ծննդաբերության դեպքում ունի վճարովի արձակուրդի, իսկ նորածնի խնամքի համար կամ երեխայի որդեգրման կապակցությամբª արձակուրդի իրավունք:

4. Ծնողական իրավունքներից զրկելը կամ դրանց սահմանափակումը կարող է կատարվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված դեպքերում:

Հոդված 39

Յուրաքանչյուր ոք ունի ծերության, հաշմանդամության, հիվանդության, կերակրողին կորցնելու, գործազրկության և օրենքով նախատեսված այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք: Սոցիալական ապահովության ծավալներն ու ձևերը սահմանվում են օրենքով:

Հոդված 40

1. Յուրաքանչյուր ոք ունի առողջության պահպանման իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք ունի օրենքով սահմանված կարգով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք:

3. Յուրաքանչյուր ոք ունի անվճար հիմնական բժշկական ծառայություններ ստանալու իրավունք: Դրանց ցանկը և մատուցման կարգը սահմանվում են օրենքով:

Հոդված 41

1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք:

2. Հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Օրենքով կարող է սահմանվել պարտադիր կրթության ավելի բարձր մակարդակ:

3. Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է:

4. Յուրաքանչյուր քաղաքացի ունի մրցութային հիմունքներով պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում անվճար կրթություն ստանալու իրավունք` օրենքով սահմանված կարգով:

5. Պետությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆինանսական ու այլ աջակցություն է ցուցաբերում բարձրագույն և այլ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին և դրանցում սովորողներին:

6. Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության սկզբունքները սահմանվում են օրենքով:

7. Ուսումնական հաստատությունների ստեղծման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

Հոդված 42

1. Յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատություն:

2. Մտավոր սեփականությունը պաշտպանվում է օրենքով:

Հոդված 43

1. Յուրաքանչյուր ոք ունի իր ազգային, էթնիկական ինքնությունը պահպանելու իրավունք:

2. Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման ազատություն:

Հոդված 44

1. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր իրավունքների և ազատությունների պաշտպանության համար օրենքով սահմանված հիմքերով ու կարգով ստանալ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը:

3. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատությունները օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք:

4. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր իրավունքների և ազատությունների պաշտպանության խնդրով դիմելու մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին:

Հոդված 45

1. Յուրաքանչյուր ոք ունի հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

2. Դատավարության մասնակիցների անձնական և ընտանեկան կյանքի, անչափահասների շահերի, հասարակական կարգի, պետական անվտանգության, հանրության բարոյականության կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով լրատվամիջոցների և հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը դատական քննությանը կամ դրա մի մասին կարող է արգելվել դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:

Հոդված 46

1. Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք ունի ձերբակալման, խափանման միջոցի ընտրման կամ մեղադրանքի առաջադրման պահից իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունք:

3. Դատապաշտպանի ծառայության համար վճարման բավարար միջոցներ չունեցող մեղադրյալին, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում անձին իրավաբանական օգնություն ցույց է տրվում պետական բյուջեի միջոցների հաշվին:

Հոդված 47

1. Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու և մերձավոր ազգականների վերաբերյալ: Օրենքով կարող են նախատեսվել ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու այլ դեպքեր:

2.Արգելվում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը:

Հոդված 48

1. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

2. Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի:

3. Տուժողին պատճառված վնասը հատուցվում է օրենքով սահմանված կարգով:

Հոդված 49

1. Անձին չի կարելի որևէ արարքի համար ենթարկել քրեական հետապնդման և մեղավոր ճանաչել, եթե այդ արարքի կատարման պահին գործող օրենքով այն հանցագործություն չի համարվել:

2. Ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար:

3. Արգելվում է նշանակել ավելի ծանր պատիժ, քան կարող էր կիրառվել հանցագործության կատարման պահին գործող օրենքով:

4. Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ:

Հոդված 50

1. Յուրաքանչյուր ոք օրենքով սահմանված կարգով ունի իր նկատմամբ կայացված դատավճռի վերանայման իրավունք` վերադաս դատարանի կողմից:

2. Յուրաքանչյուր դատապարտյալ ունի ներման կամ նշանակված պատիժը մեղմացնելու խնդրանքի իրավունք:

Հոդված 51

Պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող օրենքը, անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

Հոդված 52

Սահմանադրության 23-25-րդ, 27-31-րդ հոդվածներում, 32-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում, 34-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա պիտանի, անհրաժեշտ և համարժեք է պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար:

Հոդված 53

Մարդու և քաղաքացու առանձին հիմնական իրավունքներ ու ազատություններ, բացառությամբ Սահմանադրության 17–21-րդ, 26-րդ և 44–50-րդ հոդվածներում նշվածների, կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես սահմանափակվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ:

Հոդված 54

Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող աղավաղել այդ իրավունքների ու ազատությունների էությունը:

Հոդված 55

1. Յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը և օրենքները, հարգել այլոց արժանապատվությունը, իրավունքներն ու ազատությունները:

2. Արգելվում է իրավունքների և ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն և պատերազմ քարոզելու նպատակով:

3. Ոչ ոք չի կարող հարկադրվել կրելու պարտականություններ, որոնք սահմանված չեն Սահմանադրությամբ կամ օրենքով:

Հոդված 56

Յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված դեպքերում, կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:

Հոդված 57

Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանու­թյանը:

Հոդված 58

Յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել պատմական և մշակութային հուշարձանները:

Հոդված 59

Սույն գլխում ամրագրված հիմնական իրավունքները, ազատությունները և պարտականությունները տարածվում են նաև իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով որ այդ իրավունքները, ազատությունները և պարտականությունները իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ:

Հոդված 60

Տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության հիմնական խնդիրներն են.

1) հովանավորել ընտանիքը, մայրությունը և մանկությունը.

2) աջակցել բազմազավակ ընտանիքներին.

3) դրսևորել առանձնահատուկ հոգածություն հաշմանդամ ազատամարտիկների և զոհված ազատամարտիկների ընտանիքների նկատմամբ.

4) նպաստել բնակչության զբաղվածությանը և աշխատանքի պայմանների բարելավմանը.

5) խթանել բնակարանային շինարարությունը, նպաստել յուրաքանչյուր քաղաքացու բնակարանային պայմանների բարելավմանը.

6) իրականացնել բնակչության առողջության պահպանման ծրագրեր, նպաստել արդյունավետ և մատչելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծմանը.

7) իրականացնել հաշմանդամության կանխարգելման և բուժման ծրագրեր, խթանել հաշմանդամների մասնակցությունը հասարակական կյանքին.

8) խթանել ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացումը.

9) նպաստել երիտասարդության մասնակցությանը երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին.

10) նպաստել անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթության զարգացմանը.

11) նպաստել գիտության և մշակույթի զարգացմանը.

12) իրականացնել ներկա և ապագա սերունդների բնապահպանական անվտանգությունն ապահովող քաղաքականություն.

13) պահպանել և վերականգնել պատմամշակութային հուշարձանները.

14) նպաստել հայկական սփյուռքի հետ կապերի ամրապնդմանը.

15) նպաստել ազգային և համամարդկային արժեքներին յուրաքանչյուրի ազատ հաղորդակցմանը.

16) ապահովել տարեց մարդկանց արժանապատիվ կենսամակարդակը:

Պետությունը պարտավոր է իր հնարավորությունների սահմաններում միջոցներ ձեռնարկել նշված խնդիրների իրականացման համար:

ԳԼՈՒԽ 3․ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ

Հոդված 61

1. Հանրապետության Նախագահը պետության գլուխն է:

2. Հանրապետության Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:

3. Հանրապետության Նախագահը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է:

Հոդված 62

1. Հանրապետության Նախագահն ընտրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների կողմից` հինգ տարի ժամկետով:

2. Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

3. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում:

Հոդված 63

1. Հանրապետության Նախագահն ընտրվում է Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով: Հանրապետության Նախագահի ընտրությունն անցկացվում է Հանրապետության Նախագահի լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ:

2. Հանրապետության Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ է քվեարկել թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին:

3. Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկին կողմ չի քվեարկել թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին, ապա քվեարկությունից հետո` տասնչորսերորդ օրը, անցկացվում է Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկություն: Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլին կարող են մասնակցել այն երկու թեկնածուները, որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ: Երկրորդ փուլում Հանրապետության Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ:

4. Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է Հանրապետության Նախագահ, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին:

5. Եթե Հանրապետության Նախագահի ընտրության արդյունքների վերաբերյալ Գերագույն դատարանը գործ է ընդունում քննության« ապա որոշում պետք է կայացնի դիմումը ստանալոց հետո` տասնօրյա ժամկետում« իսկ սույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվվում են Գերագույն դատարանի որոշման ուժի մեջ մտնելու պահից£

6. Եթե Հանրապետության Նախագահ չի ընտրվում, ապա նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակվելուց հետո` քառասուներորդ օրը:

7. Հանրապետության Նախագահը պաշտոնը ստանձնում է Հանրապետության նախորդ Նախագահի լիազորությունների ավարտման օրը:

8. Նոր կամ արտահերթ ընտրության միջոցով ընտրված Հանրապետության Նախագահը պաշտոնը ստանձնում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` քսաներորդ օրը:

Հոդված 64

1. Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո` քառասուներորդ օրը:

2. Մինչև քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում եռօրյա ժամկետում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակվելուց հետո` քառասուներորդ օրը:

Հոդված 65

Հանրապետության Նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների կատարման անհնարինության կամ Սահմանադրության 71-րդ հոդվածով սահմանված կարգով նրան պաշտոնանկ անելու դեպքերում նշանակվում է Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո` քառասուներորդ օրը:

Հոդված 66

Պատերազմի կամ արտակարգ դրության ժամանակ Հանրապետության Նախագահի ընտրություն չի անցկացվում, իսկ Հանրապետության Նախագահը շարունակում է իր լիազորությունների իրականացումը մինչև պատերազմի կամ արտակարգ դրության ավարտից հետո ընտրված Հանրապետության Նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը: Այդ դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունն անցկացվում է պատերազմի կամ արտակարգ դրության ավարտից հետո` իննսուներորդ օրը, և նորընտ;իր Նախագահը պաշտոնը ստանձնում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` քսաներորդ օրը, իսկ եթե ընտրության արդյունքների վերաբերյալ Գերագույն դատարանը գործ է ընդունում քննության, ապաª դատարանի որոշման ուժի մեջ մտնելուց հետո` քսաներորդ օրը:

Հոդված 67

Հանրապետության Նախագահը պաշտոնը ստանձնում է օրենքով սահմանված կարգով` Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված հետևյալ երդմամբ. ՙՍտանձնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը` ի փառս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ի բարօրություն մեր ժողովրդի՚:

Հոդված 68

Հանրապետության Նախագահը`

1) ուղերձով դիմում է ժողովրդին և Ազգային ժողովին.

2) Ազգային ժողովի ընդունած օրենքն ստանալուց հետո` երեսնօրյա ժամկետում, ստորագրում և հրապարակում է այն: Այդ ժամկետում կարող է օրենքն առարկություններով և առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով` նոր քննարկման: Ազգային ժողովի կողմից վերստին ընդունված օրենքը ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, ստորագրում և հրապարակում է այն.

3) Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով արձակում է Ազգային ժողովը և նշանակում արտահերթ ընտրություն.

4) Սահմանադրության 100-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակում է վարչապետին: Վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է Կառավարության մյուս անդամներին£

Խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և խմբակցությունների ղեկավարների հետª ազատում է վարչապետին: Վարչապետի ազատման կամ հրաժարականի, Ազգային ժողովի կողմից Կառավարությանն անվստահություն հայտնելու, վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքերում ընդունում է Կառավարության հրաժարականը.

5) Ազգային ժողովին է առաջարկում Գերագույն դատարանի նախագահի և մյուս դատավորների թեկնածությունները, Սահմանադրության 116-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակում է առաջին ատյանի, վերաքննիչ ու օրենքով նախատեսված այլ դատա­րանների նախագահներին և մյուս դատավորներին, դադարեցնում է դատավորների լիազորությունները, համաձայնություն է տալիս դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու համար.

6) Ազգային ժողովին է առաջարկում գլխավոր դատախազի թեկնածությունը: Գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում և ազատում է գլխավոր դատախազի տեղակալներին.

7) Ազգային ժողովին է առաջարկում վերահսկիչ պալատի նախագահի թեկնածությունը.

8) նշանակում է արդարադատության խորհրդի երկու իրավաբան անդամներ.

9) օրենքով նախատեսված դեպքերում նշանակումներ է կատարում պետական պաշտոններում.

10) կազմավորում է անվտանգության խորհուրդ և նախագահում այն, կարող է կազմավորել խորհրդակցական այլ մարմիններ.

11) ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում, իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը, ստորագրում է միջազգային պայմանագրեր, Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացնում միջազգային պայմանագրեր և ստորագրում դրանց վավերագրերը, հաստատում, կասեցնում կամ դադարեցնում է վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը.

12) նշանակում և հետ է կանչում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններին առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներին, ընդունում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը և հետկանչագրերը.

13) զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, նշանակում և ազատում է զինված ուժերի ու այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը.

14) Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտա­րարում է ռազմական դրություն և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք և որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին:

Զինված ուժերի օգտագործման կամ ռազմական դրություն հայտարարվելու դեպքերում իրավունքի ուժով գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:

Ռազմական դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով.

15) աղետի դեպքում կամ այլ արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին, անհրաժեշտության դեպքում հայտարարում է արտակարգ դրություն:

Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:

Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով.

16) օրենքով սահմանված կարգով լուծում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիության և քաղաքական ապաստան տալու հետ կապված հարցերը.

17) պարգևատրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շքանշաններով և մեդալներով, շնորհում բարձրագույն զինվորական և պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական և այլ դասային աստիճաններ.

18) լուծում է դատապարտյալին ներում շնորհելու հարցը:

Հոդված 69

Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագրեր և կարգադրություններ:

Հոդված 70

Հանրապետության Նախագահն անձեռնմխելի է: Հանրապետության Նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարո;ղ հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության Նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո:

Հոդված 71

1. Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար:

2. Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հարցի մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է Գերագույն դատարան:

3. Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշումը Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա կայացնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

4. Եթե Գերագույն դատարանի եզրակացությամբ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերը բացակայում են, ապա հարցը հանվում է Ազգային ժողովի քննարկումից:

Հոդված 72

Հանրապետության Նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողովին: Տասնօրյա ժամկետում հրաժարականը կրկին ներկայացնելու դեպքում Հանրապետության Նախագահի հրաժարականը համարվում է ընդունված, և Սահմանադրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում անցկացվում է արտահերթ ընտրություն:

Հոդված 73

1. Հանրապետության Նախագահի ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում, որոնք տևականորեն անհնարին են դարձնում նրա լիազորությունների իրականացումը, Ազգային ժողովը` Կառավարության առաջարկով և Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով որոշում է ընդունում Հանրապետության Նախագահի կողմից իր լիազորու­թյունների կատարման անհնարինության և այդ հիմքով նրա լիազորությունները դադարեցնելու մասին:

2. Եթե Գերագույն դատարանի եզրակացությամբ Հանրապետության Նախագահի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության հիմքերը բացակայում են, ապա Կառավարությունը չի կարող նման առաջարկով դիմել Ազգային ժողով:

Հոդված 74

Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, մինչև նորընտիր Նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, Հանրապետության Նախագահի լիազորություններն իրականացնում է Ազգային ժողովի նախագահը, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա` վարչապետը: Ազգային ժողովի նախագահի կողմից Հանրապետության Նախագահի լիազորություններն իրականացնելիս Ազգային ժողովի նախագահի լիազորություններն իրականացնում է Ազգային ժողովի նախագահի տեղակալը: Այդ ընթացքում արգելվում է նշանակել հանրաքվե, արձակել Ազգային ժողովը, նշանակել կամ ազատել վարչապետին, գլխավոր դատախազին, զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը, օրենքով նախատեսված դեպքերում նշանակումներ կատարել ոստիկանության և ազգային անվտանգության մարմինների պաշտոններում, ինչպես նաև իրականացնել Սահմանադրության 68-րդ հոդվածի 12, 17, 18-րդ կետերով սահմանված լիազորությունները:

Հոդված 75

1. Հանրապետության Նախագահը ձևավորում է իր աշխատակազմը:

2. Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման կարգը սահմանվում է օրենքով:

ԳԼՈՒԽ 4․ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ

Հոդված 76

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օրենսդիր իշխանությունն իրականացնում է Ազգային ժողովը:

2. Սահմանադրության 68-րդ հոդվածի 14-րդ և 15-րդ կետերով, 71, 73-րդ հոդվածներով, սույն հոդվածի 3-րդ մասով, 80, 81, 83, 84, 85, 89, 90, 92, 93-րդ հոդվածներով, 94-րդ հոդվածի 1-ին մասի 1.1, 1.2, 1.4 կետերով և 2-րդ մասով, 95, 97, 100-րդ հոդվածներով, 114-րդ հոդվածի 2-րդ մասի 2.2-րդ կետով, 133, 134, 135-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում, ինչպես նաև իր գործունեության կազմակերպման հարցերով Ազգային ժողովն ընդունում է որոշումներ, որոնք ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:

3. Ազգային ժողովը կարող է ընդունել ուղերձներ և հայտարարություններ:

4. Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:

5. Ազգային ժողովի գործունեության, նրա մարմինների ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է Սահմանադրությամբ և Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով:

Հոդված 77

1. Ազգային ժողովի պատգամավորների թիվը սահմանվում է օրենքով:

2. Ազգային ժողովն ընտրվում է հինգ տարի ժամկետով: Ազգային ժողովի լիազորություններն ավարտվում են նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարման օրը, երբ սկսվում են նորընտիր Ազգային ողովի լիազորությունները:

3. Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտին նախորդող ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ:

4. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակումից հետոª ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասուն օրվա ընթացքում:

5. Ազգային ժողովը չի կարող արձակվել պատերազմի կամ արտակարգ դրության ժամանակ, ինչպես նաև, երբ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հարց է հարուցված:

6. Պատերազմի կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություն չի անցկացվում, իսկ Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև պատերազմի կամ արտակարգ դրության ավարտից հետո նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարման օրը: Այդ դեպքում Ազգային ժողովի ընտրությունն անցկացվում է պատերազմի կամ արտակարգ դրության ավարտից հետո` ոչ շուտ, քան յոթանասուն, և ոչ ուշ, քան հարյուր օրվա ընթացքում:

7. Ազգային ժողովի ընտրությունը նշանակվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով:

8. Ազգային ժողովի ընտրության կարգը սահմանվում է օրենքով:

Հոդված 78

Պատգամավոր կարող է ընտրվել քսաներեք տարին լրացած, վերջին հինգ տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

Հոդված 79

1. Պատգամավորը չի կարող զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպությունում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Պատգամավորն իր լիազորություններն իրականացնում է մշտական հիմունքներով:

2. Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով:

3. Պատգամավորի կարգավիճակը, գործունեության երաշխիքները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքով:

Հոդված 80

1. Պատգամավորն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում` Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում:

2. Պատգամավորը չի կարող ներգրավվել որպես մեղադրյալ, կալանավորվել, ինչպես նաև նրա նկատմամբ չի կարող դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել առանց Ազգային ժողովի համաձայնության:

3. Պատգամավորը չի կարող ձերբակալվել առանց Ազգային ժողովի համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալումն իրականացվում է հանցագործության կատարման պահին: Այդ դեպքում անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:

Հոդված 81

1. Պատգամավորի լիազորությունները դադարում են Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու, Ազգային ժողովի արձակման, Սահմանադրության 79-րդ հոդվածի 1-ին մասի պայմանները խախտելու, մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայելու, հրաժարականի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու, օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու, դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ, անհայտ բացակայող ճանաչվելու, մահացած հայտարարվելու դեպքերում:

2. Պատգամավորի լիազորությունների դադարման կարգը սահմանվում է Ազգային ժողովի կանոնակարգով:

Հոդված 82

1. Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո` երրորդ հինգշաբթի օրը:

2. Մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրությունը Ազգային ժողովի նիստերը վարում է տարիքով ավագ պատգամավորը:

Հոդված 83

1. Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընտրում է Ազգային ժողովի նախագահ, նախագահի տեղակալ:

2. Ազգային ժողովի նախագահը վարում է նիստերը, տնօրինում է Ազգային ժողովի նյութական միջոցները, ապահովում նրա բնականոն գործունեությունը:

Հոդված 84

1. Օրենքների նախագծերի և այլ հարցերի նախնական քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ ներկայացնելու համար Ազգային ժողովում ստեղծվում են մշտական հանձնաժողովներ:

2. Անհրաժեշտության դեպքում Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված կարգով կարող են ստեղծվել ժամանակավոր հանձնաժողովներ` առանձին օրենքների նախագծերի նախնական քննարկման կամ որոշակի հարցերի, իրադարձությունների և փաստերի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար:

Հոդված 85

1. Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան երկու անգամ` սեպտեմբեր-դեկտեմբեր, փետրվար-հունիս ամիսներին` Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված կարգով:

2. Ազգային ժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են քննարկման ենթակա հարցի լուծման համար անհրաժեշտ թվով պատգամավորներ:

3. Ազգային ժողովի նիստերը դռնբաց են: Դռնփակ նիստ կարող է գումարվել Ազգային ժողովի որոշմամբ:

Հոդված 86

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը` Հանրապետության Նախագահի, պատգամա­վորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ Կառավարության նախաձեռնությամբ` նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում:

Հոդված 87

Օրենքները և Ազգային ժողովի որոշումները, բացառությամբ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերի, ընդունվում են քվեարկությանը մասնակցած պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան պատգամավորների ընդհանուր թվի երկու հինգերորդով:

Հոդված 88

1. Ազգային ժողովը Հանրապետության Նախագահի կողմից առարկություններով և առաջարկություններով նոր քննարկման վերա­դարձված օրենքը քննարկում է արտահերթ:

2. Հանրապետության Նախագահի առարկությունները և առաջարկությունները չընդունելու դեպքում Ազգային ժողովը վերադարձված օրենքը վերստին ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հոդված 89

1. Կառավարությունը նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարումից կամ իր կազմավորումից հետո` քսանօրյա ժամկետում, Ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում իր գործունեության ծրագիրը` Ազգային ժողովի նիստում դնելով իր վստահության հարցը:

2. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը կարող է ներկայացվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից` Կառավարության կողմից իր վստահության հարցը դնելուց հետո քսանչորս ժամվա ընթացքում: Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, և ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

3. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չներկայացվելու կամ նման որոշում չընդունվելու դեպքերում Կառավարության գործունեության ծրագիրը համարվում է հավանության արժանացած:

4. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշում ընդունվելու դեպքում վարչապետը նույն օրը Հանրապետության Նախագահին դիմում է ներկայացնում Կառավարության հրաժարականի մասին:

Հոդված 90

1. Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնության իրավունքը պատկանում է Հանրապետության Նախագահին, պատգամավորներին և Կառավարությանը:

2. Կառավարությունը կարող է սահմանել իր ներկայացրած օրենքների նախագծերի քննարկման հաջորդականությունը և պահանջել, որ դրանք քվեարկության դրվեն միայն իր համար ընդունելի ուղղումներով:

3. Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծը Ազգային Ժողովը քննարկում և քվեարկում է վաթսունօրյա ժամկետում:

4. Կառավարության եզրակացության համաձայն` պետական բյուջեի եկամուտները նվազեցնող կամ ծախսերն ավելացնող օրենքների նախագծերն Ազգային ժողովն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

5. Կառավարությունն իր ներկայացրած օրենքի նախագծի ընդունման առնչությամբ կարող է դնել իր վստահության հարցը: Եթե Ազգային ժողովը Սահմանադրության 89-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով որոշում չի ընդունում Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին, Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը համարվում է ընդունված: Անվստահություն հայտնելու մասին որոշում ընդունվելու դեպքում վարչապետը նույն օրը Հանրապետության Նախագահին դիմում է ներկայացնում Կառավարության հրաժականի մասին:

6. Կառավարությունն օրենքի նախագծի առնչությամբ իր վստահության հարցը նույն նստաշրջանի ընթացքում կարող է դնել ոչ ավելի, քան երկու անգամ:

Հոդված 91

1. Ազգային ժողովը Կառավարության ներկայացմամբ հաստատում է պետական բյուջեն: Մինչև բյուջետային տարվա սկիզբը պետական բյուջեն չհաստատվելու դեպքում ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով:

2. Պետական բյուջեի քննարկման և հաստատման կարգը սահմանվում է Ազգային ժողովի կանոնակարգով:

Հոդված 92

1. Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում պետական բյուջեի կատարման, ինչպես նաև օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման նկատմամբ:

2. Ազգային ժողովը վերահսկիչ պալատի եզրակացության առկայությամբ քննարկում և հաստատում է պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը:

Հոդված 93

1. Պատգամավորներն իրավունք ունեն հարցերով դիմելու Կառավարությանը: Վարչապետը և Կառավարության մյուս անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին: Պատգամավորների հարցերի կապակցությամբ Ազգային ժողովը որոշումներ չի ընդու­նում:

2. Խմբակցությունները և խմբերը իրավունք ունեն հարցապնդումներով դիմել Կառավարությանը: Հարցապնդումները ներկայացվում են գրավոր` քննարկումից առնվազն տասն օր առաջ:Հարցապնդումներով դիմելու, քննարկում կազմակերպելու և դրանց վերաբերյալ որոշումներ ընդունելու կարգը սահմանվում է Ազգային ժողովի կանոնակարգով:

Հոդված 94

1. Ազգային ժողովը Հանրապետության Նախագահի առաջարկությամբ`

1.1)Սահմանադրության 100-րդ հոդվածով սահմանված կարգով համաձայնություն է տալիս վարչապետի թեկնածությանը.

1.2) հայտարարում է համաներում.

1.3) վավերացնում, կասեցնում կամ դադարեցնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերը: Ազգային ժողովի վավերացմանը ենթակա միջազգային պայմանագրերի շրջանակը սահմանվում է օրենքով.

1.4) որոշում է ընդունում պատերազմ հայտարարելու և խաղաղություն հաստատելու մասին: Ազգային ժողովի նիստ գումարելու անհնարինության դեպքում պատերազմ հայտարարելու որոշումը կայացնում է Հանրապետու թյան Նախագահը:

2. Ազգային ժողովը կարող է դադարեցնել զինված ուժերի օգտագործումը, ռազմական և արտակարգ դրությունը:

Հոդված 95

1. Ազգային ժողովը Հանրապետության Նախագահի առաջարկությամբ նշանակում է `

1.1) Գերագույն դատարանի նախագահին և մյուս դատավորներին.

1.2) գլխավոր դատախազին.

1.3) վերահսկիչ պալատի նախագահին:

2. Ազգային ժողովը նշանակում է մարդու իրավունքների պաշտպանին, արդարադատության խորհրդի երկու իրավաբան անդամներ:

Հոդված 96

Ազգային ժողովը Կառավարության առաջարկությամբ սահմանում է Հանրապետության վարչատարածքային բաժանումը, վարչատարածքային միավորների անվանումներն ու սահմանները:

Հոդված 97

1. Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է անվստահություն հայտնել Կառավա­րությանը: Այդ իրավունքից Ազգային ժողովը չի կարող օգտվել Կառավարության գործունեության ծրագրին հավանություն տալուց հետո վեց ամսվա ընթացքում, ինչպես նաև պատերազմի ժամանակ կամ Սահմանադրության 68-րդ հոդվածի 15-րդ կետով նախատեսված դեպքերում:

2. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը կարող է ներկայացվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից: Որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, և ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում:

Հոդված 98

1. Հանրապետության Նախագահն արձակում է Ազգային ժողովը Սահմանադրության 100-րդ հոդվածով սահմանված դեպքերում:

2. Հանրապետության Նախագահը Ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի առաջարկությամբ կարող է արձակել Ազգային Ժողովը, եթե.

2.1) հերթական նստաշրջանի վաթսուն օրվա ընթացքում Ազգային ժողովը որոշում չի կայացնում Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի վերաբերյալ,

2.2) հերթական նստաշրջանի վաթսուն օրվա ընթացքում Ազգային ժողովը իր կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որևէ որոշում չի կայացնում,

2.3) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովի նիստերը վաթսուն օրից ավելի չեն գումարվում:


ԳԼՈՒԽ 5․ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 99

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործադիր իշխանությունն իրականացնում է Կառավարությունը:

2. Կառավարության իրավասությանն են ենթակա պետական կառավարման բոլոր այն հարցերը« որոնք օրենքով վերապահված չեն այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների£

3. Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետից և նախարարներից:

4. Կառավարության կառուցվածքը Կառավարության առաջարկությամբ սահմանվում է օրենքով: Կառավարության և նրան ենթակա այլ գործադիր մարմինների գործունեության կարգը վարչապետի ներկայացմամբ սահմանվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով:

5. Կառավարությունն ընդունում է որոշումներ, որոնք ստորագրում և հրապարակում է վարչապետը:

Հոդված 100

1. Վարչապետը նշանակվում և Կառավարությունը կազմավորվում է Հանրապետության Նախագահի կողմից` հետևյալ կարգով.

1.1) Հանրապետության Նախագահն Ազգային ժողովի համաձայնությանն է ներկայացնում վարչապետի թեկնածությունը Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելուց կամ Կառավարության հրաժարականն ընդունելուց կամ Ազգային ժողովի արձակման` սույն հոդվածում նշված դեպքերում նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարումից հետո` տասնօրյա ժամկետում.

1.2) Ազգային ժողովը Հանրապետության Նախագահի կողմից ներկայացված վարչապետի թեկնածությունը քննարկում է հնգօրյա ժամկետում.

1.3) պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ Ազգային ժողովի համաձայնությանն արժանացած վարչապետի թեկնածուին եռօրյա ժամկետում Հանրապետության Նախագահը նշանակում է վարչապետ: Վարչապետի առաջարկությամբ Հանրապետության Նախագահը քսանօրյա ժամկետում նշանակում է Կառավարության մյուս անդամներին: Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով Ազգային ժողովը հավանություն է տալիս Կառավարության գործունեության ծրագրին:

1.4) սույն հոդվածի 1-ին մասի 1.3-րդ կետով սահմանված կարգով Ազգային ժողովի կողմից վարչապետի թեկնածությանը համաձայնություն չտալու կամ Ազգային ժողովի համաձայնությամբ նշանակված վարչապետի առաջարկությամբ կազմավորված Կառավարության գործունեության ծրագրին հավանություն չտալու դեպքերում Հանրապետության Նախագահը յոթնօրյա ժամկետում երկրորդ անգամ է վարչապետի թեկնածություն ներկայացնում Ազգային ժողովի համաձայնությանը.

1.5) սույն հոդվածի 1-ին մասի 1.3-րդ կետով սահմանված կարգով Ազգային ժողովի կողմից վարչապետի թեկնածության առնչությամբ երկու անգամ համաձայնություն չտալու կամ Ազգային ժողովի կողմից վարչապետի թեկնածությանը համաձայնություն չտալուց հետո Ազգային ժողովի համաձայնությամբ նշանակված վարչապետի առաջարկությամբ կազմավորված Կառավա­րության գործունեության ծրագրին հավանություն չտալու կամ Ազգային ժողովի համաձայնությամբ նշանակված վարչապետի առաջարկությամբ կազմավորված Կառավարության գործունեության ծրագրին հավանություն չտալուց հետո ներկայացված վարչապետի թեկնածությանը համաձայնություն չտալու դեպքերում Հանրապետության Նախագահը տասնօրյա ժամկետում նշանակում է վարչապետ և կազմավորում Կառավարություն.

1.6)Հանրապետության Նախագահը չի կարող նշանակել վարչապետ այն անձին, ում թեկնածությունը երկու անգամ մերժվել է Ազգային ժողովի կողմից:

2. Ազգային ժողովի կողմից երկու անգամ անընդմեջ Ազգային ժողովի համաձայնությամբ նշանակված վարչապետի առաջարկությամբ կազմավորված Կառավարության գործունեության ծրագրին հավանություն չտալու կամ սույն հոդվածի 1-ին մասի 1.5-րդ կետին համապատասխան Հանրապետության Նախագահի կողմից կազմավորված Կառավարության գործունեության ծրագրին հավանության չտալու դեպքերում Հանրապետության Նախագահն արձակում է Ազգային ժողովը և նշանակում արտահերթ ընտրություն:

Հոդված 101

1. Վարչապետը ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում Կառավարության անդամների աշխատանքը:

2. Վարչապետն ընդունում է որոշումներ` Կառավարության գործունեության կազմակերպմանն առնչվող հարցերով:

3. Վարչապետի բացակայության կամ նրա կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքերում վարչապետի լիազորություններն իրականացնում է փոխվարչապետը:

Հոդված 102

Կառավարության անդամը չի կարող զբաղեցնել իր պարտականությունների հետ չկապված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպությունում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

Հոդված 103

1. Կառավարության նիստերը հրավիրում և վարում է վարչապետը:

2. Կառավարության նիստ կարող է հրավիրել և վարել Հանրապետության Նախագահը:

Հոդված 104

1. Վարչակազմերի ղեկավարներն իրագործում են Կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում են գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

2. Վարչակազմերի ղեկավարները նշանակվում և ազատվում են Կառավարության որոշմամբ:

3. Ստեփանակերտ քաղաքում տարածքային կառավարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:

Հոդված 105

1. Կառավարությունը պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն երեսուն օր առաջ և կարող է պահանջել, որ այն իր կողմից ընդունված ուղղումներով քվեարկության դրվի մինչև այդ ժամկետի ավարտը: Բյուջեի հաստատման առնչությամբ Կառավարությունը կարող է դնել իր վստահության հարցը: Եթե Ազգային ժողովը Սահմանադրության 90-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով Կառավարությանն անվստահություն չի հայտնում, ապա պետական բյուջեն` Կառավարության կողմից ընդունված ուղղումներով, համարվում է հաստատված:

2. Բյուջեի հաստատման առնչությամբ Ազգային ժողովի կողմից Կառավարությանն անվստահություն հայտնելու դեպքում նոր Կառա­վարությունը Ազգային ժողով բյուջեի նախագիծ է ներկայացնում իր գործունեության ծրագրին հավանություն տալուց հետոª տասն օրվա ընթացքում, որը քննարկվում և հաստատվում է սույն հոդվածով նախատեսված կարգով` երեսուն օրվա ընթացքում:

Հոդված 106

Նորընտիր Հանրապետության Նախագահի կողմից պաշտոնը ստանձնելու օրը Կառավարությունը վայր է դնում իր լիազորությունները:

Հոդված 107

Հանրապետության Նախագահի կողմից Կառավարության հրաժարականի ընդունումից կամ Կառավարության կողմից իր լիազորությունները վայր դնելուց հետո Կառավարության անդամները շարունակում են գործել մինչև նոր Կառավարության կազմավորումը:

ԳԼՈՒԽ 6․ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ

Հոդված 108

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դատական իշխանությունն իրականացնում են դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

2. Դատական իշխանությունն իրականացվում է սահմանադրական, քաղաքացիական, քրեական և օրենքով նախատեսված այլ դատավարության միջոցով:

3. Դատարաններն անկախ են:

Հոդված 109

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական համակարգը բաղկացած է ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ դատարաններից և Գերագույն դատարանից, ինչպես նաև օրենքով նախատեսված մասնագիտացված դատարաններից:

2. Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է:

3. Դատարանների լիազորությունները, կազմավորման ու գործունեության կարգը սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով:

4.Դատարանների վերջնական ակտերն ընդունվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:

Հոդված 110

1. Դատավորն անփոփոխելի է: Դատավորը պաշտոնավարում է մինչեւ 65 տարին լրանալը:

2. Դատավորի լիազորությունները դադարում են միայն Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով:

Հոդված 111

Դատավորը չի կարող զբաղեցնել իր պարտականությունների հետ չկապված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին­ներում, պաշտոն առևտրային կազմակերպությունում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Դատավորը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:

Հոդված 112

1. Արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է:

2. Դատավորի գործունեության երաշխիքները և պատասխանատվության հիմքերն ու կարգը սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքով:

3. Դատավորը չի կարող ներգրավվել որպես մեղադրյալ, կալանավորվել, ինչպես նաև նրա նկատմամբ չի կարող դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել առանց արդարադատության խորհրդի եզրակացության և Հանրապետության Նախագահի համաձայնության` Սահմանադրության 116-րդ հոդվածով սահմանված կարգով£

4. Դատավորը չի կարող ձերբակալվել« բացառությամբ այն դեպքերի« երբ ձերբակալումն իրականացվում է հանցա­գործության կատարման պահին կամ դրանից անմիջապես հետո: Դատավորի ձերբակալման մասին անհապաղ տեղեկացվում են Հանրապետության Նախագահը և Գերագույն դատարանի նախագահը:

Հոդված 113

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն դատական մարմինը Գերագույն դատարանն է:

2. Գերագույն դատարանը բաղկացած է սահմանադրական և վճռաբեկ պալատներից:

3. Գերագույն դատարանն ապահովում է Սահմանադրության գերակայությունը և օրենքի միատեսակ կիրառումը:

4. Գերագույն դատարանի նախագահը և մյուս դատավորները նշանակվում են Ազգային ժողովի կողմից` Հանրապետության Նախագահի առաջարկությամբ:

Հոդված 114

1. Սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Գերագույն դատարանը£ Գերագույն դատարանն օրենքով սահմանված կարգով`

1.1) որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրություն­ների, Կառավարության, վարչապետի, տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների համապատասխանությունը Սահմանադրու­­թյանը.

1.2) մինչև միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է նրանում ամրագրված դրույթների համապատասխանությունը Սահմա­նադրությանը.

1.3) լուծում է հանրաքվեների արդյունքներիհետ կապված վեճերը.

1.4) լուծում է Հանրապետության Նախագահի և պատգամավորների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը.

1.5) անհաղթահարելի կամ վերացած է ճանաչում Հանրապետության Նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտները.

1.6) եզրակացություն է տալիս Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին.

1.7) եզրակացություն է տալիս Հանրապետության Նախագահի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության մասին.

1.8) եզրակացություն է տալիս Գերագույն դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու մասին.

1.9) օրենքով նախատեսված դեպքերում որոշում է կայացնում կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու մասին:


2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հարցերով Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով Գերագույն դատարան կարող են դիմել`

2.1) Հանրապետության Նախագահը` 1.1, 1.2, 1.3, 1.8 և 1.9-րդ կետերում նշված հարցերով.

2.2) Ազգային ժողովը` 1.3, 1.6, 1.8 և 1.9-րդ կետերում նշված հարցերով.

2.3) Ազգային ժողովի պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը` 1.1 և 1.3-րդ կետերում նշված հարցերով.

2.4) Կառավարությունը` 1.1, 1.7 և 1.9-րդ կետերում նշված հարցերով.

2.5) տեղական ինքնակառավարման մարմիններըª իրենց սահմանադրական իրավունքները խախտող` պետական մարմինների նորմատիվ ակտերի սահմանադրականության հարցով.

2.6) յուրաքանչյուր ոքª կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկվում է այդ դատական ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ ակտի դրույթների սահմանադրականությունը.

2.7) դատարանները և գլխավոր դատախազըª իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործին առնչվող նորմատիվ ակտի դրույթների սահմա­նադրականության հարցով©

2.8) մարդու իրավունքների պաշտպանըª 1.1-րդ կետում թվարկված նորմատիվ ակտերիª Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցով©

2.9) Հանրապետության Նախագահի և պատգամավորության թեկնածուներըª 1.4 և 1.5-րդ կետերում նշված հարցերով:

Գերագույն դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում:

3. Գերագույն դատարանը սույն հոդվածի 1-ին մասի 1.1–1.5-րդ և 1.9-րդ կետերում նշված հարցերի վերաբերյալ ընդունում է որոշումներ« իսկ 1.6-1.8-րդ կետերում նշված հարցերովª եզրակացություններ£ Եզրակացությունները և 1.9-րդ կետում նշված հարցերով որոշումներն ընդունվում են սահմանադրական պալատի դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով« մնացած որոշումները` ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ£ Որոշումները և եզրակացությունները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:

4. Սահմանադրությանը հակասող ճանաչված` սույն հոդվածի 1-ին մասի 1.1-րդ կետում նշված իրավական ակտերը կամ դրանց առանձին դրույթները կորցնում են իրավաբանական ուժը: Գերագույն դատարանն իր որոշմամբ կարող է սահմանել Սահմանադրությանը չհամապատասխանող նորմատիվ ակտի կամ դրա առանձին դրույթների իրավաբանական ուժը կորցնելու ավելի ուշ ժամկետ:

5. Եթե Գերագույն դատարանի եզրակացությունը բացասական է, ապա հարցը դուրս է գալիս իրավասու մարմնի քննարկումից:

Հոդված 115

1. Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով ձևավորվում և գործում է արդարադատության խորհուրդը:

2. Արդարադատության խորհրդի կազմի մեջ մտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետով օրենքով սահմանված կարգով ընտրված հինգ դատավորներ, Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի կողմից նշանակված երկուական իրավաբաններ:

3. Արդարադատության խորհրդի նիստերը վարում է Գերագույն դատարանի նախագահը` առանց քվեարկության իրավունքի:

Հոդված 116

Արդարադատության խորհուրդն օրենքով սահմանված կարգով`

1) կազմում և Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացնում դատավորների թեկնածուների և դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները, որոնց հիման վրա կատարվում են առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավորների նշանակումները.

2) Հանրապետության Նախագահին առաջարկություն է ներկայացնում դատավորների նշանակման վերաբերյալ.

3) դատավորներին ենթարկում է կարգապահական պատասխանատվության.

4) Հանրապետության Նախագահին եզրակացություն է տալիս դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: Գերագույն դատարանի դատավորի առնչությամբ Հանրապետության Նախագահին եզրակացությունը տրվում է Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա.

5) Հանրապետության Նախագահին եզրակացություն է տալիս դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու համար համաձայնություն տալու վերաբերյալ: Գերագույն դատարանի դատավորի առնչությամբ Հանրապետության Նախագահին եզրակացությունը տրվում է Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա:

ԳԼՈՒԽ 7․ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 117

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը:

2. Գլխավոր դատախազին Հանրապետության Նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ` վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ:

3. Գլխավոր դատախազը չի կարող զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպությունում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Գլխավոր դատախազը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:

4. Օրենքով նախատեսված դեպքերում Հանրապետության Նախագահի առաջարկությամբ Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է պաշտոնանկ անել գլխավոր դատախազին:

Հոդված 118

1. Դատախազությունն օրենքով սահմանված դեպքերում և կարգով`

1.1) հարուցում և իրականացնում է քրեական հետապնդում.

1.2)հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ.

1.3) դատարանում պաշտպանում է մեղադրանքը.

1.4) պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարանում.

1.5) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները.

1.6) հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:

2. Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում` օրենքի հիման վրա:

ԳԼՈՒԽ 8․ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ

Հոդված 119

1. Մարդու իրավունքների պաշտպանը անկախ պաշտոնատար անձ է, որն իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու և քաղաքացու խախտված իրավունքների ու ազատութ;յունների պաշտպանությունը:

2. Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

Հոդված 120

1. Մարդու իրավունքների պաշտպանին նշանակում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով` վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել մարդու իրավունքների պաշտպան:

2. Մարդու իրավունքների պաշտպանն անփոփոխելի է:

3. Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպությունում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:

4. Մարդու իրավունքների պաշտպանն օժտված է պատգամավորի համար սահմանված անձեռնմխելիությամբ: Նրա գործունեության այլ երաշխիքները սահմանվում են օրենքով:

ԳԼՈՒԽ 9․ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ

Հոդված 121

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատն անկախ մարմին է, որը հսկողություն է իրականացնում բյուջետային միջոցների, օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների ու վարկերի, պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ:

2. Վերահսկիչ պալատի գործունեության ծրագիրը հաստատում է Ազգային ժողովը:

3. Վերահսկիչ պալատը տարեկան ոչ պակաս, քան մեկ անգամ Ազգային ժողով է ներկայացնում իր գործունեության հաշվետվությունը:

4. Վերահսկիչ պալատի կառուցվածքը և գործունեության կարգը սահմանվում են օրենքով:

Հոդված 122

1. Վերահսկիչ պալատի նախագահին Հանրապետության Նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ` վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել վերահսկիչ պալատի նախագահ:

2. Վերահսկիչ պալատի նախագահը չի կարող զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպությունում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Վերահսկիչ պալատի նախագահը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:

3. Օրենքով նախատեսված դեպքերում Հանրապետության Նախագահի առաջարկությամբ Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է պաշտոնանկ անել վերահսկիչ պալատի նախագահին:

ԳԼՈՒԽ 10․ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 123

Տեղական ինքնակառավարումն իրականացվում է համայնքներում` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

Հոդված 124

1. Համայնքը մեկ կամ մի քանի բնակավայրերի բնակչության հանրությունն է:

2. Համայնքն ունի սեփականության իրավունք և գույքային այլ իրավունքներ:

Հոդված 125

1. Համայնքի սեփականությունը տնօրինելու, համայնքային նշանակության հարցերի լուծմանն ուղղված այլ լիազորություն­ները համայնքն իրականացնում է որպես սեփական լիազորություններª իր պատասխանատվությամբ: Համայնքի սեփական լիազորությունների մի մասը օրենքով կարող է սահմանվել որպես պարտադիր:

2. Պետական մարմինների լիազորությունների առավել արդյունավետ իրականացման նպատակով դրանք օրենքով կարող են պատվիրակվել տեղական ինքնակառավարման մարմիններին:

Հոդված 126

Համայնքի վարչական սահմաններում գտնվող հողը, բացառությամբ ֆիզիկական, իրավաբանական անձանց և պետության սեփականությունը հանդիսացող հողերի, համայնքի սեփականությունն է:

Հոդված 127

1. Համայնքներն իրենց բյուջեն ձևավորում են ինքնուրույն:

2. Համայնքների եկամուտների աղբյուրները սահմանվում են օրենքով: Օրենքով սահմանվում են համայնքների ֆինանսավորման այնպիսի աղբյուրներ, որոնք ապահովում են նրանց լիազորությունների իրականացումը:

3. Համայնքներին պատվիրակված լիազորությունները ենթակա են պարտադիր ֆինանսավորման պետական բյուջեից:

4. Համայնքները սահմանում են տեղական հարկեր և տուրքեր` օրենքով նախատեսված սահմաններում: Համայնքներն իրենց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց կարող են սահմանել վճարներ` օրենքով սահմանված կարգով:

Հոդված 128

1. Համայնքն իր ինքնակառավարման իրավունքն իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմիններիª համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի միջոցով, որոնք օրենքով սահմանված կարգով ընտրվում են չորս տարի ժամկետով:

2. Պատերազմի ժամանակ կամ արտակարգ դրության պայմաններում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն չի անցկացվում, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև պատերազմի կամ արտակարգ դրության ավարտից հետո նորընտիր տեղական ինքնակառավարման մարմինների առաջին նիստը: Այդ դեպքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունն անցկացվում է պատերազմի կամ արտակարգ դրության ավարտից հետո` ոչ շուտ, քան յոթանասուն, և ոչ ուշ, քան հարյուր օրվա ընթացքում:

Հոդված 129

1. Համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով տնօրինում է համայնքի սեփականությունը, համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի բյուջեն, վերահսկում բյուջեի կատարումը, օրենքով սահմանված կարգով սահմանում տեղական հարկեր, տուրքեր և վճարներ, ընդունում է համայնքի տարածքում պարտադիր կատարման ենթակա իրավական ակտեր:

2. Համայնքի ղեկավարի լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են օրենքով:

Հոդված 130

1. Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության օրինականությունն ապահովելու նպատակով օրենքով սահմանված կարգով իրականացվում է իրավական հսկողություն:

2. Տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման նկատմամբ օրենքով սահմանված կարգով իրականացվում է պետական վերահսկողություն:

Հոդված 131

Կառավարությունը օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կարող է պաշտոնանկ անել համայնքի ղեկավարին:

Հոդված 132

1. Համայնքները, հանրության շահերից ելնելով, կարող են օրենքով միավորվել կամ բաժանվել: Ազգային ժողովը համապատասխան օրենքն ընդունում է Կառավարության առաջարկությամբ: Մինչև օրենսդրական նախաձեռնության ներկայացումը Կառավարությունը համապատասխան համայնքներում կարող է նշանակել տեղական հանրաքվեներ: Տեղական հանրաքվեների արդյունքները կցվում են օրենսդրական նախաձեռնությանը:

2. Համայնքների միավորման կամ բաժանման սկզբունքները, կարգը, ինչպես նաև նոր ձևավորված համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամկետները սահմանվում են օրենքով:

3. Օրենքով սահմանված կարգով կարող են ստեղծվել միջհամայնքային միավորումներ:

ԳԼՈՒԽ 11․ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ՓՈՓՈԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆ

Հոդված 133

1. Սահմանադրությունն ընդունվում կամ դրանում փոփոխություններ կատարվում են հանրաքվեի միջոցով` Հանրապետության Նախագահի կամ Ազգային ժողովի նախաձեռնությամբ:

2. Հանրաքվեն նշանակում է Հանրապետության Նախագահը` Ազգային ժողովի առաջարկով կամ համաձայնությամբ: Համապատասխան որոշումը Ազգային ժողովն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

3. Հանրապետության Նախագահը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծն ստանալուց հետո` երեսնօրյա ժամկետում, կարող է այն առարկություններով և առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով` նոր քննարկման:

4. Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով վերստին առաջարկված Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծը Հանրապետության Նախագահը հանրաքվեի է դնում Ազգային ժողովի սահմանած ժամկետում:

5. Եթե նախաձեռնությամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահը, ապա Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծը հանրաքվեի դնելու հարցը Ազգային ժողովում քվեարկության է դրվում նախագիծն ստանալուց հետո` վաթսունօրյա ժամկետում: Եթե Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ որոշում է ընդունվում Հանրապետության Նախագահի ներկայացրած նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու վերաբերյալ, ապա Հանրապետության Նախագահն այն հանրաքվեի է դնում իր սահմանած ժամկետում:

Հոդված 134

1. Օրենքները հանրաքվեի են դրվում Ազգային ժողովի կամ Կառավարության առաջարկությամբ` Սահմանադրության 133-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Հանրաքվեի միջոցով ընդունված օրենքները փոփոխվում են միայն հանրաքվեով:

Հոդված 135

1. Պետության համար կարևոր նշանակություն ունեցող հարցերը հանրաքվեի են դրվում Ազգային ժողովի կամ Կառավարության առաջարկությամբ` հարցադրումների տեսքով` Սահմանադրության 133-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Պետության համար կարևոր նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ հանրաքվեով ընդունված որոշումները կարող են փոփոխվել միայն հանրաքվեով:

Հոդված 136

Հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ երրորդը:


ԳԼՈՒԽ 12․ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 137

Սահմանադրության ընդունման օրը հայտարարվում է տոն՝ «Սահմանադրության օր»։

Հոդված 138

Սույն Սահմանադրությունը, բացառությամբ 79-րդ հոդվածի 1-ին մասի, 99-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասությամբ սահմանված դրույթի, 113-րդ հոդվածի 2-րդ մասի, 114-րդ հոդվածի 2-րդ մասի 2.6-րդ կետի, 128-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետին վերաբերող դրույթի, ուժի մեջ է մտնում հանրաքվեի արդյունքների հիման վրաª ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում՚ հրապարակվելու հաջորդ օրվանից:

Հոդված 139

Մինչև Սահմանադրության ուժի մեջ մտնելը ընտրված կամ նշանակված հանրային իշխանության սահմանադրական մարմինների, պաշտոնատար անձանց լիազորությունների ժամկետը ավարտվում է մինչև Սահմանադրության ուժի մեջ մտնելը գործող իրավանորմերով սահմանված ժամկետի ավարտը:

Հոդված 140

1. Սահմանադրության 79-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ է մտնում ոչ ուշ, քան 2015 թվականիցª Ազգային ժողովի հաջորդ գումարումների համար: Մինչ այդ Ազգային ժողովի պատգամավոր միաժամանակ չեն կարող լինել Հանրապետության Նախագահը, վարչապետը, փոխվարչապետը, նախարարները և նրանց տեղակալները, վարչակազմերի ղեկավարները և նրանց տեղակալները, դատավորները, զինված ուժերում, դատախազությունում, ոստիկանության, ազգային անվտանգության և հարկային մարմիններում ծառայողները, մարդու իրավունքների պաշտպանը, վերահսկիչ պալատի նախագահը, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ անձինք, իսկ մշտական հիմունքներով աշխատող պատգամավորը չի կարող զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

2. Սահմանադրության 99-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասությամբ սահմանված դրույթն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: Մինչ այդ Կառավարության կառուցվածքը սահմանվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Սահմանադրության 113-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունիսի 1-ից: Մինչև սահմանադրական և վճռաբեկ պալատների կազմավորումը Գերագույն դատարանը Սահմանադրության 114-րդ հոդվածով սահմանված լիազորություններն իրականացնում է ամբողջ կազմով, վճռաբեկության կարգով գործերը քննում է օրենքով սահմանված կարգով:

4. Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի 2.6-րդ կետն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հուլիսի 1-ից:

5. Սահմանադրության 128-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետին վերաբերող դրույթն ուժի մեջ է մտնում Սահմանադրության ընդունումից հետո ընտրված տեղական ինքնակառավարման մարմինների համար, որոնց ընտրություններն անցկացվում են 2007 թվականի հոկտեմբերի երկրորդ կիրակի օրը: Այն տեղական ինքնակառավարման մարմինները, որոնց ընտրության ժամկետը չի ավարտվում 2007 թվականին, իրականացնում են Սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորությունները մինչև իրենց ընտրության ժամկետի ավարտը:

Հոդված 141

Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետոª

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները և մյուս իրավական ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում Սահմանադրությանը.

2) մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի և օրհներգի մասին օրենքների ընդունումը ուժի մեջ են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի նոյեմբերի 23-ին և դեկտեմբերի 23-ին ընդունվածª Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի և օրհներգի մասին որոշումները.

3) ուժը կորցրած է ճանաչվում 1994 թվականի դեկտեմբերի 22-ի ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը: Հանրապետության Նախագահն իրականացնում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները մինչև իր ընտրության ժամկետի ավարտը:

4) ուժը կորցրած է ճանաչվում 2001 թվականի մարտի 19-ի ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը: Ազգային ժողովն իրականացնում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները մինչև իր ընտրության ժամկետի ավարտը.

5) ուժը կորցրած է ճանաչվում 2004 թվականի մարտի 22-ի ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Կառավարության մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը: Կառավարությունն իրականացնում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները.

6) մինչև Սահմանադրությանը համապատասխան դատարանակազմության ու դատավարական օրենսդրության ընդունումը և դատական նոր համակարգի կազմավորումը առաջին ատյանի դատարանը և Գերագույն դատարանը շարունակում են մինչև Սահմանադրության ընդունումը սահմանված լիազորությունների իրականացումը.

7) մինչև դատական նոր համակարգի և արդարադատության խորհրդի կազմավորումը դատական մագիստրատուրայի խորհուրդը շարունակում է իրականացնել օրենքով սահմանված իր լիազորությունները.

8) գլխավոր դատախազը շարունակում է իրականացնել իր լիազորությունները մինչև Սահմանադրությանը համապատասխան օրենքի ընդունումը և Սահմանադրության 117-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով գլխավոր դատախազի նշանակումը, բայց ոչ ուշ, քան մինչև 2008 թվականի հունվարի 1-ը.

9) մինչև Սահմանադրությանը համապատասխան օրենքի ընդունումը վերահսկիչ պալատը շարունակում է մինչև Սահմանադրության ընդունումը սահմանված լիազորությունների իրականացումը: Վերահսկիչ պալատի նախագահը շարունակում է իրականացնել իր լիազորությունները մինչև Սահմանադրության 122-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով վերահսկիչ պալատի նախագահի նշանակումը, բայց ոչ ուշ, քան մինչև 2008 թվականի հունվարի 1-ը.

10) Ազգային ժողովը երկու տարվա ընթացքում համապատասխանեցնում է գործող օրենքները Սահմանադրությանը:

Հոդված 142

Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության ներքո:


Արտաքին հղումներ