Բորչալվում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Բորչալվում

Հովհաննես Թումանյան

ԲՈՐՉԱԼՎՈՒՄ
(Ճանապարհորդական նկատողություններ)
«… Եվ պարզ աչքով ես տեսնում եմ

Հայրենիքըս ծաղկավետ.

Այն ճոխ երկրից ես լսում եմ

Անհոգ ծիծաղ լացի հետ»։

Լրագիրներում եթե կարդում եք՝ սպանեցին… կողոպտեցին… առևանգեցին… գողացան… կրակեցին… այդ Բորչալվիցն է գրած։

Այդպես է եղել հնումն այդ գավառը և այդպես է այսօր էլ։ Եվ ոչ մի ժամանակ խաղաղությունը տեղ չի գտել այդ սպանությունների և իմ հայրենիքում։

[ 28 ] 

Բայց այնքան աղքատ չէ այդ երկիրը, որ մարդիկ իրար ուտեն։ Ճոխ բնություն ունի Բորչալուն, ահագին անտառներ, արգավանդ դաշտեր, աղբերաշատ, դալար սարեր, ջերմ ու ջրառատ ձորեր, պղնձի, արծաթի, երկաթի և ապակու հանքեր ու գործարաններ և… աղքատ ժողովուրդ։

Բորչալվի լայնատարած անտառները մարդասպան ավազակների ապաստարաններ են, արգավանդ դաշտերում սոված է բազմատանջ երկրագործը, սարերում անասնապահություն չկա, քարերում մեղվապահություն, որ այնքան գալիս են այս գավառում, ոչ էլ կարգին այգեգործություն կա։ Ինքնաբույս բարատու ծառերի պտուղը համ իրանք են ուտում, համ արջը, սկյուռը, թռչունն ու մրջյունը. եղած այգիներն էլ մշակվում են Նոյ նահապետի սիստեմով։ Թողնենք հանքերն ու գործարանները, նրանք ուրիշին են պատկանում։

Այս ժողովուրդը թեև դեռ 20-ական թվականներին ապստամբվել, ձեռք է բարձրացրել ճորտության դեմ, բայց ահագին մեծամասնությամբ այսօր էլ մնում է ակամա ճորտ, շնորհիվ այս գավառում եղած խոշոր կալվածատիրության։

Ամենալավ, բերրի հողերը պատկանում են զանազան իշխանների, թավադների ու աղալարների։ Այդ հողերի վրա բահրով ապրում է ռանճպար ժողովուրդը, հերկում, ցանում, հնձում․․․ վաստակի մի քառորդը յուր տիրոջը տալու պայմանով։ Դեռ այդ տուրքի հետ գյուղացին կատարում է հողատեր աղայի հազար ու մի ծառայությունները, հրամանները և փեշքաշներ ու կաշառքներ է տալիս, որ ամուր լինի յուր հողի վրա։

Այս հողերը գլխավորապես գտնվում են Ձորագետի ներքին հոսանքում։ Ձորագետը որքան գիժ է Լոռու ձորերում, այնքան խաղաղ և համրընթաց է յուր ներքին հոսանքում, և իշխանների հողերը ոռոգելու համար՝ բազմաթիվ պտույտներ է անում այնտեղ—Բորչալվի արևակեզ դաշտում։

Ձորագետի վերին հոսանքում իբրև կալվածատեր հայտնի են Էջմիածնի և Հաղբատ-Սանահնի վանքերը։ Էջմիածնի Մարցա անտառապատ կալվածքը 20.000 դեսյատինից ավելի է։ Այս տարածության վրա մի քանի հայ գյուղեր կան, որոնք վանքին տասանորդ են տալիս ամեն տեսակ եկամուտից։ Այս [ 29 ] կալվածքն ընկած է անօգուտ, և անտառը թողած է գյուղացիների կացնի խնամքին։ Իսկ գյուղացին անտառի ու ծառի ամենաանգութ թշնամին է։ Նա չի հասկանում, որ այդպես անելով զրկում է յուր հայրենիքի բնությունը զարդից, սարերն աղբյուրներից, որոնք հետզհետե ցամաքում են անտառների պակասելով, սրանց հետ փոխվում է և կլիման։ Գյուղացին կլեպը (կեղևը) քաշում և չորացնում է դարևոր ընկուզենին մի չուխա ներկելու համար, հոնի ծառը ջարդում, ճղնակոտոր է անում հոնը քաղելու համար, և բոլոր պտղատու ծառերի հետ վարվում է ճիշտ Կռիլովի խոզի նման։ Հենց որ բացվում է գարունը, ծառերն սկսում են բողբոջել, գյուղացին կոտորում է ծառերի թարմ ոստերն ու բողբոջները՝ (բոխ) անասուններին ուտացնելու համար։ Եվ այն էլ ինչպես է կոտորում, պետք է տեսնել ու զարմանալ, թե որքան այլանդակ գաղափար ունի գյուղացին անտառի մասին, որին պարտական է յուր հազար ու մի բարիքները․․․ յուր առողջությունը։

Երանի Էջմիածինն ուշք դարձներ յուր այս նշանավոր կալվածքի և նորա մեծ անտառի վրա, որ ահագին եկամուտի աղբյուր կարող է լինել։

Կալվածատերերի ընդարձակ հողերին հարևան արքունի գյուղեր կան, որոնց վարելահողերն այնքան սակավ են, որ երկրագործը չի կարողանում տարեմեջ հանգստություն տալ իրան հոգնած հողերին, և ամեն տարի միևնույն հողը ցանելով, ուժասպառ է անում։ Այսպիսի ուժասպառ հողերն արհեստական կերպով ուժեղացնելու (փեյնելու—անասունի աղբ ածելու) սովորությունն էլ նոր է մտել այստեղ։ Բայց դուք տեսեք, թե որքան է հաստ այդ գյուղացու գլուխը։ Յուր աչքով տեսնում է, որ փեյնած հողը առատ բերք է տալիս, յուր դռանն էլ դիզած է այդ փեյնից, ասում ես— ախպեր, խո քու աչքով տեսնում ես ինչ լավ բան է փեյնելը, իսկ դռանդ կիտած թողնելով այդ միևնույն փեյինը քեզ կհիվանդացնի, տար ածա արտդ։

Տես ինչ պատասխան ես ստանում — «Որ աստոծ տալու ըլի, փեյինի՞ն մտիկ կտա»։ Ահա թե որքան ծանր է ընդունում հայ գյուղացին նույնիսկ տնտեսական որևէ բարեփոխություն։ [ 30 ] Հողի կողմից ավելի բախտավոր են ռուսներն ու մալականները, որոնք թեև ուշ եկվորներ են, բայց լավ և ընդարձակ տեղեր են գրաված, և բացի ունեցածը համայնական ուժով նորանոր հողեր են գնում։

Սրանց օրինակին հետևելով հայ կաթոլիկներն ևս, իրանց Սարգիս վարդապետ Յազճյանի հորդորանքով 1892 թվին նշանավոր հողեր գնեցին։

Տոկուն և ժրաջան գերմանացի գաղթականներն էլ այգեգործությամբ և առհասարակ օրինակելի գյուղատնտեսությամբ ապահովել են իրանց և ապրում քաղաքավարի, գեղեցիկ տներում, առանձնացած, ջոկված մյուս ազգություններից, սառն ու մռայլ բնավորությամբ։

Սակայն Բորչալվի մասին խոսելիս հայերից հետո երկրորդ խոսքը պատկանում է թուրքերին, թե բազմության և թե կատարած դերի պատճառով։

Թարաքյամա թուրքերը, որ ամառ ժամանակ տաք դաշտերից հեռանում, սարերն են բարձրանում, հարևան հայերին հանգիստ չեն թողնում գողություններով։ Սրանք անհանգիստ ժողովուրդ են և հակված դեպի ավազակությունը։ Սրանց հարազատ զավակներն են Քյարամ, Տաշդամուր, Սամադ, Մասուր, Ավդի, և այլ նշանավոր ավազակներն իրանց խմբերով, որոնք ահով ու սարսափով են անցկացել Բորչալվի վրայից։

Սրանց հետ քյալլա տալ գիտեն Բորչալվի հայերը․ լոռեցիք՝ դսեղեցիք, լորտուեցիք, շուլավերցիք, աղքորփեցիք։ Գազան թուրքերը կատու են դառնում Լոռու ձորերով անցնելիս։ Այս ձորերումն էլ անպակաս են եղել հայ իգիթներն ու ավազակները, որոնց ահը դեռ չի անցել։

Դեռ չի անցել նրանց ահը, բայց անցնում, թուլանում է ժողովրդի մեջ արիության ոգին։ Չքավորությունը խեղդում է բորչալվեցուն։

Բորչալուն Թիֆլիսի նահանգի բոլոր գավառներից ամենաաղքատն է։ 1894 թվին ոչ մի գավառ Բորչալվի չափ (346.596 ռուբլի) պարտ (недоимка) չի մնացել գանձարանին, միևնույն ժամանակ և ոչ մի գավառում Բորչալվի չափ հանցանքներ չեն գործված։ Հանցանքներն էլ գլխավորապես [ 31 ] ստոր տեսակի հանցանքներ են, որի մեծ բաժինը թուրքերին է ընկնում։

Ահա ձեզ շոշափելի եզրակացություններ Բորչալվի տնտեսական և բարոյական դրությունից։

Բորչալվում, մանավանդ Լոռի, հաճախ կրկնվող կարկուտը, հացի պակասությունը գյուղացուն ճտահար խեղդել է պարտքի մեջ։ Սովը վաշխառու հարուստի ընկերն է։ Սովն աղքատ գյուղացուն տանում է վաշխառու եղբոր դուռը, և այս բավական է…

Թեկուզ մի մանեթ առնի գյուղացին — էլ չի պրծնելու յուր պարտքի տակից։ Զարմանալի խորամանկ են այդ վաշխառու հրեշները։ Մի օր յուր ժամանակին գյուղացին տանում է յուր պարտքը ետ տալու. «Տո ո՞վ ա քեզանից փող ուզում, տար բանացրու․ մի ուրիշ ժամանակ կունենաս կտաս, հիմի էս սհաթին ինչ ես վռազում, ուրիշ պակասություն կունենաս, տար քու պակասությանն արա…» այսպիսի սրտացավ բարեկամի նման վաշխառուն ետ է տալիս փողը գյուղացուն և անխիղճ տոկոսով, տոկոսը տոկոսին բարդում, մի քանի ամսում աննկատելի կերպով մեկ էլ տեսնում ես բանն այնտեղ է հասել, որ գյուղացու ունեցած չունեցածը վեր է գրում պարտքատերը։

Այսպիսի հրեշներին ժողովուրդը հաճախ «հայր» է անվանում։

Հիրավի, որդուն արժանի հայր։ Ինքը, ժողովուրդն էլ ոչնչով պակաս չի հորից։ Ընկած կլյավուզների և ինտրիգների ետևից։ Որ խոզարածի մոտ էլ որ գնաս զակոնի ստատյաների անունով է խոսում։ Տգետ, անտեղյակ օրենքներին, և սակայն շարունակ հանցանքների մեջ բռնված նա դեգերում է ադվակատի, խնդիր գրող, ճանապարհ ցույց տվող, գործն առաջ տանող չինովնիկների, աղաների և պիսերների դռներին։ Ամբողջ Բորչալուն լիքն է այդպիսի մեծ ու փոքր աղաներով ու մեծօլաններով։ Դրանց բոլորին―իրանց շռայլ ծախսերով―ժողովուրդն է պահում, այն ժողովուրդը, որ չի կարողանում ամոթն երեսին պահել յուր ընտանիքը։

Իրան անհայտ, անծանոթ օրենքի և դատաստանի առաջ կանգնած բորչալվեցին ինչ ուզեք կտա ազատվելու համար, [ 32 ] թեև ազատվելը նրան ավելի թանկ է նստում։ Շատ անգամ մի որևէ անմեղ բանի համար պարտք են անում, ահագին փողեր մսխում, և դուք չեք կարող նրանց բան հասկացնել, այնքան կուրորեն հավատում են իրանց աղաներին ու մեծօլաններին։

Երեք տարի առաջ մի հայ «մեծօլան» լոռեցոնց հայտնել էր, թե ամեն մեկդ հարյուր մանեթ տվեք ինձ, բոլորիդ որդիքը ես ազատեմ զինվորակոչից։ Լոռուց զինվորակոչին կանչում են մի քանի հարյուր հոգի, և այդ մի քանի հարյուր հոգուց պետք է 10—15 զինվոր վերցնեն։

Հասնում է զինվորակոչի օրը։ Ամեն մի լոռեցի տղատեր հարյուր մանեթ է տանում տալիս աղին։ Անհնար է լինում համոզել այդ մարդկանց, թե բոլորին զինվոր չեն տանելու, մի քանիսին են տանելու, և թե՝ ում որ ընկնի նա չի կարող ազատվել, զուր են այդ փողերը տանում։

Չէ՜, ասում են ու տանում հարյուրանոցները։

Զինվորակոչն անցնում է։ Որոշյալ թվով ընկածներին տանում են, մյուսներին թողնում։ Ժողովուրդը առանձին շնորհակալոլթյուն է հայտնում աղային և նոր պատիվներ անում, որ իրանց տղերանցն ազատեց։ Ընկածների հայրերն էլ են շնորհակալություն անում աղին, իրանց մխիթարելով, թե «աղեն շատ չարչարվեց, ամա իրանց բախտը կտրեց ոչ»։

Հիմա եկեք տեսեք այս ժողովրդի տանուտերը, քյոխվեն, գյուղական դատավորը…, որոնք հրապարակում իրանց անհայտ զակոնի անունով են գոռգոռում, իսկ իրանց տներում գողերի հետ են խորհրդակցում, որոնք ոչ մի օրենք ու արդարություն չեն ճանաչում ու հասկանում, բացի կաշառքն ու մտրակը։

Որքան էլ արդար լինի մեկի բողոքը, կարող է ենթակա լինել տուգանքի ու ծեծի, եթե հակառակորդն առաջուց յուղ է քսել տանուտերի դնչին։

Կորչում է մեկի ձին, գողանում են անասունները և այլն։ «Ի՞նչ կտաս, որ ապրանքդ գտնեմ, հանեմ» առաջարկում է տանուտերը։ Ապրանքատերն, իհարկե, մի բան է տալիս, ինչ որ ուզում է տանուտերը, և, հիրավի, ապրանքն ետ է ստանում։ [ 33 ]

Ի՞նչ եք կարծում, ո՞վ էր գողացել այդ ապրանքը։— Անպատճառ տանուտերը կամ տանուտերի սեփական գողերը։

Դեհ, գնացեք բողոքեցեք այսպիսի տանուտերից, տեսնեմ ինչ կտանեք ձեր տունը։ Աղաներից ամենամեծերը սրանց հովանավորներն են, որովհետև սրանք ավելի յուղալի են, քան հասարակ գյուղացին։

Սակայն ժողովուրդը բողոքում է կառավարիչների ու դատաստանատների դռներին չոքած։ Բայց չկարծեք, թե նրա բողոքը արդարություն է պահանջում։ Ո՛չ, այդ դեռ շատ հեռու է այսքան ընկած մի ժողովրդի հոգուց։ Այդ բողոքողն էլ մի ուրիշ կուսակցություն է, դա էլ մի ուրիշ տանուտեր է ուզում, որ գուցե ավելի վատթար լինի, քան առաջինը։

Տվեք այդ արդարության անունով բողոքողներից ամենաթունդին թեկուզ մի գզրի պաշտոն և կտեսնեք, թե ինչ պտուղ է կամ ինչ է նշանակում նրա բերանում «արդարությունը»։

Թողեք մարմնավոր իշխանության դռները, ձեզ ուրիշ աղմուկ ցույց տամ. տերտերների և տերտերացու տիրացուների գործեր։

Մի որևէ 10—20 տուն աղքատ, ողորմելի գյուղացիներ, համախոսական թերթ կազմած, դիմում են հոգևոր իշխանությանը, թե մեզ վրա քահանա ձեռնադրեցեք այսինչ տիրացվին։ Համախոսականի մեջ հավատացնում են, որ ամեն կերպ ապահով է իրանց ապագա քահանան, և խոստանում են ամեն բան տալ։ Քահանայացուն էլ գոհ է։ Այս խնդրի ետևից քարշ են գալիս սինոդի, կոնսիստորիայի ու հոգևորականների դռներին, էլ հանգստություն չեն տալիս, անդադար կրկնելով իրանց սովորական սպառնալիքը, «եթե չձեռնադրեք—կթուրքանանք»։

Մյուս կողմից էլ տիրացուն է փորը գետինը քսում, աղաչում, պաղատում, արաղ խմացնում, միջնորդներ գցում, ունեցածը ծախում, կաշառքներ տալիս, պարտքի տակ ընկնում… վերջապես ձեռնադրվում է։

Հիմի ինչ անենք։

Ի՞նչ ուտի տեր հայրը, ինչով պահենք, ինչով գոնե մի փարաջա առնի իրան համար, որտեղից տա հոգևոր իշխանության [ 34 ] ուղարկած շարականի 60 ռուբլին, «Արարատի» բաժանորդագինը, յուր ձեռնադրության պարտքերը…։

Ադամն ինչ ուներ, Եվային ինչ տար։— Սկսում են ժողովուրդ ու քահանա իրար ուտել․ ժողովուրդն այսքան է տալիս, քահանան շատ է ուզում, ժողովուրդը չունի, քահանան բողոքում, աղերսելով ուրիշ ժողովուրդ է պահանջում կամ մեռելը վեր դրած թողնում է, մինչև յուր ուզած վարձն ստանա…

Սրանից հետո քահանան սկսում է օրհնանքի տեղ անիծել―հայհոյել, ժողովուրդն էլ յուր կարգին։

Եվ այսպիսի քահանաներ ավելանում են օրեցօր, և այսպիսի քահանայության համար գլուխ են պատռում ժողովուրդ ու տիրացու։


1893 թ. ամառը Թիֆլիսի կոնսիստորիայի անդամ բար. Հովհ. քահ. Մարտիրոսյանը քննում էր Լոռու վիճակում տասը գործ։ Երկուսը երկու վանահայր վարդապետների (ընդամենը երկու վարդապետ կան այս վիճակում) վրա էր, որոնց վարք ու բարքից բողոքել էր ժողովուրդը, մնացածը տերտերների ու տերտերացուների գործեր էին։ Այդ գործերն այնքան էին բարդվել և սուր կերպարանք ստացել, որ սինոդն ու կոնսիստորը վճռել էին տեղն ու տեղը քննել։

Ես հետաքրքրված ուղեկցում էի քննիչ տեր հորը։ Ժողովուրդը գյուղերում երկպառակված, բաժանված, կռվում է իրար դեմ, ամեն մի կողմը մի տիրացվի է ուզում քահանայացնել։

Բայց ինչո՞ւ են սրանք մեկին ուզում, նրանք՝ մյուսին։ «Ընչի պտի», իրանց լեզվով պատասխանենք։ Պարզ անձնական հաշիվներից են բխում այս ընտրողների համակրությունը կամ հակառակությունը, և բոլորովին չնչին է նրանց գաղափարը քահանայի մասին, որի պաշտոնի ձևական և մեքենայական կողմն է նրանց միայն հասկանալի։ Նրանք զարմանում են, երբ որ լսում են, թե քահանան պետք է հոգա իրանց բարոյական և տնտեսական դրության մասին։ Դառը փորձերից հետո թերահավատ են դարձել, չեն հավատում որևէ պաշտոնյայի սրտացավության, անկեղծ, անկաշառ ծառայության [ 35 ] կամ անձնուրացության հօգուտ ժողովրդի․ չեն հավատում, որ աշխարհքում կարող է այդպիսի բան լինել։ Այնպես որ նրանց համար մին է, ով լինում է լինի, մի բան որ, միևնույն բանը պետք է անի—ավելի լավ է, որ իրան բարեկամը լինի։

Փորձերով կազմած այս համոզմունքը շատ անարդարություններ և սխալներ է անել տալիս, մանավանդ այժմ, երբ հաճախ քահանայացու ախոյանների բարոյական ուժերը շատ են իրարից տարբեր լինում։

«Քահանան թե տգետ ըլի, թե ուսումնական, երկուսն էլ պետք է թաղեն, կնունք անեն, ժամ ասեն… ավել խո բան չեն անելու։ Երկուսի թաղածն էլ թաղած ա, ուսումնականը խո խորը չի թաղում, տգետն՝ երես, կամ ուսումնականը խո մեռոն չի քսում, տգետը՝ ձեթ…»։

Այսպիսի դատողությամբ քանդում է ուսումնական և տգետ քահանայի միջի պատը և երկուսին էլ դնում մի տախտակի վրա։

Բայց այդ նույն գյուղացին քո առջև փիլիսոփայություններ կանի, տեսականապես կպաշտպանի ուսումնական քահանայի խնդիրը, քանի որ գործ չկա. հենց գործին եկավ թե չէ, կբարձրացնի յուր ահագին աղմուկը հիմար պատճառաբանություններով։ Այն ժամանակ գլուխ պետք է լինի, որ նրան բան հասկացնի։

Ա. գյուղացի պ. Վ-յանցը, Ներսիսյան դպրոցն ավարտած և առանձնապես զարգացած մի պարոն, ուզում է քահանա դառնալ յուր հայրենի գյուղում, որ ընդամենը 55 տուն է։ Այստեղ հացի, սեփական կաշվի ապահովության խնդիրն արհամարհված է մինչև անգամ և բոլորովին ուրիշ ցանկություններ են առաջնորդում պարոնին, բայց դուք տեսեք, թե ինչ ժայռեր կան այդ վարդագույն ցանկությունների առաջին։

Գյուղի մի մասը երդված հակառակորդ է կանգնել երիտասարդին և նրա դեմ դուրս է բերել յուր ծերունի քահանայի որդուն―մի կատարյալ տգետ մարդ, մի իսկական հովիվ―իրանցից մեկը։

Բողոքել են սինոդին պ. Տ. Վ.-ի դեմ, նրա խնդիրն անվանել կեղծ, արաղով գլուխ բերած, իրան անբարոյական և այլ [ 36 ] հազար ու մի անասելի և անպատմելի վատ հատկությունների տեր, որ իրանց քաջ հայտնի է, և որը կապացուցանեն երդումով։

Այս գործը ձգձգվել է տարիներով, մինչև սինոդը քննություն է նշանակել։

Հիմա քննիչը նստած, այդ բողոքարկուներին հրավիրում է երդվելու և հաստատելու իրանց խոսքերը։

«Մենք օրթում չենք ուտիլ, աղաղակում են գյուղացիք, էն ա մի անգամ ինչ որ գրել ենք, հլե էն ա… գրել ենք, որ դա լավ մարդ չի, դրան ուզում չենք, էլ ինչ եք եկել հարց ու փորձ անում…

— Խի՞ (ընչի) չեք ուզում,— հարցնում է քննիչը։

— Խի պտի…

— Պատճառն ի՞նչ ա։

— Պատճառն էն ա, որ ուզում չենք։

— Էս ձեր խոսքերն են, ինչ որ գրել եք թղթում։

— Հա, հլե մեր խոսքերն են…։

— Դե եկեք, երդումով հաստատեցեք, եթե ձեր խոսքերը ճշմարիտ են։

― Մենք օրթում չենք ուտիլ, հլե ինչ որ գրել ենք էն ա…։

Տանուտերի օգնությամբ վերջապես քննիչը երդվեցնում է կամակոր գյուղացիներին․ այստեղ արդեն երգերը փոխեցին, տես ինչ են ասում.

— Դու ինչո՞ւ չես Տ. Վ.-ին ուզում,— հարցնում է քննիչը մեկին։

— Ես նրա համար չեմ ուզում, որ դա տարեկան ութ հազար մանեթ փող ա ստանում, մեր եկեղեցուն ինչի չի մի նվեր տալիս, թե լավ մարթ ա։

— Ութ հազար չի լինիլ, գուցե ութ հարյուր է[1],— հարցնում է քննիչը։

— Չէ՛, ես գիտեմ—ութ հազար։

— Ա՞յդ է քո պատճառը։ [ 37 ] 

— Հրամանք ես. մին էլ էն ա, որ դա խո տերտերի տղա չի, որ ինքն էլ տերտեր դառնա։

— Էլ ուրիշ բան ունի՞ս նրա դեմ ասելու։

— Ոչ… էս մի՞թե քիչ ա։

— Դու ի՞նչ ունիս ասելու,— հարցնում է մյուսին։

— Ես էլ էն եմ ասում, որ դա, թե տերտեր դառնալու միտք ուներ, ընչի չէր մի ստաքան արաղ վեր ունում, գալիս իմ տունը―հլա մի երկու հետ էլ խնդրվում, որ ես էլ իրան կողմն էի խոսացել։

— Էլ ուրիշ ի՞նչ գիտես նրա մասին։

— Էլ ուրիշ բան չի գիտեմ։ Դե նա ուսումի գնացած էր, նոր ա եկել, իսկի թամամ ճանաչում էլ չեմ։

— Բաս ինչի՞ ես խնդրի տակին ստորագրել―թե մենք քաջ ճանաչում ենք, անբարոյական է ևն։

— Նրա համար, որ խափանեմ դրա գործը։

— Ընչի՞ խափանես։

— Դե էնա էնհենց խափանեմ էլի։

Մի ուրիշն է առաջ գալիս։

— Ես բան չի գիտեմ, տերտեր ջան, մեր տղերքն ասին արի ձերք քաշի, ես էլ ձերք քաշեցի․ հմի դու էլ ինչ որ ասում ես, թող քու ասածն ըլի։

Գալիս է հետևյալը։

— Մեր տերտերը 50 տարի մեզ վրա քահանայություն ա արել․ դրա խաթեր էլ ես ուզում եմ, որ նրա տղերանցից մնին քահանա շինենք, որ նրա ծուխը չկտրի…

Այս բոլորից հետո հայր քննիչը դիմեց ժողովրդին, յուր զարմանքը հայտնեց, որ այսպիսի պատճառներով ժողովուրդը հակառակում է, ուզում է խափանել պ. Տ. Վ.-ի ձեռնադրությունը, և որ ժողովուրդը չի հասկանում յուր օգուտը, առաջ է քաշում մի տգետ հովվի և չի ընդունում մի ուսումնական մարդու քահանայությունը։

— Ուսումնական ա, թող գնա իրան ուսումը կարդա,― աղաղակում է ամբոխը և յուր անմիտ, ծիծաղելի պատճառաբանություններով, որ հիշեցի (և որ մուծված են քննության արձանագրության մեջ), գնում է սինոդ, գալիս կոնսիստոր―բան ու գործ թող արած, հույսերը կաշառքի վրա դրած։ [ 38 ] 

Բորչալվեցին այնքան է սովորել կաշառքին, որ չի հավատում, թե առանց կաշառքի կարող է գործ առաջ գնալ աշխարհքում։ Նրա կարծիքով աստված էլ աշխարհքը կաշառքով է ստեղծել։

Մի գյուղում քննչին կաշառք առաջարկեցին․ քննիչը հրաժարվեց, միայն հավատացրեց, որ նրանց գործը լավ կերթա։

— Չէ՜, մեր գործը վատ կերթա, որ աջահամբույր[2] չես վեր առնում մեզանից, տրտնջում էին գործատերերը․ քննիչը, դատավորը որ սաղվաթ, փեշքաշ չընդունի ընչի ա պետք…։

Այս խոսքերը ես լսել եմ իմ ականջով գյուղի առաջավոր մարդկանց բերանից։ Որքա՜ն շատ բան են ասում այս մի քանի խոսքերը ժողովրդի տեսած արդարադատության մասին, որքա՜ն արդար ձայներ ու բողոքներ պետք է խեղդված լինին այս տեղերում, որքա՜ն ճնշված ու տանջված չունևորը, որքա՜ն ընկած, մեռած խղճի և դատի նշանակությունը այնտեղ, ուր ստեղծվել են այս խոսքերը։

Եվ շատերը հրաժարվում էին քննությունների ժամանակ հանցավորներին մեղադրելուց։

— Ինչո՞ւ չես ասում, ինչ որ գիտես,— հարցնում է քննիչը։

— Ի՞նչ ասեմ, տեր հայր, ինչ մեղք էլ վրեն հաստատենք, էգուց կերթա բարձր կաշառք կտա, ինքը կպրծնի, զուր մենք վատամարդի կդառնանք։

Սրանք դատարկ խոսքեր չեն, անձնական փորձերից հետո է խոսում այս գյուղացին։

Այս քննությունների, աղմուկների ժամանակ հանկարծ առաջ են գալիս մի քանի գյուղացիներ։ Բոլորը լռում են։ Սրանցից մեկը երկյուղածությամբ ծոցից մի թուղթ է հանում, մեկնում հայր քննչին։ Այդ էլ ուրիշ խնդիր է. ժողովուրդը դրանով աղերսում է հոգևոր իշխանությանը, որ իրանց գյուղում մի ուսումնարան բացվի։

Այստեղ, այս անակնկալ րոպեին, մարդու սիրտ հանկարծ ճխում, թունդ է առնում և ակամա դուրս է թռչում―«ահա քո [ 39 ] խնդիրը» ամեն լուսից ու բարուց զրկված ժողովուրդ, ահա քո փրկության անունը…։

Բայց ի՞նչ… խոսում են, խոստանում, խնդրում, աղաչում, պաղատում և վարժապետին տարեկան հարյուր մանեթից ավելի չեն կարող վճարել, ուժ չունեն։

Արդյոք այսպիսի տեղերում լավ չէ՞ր լինիլ բաց անել ուսումնարաններ էժանագին վարժապետներով, ուսումնատենչ գյուղացու երեխան գրաճանանչ անելու համար։

Վերջապես շատ է խավար, շատ է ուշադրությունից զրկված. այս ամենազուրկ, ամենաաչքից ընկած վիճակն է Թիֆլիսի թեմի, թեև տված արդյունքովն առաջնակարգ։

Ուսումնարանները պոչավոր աստղի նման այստեղ այնտեղ երևում են ու կորչում։ Հոգևոր իշխանությունը ուշադրություն չի դարձնում, իսկ ամբոխը ուսումնարան չի պահիլ․ դուք միք հավատալ նրա աղերսալի խնդիրներին, նա ինքնիրան զոհաբերություն չի անիլ իրան չհասկացած բաների համար։ Նա չար խաղեր կխաղա այդ յուր խնդրած ուսումնարանի գլխին, կքանդի յուր ձեռքով, և դուք կզարմանաք։

Այն գյուղացին, որ տարին մի քանի անգամ յուր երեխանց բերանից կտրում փեշքաշներ է տանում զանազան աղաների, պարտք է անում—կաշառքներ է տալիս, փորացավ է ընկնում, երբ հերթը գալիս է ուսուցչի ռոճկին։

Թող մեր գյուղական ուսուցիչներն ասեն։

Դ․ գյուղում ուսուցիչն ամբողջ տարին սրանից նրանից մուրացկանի նման ալյուր ուզելով էր ապրել․ ռոճիկը չէին տալիս գյուղացիք, երբ հ<այր> քննիչը այդ մասին բացատրություն ուզեց հոգաբարձուներից, վերջիններս իրանց զարմանքն էին հայտնում, որ տեր հայրն այդպիսի «պարապ բաների» ետևից է ընկնում, այդպիսի «սարսաղների» համար գլուխը ցավացնում։

Օ․ գյուղում ուսուցիչը արաղ էր խմացրել հոգաբարձվին, որ կարողանա ռոճիկն ստանալ։ Այս լսելով մյուս հոգաբարձուն էլ էր գնացել արաղ պահանջել վարժապետից. վարժապետը մերժել էր սրան, պ. հոգաբարձուն ծեծել էր հանդուգն ուսուցչին և ռոճկի հաշիվը վերջացել էր սրանով։ [ 40 ]

Այդ գյուղի ուսուցիչներից շատերն են այսպիսի ռոճիկներ ստացել։

Հ. գյուղացիք ուսուցչին ռոճկի փոխարեն խոստացել էին կեսօրավար ցանած կարտոֆիլ և երկու այծ, հավատացնելով, որ այդ ռոճկից ավելի կբռնի։ Խեղճ թիֆլիսեցի երիտասարդն էլ հավատացել էր։ Հակառակին կարտոֆիլն էլ այն տարի լավ չէր եկել։

— Դե քու բախտիցն էր, մենք ինչ անենք, վարժապետ ջան,— վարժապետի սիրտն առնում են գյուղացիք ու ճանապարհ դնում։

Անբախտ ուսուցիչը ինձ պատահեց Ջալալօղլի՝ հետը երկու քոսոտ այծ, որոնց ֆուրգունչին չէր համաձայնվում վերցնել Թիֆլիս տանելու։

Այսպիսի առակներ ուսուցիչներն ավելի շատ գիտեն։ Իսկ ապառիկներ, որքան կուզեք։

Հայրենակիցներիս մեղքերը թեթևացնելու համար այստեղ դարձյալ հիշեցնում եմ նրանց աղքատությունը։

Աղքատություն եմ ասում, որ օրերով հունձ անես կիզող արևի տակին, գիշերը խորոմես և տաժանելի աշխատանքից հետո հոգնած, ուժասպառ, երբ սիրտդ գնում է սովածությունից, աստծուն փառք տաս քարից փափուկ ցամաք հացի համար, այն էլ այնքան չլինի, որ փորդ կշտանա։ Տանջվում են, մաշվում և սնունդ չեն առնում, որ պակասած ուժերը կազդուրեն։ Ամիսներով յուղալի կերակուրի երես չեն տեսնում, իսկ մսով միայն այն ժամանակ են լիանում, երբ անասունների կոտորած է լինում, ուտում են անխտիր հիվանդացած անասունի միսը, առանց մտածելու հիվանդության մասին։

Հիվանդություններն ու մոլությունները այս ժողովրդի կյանքի հարազատ եզրակացություններն են։ Սիֆիլիսը (տիրամոր ցավ) և օնանիզմը հայտնի են ամենախուլ անկյուններում, իսկ անասնամոլությունը զարմանալի տարածված է թե ամուրիների և թե ամուսնացածների մեջ։

Այս խորին ուշադրության և ցավակցության արժանի իրողություն է։ Դեպի յուր կրքերն անփույթ, տգետ, վայրենի ու մոլի ժողովուրդը քայքայվում է բարոյապես և ֆիզիկապես, [ 41 ] հալվում, հյուծվում է յուր ծածուկ ախտերի մեջ և հոգացող չկա նրա մասին։

Ապրում են կեղտոտ, ավելի կեղտոտ, քան իրանց անասունները․ մարդիկ կան, որ մկրտվելիս ավազանումն են լողացել, մեկ էլ մեռած ժամանակ պետք է լողացնեն․ նրանց մարմինը 50—70 տարվա ընթացքում երկու անգամ է ջուր տեսնում։

Հապա ինչպես չհիշենք արբեցողությունը, որ շարժողություն և մի տեսակ ճիվաղային կյանք է տալիս այս այլանդակ պատկերին, թեև սա հավասար չի տարածվում ամեն կողմ։

Այս բոլորից հետո ձեր առաջ կանգնում է վտիտ, կորաքամակ և ապուշ նոր սերունդը, մի խիստ, աչքի ընկնող կոնտրաստ—հակապատկեր ներկայացնելով յուր հայրենիքի հսկայական բնության հետ։

Մինչդեռ նույն գյուղերում մեզ պատահեցին հարյուր տարին անցկացրած առույգ ու վիթխարի հին մարդիկ։

Այս ժիր ծերունիների զվարթ զրույցները, սուր հիշողությունը, կտրուկ խելքն ու դատողությունը, գործի աշխույժն ու եռանդը բարձր աղաղակում են հին առածի մասին―«առողջ մարմնի մեջ առողջ հոգի»։

Ագ. գյուղում մեզ մոտ նստած զրույց էր անում մի հարյուր տարեկան ծերունի, երբ ներս մտավ նրա մեծ եղբայրը 105 տարեկան։ Փոքր եղբայրը վեր կացավ, տեղը տվեց մեծին, ինքը մնաց կանգնած մինչև մեծ եղբայրը հրավիրեց նստելու։ Մեզ հետ սկսեց խոսալ մեծ եղբայրը Պասկևիչից, Լիսանևիչից, Երևանու պատերազմից։

— Մենք իգհատցի ենք բնիկ,— պատմում էր ծերունին,— Զավրովանց ճորտն էինք։ Մի օր կալ կասելիս մեր աղեն եկավ, թե էս հադաղին եզնիքը բաց թողեք, բերեք իմ կալը կասեցեք։ Ողորմածիկ իմ բիձա Ջիլավն ասավ, կացի, էսա մեր կալն էլելա, պրծնեմ, ետնա բերեմ քունը կասեմ։ Նա թե հլե չէ, էս սհաթին ձեր կալը բաց թողեք, եկեք իմը կասեցեք։ Էստեղ հակառակությունն ընկավ, իմ բիձա Ջիլավը եղանով տվուց աղին կալումը վեր գցեց ու թվանքը վեր կալավ ձորերն ընկավ։ Մենք էլ վեր կացանք տանով տեղով եկանք։ Երմալովն [ 42 ] Երևանու կռվիցը ետ գալիս Դվալումն առաջը կտրեցինք, մի եզը մորթեցինք, որ աջողութենով կռվիցը պրծել ա, եդնա խնդրվեցինք, լաց ու շիվան արինք, թե մեզ ազատ արա ճորտութենից…

Այս խոսակցության ժամանակ հանկարծ փոքր եղբայրը մի բան հիշեց, մեծը բարկացած դարձավ 100 տարեկան փոքր եղբորը «երբ որ տեսնում ես քու մենձը խոսում ա — դու մեջ մի ընկնիլ…», 100 տարեկան փոքր եղբայրը խոնարհեց յուր ճերմակ միրուքն ու գլուխն և լռեց։

Այսպիսի ծերեր պատահում էին մեզ գրեթե ամեն գյուղում։ Սրանց ամեն մեկը ավանդությունների, առասպելների, հին զրույցների, ժողովրդական հավատալիքների մի շտեմարան, մի թանգարան է։

Այս պատմություններից, զրույցներից, սովորություններից շատերն եկած են հին դարերից, մեր հին նախնիքների կյանքն ու սովորություններն են, նրանց մտքի և հոգու ծնունդներն են։

Ահա թե որտեղ է հայոց գրականության աղբյուրը․ ահա թե որտեղից պետք է խմի հայոց բանաստեղծը, հայոց վիպասանը, հայոց գրողր, որ զորանա։

Բայց մեռնում են այս ծերունիները իրանց հետ տանելով իրանց գիտեցածը, իսկ սրանց որդիքը հոգսերով ծանրացած, բարոյապես այլանդակված, նոր բառեր են սովորում, հինը մոռանում, նոր պատմություններ են սովորում, նոր բարքեր, նոր կարգեր—մի բաբելոնյան խառնակություն։ Այս պատկերը կարելի է նմանեցնել մի հարսանիքի, ուր հարբած հանդիսականներն աղմկում են խառնիխուռն, և չեն լսում, թե ինչ է երգում երգիչը, որ շուտով պետք է լռի։

Ես ինչ խոսքեր, դարձվածներ, զրույցներ սրանից 10 տարի առաջ լսել եմ Լոռի, ինչ սովորություններ տեսել եմ, այժմ դժվար եմ տեսնում ու լսում, բոլորը նսեմացել, նոսրացել, անհետանում են։

Ժողովուրդը մի դրությունից անցնում է դեպի մյուսը ինքնագլուխ, առանց առաջնորդի և հսկողի, և այդ դրության մեջ շատ բաների հետ կորցնում է և մեր բանավոր գրականությունը։ [ 43 ] 

Մասնավոր ապահով մարդիկ չկան, որ ժողովեն, այնպիսի հարուստներ չկան, որ ձեռնհաս մարդկանց միջոց տան ժողովելու, ընկերություն չկա, որ զբաղվի դրանով, իսկ մամուլը… ճգնում է եղած ողորմելի գրականությունն էլ խեղդել յուր հրապարակախոսական ցեխի մեջ, ուր մնաց այդ մասին հոգար յուր գավառներում ցրված աշխատակիցների միջոցով։ Եվ այսպիսով մոռացվում, թաղվում, կորչում են մեր ազգային հոգու ծնունդները―մեր գրականության հարազատ հողն ու պատվանդանը մաշվում, սպառվում, անհետանում։

Վերոհիշյալ գյուղերից որոշվում են այն գյուղերը, որ գտնվում են մենաստանների―մեծ վանքերի մոտ։ Որոշվում են ավելի մեծ անբարոյականությամբ ու ծուլությամբ։ Զզվելի պատմություններ կան սրանցից, բայց տեղս տեղ չի, որ օրինակներով խոսեմ։

Բորչալվի հնություններից հռչակավոր Հաղպատ-Սանահնի վանքերն են այժմ կանգուն, որոնք, կարծես, իրանց ժամանակը լրացրած՝ աչքից ընկել են։ Այս վանքերը մի ժամանակ հայոց եկեղեցական լուսավորության ջահերն էին համարվում, արևելքի բռնակալներից հալածված հայոց դպրությունն այս վանքերն էր ապաստանում ու ծաղկում։ Այստեղ են ուսել ու քարոզել Հովհան Իմաստասերը, Գրիգոր Տուտեորդին, Վանական մեծ վարդապետը, Կիրակոս պատմագիրը, շատ կաթողիկոսներ և այլ հոյակապ, ուսումնասեր ու ժողովրդասեր հոգևորականներ։

Այժմ մի-մի տգետ վարդապետ պարապ-սարապ նստած նրանց տեղը աղքատ ուխտավորների հետ վիճում են վանքի (իրանց) հասույթների, խաչահամբույրների, աջահամբույրների համար, մատաղի մորթիները հավաքում―կախ են անում բեմբասացության դահլիճում, ուր մի ժամանակ թնդում էին հայոց եկեղեցու հոգեխոս հռետորների ճառերն ու քարոզները, կամ թափում ածուխի կույտի վրա―թանգարանում, ուր պահվում էին հնության պարծանքները։

Այս գյուղերից հետո կարելի է հիշել ազնվականների գյուղերը։ Այս սնապարծ ու դատարկապորտ սովածներին տեսնելիս, սրանց անմիտ ու հիմար պարծենկոտությանն ականջ դնելիս, դեպի ռանճպար գյուղացին ու աշխատանքը [ 44 ] տածած արհամարհանքը տեսնելիս, մարդ մտածում է՝ ինչ պատուհաս է ազնվականությունը մարդկության համար․ դրանով կարելի է ազգեր այլասերել, մեռցնել ֆիզիկապես և բարոյապես։ Այս դժբախտներին ժողովուրդը անմահացրել է, մի երկու խոսքով— «մեծ-մեծ տներ―սոված շներ»։

Այստեղ խոսքս մասնավորում եմ երկու գյուղի―Շուլավերի և Ջալալ-օղլու վրա, որոնք ազդում են Բորչալվի թե՛ նյութական, և թե՛ բարոյական կյանքի վրա։

Բորչալվի գավառական քաղաքը Շուլավերն է համարվում, որ մոտ հազար բնակիչ ունի, Ջալալ-օղլին փոքր է նրանից։

Գեղեցիկ է երեք կողմից լեռներով պատած և այգիներում թաղված Շուլավերը, բայց Ջալալ-օղլին ավելի քաղաքի տպավորություն է անում և ավելի չքնաղ է։ Ջալալ-օղլեցին գիտե ոգևորվել և յուր մաքրասիրությամբ կարող է համարձակ պարծենալ թիֆլիսեցու առաջ, իսկ շուլավերցին աննման կոնծող է։ Երկու գյուղի ժողովուրդն էլ զուրկ են համայնական ոգուց, խռովասեր, ամբարիշտ, ինտրիգան։

Ասում են, թե մեկը Թիֆլիս գալիս ճանապարհին մի թուղթ է գտնում, վերցնում է տեսնում հարյուր ռուբլիանոց, և ցավելով բացականչում է― «ափսոս, ես կարծեցի գանգատի թուղթ ա»։

Հիմի վեճ կա, և դժվար է վճռել, թե այս մարդը շուլավերցի էր, թե ջալալ-օղլեցի. երկուսն էլ հավասար շանսեր ունեն այս մարդը լինելու։

Գալով դարձյալ ընդհանուրին՝ այս կասեմ․ առհասարակ դանդաղ ու կոպիտ է այս ժողովուրդը, ինչպես յուր սիրած գոմեշը, ինչպես յուր լեզուն, շարժվածքն ու երգը (թեև սեփական երգ էլ չունի)։

Զուրկ է, թե՛ ապրելու և թե՛ հոգեկան վայելչությունների ճաշակից․ նա չի կարողանում գնահատել նույնիսկ յուր լեռնային բնության վայրենի գեղեցկությունը և անխնա այլանդակում է, շարունակ սպառելով ահագին անտառները։ Դեռ վայրենու նման քաղաքակրթության արտաքին փայլերովն է շլանում։ Այսքան դարեր ապրած, ծերացած ժողովուրդ և դեռ չի ըմբռնել կյանքի ներքին իմաստը, անցել է անթիվ ու անհամար փորձերի ու փորձությունների միջով և չի հասկացել, [ 45 ] խորամուխ չի եղել, եզրակացություններ չի դուրս բերել այդ փորձերից, չի ստեղծել մի անհատական—զուտ ազգային կյանքի օրենք– ադա՛թ, որ ավանդեր յուր որդուն։ Դորա համար էլ ինքնուրույն ոչինչ չի զարգացել նորա մեջ…։

Շարունակ ապրել է տարածության վրա և ժամանակի մեջ և դեռ որոշ գաղափար չունի ժամանակի ու տարածության մասին։

Մի բան կպատմի քեզ երեկ մեկելօրից, և դուրս կգա, որ այդ երեկ մեկելօրը 20—30 տարի է…։

Հարցնում ես.— ո՞րքան է հեռու այսինչ տեղը, որ ինքը հազար անգամ գնացել է եկել, այստեղ―մոտիկ, առաջդ է, կպատասխանի․ և դու ամբողջ օրով կերթաս ու չես հասնիլ, կամ ընդհակառակը կպատահի։

Պատվի զգացմունքը թույլ է նրա մեջ, ինքնասիրությունը ապականված, հոգու առաքինի հատկությունները սասանված, խախտված։ Շողոքորթությունը, կեղծավորությունը, խորամանկությունը, ստախոսությունը, քսությունը, գաղտառությունը… կազմում են նրա բարոյական աշխարհի տիրող մասը։

Եվ մակերևույթից խոր թափանցող աչքերը կտեսնեն, որ նրա բոլոր սրբազան զգացմունքները մատչելի են դարձել ամենակեղտոտ ձեռքերի, ականջները խլացել են մաքուր ձայների համար և զգացմունքները բթացել․ նա հաց է ուզում միայն, նվազած է նրա կյանքը, նվազած, ստորացած է և նրա պահանջը։

Ահա մի քանի աղքատ տեղեկություններ մեր ժողովրդից։ Ահա այն առաքինի, նահապետական ժողովուրդը, այն առողջ, հսկա ժողովուրդը, որ այնքան ոգևորում է մեր երազուն հայրենասերներին. այն մեծանուն դատավոր «ժողովուրդը», որ իրանց կաբինետներում նստած հրապարակախոսներից յուրաքանչյուրը յուր կողմն է քաշում, իբրև մեծ բարոյական ուժ, հավատացնելով, թե իրան հետ է նա…

Ահա մենք…։

Սակայն ինձ կասեն՝ դու մոռացար… չէ՞ որ այդ գավառում,— գյուղաքաղաքներում, օրինակ՝ Շուլավեր, Ջալալ-օղլի, և այլ մեծ գյուղերում լուսավորված նոր սերունդ, երիտասարդություն կա…։ [ 46 ] «Երիտասարդություն…» ահա մի խաբուսիկ, փայլուն, փքուն բառ ևս, ինչպես «ժողովուրդը», սրան կասեն «անումը կա, ամանումը չկա»։

Ահա թե որտեղ կարելի է փոխ առնել Լերմոնտովի տողերը.

Печально я гляжу на наше поколенье:
Его грядущее—иль пусто, иль темно.
… К добру и злу постыдно равнодушны,
В начале поприща мы вянем без борьбы:
Перед опасностью позорно — малодушны…


Անտարբեր ու սառը դեպի շրջապատող ժողովրդի կյանքի կարիքներն ու չարիքները, զզված, վհատած, հավատացնում են, թե «ոչինչ չի կարելի անել այսպիսի ժողովրդի մեջ»․ ահա թուլամորթ, փոքրոգի մարդկանց հավիտենական երգն ու ապաստարանը։

Այսպես լինելուց հետո, տաք վիճաբանություններով իրլանդական հոմռուլի վճիռն են պահանջում անգլիական պառլամենտում կամ բանվորների խնդիրն են քննում ու պաշտպանում Ֆրանսիայում…։

Ո՜հ, ազնիվ սրտեր…։


Զարմանալի ժողովուրդ ենք մենք։ Հայոց բանաստեղծին ավելի ազդում, վշտացնում է այն, թե ինչու են սև ամպեր կուտակվել Մասիսի ձյունափառ գագաթին―և նա շատ քիչ է նկատում կենդանի հայ գյուղացու ճակատի սև ամպերը։ Հայոց հայրենասերն Արտազը, Տարոնն ավելի է սիրում, քան Արտազում և Տարոնում ապրող ժողովուրդը։ Հայոց հոգևորականը նախնյաց ավանդություններն է քարոզում, նրանց է պաշտոն տանում՝ ապրող ժողովրդի բարոյական կյանքն ու հառաջադիմության պահանջները մոռացած…

Ահա մի քրմական, կույր, կեղծ, անխելք հայրենասիրություն։ Մեր սգավորը, մեռելը թող արած, դագաղի համար է արտասվում։

Այս գավառի երիտասարդությունն էլ, ինչպես ամեն տեղ alа Թիֆլիս, մշակական ու նոր-դարական անունով բաժանված [ 47 ] կռվում են, իբրև մտքի հակառակորդներ․ բայց նրանց այդ գաղափարի կռիվն ուրիշ բան չի, միայն ասիական թշնամություն, որ արտահայտվում է ամեն մի դեպքում, ամեն մի գործի մեջ։ Այդ նեղ, չինական հայացքի ու հոգու տեր մարդկանց իդեալներն ու կուռքերն անձնավորություններ են և «ԵՍ»-եր, սակայն նրանք չեն քաշվում միշտ պարծենալու, որ իրանք սկզբունքների զինվորներ են, ոչ թե մի ուրույն տեսակի ստրուկներ ու մարդապաշտներ։

Նրանց վեճերի մշտական առարկան հոգևորականությունը, եկեղեցին է. կարծես, թե նրանց խելքին ու դատողությանը լայաղ ուրիշ բան չկա, բայց իսկապես՝ այս նրանց մտքի թշվառության և աչքերի կուրության ապացույցն է։ Ինչ որ խոսեն, անգիր արած աշուղի նման, կգան կկպչեն եկեղեցուն, թեկուզ անտեղյակ այն նույն եկեղեցու էությանն ու գոյությանը, լրության ու թերությանը։

Այդ պարոններին դուք տեսնում եք լրագիրներում. կարդում եք նրանց գավառական թղթակցությունները․ վրդովվելով, հանուն արդարության պասկվիլներ, պամֆլետներ, սուտ-սուտ լուրեր են գրում իրանց անձնական հակառակորդներին անվանարկելու, կամ չարած գործերը փառաբանելով— գովում են իրանց քեռուն ու խնամուն․ և այդ ամեն ձևով— լուր, հոդված, վեպ, դուք էլ կարծում եք, թե հիրավի, մեր ժողովրդի կյանքը այդ է տալիս «ազնիվ» թղթակցին։

Եթե այսպես չի, հապա մի ասացեք, հայոց լրագիրների ընթերցողներ—դուք ինչ գիտեք, ինչ տեղեկություն ունեք գավառի ժողովրդից։ Բայց այս երիտասարդության և նրա կյանքի մասին մի ուրիշ անգամ։

Ժողովրդի բարոյական ու տնտեսական կյանքը ճանաչելու համար մի գեղեցիկ միջոց, մի հեշտ չափ կա— այդ կինն է։

Կնոջ վիճակը հայտնում, ցույց է տալիս, ինչպես անհատի, այնպես և հասարակության աշխարհայեցողության սահմանը, զարգացման աստիճանը։

Բորչալվոլմ կինը դեռ դատապարտված է ավանդական արհամարհանքին, իբրև «առաջին մեղքի պատճառ», «դժոխքի դուռը», նզովված բոլոր սրբերից ու սրբություններից։

Քրիստոնեության բարձր գաղափարն այլանդակող տգետ [ 48 ] կղերը այսպես քարոզեց կնոջ դերը։ Եվ այս առարկայական հասկացողությունը կնոջ մասին, այս անարգանքի մշուշը, որ ավելի թանձրացրել են միջնադարյան աշխարհքից փախած, մենակյաց, խոտաճարակ ճգնավորները, դեռ ծանր չոքած մնում է այնտեղ՝ Բորչալվում, կնոջ վերա։ Դեռ այնտեղ բարոյապես սահմանված ընդհանուր հարգանք չկա դեպի կինը․ տղամարդի, անհատի բարեհայեցողությանը, քեֆին է թողած, թե նրան ընչի տեղ կդնի։

Այո՛, «Մարդ գդակը վեր ա դնում հետը մասլահաթ անում, խո իսան (մարդ) ա», ասում է տղամարդը կնոջ մասին․ «Մարդի ծեծած—վարդի ծեծած» ասում է ծեծված, նախատված կինը, և, այսպիսով, մեկից մի փոքր զիջում, մյուսից համբերություն՝ մեղմանում է տրադիցիայի խստությունը, բայց սա քիչ է, շատ է քիչ․ սա դեռ մայրը, կինը, կյանքի ընկերը չի…։

Տողատակեր[խմբագրել]

  1. Պ<արոն> Տ. Վ.-ն մի տարի յուր կնոջ հետ ուսուցչություն է արել Ալեքսանդրապոլ, 800 մանեթով։
  2. Կաշառքը զանազան անուններով են տալիս―աջահամբույր, չայի փող, ճամփի ծախս և այլն։