Jump to content

Բաց-կապույտ ծաղիկներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Բաց-կապույտ ծաղիկներ
Ա

Նրա հուղարկավորությանը մի քանի հոգի հազիվ կային․ քույրը՝ Թուրվանտան էր, Թուրվանտայի ամուսինը՝ Փալանճի Գիրգորն էր, ամուսնու եղբայրը՝ Սիմոնն էր, երկու հարևաններ իրենց կանանցով, տերտերը, ժամկոչը, տիրացուն չէր եկել տերտերի կարգադրությամբ, որպեսզի ստացված փողը փոխանակ երեքի՝ երկուսի միջև բաժանեին, իսկ ամուսինը մի տարի առաջ արդեն պառկել էր գերեզմանոցում և կնոջն էր սպասում։

Սառային թաղեցին ամուսնու կողքին։

Գերեզմանոցի ցանկապատից դուրս չելած՝ տերտերն իր վարձը պահանջեց, իսկ ցանկապատից դուրս բոլորն էլ բաժանվեցին իրարից։

Փալանճի Գիրգորն ասաց կնոջը.

— Է՛հ, կնիկ, ես երթամ խանութ։

Մեռելատուն վերադարձողը միայն Թուրվանտա Քորոն եղավ։

Մեռելատանը Թուրվանտա Քորոյին սպասում էր հինգ տարեկան որբ մնացած Թորիկը։

Երբ Թուրվանտա Քորոն արցունքոտ աչքերով, սև շալը գլխին, մեկ ձեռքը դրած դագաղի վրա՝ դուրս էր գնում, հիշեց Թորիկին, թողեց դագաղը, գնաց ներս, բացեց պահարանը, մի կտոր չոր հաց վերցրեց, տվեց Թորիկին, նստեցրեց դոշակի վրա և ասաց.

— Թորի՛կ, ձագու՜կս, էստեղ նստիր, հիմա կուգամ։

Թորիկը հացն առավ ու սկսեց կրծել։

Թուրվանտա Քորոն հասավ դագաղին։

Եվ երբ Թուրվանտա Քորոն վերադարձավ թաղումից, Թորիկը հացի կեսը կրծել էր, մնացած կիսովը խաղում էր փիսիկի հետ։ Փիսիկը ցատկում էր, կծում հացի կտորը, Թորիկը քաշում էր, ազատում հացը և ծիծաղում։

Թուրվանտա Քորոն, տեսնելով Թորիկին բոլորովին անգիտակ աշխարհի իր ամենաթանկագին էակից զրկվելու դժբախտության, սիրտը նորից փլվեց, թաղման աղիողորմ լացը նորից բարձրացավ սևացած, աղքատ, փոքրիկ և խարխուլ խրճիթում։

Բացի Թուրվանտա Քորոյից, աշխարհում ոչ ոք, բացարձակապես ոչ ոք չկար, որ խնամեր որբին, ուստի Թուրվանտա Քորոն, առանց որևէ որոշում կայացնելու, վերցրեց Թորիկին, փաթաթեց սև շալի մեջ, տարավ տուն, անմիջապես կրակ վառեց, ջուր տաքացրեց, լողացրեց որբին և պառկեցրեց, որ քնի։ Թուրվանտա Քորոն նրա շորը լվաց, փռեց թեժ արևին, չորացրեց, ձեռաց կարկատեց, և երբ որբը զարթեց, հագցրեց և սպասեց ամուսնուն։

Երեկոյան, երբ Փալանճի Գիրգորը տուն եկավ, Թուրվանտա Քորոն գրկեց որբացած մանկան, կանգնեց ամուսնու դեմը և ասաց.

— Տանը մեջ փիճ մը ըլլեր կըսեիր՝ իշդե քըզի փիճ, սեպե քի մեջքես ընկեր է։

Քսան տարի էր, ինչ Թուրվանտա Քորոն և Փալանճի Գիրգորն ամուսնացել էին, բայց հակառակ բուռն ջանքերի— մոմ չմնաց սրբերի պատկերների առաջ վառեցին— զավակ չունեցան։

Փալանճի Գիրգորը երկար նայեց Թորիկին, որ հիմար֊հիմար ժպտում էր, խղճահարվեց և քթի տակ, մեծ բեղերի վրա, մի ժուժկալ ժպիտ թափելով՝ վերցրեց մանկանը կնոջ գրկից, համբուրեց և ասաց.

— Նորեն աստված մեր երեսը հայեցավ։

— Մենք չըլլեինք նե՝ ի՞նչ տըլլեր։

— Կտանեին, կնետեին քուլխանը,— պատասխանեց Փալանճի Գիրգորր։

Թուրվանտա Քորոն նորից լաց եղավ խեղճ, դժբախտ քրոջ վրա, որն արդեն հանգստանում էր գերեզմանոցում, որի վրա փռված էր թթենու մուգ ստվերը։


Բ

Թե՛ Թուրվանտա Քորոն և թե՛ Փալանճի Գիրգորը Թորիկին սկսեցին սիրել խոր սիրով։ Երկուսն էլ նոր զգացին զավակ չունենալու ողջ ողբերգությունը, և հազիվ մի քանի ամիս անցած՝ նրանց թվում էր, որ ուրիշի տնից չէին բերել նրան, այլ իրենց տանն էր ծնվել և մեծացել։ Թորիկն էլ մի զարմանալի երեխա էր՝ ո՛չ լաց էր լինում, ո՛չ չարություններ անում, ուր որ նստեցնեին, այնտեղ էլ մնում էր, իրիկունն ինչպես պառկեցնում էին, առավոտյան այնպես էլ զարթնում էր, տային՝ կուտեր, չտային՝ չէր ուտի։

— Ծո՛, Թորի՛կ,— ձայնում էր Փալանճի Գիրգորը, երբ տուն գար խանութից,— ինտո՞ր ես։

Թորիկը հանգիստ գլուխը դարձնում էր, հայացքը հառում Փալանճի Գիրգորին և ապուշ֊ապուշ ժպտում։

— Աստծու գառն է,— ասում էր Թուրվանտա Քորոն։

— Քչիկ մի կով է,— առարկում էր Փալանճի Գիրգորը։

Թուրվանտա Քորոն խեթ֊խեթ նայում էր ամուսնուն։

Եվ Թուրվանտա Քորոն նստեցնում էր Թորիկին գետնին՝ փռված մի դոշակի վրա և պատվիրում.

— Թորիկ, ղուրբան հոգուդ, ես շուկա երթամ գամ, դուն դոշակի վրա խաղա։

Թուրվանտա Քորոն փակում էր տան դռները, գնում շուկա, և եթե ժամերով էլ չվերադառնար, Թորիկը դոշակի սահմաններից չէր հեռանում։

Փալանճի Գիրգորը մի օր, երբ դիտել տվեց թե՝

— Մեջը հեչ կրակ չկա։

Կինը պատասխանեց.

— Էդպես մ՚ըսեր, զաթեն[1] աստված զարկեր է գլխուն, որբ է։

Փալանճի Գիրգորը լռեց, բայց երբեք չէր հաշտվում այն գաղափարին հետ, որ իր որդին պիտի լիներ այդպես կորած֊մոլորած մի տղա։ Առանց որևէ լուրջ հիմքի՝ նա կարծում էր, որ եթե ինքը մի զավակ ունենար, այդպես չէր լինի, կլիներ չափազանց աշխույժ, արթուն և ուշիմ։

Ինչո՞ւ։ Ոչ ոք չէր կարող ասել։

Այս ուղղությամբ և այս ոգով Փալանճի Գիրգորը շատ էր խոսում։ Մի օր էլ Թուրվանտա Քորոն, չհամբերելով և արդարորեն զայրանալով, ասաց․

— Էսքան տարի անցավ՝ բան մը չկրցար ընել, հազըր օղլան պապասի[2] դարձար, հիմա էլ չե՞ս հավնիր, լեզո՜ւդ…

Փալանճի Գիրգորն այս մասին ընդմիշտ լռեց։


Գ

Եվ Թորիկն աճեց։ Ոսկորները մեծղի էին և դիմացկուն, միայն գլուխը, համեմատաբար, փոքր մնաց։

— Ղաֆան շատ պստլիկ է,— մի օր դիտել տվեց Փալանճի Գիրգորը, թեև վաղուց որոշել էր ոչինչ չասել։

Թուրվանտա Քորոն անպատասխան չթողեց նրան.

— Թո՛ղ պզտլիկ ըլլի, ի՞նչ ընենք, գլխուն վրա ընկո՞ւզ տի կոյրենք։

— Քիչ մը մենծ ըլլի, որ մեջը բան մտնա,— քրթմնջաց Փալանճի Գիրգորը։

Թուրվանտա Քորոն չպատասխանեց թեև, բայց առանձնահատուկ մի նայվածք նետեց Փալանճի Գիրգորի գլխին։

Եվ պատահեց, որ Փալանճի Գիրգորը մի քանի անգամ Թորիկին հետը տարավ ման գալու։ Երբ Փալանճի Գիրգորը մի որևէ մեկի հետ փողոցում խոսակցության էր բռնվում, Թորիկը նրա սրունքը կիսագրկում էր և հանգիստ կանգնում։ Ոչ մի անհամբերություն, կանգնում էր և սպասում՝ մինչև Փալանճի Գիրգորը խոսքը վերջացներ, իսկ Փալանճի Գիրգորի խոսքը հաճախ երկար էր տևում։ Այն աստիճան Թորիկը նեղություն չէր պատճառում, որ Փալանճի Գիրգորի համար անխուսափելի սովորություն դարձավ առանց Թորիկի տեղ չգնալ։

— Թող տունը մնա,— ասում էր Թուրվանտա Քորոն,— քըզի նեղություն կուտա։

— Չէ, կնիկ, հեչ նեղություն չի տար, ճիվերս կը բռնե, կը կայնի, շատ խելոք փիճ է։

Թուրվանտա Քորոն խելահեղ ուրախության էր մատնվում։

— Թե՛ որբը տուն գտավ, թե՛ մենք ըլ զավակի տեր եղանք, թե որ Փալանճի Գիրգորին հայեինք, բան դուրս չէր գար, չո՜ր աղբյուր…— ասում էր նա։ 

Հետզհետե թե՛ Փալանճի Գիրգորը, թե՛ Թուրվանտա Քորոն զգացին, որ Թորիկն անհրաժեշտություն էր տանը։

— Էս փիճը չըլլեր, ի՞նչ տընեինք,— հարց էր տալիս Փալանճի Գիրգորը։

— Ի՞նչ տընեինք, քիթ քթի տի նստեինք ու իրարու անտեր երեսը տի նայեինք,— պատասխանում էր Թուրվանտա Քորոն։

— Ծո՛, Թորի՛կ,— ձայնում էր Փալանճի Գիրգորը։

— Ի՞նչ է, Գիրգոր աղա,— պատրաստակամ պատասխանում էր Թորիկը։

— Ջուր մի տուր՝ խմիմ, ծո՜։

Թորիկը ջուրը բերում էր։

Թուրվանտա Քորոյի հրճվանքին չափ չկար, մանավանդ, երբ Թորիկն ամուսնուն «Գիրգոր աղա» էր կոչում, մի բան, որ ինքն էր սովորեցրել նրան։ Քանի որ աշխարհում ոչ ոք նրան աղա չէր կոչելու, գոնե Թորիկը կոչեր։

— Քա՛, Թորի՛կ, ո՞վ է դուռը կծեծե,— հարցնում էր Թուրվանտա Քորոն, հաստատ համոզված լինելով, որ պիտի լինի Փալանճի Գիրգորը։

— Գիրգոր աղաս է,— պատասխանում էր Թորիկը։

Թուրվանտա Քորոն հպարտանում էր, ուրախանում, բռնում Թորիկի գլուխը, սեղմում կրծքին, համբուրում և ասում․

— Գիրգոր աղադ քըզի ղուրբան ըլլի․․․


Դ

Երբ Թորիկն ավելի մեծացավ, տնից դուրս էլ դարձավ պետքական։

— Ծո՛, Թորի՛կ, էս միսը տուն տար։

— Ծո՛, Թորի՛կ, էս հացը տունը ձգե։

— Թորի՛կ, օղո՛ւլ, գնա Գիրգոր աղայիդ ըսե՝ քացախ առնե, բեր։

— Թորի՛կ, ղուրբան, սեփեթը (կողովը) խանութը տար։

Եվ Թորիկը ամեն ինչ կատարում էր սուսիկ֊փուսիկ, առանց դժգոհելու։ Միայն թե տնից խանութ, խանութից տուն գնալ գալը շատ երկար էր տևում։ Երբ Փալանճի Գիրգորը տուն գար և ճաշը պատրաստ չգտներ, զարմանում էր։

— Աղջի՛, Թուրվանտա՛, էսքան ատեն կերակուրը չե՞ս պատրաստեր, անոթի քուռակ կնետիմ։

— Ուշ ղրկեցիր միսը։

— Ի՞նչ կըսես, առտուն եմ ղրկեր։

— Քա՛, օրհարսակ էր եկավ Թորիկը։

— Ծո՛, Թորի՛կ։

Թորիկը կանգնում էր և հլու նայում։

— Միսը խանութեն դո՞ր տուն բերիր։ Հեչ տեղ չի գացի՞ր։

― Չէ։

Թորիկը սուտ չէր խոսում, խանութից ուղիղ տուն էր եկել, բայց ճանապարհին շատ էր կանգ առել։ Թորիկին հետաքրքրում էր փողոցում ամեն բան— արջ էին խաղացնում՝ դիտում էր, ձեռնածություն էին անում՝ դիտում էր, տեսնում էր, որ մի դռան առաջ հավերը կուտ են ուտում՝ կանգ էր առնում և երկարորեն դիտում, վա՜յ թե կցված շներ տեսներ՝ ժամերով դիտում էր զմայլանքով և հրճվանքով, առանց իմանալու, թե ինչ էր կատարվում։ Եվ պատահում էր, որ դիտելիս՝ թևի տակից հաց էին փախցնում կամ բանջարեղենի մի փունջ։ Ամենաշատն ուշանում էր այն օրերը, երբ ձյուն էր գալիս խոշոր փաթիլներով։ Դանդաղ և օրորուն պարող ձյան հատիկներն անսահման հրճվանք էին պատճառում Թորիկին, գլուխը վեր էր բարձրացնում և սպասում մինչև ձյան մի փաթիլ ընկնի աչքերի թարթիչների վրա։

Մի օր էլ, ինչ-որ դիտելիս, մի շուն տոպրակի միջից միսը փախցրեց։ Վազեց ետևից, բայց չկարողացավ բռնել։ Այդ երեկո Փալանճի Գիրգորը մի ապտակ իջեցրեց նրան և ասաց.

— Խելքդ գլուխդ ժողվե, յավրում, փարա ենք տվեր։

Թորիկը լաց եղավ։

— Գիրգոր աղա, ալ չեմ ըներ,— հեկեկաց նա։

Թորիկն այս խոսքը այնպես արտասանեց, այնպիսի խեղճությամբ, այնպես գլուխը կախ և անօգնական տոնով, որ Փալանճի Գիրգորը խղճահարվեց, աչքերը խոնավացան, երեսը շուռ տվեց, որ ցույց չտա արցունքը, բայց Թուրվանտա Քորոն չդիմացավ և Թորիկի հետ միասին կուշտ լաց եղավ։ 

— Ինչո՞ւ որբին զարկիր, ձեռքդ փրթի,— ասաց Թուրվանտա Քորոն։

Գիշերը, անկողին մտնելիս, Թուրվանտա Քորոն կռնակը դարձրեց Փալանճի Գիրգորին։

— Աղջի՛, Թուրի՛կ, կռնակդ ինչո՞ւ դարձուցիր,— զարմացավ Փալանճի Գիրգորը։

— Էդ ըլ շատ է,— սրտնեղեց Թուրվանտա Քորոն։

— Նորեն ի՞նչ եղավ, լուսինը նո՞ր է։

Երկար լռությունից հետո Փալանճի Գիրգորը մի կերպ հաջողեց կնոջ երեսն իր կողմը դարձնել։

— Որբին վրա ձեռք մի բարձրացներ, էնդի դեմը քուրոջս ի՞նչ պատասխան տի տամ։

— Բան մըն էր՝ էղավ, կնի՛կ, ալ չեմ ըներ,— խոստացավ Փալանճի Գիրգորը։

Քիչ անց՝ Փալանճի Գիրգորը մացառի պես բեղերը քսեց Թուրվանտա Քորոյի երեսին։

— Քունս կտանե, տեղդ պառկիր։

Եվ տիրեց լռություն։

Մի բան շատ էր զարմացնում Փալանճի Գիրգորին և Թուրվանտա Քորոյին։ Թորիկի հագուստի այնպիսի տեղն էր մաշվում, որ առհասարակ չպետք է մաշվեր, ուրիշների հագուստի այդ տեղերը երբեք չէին մաշվում։ Թորիկի արմունկը չէր մաշվում, այլ ուսերից մինչև արմունկը։

— Քա՛, խելքս կթռցնիմ, էս ի՞նչ բան է,— ապշում էր Թուրվանտա Քորոն։

— Արմունկը մաշվի, խելքիս կպառկի, ամա արմունկեն վեր ինչո՞ւ մաշվի, ջանըմ,— հարց էր տալիս Փալանճի Գիրգորը։

Մի օր Փալանճի Գիրգորը գաղտնի Թորիկին հետևեց՝ ստուգելու։

Եվ ամեն ինչ պարզվեց։

Թորիկը ամբողջ ճանապարհին պատերին քսվելով էր գնում, խանութից տուն գնալիս՝ մի կողմով, տնից խանութ գնալիս՝ մյուս կողմով։

Ե

Եվ մի օր էլ Թորիկի կրծքին կախեցին թակը[3] և տարին դպրոց՝ պարոն Աշուրի վարժատունը։

— Միսը քըզի, ոսկորը մըզի,— ասաց Փալանճի Գիրգորը։

Պարոն Աշուրն ակնոցների տակից նայեց Թորիկին։ Թորիկը, թևերը կախ, ուսերը մի քիչ վեր բարձրացրած, ուղիղ կանգնել էր։

— Խելացի կերևա,— ասաց պարոն Աշուրը։

Փալանճի Գիրգորն ուռեց։

— Ինչ որ տեսեր է աչքը, էն ըլ սորվեր է, վարժապետ,— ասաց նա։

Երեք տարի հաճախեց Թորիկը պարոն Աշուրի վարժատունը և հազիվ կարողացավ սովորել հայոց լեզվի տառերը, իսկ կարդալը՝ երբեք։

Թուրվանտա Քորոն համառորեն պնդեց, որ Թորիկը դպրոցը պետք է շարունակի։

— Խելքին բան չի պառկիր,— թեթևակի առարկեց Փալանճի Գիրգորը։

— Օր մըլ կպառկի,— հակաճառեց Թուրվանտա Քորոն։

Գրել֊կարդալ որ չի սորվավ, ըսել է էշ է, մարդ չի դառնար,— պնդեց Փալանճի Գիրգորը։

Թուրվանտան Քորոն թեթև ծիծաղեց և ասաց.

— Դուն ըլ կարդալ գրել չես գիտեր, դո՞ւն ըլ էշ ես, քա՛։

Փալանճի Գիրգորը լռեց։

Եվ Թորիկը շարունակեց դպրոցը, մինչև պարոն Աշուրն ինքը վերջնագիր տվեց, թե Թորիկն այնքան դասարան չի փոխել, որ այժմ փոքրերի հետ դասընկեր է դարձել և այլևս չի կարող պահել դպրոցում։

— Կհիշե՞ս, կնիկ, հարն ըլ քիչ մը դանխաֆա[4] էր,— ասաց Փալանճի Գիրգորը։

— Մեռած մարդու վրա չեն հաչեր,— կշտամբեց Թուրվանտա Քորոն։

Ի վերջո Փալանճի Գիրգորն առաջարկեց. 

— Տանիմ իմ խանութ, թող իմ արհեստս սորվի, մարդ դառնա ընծի պես։

Թուրվանտա Քորոն այս անգամ համաձայներ, որովհետև Թորիկի քթի տակ արդեն սևին էր տալիս, ձայնը հաստացել էր, և վերջնականապես պարզ էր, որ ուսման ոչ միայն սեր չուներ, այլև հարմարություն։


Զ

Առաջին օրը Փալանճի Գիրգորը խանութում Թորիկի գլխին երկար֊բարակ խրատ կարդաց.

— Թորիկ, յավրում, արհեստին մենծ ու պզտիկը չի կա, ամեն արհեստ իրեն արժեքն ունի, ինչու որ ամեն արհեստ մարդս աղքատութենե կազատե, ուրիշին կարոտ չըներ, փալանճիությունն ըլ արհեստ է և շատ աղեկ արհեստ է, հըլե հարցուր թե ինչո՞ւ։

— Ինչո՞ւ, Գիրգոր աղա։

— Ինչու որ գործդ մարդու հետ չէ, իշու հետ է։ Ինչո՞ւ ակռաներդ բացիր ու կծծղաս, իշու անո՞ւն լսեցիր,— վիրավորվեց Փալանճի Գիրգորը։

Թորիկը վայրկենապես լրջացավ, բայց ուզում էր ասել, թե իշու ձայն լսեց, բայց լռեց՝ վախենալով ապտակից։ Փալանճին շարունակեց.

— Դուն չկարծես քի էս արհեստը դյուրին արհեստ է, չէ՛, յավրում, չէ՛, ամեն արհեստ իրեն փյուֆերին[5] ունի…

— Ունի, Գիրգոր աղա,— մեքենաբար ձայնակցեց Թորիկը։

— Հը՛, իշտե էդ փյուֆերին տի սորվիս։

— Կսորվիմ, Գիրգոր աղա, բան մը չէ։

— Մենծ֊մենծ մի խոսա, բոյդ կտեսնանք։

Եվ Թորիկն սկսեց աշխատել։

Սկզբներում կարել, խոտ լցնել, չվան պատրաստել և այլն՝ կարողացավ յուրացնել, բայց երբ հասավ դժվարին մասին՝ փալանի արտաքին ձևավորման, Թորիկը կանգ առավ։

Սկսվեցին Թորիկի և Փալանճի Գիրգորի միջև լուրջ անախորժություններ, մինչև այն աստիճան, որ Փալանճին խանութում, ուրիշների ներկայության, Թորիկի վրա բղավում էր.

— Ծ՛ո, իշո՛ւ գլուխ, փալան մըլ քըզի համար պետք է շինել, քառասուն անգամ ըսի, բեյնդ չմտա՜վ։

— Գիրգոր աղա, էշ է, ի՞նչ գիտե,— առարկում էր Թորիկը։

— Էշը հայվան է, չի գիտեր, տե՞րն ըլ հայվան է, ծո՛։

Երբեմն վեճն այնքան էր տաքանում, որ Թորիկը թողնում էր խանութը, գնում տուն և ասում Թուրվանտա Քորոյին.

— Թուրիկ մոքոր, Գիրգոր աղաս ընծի չի հավնիր, ալ խանութ չեմ երթար։

— Ամեն մարդ ըլ արհեստը էդպես կսորվի, օղո՛ւլ, իրեն գլխուն ըլ էնքան են զարկեր…

Թորիկը, գլուխը կախ, վերադառնում էր խանութ։

— Հը՞, քնթիդ հովը իջա՞վ,— հարցնում էր Փալանճի Գիրգորը։

Թորիկը, առանց պատասխանելու, վերցնում էր մախաթը և սկսում աշխատանքը։

Անախորժություններ պատահեցին և վաճառքի շուրջը։ Փալանճի Գիրգորի բացակայության Թորիկը փալան էր ծախում ավելի պակաս գնով, քան ծախս էր նստել իրենց վրա։

— Ինչո՞ւ աժան ծախեցիր,— հարցնում էր Փալանճին։

Թորիկը, սառած աչքերով, նայում էր Փալանճուն և չէր պատախանում։

— Պատասխան տուր, հայվա՛ն։

— Բան մըն էր՝ եղավ, ալ չեմ ըներ։

— Ծո՛, էս քանի՞ երորդ անգամն է, գլխուս ցեց դարձար, շա՛ն զավակ։

Այդ օրերից մեկում Թորիկը տուն եկավ հարբած։ Մի երևույթ, որ երբեք չէր պատահել։

— Քա՛, էս ի՞նչ բան էր, է՜ս էր պակաս,— գոռգոռաց Թուրվանտա Քորոն և զարկեց ծնկներին։

Բայց, առավոտյան, Թուրվանտա Քորոն շոյելով Թորիկի գլուխը, հարցրեց հարբած լինելու պատճառը։

Թորիկը պատասխանեց.

— Հորս, մորս քով երթամ պառկիմ՝ ավելի աղեկ է։

— Ինչո՞ւ։ 

— Գիրգոր աղաս ընծի շատ նեղություն կուտա,— գանգատվեց Թորիկն արցունքոտ աչքերով։

Այնուամենայնիվ, ժամանակը սրբեց ամեն բան, այսպես թե այնպես Թորիկը սովորեց փալանի արտաքին ձևավորումը, սովորեց գները, սովորեց վաճառքի գաղտնիքները։

Անախորժությունները վերջացան։

Եվ մի իրիկուն Փալանճի Գիրգորը մի քանի ծանոթներ հրավիրեց իր տունը, օղի հրամցրեց, կանչեց Թորիկին, մոտը կանգնեցրեց, մի ապտակ զարկեց և ասաց.

— Ալ վարպետ ես, խոսք չունիմ։

Թորիկը խելագարվելու աստիճան ուրախացավ։

— Է՛հ, Թորիկս ժմնեց, մեկնումեկս գլոխնիս գետինը դնենք, ալ ուրիշ մարդ չունինք, Թորիկն է,— ասաց Թուրվանտա Քորոն և համբուրեց այն երեսը, որ կերել էր ապտակը։


Է

Ժամանակը սահեց, այնպես, ինչպես միշտ։

Փալանճի Գիրգորը, ինչպես եղավ, մեռավ․ ո՛չ հիվանդ պառկեց, ո՛չ էլ ոտի վրա մաշվեց, այլ մի օր խանութից տուն եկավ թե՝

— Թուրիկ, վրաս սրսփուք եկավ։

Թուրվանտա Քորոն պառկեցրեց նրան, ոտները բրդե վերմակով փաթաթեց, տաք աղյուս դրավ, բայց հաջորդ առավոտ Փալանճի Գիրգորն այլևս չկար, իր բոլոր հաշիվները մաքրել էր աշխարհի հետ։

— Թուրիկ մոքոր, հեչ մի լար, քանի ես սաղ եմ, դուն իմ մերս ես, քեզ սուրփի պես կպահիմ,— մխիթարեց մորաքրոջը Թորիկը։

Թուրվանտա Քորոն, լալագին լաց լինելով, փաթաթվեց Թորիկին և ականջին շշնջաց.

— Լուսահոգիի ոսկի ակռան հանե, պետք կըլլի, օղո՛ւլ։

Եվ Թորիկը կարողացավ պահել խանութի հաճախորդներին, առևտրից ոչինչ չպակասեց, տարբերությունր միայն այն էր, որ առաջ երկու ձեռք էր աշխատում, այժմ՝ մեկ։

— Առաջ ըլ ուտող բերանն իրեք էր, հիմա՝ երկուք,— ասաց Թուրվանտա Քորոն։ 

Թուրվանտա Քորոն և Թորիկը հիշում էին Փալանճի Գիրգորին միայն այն ժամանակ, երբ մի նոր կանաչեղեն էր դուրս գալիս՝ կոտեմը, առվի կարոսը, մարիամ խոտը, վարունգը, որովհետև Փալանճին սիրում էր այդ կանաչեղենները տուն բերել, հենց որ նրանք երևում էին շուկայում։

— Ողորմած հոգին կովու պես կանաչ կուտեր,— ասում էր Թուրվանտա Քորոն։

— Խիար կա՞ յա, Գիրգոր աղաս խիարի համար կը սատկեր,— ձայնակցում էր Թորիկը։

Փալանճի Գիրգորի հիշատակն այսպես վառ էր պահվում տանը։

Իսկ խանութում բոլոր հաճախորդները հիշում էին նրան, երբ էշերը բերում էին նոր փալան շինել տալու կամ հները նորոգելու։

— Էսօր հինգ էշ բերին, հինգ փալանն ըլ Գիրգոր աղաս էր շիներ,— հաղորդում էր Թորիկը Թուրվանտա Քորոյին։

Թուրվանտա Քորոն կազմ և պատրաստ ուներ ոչ ավելի քան երկու կամ երեք կաթիլ արցունք աչքերի շատ մոտերքում և հարկ եղած ժամանակ կախում էր կոպերից։

Թորիկը երկյուղածությամբ և խոր երախտագիտությամբ վճարեց տերտերին հողվրտիքի համար, իսկ ամեն մեռելոցի ինքն անձամբ ներկա էր լինում գերեզմանոցում և օրհնել էր տալիս Փալանճի Գիրգորի ոսկորները։

Երկար ժամանակ Թուրվանտա Քորոն սնդուկում պահում էր ամուսնու շորերը, բայց ծանոթ կանայք խորհուրդ տվին նրան, որ ամուսնու շորերը եթե Թորիկին հագցնի, Թորիկի սերն ավելի կլինի իր վրա, ուստի սնդուկից հանեց Փալանճի Գիրգորի շորերը և հագցրեց Թորիկին։ Դրանց մեջ ամենից արժեքավորը շալ գոտին էր, որը Թորիկը հպարտությամբ կապեց։

— Ողորմած հոգիի էրևը քըզի ըլլի, օղուլ,— ասաց Թուրվանտա Քորոն, երբ Թորիկը սենյակի մեջտեղում պտտվում էր, որպեսզի շալ գոտին փաթաթվի մեջքին։

Ժամանակը ցավի ոչ մի սուր ծայր չթողեց. Փալանճի Գիրգորի հագուստները Թորիկը մաշեցրեց, բացի շալ գոտուց, իսկ Թուրվանտա Քորոն սկսեց մտածել Թորիկին ամուսնացնելու մասին։ 


Ը

Ամեն մի կին, որը ձեռնարկում է իր հարազատին ամուսնացնելու, վերից է սկսում։

Թուրվանտա Քորոն էլ սկսեց վերից։

— Թորի՛կ, օղո՛ւլ, վաղը տերթամ ֆապրիկաթոռին միջնակ աղջիկը տուզիմ քըզի համար,— ասաց Թուրվանտա Քորոն։

— Հի՜, հի՜, հի․․․― ծիծաղեց Թորիկը։

Օրը բոլոր խռովահույզ վիճակ ապրեց Թորիկը, գիշերն էլ քուն չմտավ աչքերը, ֆապրիկաթոռի աղջկան մի անգամ տեսել էր, «լուսուկտոր»՝ ինչպես ինքն էր ասում։

Թուրվանտա Քորոն, միամտորեն, երկար, բախեց ֆապրիկաթոռենց մեծ դուռը և համառորեն սպասեց։

«Կերևա չլսեցին »,— ասում էր մտքում ամեն մի բախելուն։

Բայց հանկարծ լսեց մի քրթմնջոց։

Մի քիչ սպասեց, հետզհետե քրթմնջոցը դիվային թվաց նրան։ Աչքը վեր բարձրացրեց, տեսավ մի գլուխ, որ վայրկենաբար ետ քաշվեց դռան վրայի լուսամուտից, և լսվեց նորից քրթմնջոցը։

Սառը քրտինք պատեց Թուրվանտա Քորոյին։

— Վո՜ւյ գլխուս…

Երանի գետինք ճեղքվեր և մեջը մտներ։ Ոտները շարժվեցին, ուզում էր վազել, որպեսզի շուտ հեռանա, բայց հազիվ իրեն պահում էր ոտների վրա։

Եթե Թուրվանտա Քորոն ետին դառնար, պիտի տեսներ մի քանի գլուխներ, որ դուրս էին ցցվել լուսամուտից և հռհռում էին իր վրա։

Թուրվանտա Քորոն հազիվ առաջին փողոցի անկյունը շրջվեց և հենվեց պատին։

Երբ Թորիկն իմացավ եղելությունը, ասաց.

— Արդեն սրտովս չէր, Թուրիկ մորքոր, դուն որ ըսիր, ալ չուզեցի խոսքդ կոյրիմ։

Թուրվանտա Քորոն, սակայն, չհուսահատվեց, մի քանի օր հետո նորից բռնվեց Թորիկի համար աղջիկ գտնելու եռանդով, բայց այս անգամ մի քիչ ցած իջավ։ 

— Աղջիկ մի կա, աչքս մտեր է, ամա դուն կուզես չես ուզեր՝ չեմ գիտեր,— ասաց Թուրվանտա Քորոն։

— Ո՞վ է։

— Ենգոյենց Կիրակոս էֆենդիի աղջիկը։

— Պզտլի՞կը,— հարցրեց Թորիկը և զգաց, որ սրտում ինչ֊որ թռչուն է թպրտում։

— Չէ՛, մենծը։

— Մենծն էլ գեշ չէ։

Ենգոյենք ընդունեցին Թուրվանտա Քորոյին, բայց այս անգամ ինքը չհամարձակվեց հայտնել, թե ինչու է գնացել, այնքան սառը և հեգնանքով ընդունեցին։ Այստեղ Թուրվանտա Քորոյի համար ավելի դժվար դրություն ստեղծվեց։ Ի՞նչ ասեր, ինչո՞ւ էր գնացել այն տունը, որտեղ կյանքումը ոտը չէր դրել։ Ամբողջ սպիտակեղենը թրջվեց քրտինքից։ Վերջապես ասաց.

— Եկեր իմ խնդրեմ՝ որ գործ ունենաք, որբ ունեցող կնիկ մի կա, անոր տաք, մեղք է, ձեռքն ըլ իստակ է։

Ենգոյան Կիրակոս էֆենդիի կինը խոստացավ, որ եթե գործ լինի, այդ կնոջը տա։

Թուրվանտա Քորոն շալը քաշեց գլխին և դուրս ելավ։

— Քա՛, խելք որ չընեի, ի՞նչ տըլլեր վիճակս,— եզրակացրեց նա տուն վերադարձին։

Բայց Թորիկը չկարողացավ մտնել մորաքրոջ դրության մեջ։

— Ըսեիր՝ կեփեր,— ասաց նա։

— Էնպես էրեսները կախեցին, ընծոր սև ձիթ քսեին,— առարկեց Թուրվանտա Քորոն։

Հազիվ մի շաբաթ էր անցել, Թուրվանտա Քորոն նոր աղջիկ գտավ։ Այս աղջիկն արդեն ո՛չ ֆաբրիկանտի աղջիկ էր, ո՛չ էլ կալվածատերի, ինչպես Ենգոյանը, այլ միջին վաճառականի։

— Հը՛, Թորիկ, երթամ ուզի՞մ,― հարցրեց Թուրվանտա Քորոն։

— Բերանդ բուրդ չիտան…— կասկածեց Թորիկը։

― Չէ…

Այս անգամ Թուրվանտա Քորոն համարձակվեց ուզել Իգնատ աղայի աղջկան, բայց վերադարձավ խորապես վիրավորված։

— Բերանդ բուրդ տվին, հա՞,— ասաց Թորիկը։

— Էրնեկ բուրդ տային, ուրիշ բան տվին։

— Ի՞նչ ըսին,— հետաքրքրվեց Թորիկը, բայց դողում էր հավանական պատասխանից։

— Կնիկը ի՞նչ ըսե՝ աղեկ է։

Թորիկը լռություն պահեց։ Ներքուստ ցանկանում էր իմանալ, բայց արտաքուստ անտարբերություն ձևացրեց։ Թուրվանտա Քորոն շարունակեց․

— «Ես կարծեցի՝ եկեր ես խնդրես, որ մեր լվացքը դուն ընես» կըսե։

Թորիկը, առաջին անգամ լինելով, փողոցային մի հայհոյանք շպրտեց Իգնատ աղայի կնոջ հասցեին, որին Թուրվանտա Քորոն արձագանք տալով՝ ասաց.

— Ե՛ս էլ։

Թուրվանտա Քորոն և Թորիկն ավելի ցած իջան և եկան կանգ առան արհեստավորների վրա։ Համոզված լինելով, որ քաղաքում գտնված որևէ արհեստավոր սիրով և փութկոտությամբ պիտի համաձայներ իր աղջկան Փալանճի Թորիկին կնության տալու, նստեցին և երկար ու բարակ ընտրություն կատարեցին…

— Հացագործ Սիմոյին աղջիկը…

— Աղեկ է, բոյը կարճ է,— առարկեց Թորիկը։

— Պատշարող Օղասաբին աղջիկը, պզտլիկը…

— Աղեկ է, մազը դեղին է, խոշիս չի գար։[6]

— Մսագործ Աստուրին աղջիկը։

— Քիչ մը դուրս ընկած կերևա։

— Կոշկակար Թորոսին մենծը…

— Հի՛, հի՛, հի՛…― ծիծաղեց Թորիկը։

Թուրվանտա Քորոն շալը քաշեց գլխին և ուղիղ կոշկակար Թորոսին տունը գնաց։

Մեծ աղջիկը՝ Լուսնթագը, սուրճ բերեց Թուրվանտա Քորոյին։ 

— Քա՛, Լուսնթագիս տես, մենծցեր, բոյը, բոսը…— գովաբանեց Թուրվանտա Քորոն և խոսքը բաց արավ։

— Թուրվանտա Քորո, ատոր խոսքը հեչ չընես, աղջիկս մինչև դպրոցը չվերջացնե՝ չեմ կարգեր,— պատասխանեց մայրը և դրանից հետո այնպիսի երես արավ, որ Թուրվանտա Քորոն մնաս բարով արավ և դուրս ելավ։

Կոշկակար Թորոսից հետո, մեկը մյուսի ետևից, Թուրվանտա Քորոն, առանց Թորիկի հետ խորհրդակցելու, մտավ մսագործ Աստուրի, պատշարող Օղասաբի, հացագործ Սիմոյի տները և բոլորից էլ մերժողական պատասխան ստացավ։ Պատշարող Օղասաբը մինչև անգամ վիրավորեց,

— Թորիկդ քիչ մի կով է,— ասաց նա։

Բացի այս արհեստավորներից, նոր արհեստավորների ցուցակ պատրաստեցին, և հերթով բոլորի տներն էլ մտավ Թուրվանտա Քորոն ու բոլորից էլ մերժողական պատասխան ստացավ։

Թորիկն այս անհաջողություններից ծայր աստիճան ջղայնացավ և ով որ մերժում էր աղջիկը տալ իրեն, հայհոյում էր։

Թորիկի համար աղջիկ գտնելը դարձավ և հարևանների խոսակցության առարկա։ Թուրվանտա Քորոն, միամտորեն, գնում էր և պատմում էր, թե ով ինչ պատասխան տվեց, կարծելով բոլորն էլ իրավունք պիտի տային իրեն, թե՝ պարզապես աղջկան բախտը կքոռցնեն։

Նա եկել էր մի եզրակացության.

— Որբ է, բախտ չունի,— ասում էր։

Հարևաններից մեկը մի օր եկավ ու ասաց Թուրվանտա Քորոյին.

— Քա՛, Թուրի՛կ, Թորիկիդ համար աղջիկ գտեր եմ։

— Քա՛, ի՞նչ կըսես։

— Աղջիկ, կաթը իստակ, գլուխը կախ։

— Ո՞վ է, ըսե՛։

— Օվակիմին աղջիկը։

Թուրվանտա Քորոյի մարմինը փուշ֊փուշ եղավ։ Նա հասկացավ, թե ում էր ակնարկում, բայց սուտ չհասկանալ տվեց։

— Ի՞նչ Օվակիմ,— հարցրեց նա։ 

— Քա՜, Օվակիմը չե՞ս ճանչնար։

— Աղքատ Ղազարո՞սը…

Տիրեց լռություն։ Օվակիմին Աղքատ Ղազարոս էին կոչում, որովհետև ծայրահեղ թշվառ մի մարդ էր, ուներ հինգ աղջիկ, բոլորն էլ սիրուն, ապրում էր վերին աստիճանի արհամարհված արհեստով՝ արտաքնոց մաքրող էր։

— Քեզմե հեչ չէի սպասեր․․․― ասաց ի վերջո Թուրվանտա Քորոն՝ չծածկելով իր վիրավորված լինելը։

Նրա սրտին դպչել էր, որ հարևանը Աղքատ Ղազարոսի աղջիկն առաջարկեց Թորիկի համար։

— Թուրվանտա Քորո,— սկսեց հարևանը,— էդ ձևերը թող, Աղքատ Ղազարոսին աղջիկները ֆապրիկաթոռին աղջիկներէն ըլ աղվոր են։

— Հրեշտակ են, չըսե՞ս։

— Մի կոտրտվիր, հարս կուզես՝ ատիկից աղեկը չի կա, ամեն տեղ բերանդ բուրդ տվին։

Թուրվանտա Քորոն չպատասխանեց և անզոր հեգնությամբ նայեց նրան։

Նորից լռություն։ Թուրվանտա Քորոն պարզապես սպասում էր, որ հարևանը հեռանա, և հեռացավ։

Երեկոյան Թուրվանտա Քորոն Թորիկին պատմեց այս խոսակցությունը։

Թորիկն ասաց.

— Էնքան եղա, որ Աղքատ Ղազարոսին աղջի՞կը առնիմ։

— Է՛դ ըսե․․․


Թ

Բայց ժամանակը թռչում էր։

Թորիկի երազները խռովվում էին սպիտակ մի աղջկա թևերով։ Նրա վերմակն իսկ զգում էր հրդեհված մարմնի ողջ տառապանքը։ Նետում էր Թորիկը վրայից այդ վերմակը, նստում անկողնում, ծխում, անվերջ ծխում։ Թորիկը հետզհետե համոզվեց, որ թող լիներ՝ Աղքատ Ղազարոսի աղջիկը լիներ, բայց Թուրվանտա Քորոն համառեց խոնարհվել Աղքատ Ղազարոսի առաջ։ Ամեն տեղ ասել էր, որ Թորիկին կխեղդի, բայց նրա աղջկան չի բերի իր տունն իբրև հարս։ Թուրվանտա Քորոն չէր զգում երիտասարդ տղայի հուրը։ Ինքն այդ հրդեհը չէր ապրել։ Հազիվ տասնհինգ տարեկան՝ տվել էին նրան Փալանճի Գիրգորին, առույգ, մեծ բեղերով, ձայնը խռպոտ, աչքերը կարմրած մի երիտասարդ, որ հրդեհել էր նրան, նախքան իր հրդեհն սկսվելը։

— Որ կախես, Աղքատ Ղազարոսին աղջիկը չեմ ուզի,— հայտարարեց Թուրվանտա Քորոն։

Թորիկը լռում էր։ Ոչ մի տղամարդ ինքը չէր կարգադրեր իր ամուսնության խնդիրը, մինչև անգամ եթե սիրահարված էլ լիներ։

Բայց Թուրվանտա Քորոն, երբ տեսավ, որ Թորիկը ջղայնությունից ամաններ է կոտրատում, մի անգամ բռնեց երեք հավ և վիզները քաշեց, մեկ֊մեկ խմում է, պատահում է, որ գիշերները տուն չի գալիս, զիջեց և խոստացավ գնալ ու խոնարհվել Աղքատ Ղազարոսի առաջ։

— Թուրվանտա Քորո,— ասաց արտաքնոց մաքրող Օվակիմի կինը,— կարգելու աղջիկ չունինք։

— Քա՛, ի՞նչ կըսես, հինգ աղջիկներեդ երեքը շատունց տի կարգեիր․․․

— Երեքն ըլ նշանվեր են,— պատասխանեց Օվակիմի կինը հպարտությամբ։

Թուրվանտա Քորոն կատակի տվեց․

— Հավը էրածին մեջ կորեկ կտեսնա։

Օվակիմի կինը տաքացավ.

— Էրածին մեջ կորեկ տեսնալ չի կա, վաղը մեկալ օրը դուն փախլավաները կտեսնաս։

— Քա՛, վերջնական բան մ՚ըսե։

— Վերջնակա՛ն, Թորիկիդ աղջիկ չունիմ տալու, Թորիկն ի՛նչ տղա է որ, փալանճի, թհո՛ւ․․․

Թուրվանտա Քորոն գրեթե խոնավ աչքերով դուրս ելավ Աղքատ Ղազարոսի տնից։ Զայրույթից և ամոթից ինքն իրեն էր կրծում։ Մինչև իրիկուն երկու հարևանի հետ կռվեց, քսան տարի բերանից դուրս չեկած խոսքերն ասաց նրանց։

Հենց հաջորդ օրը Թորիկը բռնեց Աղքատ Ղազարոսին և ասաց.

— Էս քանի մի օրը եկուր, մեր արտաքնոցը մաքրե։ 

Աղքատ Ղազարոսը պատասխան չտվեց՝ վախենալով հավանական կռվից։

Մի քանի օր հետո մի ուրիշն առաջարկեց իրենց արտաքնոցը մաքրելու. Աղքատ Ղազարոսը գոռոզությամբ պատասխանեց.

— Ա՛ֆ կընես, քու արտաքնոցդ դո՛ւն մաքրե, քիթդ չնկնիր։

Առաջարկողն ապշեց։ Խենթացե՞լ էր Աղքատ Ղազարոսը, ի՞նչ էր պատահել։ Դեռևս տասն օր առաջ, երբ Օվակիմը տուն էր վերադարձել և տեսել, որ իր հարևաններից մեկը մի ուրիշ թաղից մարդ էր հրավիրել իր տան արտաքնոցը մաքրել տալու համար, Օվակիմը մոտեցել էր իր արհեստակցին և ասել.

— Չամչցա՞ր, իմ բերնիս մեջ եղած հացը դուն կերար։

Շուտով պարզվեց այդ գաղտնիքը։

Ամերիկայից եկած մի երիտասարդ նշանվել էր Աղքատ Ղազարոսի մի աղջկա հետ, մյուս երկուսին էլ նշանել էր Ամերիկայում գտնված իր երկու հորեղբորորդիների հետ և շուտով մեկնելու էր Ամերիկա, խոստանալով ոչ միայն մնացած երկու Փոքրիկ քույրերին հետը տանել, այլև ծնողներին։

Ամերիկայից եկած երիտասարդը Աղքատ Ղազարոսի ափի մեջ համրել էր երկու հարյուր դոլլար և ասել.

— Հայրի՛կ, ասկեց ետքը ոտքերդ տնկե ու պառկե, ալ գործ մ՚ըներ, մենք դրամ շատ ունինք, ամեն բան օլրայթ է։

Իսկ Թուրվանտա Քորոն համառորեն ասում էր ամեն տեղ.

— Ինչքան ոտքս ընկան, ինչքան կենկեղցան, կերեկցան, որ մեկը Թորիկիս համար ուզիմ, չուզեցի։

Երբ Թորիկի ականջն ընկավ, որ մորաքույրն այդ տեսակ ստեր է տարածում, ասաց.

— Թուրիկ մոքոր, ինչո՞ւ սուտ կփչես, էդ սուտը որո՞ւն կօգնե, իշտե տե՛ս, կնիկ չունիմ։

Թուրվանտա Քորոն ոչինչ չկարողացավ պատասխանել։ Եվ Թորիկն այրվում էր, մանավանդ երբ ամերիկահայը հագցրեց Աղքատ Ղազարոսի աղջիկներին և դուրս բերեց փողոց, ինչպես Ամերիկայում։ 

Իսկ Աղքատ Ղազարոսը փողոց ելավ եվրոպական կոստյումով, օսլայած օձիքով և թևնոցով։ Երբ Թորիկենց տան առաջից էր անցնում, Թուրվանտա Քորոն նախանձից ուղղակի պատռվեց.

— Բեղերը տես, աղջիկները ծախեց, ի՞նչ դարձավ,— մրթմրթաց։

— Ինչո՞ւ ծախեց,— մեջ ընկավ Թորիկը,— մարդը պարզապես աղջիկները նշանեց, դո՛ւն կտրիճ ըլլեիր, դո՛ւն առնեիր։

— Քա՛, ի՞նչ կըսես,— զայրացավ Թուրվանտա Քորոն։

— Թուրիկ մորքոր, աչքիս մեջ նայիր, լեզուդ կտրե, տակդ դիր, էս գործի մեջ մենք կերանք, դե՛, հիմա հարս գտի, տեսնամ։

— Կգտնամ, հեչ մի վախնար,— պատասխանեց Թուրվանտա Քորոն, բայց հոգում ահավոր վախ էր զգում, էլ հույս չէր մնացել։ Դեռևս մի օր առաջ, Թորիկից գաղտնի, նորից գնաց մի աղջիկ ուզելու և ստացավ սարսափելի պատասխան.

— Եկեր ես իշու համար աղջի՞կ կուզես, իշու տալու աղջիկ չունինք։


Ժ

Մի առավոտ Թորիկը մռայլ կանգնեց խանութի առաջ։ Չէր ուզում բաց անել, ոտները դեպի գինետունն էին թեքվում, բայց անզգայաբար, սովորության ուժով բանալին խրեց կողպեքի մեջ։ Հազիվ ներս էր մտել, մեկը կանգնեց դեմը.

— Թորի՛կ…

— Աղեկ կընես չխոսաս, անցնես երթաս, մախաթը սիրտս խոթես, արին չելլար,— կտրեց Թորիկը։

Բայց նորից, սովորության ուժով, նստեց մի փալանի առաջ և հազիվ մախաթը փալանի մեջն էր կոխել, երբ ընկերներից մեկը ներս ընկավ.

— Բարի լոս, Թորիկ։

Թորիկը հազիվ բարևն առավ։

— Ի՞նչ է, իշու պես նորեն անկնճներդ կախեր ես։

— Հեչ մի հարցներ։ 

— Էնպես բան տըսեմ, որ քեֆդ գա։

Թորիկը աչքերը վեր առավ։

— Լսե՞լ ես,— սկսեց ընկերը։

— Ի՞նչ,— հետաքրքրվեց Թորիկը մախաթը ձգելով ձեռից։

— Քաղաքը բոզ է եկեր…

— Բո՞զ…

— Իրեք հատ։

Թորիկն ինչ֊որ ձայն հանեց։

— Էնպես աղվոր են, լուսո կտորներ…

— Դուն տեսա՞ր…

— Չէ, տեսնողները կըսեն։

Տիրեց լռություն։

Թորիկը չէր կարող պատկերացնել, թե բոզն ինչ տեսակ է լինում, շատ էր լսել, բայց որոշ պատկերացում չէր կարող անել։

— Էս գիշեր երթանք, ծո,— ասաց ընկերը։

Թորիկը տարօրինակ ծիծաղեց՝ ինչպես ոչխարն ուրախությունից պատահի որ ծիծաղի։

— Փարա ունի՞ս,— հարցրեց ընկերը։

— Փարա շատ կա,— հպարտ պատասխանեց Թորիկը։

— Երթանք, ծո։

Թորիկը չպատասխանեց և խեղճ֊խեղճ նայեց ընկերոջը։

— Էս գիշեր Աղանիկենց ծառին տակը սպասե, ես ըլ կուգամ, երթանք։

— Ո՞ւր տեղ են։

— Վարի թաղը։

Թորիկը գնաց խանութի ետևի կողմը, իրար վրա դարսված փալանների ետևը և ընկերոջն էլ կանչեց այնտեղ։ Երկուսն էլ մի֊մի գավաթ օղի տնկեցին։

— Օ՜խ, մինչև ոտքիս մատները հասավ,— ասաց ընկերը։

Ընկերը գնաց դուրս՝ կրկին խոսք վերցնելով, որ գիշերը կպատահեն Աղանիկենց ծառի տակը։

Թորիկը նստեց կիսավարտ փալանի առաջ, վերցրեց մախաթը, բայց չկարողացավ շարունակել աշխատանքը, նրա մտքի փոքրիկ աշխարհում բարձրացան տարօրինակ պատկերներ, մեկը մյուսից ավելի գունագեղ, մեկը մյուսից ավելի ահեղ։ 

— Թորիկ, ինտո՞ր ես։

Ոչ մի պատասխան։ Թորիկը ոչինչ չէր լսում, նա տարված էր անսովոր երևակայությամբ, որ միատեսակ չէր, երբեմն ուրախ, բարձր տրամադրություն և երբեմն մարմինը փուշ֊փուշ անող սարսուռ, սարսուռն այն հեռապատկերի, որ կարող էր հանկարծ իմացվել քաղաքում։

Բոզ․․․ զարհուրելի էր այդ բառը։

Թորիկը հիշեց մի քանի դեպքեր․ Պոլսից եկած ուսուցիչ պարոն Բուռնազյանին փողոցները ման ածելովն թքեցին երեսին և խայտառակեցին, փաստաբան Կուլեսերյան էֆենդիի մեծ տղային բռնեցին փողոցում և, իբրև նշավակ անլուր սրիկայության, երեսին մարդկային կղկղանք քսեցին, թոփալ Արթինը կես֊գիշերով ստիպված եղավ փախչել քաղաքից և էլ չվերադարձավ։ Անվերջ էր դեպքերի շարանը։ Բայց Թորիկին ոչ մի ահ չպատճառեց այդ բոլորը։

Եվ գիշերը մարդկային մի ստվեր մոտեցավ Աղանիկենց ծառին։

— Ո՞վ է,— ձայն տվեց մեկը։

— Ես եմ, Թորիկը։

— Ուշացար, ծո։

Թորիկը բռնեց ընկերոջ ձեռքը։

Լռություն։

— Երթանք, ուշացանք։

— Քիչ մի սպասե։

Թորիկն իրեն հաստատ գետնի վրա չէր զգում, նրա ամբողջ մարմնում թռիչք կար, մի անծանոթ երգի բեկորը կրկնվում էր նրա ուղեղում։

— Երթանք։

Ընկերը Թորիկին գրեթե բռնի առաջ մղեց։

Եվ կես֊գիշերին Աղանիկենց ծառի տակից դուրս սողոսկեցին երկու մարդկային ստվեր և ուղղվեցին դեպի Վարի թաղը։

— Ո՞ւր։

— Վարի թաղը, բոզերը հոն են։

Թորիկին մի դող բռնեց, կանգնեցրեց նա ընկերոջը, գոտու փաթից դուրս բերեց օղու մի փոքրիկ շիշ, տվեց ընկերոջը։ Ընկերը տնկեց բերանին և տվեց Թորիկին։ Թորիկն էլ քաշեց։ 

— Օ՜խ, հասավ մինչև ոտքիս մատները,— նորից ասաց նա։

Շարժվեցին առաջ։

Գիշերը անսահման խաղաղ էր, թեթև։ Անցան նրանք փշենիների մոտից, նրանց մեղրաբույր ծաղիկները լայն բաց արին Թորիկի ռնգունքները, շնչեց լիաթոք, ագահ։ Այդ խաղաղության մեջ խռովահույզ էր միայն Թորիկի սիրտը, այն գետի նման, որ մռնչալով անցնում էր հենց Վարի թաղի տակով։

— Հեռո՞ւ է։

— Մոտեցանք։

Թորիկը նայեց երկնքին, ցածացել էր, աստղերը հենց իրենց գլուխների վրա էին, ժպտում էին և կաթում։

Ընկերը կանգ առավ մի փոքրիկ խրճիթի առաջ, որի միայն երկու լուսամուտներն էին լուսավորված նվազկոտ դեղին շողով։

— Իշտե էս է բոզերուն տունը։

— Ի՜նչ կըսես․․․

Թորիկը քարացավ իր տեղում։

— Արթուն են։

— Ի՞նչ գիտես։

— Ճրագը չեն մարեր։

Ընկերը մոտեցավ լուսամուտին և թեթև թխկացրեց ապակին։

Լռություն։

Թորիկը մոտեցավ ընկերոջը։

— Ետ երթանք։

— Իշություն չուզեր։

Ընկերը նորից թխկացրեց ապակին։

— Աման, սխալ տեղ չըլլի՞։

Ընկերը, առանց ուշադրություն դարձնելու, նորից թխկացրեց, այս անգամ մի քիչ ավելի ուժեղ։

Հանկարծ, դանդաղորեն և ծայր աստիճանի զգուշությամբ, կիսաբացվեց խրճիթի դուռը։

Թորիկի սիրտը թռավ։

Ընկերը մոտեցավ դռան։ Ինչ֊որ փսփսացին։

— Ծո՛, Թորի՛կ, եկուր։

Թորիկը չիմացավ, թե ինչպես ոտները սահեցին դեպի դուռը։ Մտան մի մութ միջանցք։ Դուռը փակվեց։ Մթնում մեկը բռնեց Թորիկի ձեռքը։ Ընկերոջ ձեռքը չէր, փափկուկ էր, փոքր։

Հանկարծ միջանցքը կիսով չափ լուսավորվեց, երբ բացվեց լուսավոր սենյակի դուռը։

Սենյակի դուռը բաց արավ կիսամերկ մի աղջիկ, ոսկեգույն մազերով, սպիտակ, փոքրամարմին։

Սենյակում կար մի երրորդ աղջիկ, որ երկարել էր անկողնի վրա։

— Քանի հոգի են,— հարցրեց այդ վերջինը։

— Երկու,— պատասխանեց դրսի դուռը բաց անող աղջիկը։

— Է՛հ, ուրեմն, ես կրնամ քնանալ,— ասաց նա և շուռ եկավ դեպի պատը։

Թորիկը կանգնել էր սենյակի մեջտեղը և չի կարելի ասել, որ տեսնում էր որևէ բան։ Ամեն ինչ թվում էր մշուշում, քողարկված։ Նրա սիրտը ճնճղուկի նման թպրտում էր կրծքի վանդակի մեջ։

Մոտեցավ ոսկեգույն մազերով աղջիկը, բռնեց թևից, տարավ և նստեցրեց իր անկողնու վրա։ Ընկերը և դուռը բաց անող աղջիկը նստեցին մյուս անկողնու վրա։

Երբ Թորիկը նստեց աղջկա անկողնին, նրան թվաց, որ թռավ սպիտակ ամպի մի կույտի վրա։ Աղջիկը բարձրացավ, նստեց Թորիկի ծնկներին։

Թորիկը չիմացավ, թե ինչպես գրկեց ոսկեգույն մազերով աղջկա մեջքը և սեղմեց։

Առաջին անգամն էր, որ Թորիկն այդքան մոտիկից էր հպում մի կնոջ, առաջին անգամն էր, որ մի կնոջ շունչը դիպչում էր իր երեսին, առաջին անգամն էր, որ կնոջ յուրահատուկ բուրմունքը խռովում էր նրա ռնգունքները։ Այդ բուրմունքն ավելի թարմ էր, քան փշենու դեղին ծաղիկի բուրմունքը։ Պինդ, կոպիտ թևերով գրկած աղջկա մեջքը՝ նա ուզում էր ասել, որ «ես քըզը կը սիրիմ», բայց նախադասությունը խեղդվեց կոկորդում և փոխանակ այդ ասելու, ասաց.

— Խնձոր կսիրի՞ս։

— Այո, կսիրեմ։

— Երթամ քըզի համար խնձոր բերիմ,— անկեղծորեն և ջերմությամբ առաջարկեց Թորիկը։ 

— Ոչ, ոչ, հարկավոր չէ,— կտրեց աղջիկը։

— Չէ, երթամ բերիմ։

— Կերթաս և ալ չես գար։

— Ալ չեմ գա՞ր, աշխըրքի որ ծարն ըլ երթաս, ետևեդ կուգամ,— սրտաբուխ բացականչեց Թորիկը։

Աղջիկը խորապես հավատաց նրան։ Նրա խոսքերի մեջ կար և՛ պարզություն, և՛ խորություն։

— Կը հավատա՞ս,— հարցրեց Թորիկը։

— Կը հավատամ,— պատասխանեց աղջիկը և փաթաթվեց Թորիկին։

Թորիկը համբուրեց նրան։

Այս համբույրը հրդեհեց Թորիկին, այրվում էր նրա մարմնի ամեն մի մասնիկը։ Ուզում էր խոսել, սրտումը շատ բան կար դուրս թափելու, բայց լեզուն սայթաքում էր, նայում էր աղջկան, նրա նվաղկոտ, կապույտ աչքերին, կարմիր ներկած շրթներին, ոսկեգույն ծամերին և խելահեղ սեղմում էր նրա մեջքը։

— Ծո՛, Թորի՛կ, ինտո՞ր է,— հանկարծ հարցրեց ընկերը։

— Ալ մի հարցներ,— պատասխանեց Թորիկը և նորից համբուրեց աղջկան։

Ընկերը և մյուս աղջիկը կոպիտ ծիծաղեցին։ Թորիկը սրտնեղեց.

— Ինչո՞ւ կը ծծղաք, աստծու աղջկան հետ չեմ փոխեր էս աղջիկը։

— Աստծու աղջիկը ո՞վ է, ծո,— հեգնեց ընկերը։

Թորիկը չպատասխանեց և դարձավ աղջկան։ Աղջիկը ժպտաց։ Այդ ժպիտում կար և՛ հաճոյակատարություն, և՛ հեգնություն։ Ուրիշներն էլ, մոտավորապես, այդպես էին ասում։ Բայց Թորիկը նայում էր նրան այրվող աչքերով, շրթունքները դողում էին, ուզում էր մի բան ասել, բայց չէր կարողանում։

Երկար լռությունից հետո՝ Թորիկը շշնջաց աղջկան.

— Անունդ ի՞նչ է։

— Անժել։

— Անժե՞լ։

— Այո։ 

Թորիկն այսպիսի անուն չէր լսել։

— Աղեկ չի լսեցի,— շշնջաց նա։

— Անժել։

Թորիկի զարմացումն զգալի եղավ աղջկան, նա կարծեց, որ Թորիկը չհավատաց իր ասածին։

— Գիտե՞ս ի՛նչ ըսել է Անժել։

— Հի՛, հի՛, հի,— ծիծաղեց Թորիկը,— հեչ չեմ լսեր։

— Անժել հրեշտակ ըսել է։

— Հրեշտա՞կ։

— Այո։

— Շիտակ է, թամամ հրեշտակ ես, հիմա հավտացի։

— Ես սուտ չեմ խոսիր։

— Չէ, յավրուս, չէ, հրեշտակները սուտ չեն խոսիր։

Անժելը սեղմվեց Թորիկին։

— Գնամ քըզի համար բան֊ման բերիմ, ուտես,— նորից առաջարկեց Թորիկը։

— Ոչ, ոչ։

— Չէ, տի բերիմ,— պնդեց Թորիկը։

— Ոչ, ուրիշ անգամ։

— Ուրիշ անգա՞մ, ալ ի՞նչ ուրիշ անգամ, ես քըզի տի տանիմ մեր տունը։

— Ձեր տո՞ւնը, ինչո՞ւ։

— Կուզիմ քըզի էս ճամփայեն հանել, մեղք չե՞ս, որ բոզ մնաս։

Այդ բառից վայրկենական լցվեցին Անժելի կապույտ և նվաղկոտ աչքերը ջինջ արցունքով։

— Աղջկան ինչո՞ւ լացցնես, ծո,— կշտամբեց ընկերը։

— Դուն քու քիթդ մի խոթեր էս բանին մեջ,— սաստեց Թորիկը նրան և դառնալով Անժելին՝ շշնջաց.— մի լար, հրեշտակս, քեզի տանիմ տուն, խանըմի պես պահիմ։

Անժելն զգաց այս կոպիտ ոսկորներով մարդու անկեղծությունը և զգացումի նրբությունը, փաթաթվեց նրա վզով ջերմությամբ և գորովանքով։

Թորիկը շոյեց նրա թշերը։ Թորիկի ձեռքերը Անժելի թշերի վրա թողնում էին կարծր խոզանակի տպավորություն, բայց սիրտը թրթռում էր այդ շոյումից։ 

— Տունին մեջը մորքոր մի ունիմ, ուրիշ մարդ չունիմ,— շշնջաց Թորիկը։

— Իսկ եթե մորաքույրդ չուզե,— տարակուսեց աղջիկը։

— Բերնի՞ն է ընկեր,— հպարտությամբ պատասխանեց Թորիկը և շարունակեց,— տունն իմս է, ունեցածդ չունեցածդ ժողվռտե, երթանք տուն։

— Թող մնա առավոտյան։

— Չէ, էս գիշեր տիտանիմ, ալ չեմ ուզեր, որ էստեղ մնաս։

Աղջկան պաշարեց տարակուսանքը։ Ո՞ւր գնար անծանոթ մի մարդու հետ, թերևս տաներ, չարչարեր մինչև լույս և հետո բաց թողներ…

— Ձեր տունն ո՞ւր է,— հարցրեց Անժելը, որպեսզի մի կերպ կասեցնի իր ուղեղը խուժող մտքերը։

— Մենծ աղբիրը գիտե՞ս, աղբրին դեմն է։

— Առավոտ երթանք։

— Չէ, հիմա, ելիր ժողվռտե։

― Մորաքրոջդ նեղություն կըլլա գիշերը։

— Թուրիկ մորքորս քեզ տեսնա, կխենթանա, հայդե, երթանք։

Անժելը չպատասխանեց, չէր կարող վանել տարակուսանքի ալիքներն ուղեղից, թեև սրտում ոչ մի վախ չկար։

— Կուզես նը՝ էս գիշեր մորքորիս ծոցը պառկիր,— առաջարկեց Թոիկը,— առտուն ըլ, կանուխ, կերթանք տերտերին, կպսակվինք։

Անժելը վայրկենապես վեր կացավ, մահճակալի տակից քաշեց պայուսակը, մի քանի ճերմակեղեններ դրեց մեջը, վրան քաշեց երկար վերարկուն և դրեց գլխարկը։

— Քա, ո՞ւր,— հարցրեց մյուս աղջիկը։

Անժելի փոխարեն Թորիկը պատասխանեց։

— Մեր տունը։

Աղջիկը և ընկերն ապշեցին։

— Ի՞նչ ապուշ֊ապուշ կնայիք, կնիկս է։

Անժելը, երբ լսեց այդ համարձակ ու անկեղծ հայտարարությունը, բռնեց նրա թևը և գլուխը դրեց նրա կրծքին։

Թորիկը գրկեց նրան, բարձրացրեց և ասաց.

— Հրեշտա՛կս, թռիր։

Անժելը վերջին անգամ մոտեցավ քնած ընկերուհուն և համբուրեց նրան։ Աղջիկը ընդոստ մոտեցավ, կարծելով, որ իր համար էլ հաճախորդ է եկել, բայց երբ տեսավ Անժելին արդեն գլխարկով և վերարկուով, զարմացավ։

— Ո՞ւր կերթաս։

— Մեր տունը,— պատասխանեց Թորիկը և վերցրեց Անժելի պայուսակը։

Անժելը համբուրվեց և մյուս աղջկա հետ։

— Եկուր, մեզի տես,— ասաց նա։

— Չէ, ալ հոս չի գար, աֆ կընես,— պատասխանեց Թորիկը։

Փողոցի մթնում Անժելը սեղմվեց Թորիկին և հարցրեց.

— Ուղիղ ձեր տո՞ւնը պիտի երթանք։

— Ըսե՝ մեր տունը։

— Մեր տունը,— կրկնեց Անժելը և ձեռքը տարավ կրծքին։

Նրա սիրտը դուրս էր թռչում։ Նորից բոլորովին հակադիր զգացումներ պաշարեցին նրան՝ ուրախություն և մի տեսակ վախ, որ առաջ էր գալիս անորոշ և անծանոթ դրությունից։

— Ոչ, այս կոպիտ, անտաշ մարդն ինձ չի խաբեր,— կրկնեց Անժելը մտքում և քայլեց կպած Թորիկին։

— Խոնջենաս նե՝ ըսե, քըզի դնիմ ուսիս վրա, տանիմ մինչև տուն։

— Չէ, չեմ հոգնի,— պատասխանեց Անժելը։

Երկինքն ավելի էր ցածրացել, աստղերը կարծես թափվում էին աչքերի մեջ. Թորիկին թվաց, որ փշենիների ծաղիկների բույրը Անժելի բույրն էր՝ թարմ ու խռովիչ։


ԺԱ

Թուրվանտա Քորոն քնել էր, երբ Թորիկը վառեց ճրագը և ձայն տվեց.

— Թուրիկ մորքոր, ելիր, կնիկ եմ բերեր։

Թուրվանտա Քորոն ցատկեց անկողնուց և քնաթաթախ աչքերով տեսավ Անժելին, որ դողդոջուն կանգնել էր սենյակի դռան մոտ։

— Քա՛, ի՞նչ կըսես,— բացականչեց Թուրվանտա Քորոն և ճմռեց աչքերը քունը փախցնելու համար։ 

— Տե՛ս, կնիկս տե՛ս։

Անժելը, վախից բռնված թռչունի պես, նվաղկոտ և կապույտ աչքերով, նայեց Թուրվանտա Քորոյին։

— Քա՛, հրեշտակ կնմանի։

— Անունն էլ հրեշտակ է,— հպարտությամբ հայտարարեց Թորիկը։

Թուրվանտա Քորոն գրկեց Անժելին և չափչուփ համբուրեց.

— Թուրիկ մորքոր, անոթի ենք, բան֊ման բեր՝ ուտենք։

Թուրվանտա Քորոն փութկոտությամբ վազեց դուրս։

— Նստե, հրեշտակս, իշտե էս տունը քուկդ է, բոլորը քուկդ է, բոլորը,— ասաց Թորիկը։

Անժելը դիտեց մաքուր, անպաճույճ շրջապատը և սկսեց լաց լինել։

— Ինչո՞ւ կուլաս,— հարցրեց Թորիկը կոպիտ ձեռքերով շոյելով նրա ոսկեգույն ծամերը։

— Ուրախ եմ, ատոր համար կուլամ,— պատասխանեց Անժելը հեկեկալով։

— Մի՛ լար, գառնուկս, մի՛ լար, ասկե ետքը ալ մի լար, քանի ես սաղ իմ, աչքերդ արցունք չպիտի տեսնան։

Թուրվանտա Քորոն ներս մտավ, տեսավ Անժելի լացը և նայելով Թորիկին՝ կշտամբեց․

— Բան֊մա՞ն ըսիր աղջկան։

— Չէ, Թուրիկ մորքոր, բան չըսի, կըսե՝ «ուրախ եմ, ատոր համար կուլամ»։

Թուրվանտա Քորոն մոտեցավ Անժելին, գրկեց նրա գլուխը, սեղմեց կրծքին և ասաց․

— Մի՛ լար, ձագուկս, մի՛ լար, կերևա որբ ես, Թորիկս ըլ որբ էր, ես անոր մեր եղա, քըզի ըլ կըլլիմ։

Եվ կես֊գիշերից հետո՝ Թորիկը և Անժելը կերան պանիր֊հացը, խաշած ձուն, մածունը, կանաչեղենը, իսկ Թուրվանտա Քորոն, նրանց դիմացը նստած, ձեռքերը ծալած փորի վրա, նայում էր Անժելին հիացմունքով և մայրական գորովանքով։

— Թուրիկ մորքորիս պես աշխըրքի մեջ երկուք չի կա, մեկ հատիկ է,— ասաց Թորիկը։

— Այդպես կերևի,— արձագանքեց Անժելը, նայելով Թուրվանտա Քորոյին և ժպտալով հակինթյա շողերով։

Ապա Թուրվանտա Քորոն վեր կացավ, Թորիկի անկողնի սպիտակեղենները փոխեց, իր անկողինը տարավ մյուս սենյակը, վերադարձավ, հավաքեց սեղանը և ասաց․

— Թորիկ, օղուլ, հրեշտակդ խոնջացած կերևա, պառկեք։

— Հա, հրեշտակս հոգնած է։

Քիչ անց Թորիկը ճրագը մարեց, մթնում լսվեց կանացի շորերի շրշյուն, որից Թորիկը հազիվ կարողացավ բռնել սրտից դուրս փախչող թռչունը։


ԺԲ

Առավոտյան Թորիկը շուտ զարթնեց, տեսավ Անժելին, որի ոսկեգույն ծամերը թափվել էին բարձի վրա, ինչպես առավոտյան արևի շողերը, երկար դիտեց նրա բաց և վարդագույն թևերը։ Անժելը բաց արավ աչքերը, որ շողացին՝ ինչպես լեռնային զով լճակներ։

— Հըլե, շուտ է, քնացիր, աղվորս։

Անժելը շուռ եկավ և փակեց աչքերը։ Ոտների մատների վրա քայլելով, Թորիկը դուրս եկավ սենյակից, թողնելով որ կինը քնի, ինչքան ուզենա։

Խոհանոցում Թուրվանտա Քորոն զբաղված էր։

— Թուրիկ մորքուր, ի՞նչ կընես,— հարցրեց Թորիկը։

— Հալվա կեփեմ, օղուլ, կապույտ աչքերով կնկանդ համար հալվա կեփեմ։

Թորիկը խելահեղ գորովանքով գրկեց Թուրիկ մորաքույրին և սեղմեց կրծքին։

— Տեսա՞ր ինչ աղջիկ գտա։

— Քա, ո՞ւր տեղեն գտար էդ հրեշտակը։

Թորիկը կարող էր երբեք չասել, թերևս Թուրվանտա Քորոն երբեք էլ չիմանար այդ մասին, բայց Թորիկը ոչինչ չծածկեց և ուղղակի, կոպիտ կերպով ասաց։

— Վո՜ւյ, աչքս քոռանար՝ չի տեսնայի,— բացականչեց Թուրվանտա Քորոն և զարկեց ծնկներին։

Թորիկը ցնցվեց։

— Ի՞նչ եղար, Թուրիկ մորքոր,— հարցրեց ընկճված։

— Թորիկ, օղո՛ւլ, ընծիս մորթեիր, ետքեն էդ բանն ընեիր,— լաց լինելով պատասխանեց Թուրվանտա Քորոն։

Թորիկը ոչինչ չհասկացավ, բոլորովին կուրացած իր սիրուց։ 

— Ֆապրիքաթոռին աղջիկը իմ կնկանս եղունգին հետ չիմ փոխեր։

— Մ՚ըսեր, օղո՛ւլ, մ՚ըսեր, ես ինչպե՞ս մարդոց երեսին տի նայիմ, երթամ պառկիմ Գիրգոր աղայիդ ծոցը։

— Թուրիկ մորքոր, ընծի պես որբ է,— շշնջաց Թորիկը խորապես հուզիչ և դողդոջուն ձայնով։

Անժելը զարթնեց, դուրս եկավ և տեսավ Թուրվանտա Քորոյին և Թորիկին միջանցքում նստած՝ տխուր և մռայլ։ Նա վազեց, գրկեց Թորիկի գլուխը։ Թուրվանտա Քորոն խեթ նայեց Անժելին, բայց Թորիկը գրկեց կնոջը, բարձրացրեց, դրեց ուսին և սկսեց ման ածել միջանցքում։

— Գիտես քի թռչուն է, էնպես թեթև է։

Անժելը ցատկեց Թորիկի ուսից, մոտեցավ Թուրվանտա Քորոյին, գլուխը դրեց նրա կրծքին և շշնջաց.

— Թուրիկ մայրիկ, դուն Թորիկին մորաքույրն ես, բայց իմ մայրիկս ես։

Այդ խոսքն ազդեց Թուրվանտա Քորոյին, համբուրեց նա Անժելին, բայց ոչինչ չկարողացավ ասել։

Քիչ անց՝ Թորիկը և Անժելը երբ հալվան կերան, վերջացրին, Թորիկն ասաց.

— Երթանք, պսակվինք։

Անժելը լուռ հետևեց Թորիկին։

— Վկայական հարկավոր է, օրհնած,— ասաց տերտերը։

— Աման, տերտեր պապա, բարակները մ՚երթար,— ասաց Թորիկը և մի մեջիտիե դրեց նրա ափի մեջ։

…և եղիցին երկոքյան մի մարմին և մի հոգի…— կարդաց տերտերը։

— Մեկ մարմին և մեկ հոգի, իշտե շիտակ է,— բացականչեց Թորիկը, իսկ Անժելը լռությամբ և երկյուղածությամբ համբուրեց արծաթյա խաչը։

Երբ վերադարձան տուն, Թուրվանտա Քորոն ասաց Թորիկին.

— Քա՛, օրհարսակ է, խանութ չպիտի՞ երթաս։

— Չէ, չպիտի երթամ,— պատասխանեց Թորիկը և կարոտագին նայեց Անժելին։

— Խանութեդ ետ մի մնար,— ասաց Անժելն ընկերական տոնով։ 

— Յա դո՞ւն։

— Թուրիկ մայրիկին կօգնիմ՝ մինչև դուն գաս։

— Ուրիշ տեղ չե՞ս երթար,— հարցրեց Թորիկը սրտի խոր վախով։

Անժելը հասկացավ նրա միտքը, մոտեցավ Թորիկին, համբուրեց և ասաց.

— Մինչև մահս ոչ մեկ տեղ չեմ երթար, ես քոկդ եմ։

— Հրեշտակս, գառնուկս, աղվորս…

Թորիկը վազեց խանութ։

Երբ Թուրվանտա Քորոն և Անժելն սկսեցին տան աշխատանքը, Անժելը հարցրեց.

— Թորիկն ի՞նչ գործ կընե։

— Փալանճի է,— պատասխանեց Թուրվանտա Քորոն և ուշադրությամբ նայեց Անժելին՝ իմանալու համար, թե ինչ տպավորություն է գործում։

Անժելը լսեց անտարբեր։

— Կը հավնի՞ս,— ի վերջո հարցրեց Թուրվանտա Քորոն։

— Ինչո՞ւ չէ։

Թուրվանտա Քորոն չհավատաց։ Անժելը նշմարեց նրա տարակուսանքը դեմքի վրա։

— Թուրիկ մայրիկ, ամեն արհեստ պատվավոր է,— ասաց նա։

Թորիկը խանութում երկար չկարողացավ մնալ, խնդրեց հարևանից՝ նայել իր խանութին, ինքն շտապեց տուն։

— Տեսնամ հրեշտակս ի՞նչ կընե,— մտածեց նա։

Անժելը սենյակի բոլոր իրերը թափել էր դուրս և, բոբիկ ոտներով, լվանում էր հատակը ոսկեգույն մազերը փաթաթած մի սպիտակ շորով։

— Հրեշտակս, ի՞նչ կընես,— հարցրեց Թորիկը ներս մտնելով։

— Մեր սենյակը կլվանամ,— ասաց Անժելը և ժպտաց։

— Ես քուկին ոտքերը սիրեմ,— ասաց Թորիկը, կռացավ և համբուրեց նրա ոտները։

Անժելը վեր քաշեց նրան, փարվեց նրա շրթներին և ասաց․

— Թորիկ, հոգիս…

Երբ Թորիկը նորից դեպի դուռն ուղղվեց խանութ գնալու, Անժելը նայեց նրան և շշնջաց. 

— Դուն դեմ չե՞ս, որ ես քիչ մը սենյակի ձևը փոխեմ։

— Էս բոլոր տունը քուկդ է, ինչպես կուզես, էնպես ըլ ըրե, ինչ ընես՝ իմ ընդունակս է։

Անժելը թռչկոտեց։

Երեկոյան, երբ Թորիկը տուն վերադարձավ, գրեթե չճանաչեց իր տունը, բոլոր կահ֊կարասիների տեղերը փոխված էին, ավելի հարմար և ավելի ճաշակով դասավորված, հակառակ այն իրողության, որ ոչ մի նոր կարասի չէր ավելացած, ոչ մի առարկա ուրիշ առարկայով չէր փոխարինված։

Թորիկը երկար և զմայլանքով դիտեց տունը և զգաց, որ իր հոգում ծագած երեկվա լույսն այսօր ավելի է լայնացել։

— Հրեշտակս,— ասաց Թորիկն անկեղծորեն,— խոնջեցեր ես, էս գիշեր շուտ պառկիր։

Անժելը, առանց կեղծելու, հավաստիացրեց, որ երբեք չի հոգնել և եթե աշխատանք լինի, ողջ գիշերը կանի։ Թորիկը չհավատաց նրան, որովհետև երբեք չէր կարող երևակայել այն մաշող հոգնությունը և այն հոգու մռայլությունը, երբ ամեն գիշեր ստիպված էր նա նոր հաճախորդներ ընդունելու։


ԺԳ

Օրերը թռչում էին աղավնիների նման Անժելի և Թորիկի համար, բայց քաղաքում ծայր առավ և աճեց գարշելի բամբասանքը։

— Ծո՛, լսե՞ր ես, փալանճի Թորիկը բոզ է բերեր տունը։

Եվ Թորիկին մատով էին ցույց տալիս։ Մինչև անգամ այն ընկերը, որ պատճառ եղավ, որ Թորիկը ծանոթանա Անժելի հետ, կապերը խզեց Թորիկից։

— Ծո՛, բոզը տեսավ֊չտեսավ, կատվի ձագի պես խածավ, տուն տարավ,— պատմում էր նա բոլորին։

Թուրվանտա Քորոն թեև լռեց, «լեզուն տակը դրավ»՝ ինչպես ինքն էր ասում, բայց չկարողացավ հաշտվել ահավոր եղելության հետ— իր հարսը բո՜զ։ Սարսափելի։ Ամիսներով ո՛չ բաղնիս գնաց, ո՛չ շուկա, ո՛չ եկեղեցի և ո՛չ էլ որևէ ծանոթի տուն։

— Մնամ տունը, մինչև աստված կանչե, երթամ քովը,— ասում էր Թուրվանտա Քորոն։ 

Անժելն էլ տնից դուրս չէր գնում, զբաղվում էր գիշեր և ցերեկ տան գործերով, որպեսզի բամբասանքն ավելի չկատաղի, բայց Թորիկի փույթը չէր, նա հպարտությամբ ման էր գալիս քաղաքում՝ ֆեսը ծռած ճակատի վրա։

— Որո՞ւն աղջիկը բոզ չէ, ըսե՛ք,— ասում էր նա,— Ենգոյենց միջնակ աղջիկը չափան օինը հանե՞ց, Դեմիրճօղլոնց աղջկան փորը չի լեցուցի՞ն, ո՞ր մեկն ըսեմ, ծո, Սըրմա հանմին աղջիկը տանը ծառայեն փիճ չունեցա՞վ, Չավուշյան Քերոբ աղայի հարսը կառապանին հետ չի փախա՞վ, ծո՛, ո՞րը բոզ չէ, ըսե՛ք։

Այդ բոլորն իրողություն էր, բայց նրանցից ոչ մեկը չէր անվանարկվում։

Մի օր Անժելը լաց եղավ և ասաց.

— Թորիկ, իմ անգինս, ես երթամ ուրիշ քաղաք, դուն ազատվե այս բամբասանքեն։

— Ի՞նչ կըսես, խենթեցա՞ր, դուն ընծի համար սուրբ ես, մայրիկ աստվածածինեն ըլ սուրբ ես։

Անժելը փարվեց Թորիկին։

Կարճ ժամանակի ընթացքում Թորիկի տունն ավելի ու ավելի կերպարանափոխվեց՝ լուսամուտներին վարագույրներ կախվեցին, բոլոր աթոռները և թախտերը սպիտակ սավաններով ծածկվեցին, պատերն սպիտակ ներկվեցին, ներկվեցին դռների ու լուսամուտների փեղկերը, միջանցքի հատակը տախտակվեց, տան ամեն մի անկյունում թաղարներ դրվեցին, և ամեն առավոտ շողացին նրանք գույնզգույն ծաղիկներով, տան ետևի փոքրիկ, շատ փոքրիկ և անխնամ պարտեզում մարգեր շինվեցին և ծաղիկներով վառվեցին, Թորիկի վրագլուխը հիմնականորեն վերափոխվեց՝ բեղերը կանոնավոր ստորակետների նման տնկվեցին քթի երկու կողմերին, փոխանակ թափվելու բերանի վրա, փոթփոթ շալվարին փոխարինեց եվրոպական փանթալոնը, վառվռուն գույներով ծաղկանկարված ժիլետին փոխարինեց սպիտակ շապիկը՝ օձիքով և թևնոցով։

Այս բոլորը կատարվեց Անժելի ձեռքով, նրա հնարամտությամբ ու ճաշակով։

Անժելն առաքինի էր բառի լայնագույն իմաստով․ ոչ մի կին այս աշխարհում այնքան հավատարիմ չէր եղել դեպի իր ամուսինը, որքան Անժելը, կապույտ ու նվաղկոտ աչքերով և ոսկեգույն ծամերով այս աղջիկը։

Որքան դուրսը բամբասանքն աճում էր, այնքան խորանում էր Անժելի մեջ երախտագիտության զգացումը դեպի փալանճի Թորիկը, այդ կոպիտ և անտաշ մարդը։

— Ես քեզի համար ամեն բան կընեմ, Թորիկ, հոգիս, դուն ինձ ազատեցիր այդ ճամփայեն,— ասում էր Անժելը, գրկում Թորիկին և ցողում իր հրճվանքը մի քանի կաթիլ զով արցունքով, որ վազում էր կապույտ և նվաղկոտ աչքերից։

— Էդ ճամփան ալ մի հիշեր,— ասում էր Թորիկը և շոյում նրա ոսկեգույն ծամերը կոպիտ ձեռքերով, ձեռքեր, որոնք հպել էին միայն մախաթին, չոր խոտին և էշի կռնակին։

Ամեն օր Թորիկը Անժելին մի նվեր էր բերում, թեկուզ շատ աննշան մի իր։ Մինչև անգամ եթե, ըստ սովորության, տունը միրգ բերեր, մի բան, որ անում էր երբ կին չուներ, բերում֊դնում էր Անժելի առաջ և ասում.

— Քըզի համար եմ բերել, կեր, գառնուկս։

Թորիկը ճարտար չէր լեզվում։ Նրա ածականները «հրեշտակ» և «գառնուկ» բառերից դենը չանցան, բայց Անժելն զգում էր այդ սովորական բառերի մեջ անսահման ջերմություն և գորովանք։

Ժամանակի ընթացքում բամբասող բերանները հոգնեցին։ Թորիկի և նրա տան կերպարանափոխվելը, Անժելի աչք ծակող առաքինությունը, նրա ճաշակը, նրա շնորհքները հեղաշրջեցին մտքերը։

— Քա՛, կը տեսնա՞ք, բոզեն սուրբ ելավ,— ասում էին։

Մի անշնորհք հարսի սկեսուրը բղավում էր վրան և ասում․

— Թուրվանտային բոզ հարսին չափ ըլ չի կաս, մեկ մատը քեզ արժե։

Եվ ժամանակի ընթացքում Թուրվանտա Քորոյի մեջ ծնունդ առավ խոր խղճահարություն դեպի մի անմեղ, հավատարիմ, հնազանդ և հազար ու մի հունարներով օժտված այս աղջիկը, և այդ խղճահարությունը փոխվեց անսահման մայրական սիրո։

Անժելը մի օր Թորիկի գուլպաներն էր լվանում, երբ Թուրվանտա Քորոն ներս մտավ, մոտեցավ Անժելին, բռնեց նրա օճառոտ ձեռները, քաշեց, փաթաթեց իր մեջքին, ինքն էլ գրկեց նրան և սկսեց լաց լինել։ Անժելը գլխի ընկավ, թե ինչու լաց էր լինում և զգաց, որ այդ արցունքները զովացնում էին նրա հոգին։

— Հարսնուկս, աղվոր հարսնուկս, քըզի պեսը չի կա աշխըրքի մեջ, ես քեզ մեղա, ձագուկս…— հեկեկաց Թուրվանտա Քորոն։

Անժելը ոչինչ չպատասխանեց, ավելի սեղմորեն փաթաթվեց նրան և իր արցունքներն էլ խառնեց նրա արցունքներին։ Թորիկը, լսելով այս, խելահեղ ուրախության մատնվեց։

— Աշխըրքի մեջ կնիկ մի ունիմ ու մեկ հատ ըլ մորքոր, մնացած աշխըրքին․․․

Երջանկությունից հայհոյում էր Թորիկը, վեր-վեր ցատկում, մեկ կնոջն էր գրկում, մեկ՝ մորաքրոջը։

Հաջորդ օրը, առավոտյան, Թուրվանտա Քորոն ասաց Թորիկին.

— Թորիկ, ձագուկս, էսօր հարսնուկս բաղնիք տի տանիմ։

Թորիկը հրճվանքից չկարողացավ խոսել, երկար և գորովագին նայեց մորաքրոջը, ձեռքը տարավ նրան և ասաց.

— Օդային մեջը լողցուր։

Բաղնիսում երբ Անժելը մերկացավ, կարծես լույս արձակվեց նրա մարմնից, այնքան մաքուր և սպիտակ էր նրա մարմինը։

Բոլորը նայում էին նրան զմայլանքով։ Չէ՞ որ գեղեցկությունը չունի թշնամի։ Մինչև անգամ մի կին շշնջաց կնոջ ականջին.

— Կնիկ ասածդ թող աղվոր ըլլի, բոզ ըլլի, քնծոր մենք ըլ կնիկ ենք, թհո՛ւ…

Թուրվանտա Քորոն ինքը քանդեց Անժելի ոսկեգույն ծամերը, որ թափվեցին նրա մարմարյա ուսերի վրա, կարծես արևը փաթաթվեց նրան։ Երբ Թուրվանտա Քորոն տեսավ, որ բոլորն էլ իր հարսին են նայում, գաղտնի կմշտեց նրա փափուկ տեղը։ Անժելը չհասկացավ այդ։ Երբ մտան բաղնիքի ներքնակողմը, Անժելը հարցրեց.

— Թուրիկ մայրիկ, ինչո՞ւ կսմթեցիր։

— Կսմթեցի, որ աչք չի տան, ձագուկս,— պատասխանեց Թուրիկ մայրիկը։ 

Անժելը ժպտաց նրա միամտության վրա։

Երբ նրանք մեկնեցին, Թորիկն ուղիղ գնաց շուկայի հրապարակը, մոտեցավ մի ծանոթ կառապանի և հարցրեց.

— Թուրիկ մորքորս կճանչնա՞ս։

— Թուրիկ մորքուրը ո՞վ չի ճանչնար։

— Փայթոնդ կտանես Հաշի Տուրսունին բաղնիքը, դուռին առաջը կկենաս՝ մինչև Թուրիկ մորքորս ու կինս դուրս ելլան, կնստեցնես, տուն կտանես, հայդե, էվել էվելոք կը վճարեմ։

Կառապանը սանձերը շարժեց, և ձիերը թռան։

Բաղնիսից դուրս եկողները տեսան, որ Թուրվանտա Քորոն և Անժելը կառք նստան։ Մի չարամիտ կին, որի երկու աղջիկները տանն էին մնացել, մրթմրթաց.

— Բոզու բախտ է։

Եվ սև քողի տակ նրա դեմքը դեղնեց նախանձից։

Թուրվանտա Քորոն կառքում, գլուխը հպարտորեն բարձր բռնած, ուզում էր, որ ամեն մարդ տեսնա իրեն։

Թորիկը, առաջին անգամ իր կյանքում, տանը թեյ էր պատրաստել, շուկայից կարմրած հավ էր բերել, բերել էր կանաչեղեն և Անժելի համար նոր զգեստ։

Երբ Թուրվանտա Քորոն ու Անժելը կառքից իջան և մտան փոքրիկ տունը, որի դռան առաջ առաջին անգամն էր կառք կանգ առնում, Թորիկը դուրս ելավ, վճարեց կառապանին, ճանապարհ դրեց և հպարտությամբ փողոցի մեկ վերի կողմը և մեկ վարի կողմը նայեց։

Երբ ներս մտավ Թորիկը, տեսավ Անժելին դեռ թաց ծամերով, մի քիչ կարմրած տաք ջրից՝ ինչպես դժգույն մեխակը, գրկեց նրան, բարձրացրեց, դրեց ուսի վրա և ման ածեց տան բոլոր մասերում հոգու խորագույն երջանկությամբ։

Թուրվանտա Քորոն, ձեռքերը ծալած փորի վրա, դիտեց զմայլանքով ու անսովոր հրճվանքով և ասաց․

— Գիրգոր աղադ սաղ ըլլեր, տեսնար…

— Յա չես ըսեր՝ մերս տեսնար,— շշնջաց Թորիկը։

Թուրվանտա Քորոն հանկարծ հեկեկաց՝ հիշելով խեղճ, դժբախտ քրոջը, որի հողակույտի վրա դեղին կոճակով ապրեմ֊չապրեմ էր աճում։ 

ԺԴ

Օրերը թռչում էին։

Կյանքը Թորիկի և Անժելի համար հոսում էր ուրախ առվակի նման։

Ֆապրիկաթոռի այն աղջիկը, որին ուզելու համար Թուրվանտա Քորոյին վիրավորել էին, ամուսնու հարբեցողությունից և լկտիությունից բարակ ցավ ընկավ ու մեռավ։

Երբ դագաղը տանում էին փողոցից, Թորիկը հարցրեց․

— Ո՞վ է ատ մեռնողը։

— Իշտե էն է,— պատասխանեց Թուրվանտա Քորոն։

— Մե՜ղք,— շշնջաց Թորիկը և տխուր ետ քաշվեց լուսամուտից։

— Քըզի տային, հիմա․․․

— Չէ՛,— կտրեց Թորիկը,— աղեկ որ չի տվին։


***

Թորիկը ամեն առավոտ, խանութ գնալուց առաջ, պատվիրում էր Թուրվանտա Քորոյին։

— Թուրիկ մորքոր, գառնուկիս չի թողուս որ ծանտր բան վերցնե, հա՜։

— Չէ, ղուրբան, չէ։

Իսկ Անժելը, հուլիսի կեսերին, նստած տան ետևում, երկու֊երեք սավան մեծությամբ պարտեզում, իր խնամած բաց֊կապույտ ծաղիկների դիմաց, փոքրիկ շապիկներ էր կարում իր մանուկի համար, որ արդեն թպրտում էր սրտի տակ և հաճախ ուժգին հարվածներով խփում էր մոր փորի պատերին, որից մայրը ժպտում էր կապույտ և նվաղկոտ աչքերով։ Կյանքը Անժելի համար բաց֊կապույտ ծաղիկների բույրն էր և բաց֊կապույտ ծաղիկների շողը։

«Եվ այդ բաց֊կապույտ ծաղիկների մեջ», մտածում էր Անժելը, կը ոստոստի և կը թռչկոտի իր մանուկը, ինչպես ուլիկը պայծառ աչքերով, առավոտյան զով ցողը կը թրջի իր մանկան վարդագույն կրունկները և գիշերն աստղերը նրա աչքերի խորության մեջ կխաղան որպես լեռնային կապույտ լճակներ։

Իսկ Թուրվանտա Քորոն՝ բոլոր այն մայրերին, որոնք դեռ իրենց որդիներին չէին ամուսնացրել և աղջիկ էին որոնում խրատում էր․

— Թե որ աղեկ հարս կուզեք՝ բոզ բերեք։

Տողատակեր

  1. արդեն
  2. պատրաստի տղայի հայր
  3. տախտակի կտորը, որի վրա գրվում էր այբբենարանը
  4. բթամիտ, տխմար
  5. գաղտնիքի իմաստով
  6. ինձ դուր չի գալիս