Jump to content

Գավառական ողբերգություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գավառական ողբերգություն



Բազիլիո—․․․ Նախ մի թեթև շշուկ, որն անցնում է գետնի երեսով, ինչպես ծիծեռնակը մրրկից առաջ, pianissimo մրմնջում է ու թռչում և թունավորված հետք է թողնում իր ետևից։ Մի որևէ բերան ընդունում է այն և piano, piano սահեցնում է ճարպիկորեն ձեր ականջը։ Չարիքը կատարված է, նա ծլում է, սողոսկում ու ճանապարհ հարթում և, բերանից բերան, rinforsando տարածվում է։ Ապա, հանկարծ, չեմ իմանում ինչպես, մեկ էլ տեսար, բամբասանքը տնկվում է, փքվում, ուռչում, մեծանում արդեն տեսանելի ձևով, խոյանում է, զարգացնում իր թռիչքը, պտտվում, փաթաթում, պոկում, տանում, պայթում և որոտում և, շնորհիվ երկնքի, դառնում է ընդհանուր աղաղակ, հանրային crscendo, ատելության և հալածանքի մի համաշխարհային խմբերգ։ Ո՞ր սատանորդին կը դիմանա դրան։
ԲՈՄԱՐՇԵ
«Սևիլյան սափրիչ», Բ արարված, VIII պատկեր


Ա

Խամբուրենց Հաջի աղան մի առավոտ, տնից դուրս գալուց հետո, փոխանակ քայլելու Մեմեդ Փաշայի պարտեզի առջևով, Փոքր Աղբյուրի կողքով, Հին Ժամի պատի տակով՝ դեպի Մեծ Հրապարակը և այնտեղից էլ, հազիվ հիսուն քայլ, իր խանութը, ինչպես արել էր երեսուն և հինգ տարի, իբրև անխախտ օրենք,— Մեմեդ Փաշայի պարտեզի առաջից ծռվեց դեպի Բոշայենց փողոցը, հետո՝ Զինանոցի առաջով իջավ Մեծ հրապարակը և այնտեղից էլ խանութը։

Բոշայենց փողոցում, ինչպես եղավ, Հաջի աղան մեջքն ուղղեց, գլուխը վեր առավ, նայեց մի լուսամուտի և անցավ, դարձյալ գլուխը կախ, մինչև հասավ խանութը։

Երբ խանութի դուռը բաց արավ ներս մտավ, հանկարծ Հաջի աղան ինքն էլ անդրադարձավ իր արածի անսովորությանը և զարմացավ՝ ինչո՞ւ Բոշայենց փողոցից եկավ և ոչ թե ամեն օրվա ճանապարհով։ Չկարողանալով որևէ պատճառաբանություն գտնել, քթի տակեն թեթև ծիծաղեց, կես սպիտակացած բեղը շոյեց և սկսեց բաց անել խանութի փեղկերը։

Երեսուն և հինգ տարի անցած չլինելով Բոշայենց փողոցից, Հաջի աղային բոլորովին անծանոթ էր, թե ինչ փոփոխություններ էին տեղի ունեցել այդտեղ, ո՛վ էր հեռացել այնտեղից և ո՛վ էր փոխադրվել այնտեղ։

Մինչդեռ Հաջի աղան, ըստ ամենօրյա սովորության, հաճախորդներին էր սպասարկում, Բոշայենց փողոցում ծնունդ էր առնում մի դեպք։ Երբ Հաջի աղան Բոշայենց փողոցում մեջքն ուղղեց, գլուխը վեր առավ և նայեց մի լուսամուտի, հենց այդ լուսամուտի դիմացը գտնված մի ուրիշ լուսամուտից մի կին տեսավ Հաջի աղային և, քաշվելով լուսամատից, ապշահար բացականչեց.

— Քա՜, է՞ս ինչ էր, հա՜ տեր Աստված…

Լսողները ավելի ապշահար, անմիջապես և ինքնաբերաբար, խաչակնքեցին և հարցրին.

— Ի՞նչ եղավ, Էլմա՛ս խաթուն։

Էլմաս խաթունը, առանց ուշադրություն դարձնելու իրեն եղած հարցումներին, շարունակեց.

— Տե՜ր, անուշիկ մայրի՛կ Աստվածածին, չհիշե՛ս մեր մեղքերը։

Էլմաս խաթունը, թևերը բանալով, կանգնեց սենյակի մեջտեղում և «ՏԵՐ ԶԻ ԲԱԶՈԻՄ»֊ից երկու տուն մրթմրթաց։

— Էլմաս խաթուն, ի՞նչ եղավ, քա՞,— հարց տվեց նրա ամուսնու եղբոր կինը։

— Չոջուխները[1] դուրս հանեցեք, ըսեմ,— հայտարարեց Էլմաս խաթունը և խորհրդավոր շարունակեց.— Տեր Քրիստո՛ս, աղա՛, չհիշես մեր մեղքերը։

Երեխաներին անմիջապես դուրս հանեցին սենյակից և չորս հարս, ամենամեծը՝ Էլմաս խաթունը, նստեցին սենյակի անկյունի ջեջիմի վրա։

Էլմաս խաթունն սկսեց.

— Խամբուրենց Հաջի աղան մեր սոխախեն[2] անցավ… — Քա՛, ի՞նչ կըսես,— բացականչեցին մյուս հարսները, ավելի մոտենալով Էլմաս խաթունին, իսկ Էլմաս խաթունը շարունակեց․— Կանգներ էր ու աչքերը տնկեր էր Աղքատենց հարսին։

Բոլորը միասին բացականչեցին.

— Քա՜…

— Աղքատենց հարսն ըլ,— շարունակեց Էլմաս խաթունը,— զահար[3] գիտեր պռստվածը, փենջիրեին ետևն էր։

— Քա՜, մեղա՜․․․

— Հաջի աղայի պես մարդը որ ճամփուց ելավ,— շարունակեց Էլմաս խաթունը,— հա՛ տեր Աստված, խաչ հանեցեք։


Բ

Երբ երիտասարդ ոսկերիչ Տիգրանն ապրում էր ուրիշ թաղում, նրան անվանում էին ղույումճի Տիգրան, բայց երբ ամուսնացավ և իր խնայած գումարով տուն մը գնեց Բոշայենց փողոցում, որը մի քիչ ավելի բարձր տեղ էր համարվում, Բոշայենց փողոցի բնակիչները Տիգրանին չներեցին այդ բարձրացումը և սկսեցին նրան «Աղքատենց» անվանել, իբրև արհամարհանք։

Տիգրանն ամուսնացավ մի թշվառ, բայց գեղեցիկ աղջկա հետ։ Նրա անունը Փայլուն էր, և բոլորը միաբերան ասում էին.

— Ինքն էլ անունին պես է, փայլուն, արևի կըլմանի։

Փայլունի ծնողները մի շաբաթվա մեջ, իրարից յոթն օրվա տարբերությամբ, մեռան․ պարտատերերը ոչինչ չթողեցին տանը, քաշեցին տարան և վաճառեցին նոր պարտքերի դիմաց, Փայլունը մնաց կատարելապես թշվառ։ Այդ օրերին էր, ծնողների մահից հազիվ քառասուն օր անց, ոսկերիչ Տիգրանը, առանց որևէ մի ուրիշի միջնորդության, գնաց Փայլունի մոտ, խնդրեց նրա ձեռքը։ Թշվառ աղջիկը, հուսահատ և ահաբեկված, բռնեց ոսկերիչի ձեռքը ու առանց տատանման գնաց նրա հետ։ Ամուսնությունից երկու ամիս հետո էր, որ Տիգրանը գնեց Բոշայենց փողոցի տունը և մոտ մի տարի էր, որ ապրում էր այդ տանը Փայլունի հետ, խաղաղությամբ և սիրով։

Այն առավոտ, երբ Խամբուրենց Հաջի աղան անցավ Բոշայենց փողոցից և ոսկերիչ Տիգրանի դռան առաջ կանգ առավ, նայեց լուսամուտին, Փայլունը տանը չէր։ Հաջի աղայից կես ժամ առաջ Փայլունը Տիգրանի հետ դուրս էր եկել, միասին գնացել էին Տիգրանի հորաքրոջ տունը։ Տիգրանը և Փայլունը կեսօրվա ճաշին հրավիրված էին։ Հորաքույրը խնդրել էր Տիգրանից, որ Փայլունին առավոտվանից բերի իրենց տունը, ինքն էլ մինչև կեսօրին խանութը փակի ու գա։ Տիգրանն այդպես արավ։

Ուրեմն, երբ Խամբուրենց Հաջի աղան կանգ առավ Բոշայենց փողոցում և նայեց ոսկերիչ Տիգրանի լուսամուտին, տանը ոչ ոք չկար, բայց Էլմաս խաթունին թվացել էր, որ մի ստվեր կար «փենջիրեին ետևը», և այդ ստվերը պետք է որ լիներ մանկամարդ հարսի ստվերը։

Էլմաս խաթունը և նրանից փոքր երկու հարսները, տան մաքրությունը և ճաշի պատրաստությունը թողնելով ամենափոքր հարսին, լաչերը նետեցին գլխները և դուրս եկան տնից, ամեն մեկը՝ տարբեր ուղղությամբ։

Էլմաս խաթունը, հիսուն քայլ հեռու, հենց նույն Բոշայենց փողոցում, մտավ մի տուն, և սկսեց.

— Քա՜, Լուսնթագ խաթուն, լսե՞ր ես ի՜նչ է եղեր։

Լուսնթագ խաթունը, բամբասանքի ծարավից տոչորված, անմիջապես գործը թողեց և երեխաների հանդեպ զայրացած, բացականչեց.

— Քա՛, փիճերս կթողո՞ւն, որ ոտքս դուրս դնիմ ու բան մի լսիմ, ըսե՛, ի՞նչ է եղեր։

— Խամբուրենց Հաջաղան մեր սոխախեն անցավ։

— Քա՛…— ապշեց Լուսնթագ խաթունը։

Էլմաս խաթունը վրա տվեց.

— Աչքերը ձգեր էր Աղքատենց հարսին։

— Փայլունի՞ն։

— Պռստվածին։ Փենջիրեին ետևն էր։

— Դահա տարի մի չիկա կարգվիլը, էդ ի՞նչ շուտ էրկանը ծոցեն դուրս թռավ,— արձագանքեց Լուսնթագ խաթունը։ — Դուն էս կըսես, յա Հաջի աղա՞ն, ճերմակ մազերեն չամչընա՞ր,— շարունակեց Էլմաս խաթունը։

— Ամա՜ն, ամա՜ն ժամանակը փոխվեր է,— ասաց Լուսնթագ խաթունը և ապշահար կանգնեց, ձեռքերը ծալելով փորի վրա։

Էլմաս խաթունը երկար չարավ, դուրս ելավ, քայլեց, դարձավ առաջին անկյունը և մտավ մի ուրիշ տուն։

— Թերեզա խաթուն, լսե՞ր ես։

― Չէ՜։

— Քա՛, դեվեին[4] անկճին մե՞ջ ես քնացել, ի՞նչ է։

— Թե՜զ ըսե, Էլմաս խաթուն, հիմա կճաթիմ։

— Խամբուրենց Հաջի աղան․․․

— Էս ի՞նչ օրի հասանք,— բացականչեց Թերեզա խաթունը։

Էլմաս խաթունը շարունակեց թափառումը։ Թերեզա խաթունը, մնալով մենակ, նորից բացականչեց.

— Հիմիկվան հարսները, վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ․․․

Էլմաս խաթունը մտավ երրորդի, չորրորդի և դեռևս տասներորդի դուռը, հաղորդեց սարսափելի լուրը և հազիվ ճաշին տուն հասավ բոլորովին հոգնած։

Մյուս հարսներն էլ իրենց կարգին մտել էին զանազան դռներ և դուրս եկել։ Նրանցից լուր ունեցողներն էլ իրենց կարգին մտել էին ուրիշ դռներ։

— Քա՛, չե՞ս լսեր, Բոշայենց փողոցը․․․

— Ե՞րբ։

— Այս առավոտ…


Գ

Յուրաքանչյուր լսող ուրիշին պատմել էր մի քիչ այլ բովանդակությամբ, այնպես որ՝ երեկոյան, երբ կանայք հաղորդեցին Բոշայենց փողոցի պատահած արտակարգ դեպքը իրենց ամուսիններին, ստացել էր հետևյալ բովանդակությունը. տեսել էին Խամբուրենց Հաջի աղային երիտասարդ ոսկերիչ Տիգրանի տնից դուրս ելնելիս և տեսել էին նաև, որ մանկամարդ հարսը նրա ետևից կամացուկ դուռը փակել է։

Դ

Հաջորդ առավոտ, խաղաղ և արևոտ մի մայիսյան առավոտ, երբ Թանկագին խաթունը մեծ մաղն ամբողջ վարդ լցրած պարտեզից տան բակն էր մտնում, լսեց սարսափելի լուրը։ Թանկագին խաթունի ոտները կքոտեցին. մաղը ձեռքից նետեց, որի վարդերը թափվեցին սալահատակի վրա, հազիվ կարողացավ ձեռքը երկարել պատի վրայի ցցին և ազատվել գետին փռվելուց։

Թանկագին խաթունը Հաջի աղայի կնոջ՝ Մեմիկ խաթունի քույրն էր։

— Ուրկի՞ց լսեցիր,— կարկամելով, հարց տվեց Թանկագին խաթունը։

— Սաղ քաղաքը կխոսա, քա՛…

Մոտ կես ժամ անցավ, երբ Թանկագին խաթունը կարողացավ գտնել իր սառնասրտությունը։ Երբ գտավ սառնասրտությունը, շալը քաշեց գլխին և վազեց քրոջ մոտ։

Ներս մտավ֊չմտավ՝ բացականչեց.

— Ամա՜ն, քո՛ւրս, էս ի՞նչ բան էր լսեցի, ականճս էրվավ։

Մեմիկ խաթունն այլայլվեց։

— Քա՛, Թանկո՛ւկ, ի՞նչ կըսես։

— Ամա՜ն, Մեմի՛կս, աշխարհք չմտնեիր…

Մեմիկ խաթունի մտքից չէր անցնում, որ քրոջ լսածը կարող էր որևէ կերպ առնչություն ունենալ իր երկարամյա ամուսնական կապի հետ. ունեցել էր աղջիկ զավակ, ամուսնացրել և արդեն մի թոռնիկի էլ տեր։

— Վրաս մարելիք կուլգա, շո՛ւտ ըսե,— խնդրեց Մեմիկ խաթունը՝ ամբողջ մարմնով դողալով։

Թանկագին խաթունը չէր կարող սկսել, դառնում էր սենյակում, ձեռքերը տրորելով։

— Սաղ քաղաքը կրակ է կտրեր, քո՛րս։

— Քա ըսե՛։

— Մեր փեսային հեչ ատանկ բան չէի սպասեր, վայ գլխո՛ւս։

Մեմիկ խաթունի համբերությունը հատավ.

— Թեզ ըսե, չէնե մեծ ձայնս կհանիմ, հա՜։ 

Թանկագին խաթունը պատմեց եղելությունը։

— Քա՛, վո՜ւյ…— ճչաց Մեմիկ խաթունը և ընկավ թախտին։

Թանկագին խաթունը գրկեց նրան, նստեցրեց։

— Շիտա՛կ ըսիր, քո՛րս, աշխարհք չմտնեի բարով, ոտքս կոտրեր՝ ժամ չերթայի ու չպսակվեի, վայ գլխո՜ւս, վայ գլխո՜ւս․․․

Երկու քույր իրար գրկած, արցունքները խառնելով իրար, երկար լաց եղան։

Թանկագին խաթունի պատմածն արդեն բավականին տարբեր էր։ Նախ՝ Հաջի աղան ոչ միայն առաջին անգամ էր անցել Բոշայենց փողոցից, այլ շատ անգամներ, երկրորդ՝ երբ Հաջի աղան դուրս էր եկել ոսկերիչ Տիգրանի տնից, Փայլունը նրա վզովը փաթաթված է եղել, երրորդ՝ փողոցում, երբ երեխաները տեսել են Հաջի աղային այդ վիճակում, ընկել են նրա ետևը, եուհա՜ կանչել և, խայտառակելով, հասցրել մինչև խանութ։


Ե

Հաջի աղան, ըստ տարիների սովորության, երեկոները փակում էր խանութը, բանալին կողպեքի մեջ վերջին անգամ դարձնելուց հետո, խաչակնքում էր երեսը, հետո, ըստ տարիների սովորության, հազում, կոկորդը մաքրում, ֆեսի դրվածքն ստուգում և սկսում քայլել։ Քայլելիս՝ գլուխը կախում էր, մտքում ունենալով օրվա անհաջող առևտուրներից մեկը։ Նա անցնում էր միևնույն փողոցով, խանութից Հրապարակը, Հրապարակից Հին Ժամի պատի տակով Փոքր Աղբյուրի կողքով, Մեմեդ Փաշայի պարտեզի առաջով՝ տուն։ Տան դռան առաջ, ըստ տարիների սովորության, մի պահ կանգ էր առնում, մի սիգարեթ փաթաթում, վառում, քաշում, մեկ՝ փողոցի վերն է նայում, մեկ՝ վար, բարևներ էր ընդունում, բարևներ տալիս, ըստ տարիների սովորության, դուռը թակում երեք անգամ։ Կինն անմիջապես բախման հարվածների թվից և ուժգնությունից իմանում էր, որ Հաջի աղան է, վազում էր, բաց անում դուռը և, ժպտալով, մեղմորեն շշնջում․ 

— Քա՜, Հաջաղա՞։

Հաջի աղան էլ՝

— Մեմի՞կ։

Հաջի աղան հանում էր կրկնակոշիկը։ Նա հագնում էր կրկնակոշիկը ամառն էլ, ձմեռն էլ։ Ապա բարձրանում էր, որ կինը, ըստ տարիների սովորության, բերի մի փոքրիկ սինու վրա դրած 50 գրամ օղի և մի փոքրիկ պնակ թթու։ 50 գրամ օղին խմելը տևում էր ավելի քան մի ժամ․ խմում էր պուտ֊պուտ, յուրաքանչյուր կաթիլն ըմբոշխնելով։ Հետո Մեմիկ խաթունը բերում էր ճաշը և միասին ուտում էին։ Ճաշի ժամանակ Հաջի աղան անպայման մի փոքրիկ պատմություն կպատմեր օրվա առևտրից, պատմություն, որ նախորդ օրվա պատմությունից հազիվ մազաչափ տարբերություն կունենար, բայց կինն ունկնդրում էր իբրև բոլորովին նոր պատմություն։

Այս բոլորը կատարվում էր երեսուն և հինգ տարուց ի վեր անխախտ միօրինակությամբ, և եթե մի որևէ կետ փոխվեր այս բոլորի մեջ, նման կլիներ այն բանին, որ մի առավոտ, հանկարծ, մարդիկ տեսնեին մի շենքի ճակատի քարերի, լուսամուտների և դռան բոլորովին այլ դասավորություն։


Զ

Բոշայենց փողոցից անցնելու հաջորդ օրվա երեկոյան, երբ Հաջի աղան փակեց խանութի փեղկերը, դուրս ելավ և դուռը վրա բերեց և կախեց կողպեքը, կարծես օդում տարօրինակություն զգաց․ անցնող մարդկանցից մի քանիսը զարմանալի, բոլորովին անսովոր նայվածքներ նետեցին նրան։ Այնուամենայնիվ, Հաջի աղան բանալին կոխեց կողպեքի մեջ, դարձրեց և, դուրս քաշելուց հետո, ըստ տարիների սովորության, ֆեսի ստուգումը արավ, և գլուխը կախելով, սկսեց քայլել։ Հրապարակից անցնելիս մի անգամ գլուխը վեր առավ և նայեց։ Հաջի աղայի համար պարզ եղավ այլևս, որ մարդիկ իրեն նայում էին տարօրինակ հետաքրքրությամբ։

«Տունը բան մը պատահած չըլլի՞»,— հարցրեց նա իր մտքում և քայլերը արագացրեց։

Քայլերի արագացնելը խախտումն էր տարիների օրինաչափության, և տեսնողները նշեցին այդ իրենց մտքում։ Ժամի պատերի տակով անցնելիս Հաջի աղան մի անգամ ևս գլուխը վեր առավ և չորս կողմը նայեց։ Այս անգամ նա զգաց, որ մինչև անգամ եկեղեցի աճապարող կանայք քողերի տակից իրեն էին նայում անսովոր նայվածքներով։

— Աճայի՜բ[5]…— մռթմռթաց Հաջի աղան և քայլերն ավելի արագացրեց։

Մինչև տուն նա հանդիպեց շատ տարօրինակ նայվածքների։

Մինչև անգամ կարծես մի խոսք նետեցին իրեն։ Հաջի աղան թեև չհասկացավ, բայց զգաց, թե այդ խոսքը ինչ֊որ կշտամբանքի շեշտ էր կրում իր հասցեին։

Հաջի աղան, վերջապես, հասավ տան դուռը։ Ըստ տարիների սովորության, կանգ չառավ դռան առաջ և սիգարեթ չփաթաթեց, այլ ուղիղ թակեց դուռը։ Ըստ տարիների սովորության, նա պետք է թակեր երեք անգամ, բայց թակեց երեք անգամից ավելի, մի գործողություն, որ կատարվեց անգիտակցորեն, իբրև արդյունք ջղային տրամադրության։

Երբ դուռր թակեց երեք անգամից ավելի, Մեմիկ խաթունը կարևորություն չընծայեց, քանի որ չէր կարող Հաջի աղան լինել, մի քիչ ուշ էլ կարող էր բաց անել, բայց Հաջի աղան դրսում ապշեց և մինչև անգամ սարսափեց։

«Ի՞նչ է եղել, որ դուռն էլ չեն բանար»,— շշնջաց նա և, անհամբերությամբ և իրեն համար անսովոր անձկությամբ, նորից թակեց։

— Էն ո՞վ է, քա՜,— սրտնեղեց Մեմիկ խաթունը, դանդաղորեն շարժվեց դուռը բաց անելու։

Երբ Մեմիկ խաթունը տեսավ Հաջի աղային, ապշությամբ ճչաց.

— Քա՛, Հաջաղա՞…

Հաջի աղան ևս ապշեց և աճապարանքով, կարծես դրսից մեկը հրեր, ընկավ ներս։

— Մեմի՞կ։

Ձայնը Հաջի աղայինը չէր, կորցրել էր բնական շեշտը, դողում էր։ 

Մեմիկ խաթունի լեզուն էլ փաթաթվեց, չկարողացավ անմիջապես պատասխանել և, հազիվ կռնակը տալով պատին, ապուշացած աչքերով քարացավ։

Այր ու կին երկար իրար երես նայեցին, կարծես ուզում էին իրար ճանաչել։

— Գնա՛, վե՛ր գնա,— հանկարծ շշնջաց Մեմիկ խաթունը։

Հաջի աղան, դողդոջուն, բայց արագ քայլերով վեր բարձրացավ, կարծելով թե ինչ որ պատահել է՝ այնտեղ պիտի տեսնի, բայց սենյակում ոչինչ չկար, ամեն օրվա սենյակը, ամեն ինչ իր տեղում։

Մի քիչ հանգստացավ և, նստելով անկյունը դրված և արևելյան գորգերով ծածկված թախտի վրա, սպասեց, որ, ըստ տարիների սովորության, կինը բերի սինին, վրան 50 գրամ օղի և մի պնակ թթու։

Բավական սպասեց։ Կինը չերևաց։

«Ջանըմ, բան մի կա»,— ասաց Հաջի աղան մտքում և մոտենալով սենյակի դռանը, կանչեց․

— Մեմի՛կ․․․

Մեմիկ խաթունը երևաց սանդուղների վրա, սինին ձեռքը։

Ըստ տարիների սովորության, Մեմիկ խաթունը պետք է նստեր Հաջի աղայի կողքին և օրվա առևտրի մասին մի պատմություն լսեր։ Նստեց, բայց Հաջի աղան, հակառակ տարիների սովորության, չպատմեց։ Հանկարծ ջղային թակեցին տան դուռը։

Մեմիկ խաթունն անմիջապես ցատկեց և գնաց դուռը բաց անելու։ Նա լսեց, որ Հաջի աղան ինքնիրեն ասաց․

«Աճայի՛բ․․․»։

Մեմիկ խաթունը դուռը բաց արավ և հազիվ կարողացավ գրկել իր աղջկան, որ լալով ընկավ մոր գիրկը և բացականչեց․

— Մարի՜կ, չլսեի բարով․․․

Պարզ էր, որ աղջիկը ևս լսել էր հոր մասին եռացած բամբասանքը և վազել էր մոր մոտ։

Մայր ու աղջիկ, գրկելով իրար, լաց եղան։

Հաջի աղան լսեց լացի ձայնը, լսեց և սպասեց, բայց երբ տեսավ, որ ողբը չի դադարում, ինքն էլ իջավ ներքև։

Մայր ու աղջիկ ապշեցին, տեսնելով նրան, որովհետև շատ անգամ էր նա լացի ձայն լսել, բայց տեղիցը չէր շարժվել։

— Մեմի՛կ, Մայրանո՜ւշ, էս ի՞նչ է,— հարցրեց Հաջի աղան խուլ ձայնով։

Մայր ու աղջիկ լռություն պահեցին, սրբելով արցունքները։

Հաջի աղան ցասումով գոռաց․

― Հը՜…

Մայրանուշն սպասում էր, որ մայրը պայթեր և ամբողջ մաղձը թափեր հոր գլխին, բայց Մեմիկ խաթունը խոհեմություն համարեց առ այժմ ոչինչ ասել և տեղնուտեղը սուտ հնարեց.

— Փեսան Մայրանուշին վրա հաչեր֊մաչեր է։

— Աղե՛կ,— մռթմռթաց Հաջի աղան։

Այս մռթմռթոցը մայր ու աղջիկ թարգմանեցին՝ իբր թե Հաջի աղան հասկացավ, որ սուտ է։

Հաջի աղան շարունակեց.

— Էրիկ մարդ է, կհաչե ըլ, կսիրե ըլ, մենծ գործ մի դարձնեք, դուն էլ աղջկանդ ֆիթ մի տար։

— Հաջաղա՞,— կշտամբանքով բացականչեց Մեմիկ խաթունը։

Հաջի աղան, որ սկսել էր վեր բարձրանալ, ետ դարձավ և կտրուկ արտասանեց.

— Էրիկմարդ է։

Մայր ու աղջիկ լռեցին, որովհետև խեղճ փեսան հանցավոր չէր և լավ, որ Հաջի աղան այդպես էր մտածում, այլապես կարող էր փեսային բռնել և անպատվել։

Հաջի աղան վեր բարձրացավ, դեռևս ոտի վրա մի հատ օղի լցրեց, խմեց և մռթմռթաց.

— Հաչեր է… Մեկ ըլ կհաչե…

Նստեց։

Մեմիկ խաթունը ժամանակին ճաշը բերեց, բայց ինքը չկերավ։ Հաջի աղան վերագրեց այդ փեսայի վարմունքից առաջացած անտրամադրության և ոչինչ չասաց, միայն հարցրեց․

— Մայրանուշը գնա՞ց։

— Գնաց։ 

Մեմիկ խաթունը մի քանի անգամ ուզեց խոսք բաց անել և պարզել ամեն ինչ, բայց չհամարձակվեց։

Հանկարծ, լուսամուտի տակ, մի փողոցային տղա սուր կանչեց․

— Փայլո՜ւն…

Մեմիկ խաթունը լսեց, հասկացավ ու գունատվեց։

Փողոցային տղան նորից կանչեց ավելի սուր ձայնով.

— Աղջի Փայլո՜ւն…

Մեմիկ խաթունը, երկրորդ անգամ լսելիս՝ էլ չկարողացավ համբերել։

— Վո՜ւյ, անկաճ չունենայի՝ չլսեի,— ասաց և երեսն ի վար պառկեց գորգի վրա։

Հաջի աղան ոչինչ չհասկացավ, մինչև անգամ բառը լավ չէր լսել․ վեր վերցրեց կնոջը, ջուր խմցրեց և ասաց.

— Էս ի՞նչ է, բոլորդ ըլ սարսախցա՞ք։

Մեմիկ խաթունը լռեց և սրբեց արցունքները, ապա բավական ուժ զգաց՝ վեր կենալու, ընթրիքը հավաքելու և անկողինները փռելու։ Հաջի աղան էլ երեկոները շուտ էր պառկում, վեր կեցավ. մի ծունկ աղոթք արավ և քնեց, իսկ Մեմիկ խաթունը երկար աղոթեց։ Աղոթելուց հետո պառկեց, բայց չքնեց, նստեց անկողնում. ուզում էր իմանալ, թե Հաջի աղան որևէ բան կխոսի՞ քնի մեջ։ Մեկ հատիկ բառ բավական էր՝ ինքը հասներ հաստատ եզրակացության։

Հաջի աղան մինչև առավոտ քնեց առանց խոսելու և գրեթե առանց շարժվելու և առավոտյան էլ ճիշտ ժամին, ըստ տարիների սովորության, վեր կացավ, բայց խանութ գնալուց առաջ, հակառակ տարիների սովորության, երկու գավաթ օղի խմեց։ Մեմիկ խաթունը հիշեց, որ իրենց ամուսնությունից հետո դա մի անգամ էր միայն պատահել, մոտ տասը տարի առաջ և դա ունեցել էր իր հզոր պատճառը, որովհետև Հաջի աղան լուր էր ստացել, որ Ամերիկայում ապրող իր մեկ հատիկ քույրը վախճանվել էր։

«Ինչո՞ւ էս օր ըլ խմեց»,— հարց տվեց Մեմիկ խաթունը իր մտքում, իբրև պատասխան իր աչքերի առաջ պատկերացնելով ոսկերիչ Տիգրանի երիտասարդ կինը՝ Փայլունը։

«Պռլստվա՛ծ»,— ասաց մտքում և, ծայրահեղորեն չարացած՝ իջավ ներքև, անմիջապես շալը քաշեց գլխին և, պարտեզի դռնից դուրս ելնելով փողոցը, քայլեց դեպի վար։

Նա գաղտնորեն ուզում էր ստուգել, թե Հաջի աղան այսօր ո՞ր փողոցով պիտի գնար խանութ։

Հաջի աղան, ըստ տարիների սովորության, քալեց Մեմեդ Փաշայի պարտեզի առաջով, Փոքր Աղբյուրի կողքով, Հին Ժամի պատերի տակով դեպի Մեծ Հրապարակը և այնտեղից էլ՝ խանութը։

Բայց Հաջի աղայի այդ օրվա խանութ գնալը մի բանով տարբերվում էր տարիների սովորությունից, շուտ֊շուտ չորս կողմն էր նայում, կողքով անցնող մարդկանց էր դիտում, որովհետև, նախորդ օրվա պես, նա հանդիպեց տարօրինակ նայվածքների, այնքան տարօրինակ, որ մինչև անգամ ուզում էր բռնել մեկին և հարցնել պատճառը, բայց գերագույն ճիգով զսպեց իրեն։

Բաց արավ խանութը և սկսեց տնտղել ապրանքները, ծալեց, շոյեց և դրեց տեղերը և սպասեց հաճախորդի։ Հակառակ տարիների սովորության, ապրանքի հետ զբաղվելուց հաճույք չզգաց։ Ներս մտավ մի գյուղացի հաճախորդ, որի հետ Հաջի աղան սկսեց եռանդուն զբաղվել, սովորականից շատ ավելի ապրանք բաց արավ և թողեց, որ ընտրություն կատարի, ինքը նայեց դուրսը։ Նա ականատես եղավ չափազանց անսովոր մի երևույթի. մի քանի հոգի կանգնել էին խանութից մի քիչ հեռու, նրանցից մեկը մատով իրեն էր ցույց տալիս մյուսներին։ Հաջի աղայի աչքի տեսությունից կորսվեց գյուղացի հաճախորդը, ողջ խանութը մշուշվեց, բայց մի ցնցում անելով, վերադարձրեց տեսողության պայծառությունը և էլի սկսեց զբաղվել հաճախորդի հետ։

— Ապրա՜նք է, խոսք չուզեր,— արտասանեց մեքենայորեն։

Գյուղացու պատասխանը Հաջի աղան չլսեց, որովհետև ճիշտ այդ պահին քաղաքացիներից մեկը, որին Հաջի աղան լավ էր ճանաչում,— իրենից առևտուր անողներից էր,— եկավ կանգնեց խանութի առաջ և հեգնորեն և կշտամբանքով ասաց.

— Մաշալլա՜հ, Հաջի աղա՛, մաշալլա՜հ…

Հաջի աղան ուզում էր կանչել և հարցնել, թե ի՛նչ էր ուզում ասել, բայց դանդաղ վճռող մարդ էր. մինչև վճռեց քաղաքացին անցավ։

Հաջի աղան գյուղացու հետ այս անգամ կարճ կապեց։ Գյուղացին զարմացավ. մի րոպե առաջվա սիրալիրությունը ինչո՞ւ հանկարծակի փոխվեց։

— Ինչ որ կուզես՝ առ ու գնա, գլոխս մի՛ ցավցներ,― ասաց Հաջի աղան թթված, մի մարդ, որի գլուխը ոչ մի հաճախորդ չէր հաջողել ցավացնել։

— Քաղաքին մեջ ապրանք շատ կա, Հաջի աղա,— ասաց գյուղացին։

— Է՛հ, աղեկ որ կա, գնա՛ առ,— կոպտորեն պատասխանեց Հաջի աղան և սկսեց ապրանքը հավաքել։

Հաճախորդը հեռացավ։

Ապրանքը հավաքելիս՝ Հաջի աղան մեկ֊մեկ դուրս էր նայում։ Թեև իրեն դիտողներ չեղան, բայց սկսեց կարծել, որ ամեն մի անցնող մի անգամ ներս է նայում և ապա անց կենում։ Վերջին կտոր ապրանքը տեղն էր դնում, ներս մտավ Մարգար աղան։ Հաջի աղան չափազանց մտահոգվեց։ Այդ ժամին ինչո՞ւ Մարգար աղան իր խանութը պիտի գար։ Նա էլ այն մարդկանցից էր, որ անում էր այն, ինչ ոը տարիների ընթացքում անում էր։ Մարգար աղան տարիների ընթացքում այդ ժամին Հաջի աղայի խանութը ոտք չէր դրել։

Մարգար աղան ներս մտավ չմտավ, հարեց.

— Տեսնամ Հաջի աղայիս քեֆն ինտո՞ր է։

Հաջի աղան ոչինչ չպատասխանեց․ լեզուն վայրկենապես չորացավ, որովհետև մտածեց, որ Մարգար աղայի գալն էլ վերջին տարօրինակ երևույթների մի օղակ է։

— Կըսիմ Հաջի աղայիս քեֆն ինտո՞ր է,― կրկնեց Մարգար աղան։

Հաջի աղան կարծեց, որ դիմացինը հեգնում է իրեն։

— Ասվածդ կսիրես, հերիք է, Մարգար աղա, քեֆի վախտ չէ։

Մարգար աղան էլ ապշեց։ Նա ոչնչից լուր չուներ և զարմացավ, որ Հաջի աղային դուր չեկավ ոչ միայն իր հարց ու փորձը, այլև՝ ներս մտնելը։

— Ի՞նչ է եղեր, մախմո՞ւր ես,— հարցրեց Մարգար աղան, այս անգամ կես հեգնանքով և ավելացրեց,— անկաճ մի՛ կախեր, քեֆ ըրե, ի՛նչ կուզեն ըսեն։

— Մարգար աղա՛, քըզի բան մի ըսի՞մ,— հարցրեց Հաջի աղան։

— Մեկ ըլ ըսե՛, երկուք ըլ ըսե՛։

— Չէ՛, միակ մեկ բան։

— Ըսե՛։

— Լեզվիդ տակն ի՞նչ կա։

— Ի՞նչ տըլլի, ջանըմ։

— Չէ՛, բան մի կա։

Մարգար աղան երդում արավ, որ լեզվի տակ ոչինչ կա։

— Սրտի՞դ մեջ ինչ կա, սրտի՛դ մեջ։

— Սրտիս մեջ ըլ բան չկա, Հաջի աղա։

Մարգար աղան նշմարեց, որ Հաջի աղան ապշահար դուրս է նայում։ Ինքն էլ նայեց։ Մի քանի հոգի, ֆեսները լկտիորեն ճակատների վրա իջեցրած, աչքերը կկոցած, նայում էին Հաջի աղային։ Բավական նայելուց հետո հեռացան, ինչ֊որ իրար հետ փսփսալով և քրքջալով։

— Մարգար աղա,— դողահար ձայնով հարեց Հաջի աղան,— էս ի՞նչ բան է։

— Ի՞նչը, Հաջի աղա։

— Բոլորը ինծի կնային։

— Ի՞նչ կըլլի, թող նային,

— Թող նայի՜ն,— երկարեց Հաջի աղան։

— Մարգար աղա,— սրտնեղած դարձավ Հաջի աղան, — չոչո՞ւխ ես, թե՞ էշ ես։

— Նե չոչուխ իմ, նե էշ իմ, հայվա՛ն,— վշտացած բացականչեց Մարգար աղան։

Տիրեց լռություն, Հաջի աղան մի ակնթարթում զգաստացավ և զգաց, որ ավելորդ հարց տվեց։

— Բան մըն էր, ըսի, ներե՛։

— Ինչ ներելու բան է, ես եկեր իմ քեֆդ կհարցնեմ, դուն ինծի ինչ կըսես,— պատասխանեց Մարգար աղան և լռությամբ հեռացավ խանութից։

Հաջի աղան եկավ այն եզրակացության, որ կոպիտ վարվեց Մարգար աղայի հետ, բայց, ի վերջո, համոզեց իրան, որ նրա լեզվի տակ մի բան կար և չասաց։ Սկսեց զբաղվել խանութի ապրանքներով մեծ ճիգով, ներքին հզոր պայքարով, որպեսզի դուրս չնայի։ Դարսած ապրանքները վերստին դասավորեց, բայց չկարողացավ ներքին բուռն ցանկությունը հաղթահարել և նորից դուրս նայեց։ Դրսում էլի մի քանի հոգի կանգնած էին և իրեն էին նայում, նայում էին տարօրինակորեն։ Տեսավ չի կարող ազատվել նայվածքներից՝ մի միտք հղացավ, փակել խանութը և գնալ տուն։

Այս անգամ զարմանալիորեն արագ վճռեց, արագ փակեց խանութը և սկսեց քայլել գլխիկոր։

Մեկը կողքից ասաց, բայց չլսեց.

— Հարսին քով կերթա։

Եվ հետևեց նրան։

Հաջի աղան, Հրապարակից անցնելուց հետո, սկսեց քայլել Հին Ժամի պատերի տակով և հանկարծ լսեց․

— Աղջի՛, Փայլո՜ւն․․․

Էլի ուշադրություն չդարձրեց այդ կանչերին, ինչպես երբ լսեց միևնույն կանչը իր տան լուսամուտի տակից.

— Աղջի՛, Փայլո՜ւն․․․

Ձայնը սուր էր և սարսափելի հեգնական։ Կանչողը միևնույն փողոցային պատանին էր, սև աչքերով, կարճ կտրված, ստևի նման ցցված մազերով։

Հաջի աղան շարունակեց քայլել։

Այս անգամ պատանին կտրեց նրա առաջը, երկու մատը կոխեց բերանը, զիլ սուլեց և կանչեց.

— Աղջի՛, Փայլո՜ւն․․․

Զարմանալի արագությամբ, ինչպես կայծակի մտրակը, որ կտրում֊անցնում է ողջ երկինքը մի ակնթարթում, Հաջի աղայի միտքը կապվեց այն կանչի հետ, որից կինը գրեթե ուշաթափվեց։

«Ուրեմն՝ այդ «աղջի Փայլունը» ինձ հետ կապ ունի»,— մտածեց նա, բայց ոչինչ չհասկացավ, ընկավ տանջալից, մտածմունքի մեջ։

Երբ պատանին մի անգամ էլ կանչեց և փախավ, այլևս ոչ մի տարակույս չմնաց Հաջի աղայի հոգում։

Երբ կինը դուռը բաց արավ և տեսավ իր ամուսնուն, բացականչեց. 

— Քա՛, Հաջաղա՞։

Հաջի աղան քշեց ներս։

— Հիվա՞նդ ես,— հարցրեց կինը։

— Չէ՛։

— Քա՛, ինչո՞ւ եկար տուն։

— Կնի՛կ, բան մի կըլլիմ, քաղաքը գլխուս կդառնա։

— Մարդ որ քառասուն տարվան չըրած բանն ընե՝ էդպես կըլլի։

— Ի՞նչ,— անձկագին հարց տվեց Հաջի աղան։

Մեմիկ խաթունը լռեց։

Հաջի աղան ետ դարձավ, սուր նայեց կնոջ աչքերին և հարցրեց.

— Լեզվիդ տակն ինչ կա նե՝ ըսե՛։

Մեմիկ խաթունը պատրաստված էր ամեն ինչ ասելու, բայց փողոցից մի խոսք լսեց և ամբողջովին այլայլվեց։

Փողոցից ասացին.

— Փայլունը քըզի կսպասե։

«Նորի՞ց Փայլուն անունը»,— մտածեց Հաջի աղան, իսկ Մեմիկ խաթունը պիտի փռվեր գետին, եթե ամուսինը չբռներ նրան։

Հաջի աղան ոչ մի եզրակացության չէր կարող հանգել, որովհետև Փայլուն անունով ոչ ոքին չէր ճանաչում ողջ կյանքում և ողջ աշխարհում։

— Մեմի՛կ, ինչ կա նե՝ ըսե՛,— խեղճուկ ձայնով ասաց Հաջի աղան։

Մեմիկ խաթունը չկարողացավ խոսել, արցունքը խեղդեց նրան։

Հաջի աղան լուռ և գլխիկոր վեր բարձրացավ, երկու գավաթ օղի տնկեց և սկսեց երթևեկել սենյակում։ Ոչինչ չէր կարող գուշակել, հազար ու մի բաներ էր միտքը բերում, չափչփում, վերվար էր անում։ Ո՛չ մի կաթիլ լույս։ Երկար երթևեկելուց և մտածելուց հետո իջավ ներքև։ Կինը խոհանոցումն էր։ Մտավ ներս, տնկվեց կնոջ առաջ և հարեց.

— Մեմի՛կ, ըսե, ե՞ս եմ խելքս թռցրեր, թե՞ դուք։

— Դո՛ւն ես խելքդ թռցրեր։

Հաջի աղան քարացավ։ Այդպիսի պատասխանի չէր սպասում։ Հանկարծ բղավեց. 

— Ինչ կա նե՝ ըսե՛․․․

Մեմիկ խաթունը լռեց։

Հաջի աղան զայրացավ, մոտեցավ կնոջը, բռնեց ուսերից և սպառնագին բղավեց.

— Ըսե՛, ըսե՛, ըսե՛…

Մեմիկ խաթունը պատմեց ինչ որ լսել էր։

․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

— Մեմի՛կ, դուն կհավատա՞ս,— հարցրեց Հաջի աղան ամբողջովին գույնը գցած։

— Աչքերով տեսեր են։

— Ես քեզի կհարցնեմ՝ դուն կհավատա՞ս։

Մեմիկ խաթունը մտածեց. «Արդյոք այդ բոլորը կարող են սո՞ւտ լինել»։

Հաջի աղային աչքերը պատասխանի էին սպասում։

Մեմիկ խաթունը կրկնեց․

— Աչքերով տեսեր են։

Հաջի աղան լուռ դուրս եկավ խոհանոցից և բարձրացավ սենյակը։ Մեմիկ խաթունը ճիշտ ժամանակին ճաշը բերեց։ Հաջի աղան նստած էր անկյունը, թախտի վրա, և համրիչ էր քաշում։ Արտաքնապես չափազանց խաղաղ էր։ Մեմիկ խաթունը ճաշը դրեց առաջը և իջավ ներքև։ Հաջի աղան ճաշի վրա չնայեց, այնպես որ, երբ մի ժամ անց Մեմիկ խաթունը եկավ ճաշը հավաքելու՝ տեսավ որ ոչ մի ձեռք չէր դիպած ճաշին։


Է

Քաղաքում տարածվող շշուկը հասավ ոսկերիչ Տիգրանի ականջը։

Սկզբում շատ տարտամ, ինքն էլ չիմացավ, թե որտեղից լսեց և ինչպես, առաջին անգամ ով ասաց. բայց հետզհետե նրա համար պարզ եղավ, որ մի օր Խամբուրենց Հաջի աղան մտել էր իր տունը, փաթաթվել էր իր կնոջը և Հաջի աղան և իր կինը եղել էին այնքան համարձակ և լիրբ, որ խոսածները դուրսը լսողներ էին եղել, իսկ իր կինը Հաջի աղայի վզովը փաթաթված եկել էր մինչև դրսի դուռր և նրան համբուրելով էր ճանապարհ գցել։ Եվ այս բոլորը շատերն իրենց աչքերով տեսել էին։ Ոսկերիչ Տիգրանն ինքը, Հաջի աղայի նման, ընկավ տարօրինակ նայվածքների տակ։ Այդ նայվածքները չէին թույլ տալիս, որ աշխատի․ մի քանի մատանիներ փչացրեց, հալած ոսկու անոթն ընկավ ձեռքից և ամբողջը թափվեց մոխրի մեջ։ Նա դարձել էր միակ եղջյուրավոր մարդը քաղաքում։

Տարօրինակ նայվածքներից մտրակված՝ Տիգրանը վեր էր թռչում, հանում կաշե գոգնոցը, փակում աշխատանոցը և գնում տուն։ Փայլունը ջերմագին սիրով դիմավորում էր նրան, փաթաթվում և սիրում։ Տիգրանը չկասկածելով դույզն չափով իր մանկամարդ կնոջ անկեղծության և առաքինության, վերադառնում էր աշխատանոցը, նստում և եռանդուն աշխատում, բայց ապակե փեղկի միջից նայող աչքերը հանգիստ չէին տալիս։

Որպեսզի կարողանար հաստատել իր կնոջ դավաճանությունը, նա հանկարծակի գնում էր տուն, որպեսզի Հաջի աղային բռնի։ Մի քանի անգամ քաղաքից գյուղ գնալ կեղծեց, հանկարծակի վերադարձավ և ոչինչ չկարողացավ տեսնել։ Հսկեց Խամբուրենց Հաջի աղային, որ այլևս տնից դուրս չէր գալիս, և խանութը մնում էր փակ։ Տիգրանն սկզբում կարողանում էր առողջ տրամաբանել․ ի՞նչ պատճառ կարող էր ունենալ երիտասարդ կինը Հաջի աղային սիրելու, ի՞նչ էր պակաս իրեն․ ինքը երիտասարդ, տունը տեղը՝ լեցուն։ Միթե Հաջի աղան կարո՞ղ էր որևէ առավելություն, թեկուզ ամենաչնչին չափով, ունենալ իր վրա, որ կինն իրեն դավաճանի և նրան սիրի, և այն էլ ա՛յն աստիճան, որ փաթթվելով մինչև դրսի դուռը գնա և նրան ճանապարհ դնի։

Այսպես էր մտածում և տրամաբանում ոսկերիչ Տիգրանը առաջին օրերը, բայց գնալով մթագնեց նրա գիտակցությունը, սկսեց խենեշ պատկերներ տեսնել. Հաջի աղան և կինը միասին, իր անկողնում, կամ անկյունում, թախտի վրա, թերևս և խոհանոցում…


Ը

Մի օր Տիգրանը շինեց մի արծաթյա ապարանջան և տուն ուղարկեց իբրև նվեր կնոջը։

— Չըսես, թե ո՛վ ղրկեց, ըսե մեկը քեզի նվեր ղրկեց,— պատվիրեց նա այն տղային, որի միջոցով ուղարկեց ապարանջանը։ 

Տիգրանը մտածում էր ոչինչ չասել, որպեսզի, երբ իրիկունը տուն գնար, տեսներ, թե Փայլունն ինքը պիտի հայտնե՞ր, որ նվեր է ստացել։

Երեկոյան հենց որ Տիգրանը ոտը դրեց տան շեմի վրա, Փայլունը դիմավորեց նրան ու մանկական ուրախությամբ թևը ցույց տվեց ամուսնուն։ Տիգրանը տեսավ ապարանջանը և խորհրդավոր հարցրեց․

— Հորաքո՞ւյրդ տվեց։

― Չէ՛։

— Յա՛, վո՞վ տվեց։

— Դուն չե՞ս ղրկեր։

— Քա՛․․․— բացականչեց Փայլունը,— ես ըլ ըսի Տիգրանս ղրկեր է։

— Վո՞վ բերեց։

— Տղա մի բերեց։

— Ի՞նչ ըսավ։

— Ըսավ նվեր է։

— Դուն չի հարցուցի՞ր քի ո՞ւրկեց է նվերը։

― Չէ՛։

— Ինչո՞ւ։

— Քա՛, ի՞նչ պիտի հարցնեմ։ Գիտեմ, որ դուն ես ղրկեր։

— Եկուր տեսնամ,— ասաց ոսկերիչ Տիգրանը և միասին գնացին սենյակ։

Տիգրանը սենյակում վերցրեց ապարանջանը կնոջ թևից, լավ քննեց և ասաց.

— Աղջի՛, Փայլո՛ւն իմ շինածն է։

— Ես գիտեմ, որ քու շինածն է, քու ձեռքդ է։

— Հա՛, ամա ե՛ս չեմ ղրկեր։

— Որո՞ւ համար ես շինել, միտքդ բեր,— հարցրեց Փայլունը։

Ոսկերիչը շեշտակի նայեց կնոջ աչքերին և ասաց․

— Շիներ եմ Խամբուրենց Հաջի աղայի համար։

— Խամբուրենց Հաջաղա՜ն։

— Հա՛։

Փայլունը բարձր և միամիտ ծիծաղեց։

— Ինչո՞ւ կխնդաս,— զայրույթով հարեց Տիգրանը։

— Ի՜նչ չի խնդամ, քա՜… Խամբուրենց Հաջի աղա՞ն․․․— երկարացրեց Փայլունը և նորից բարձր ծիծաղեց և հարցրեց.

— Ե՞րբ ես շիներ։

— Երկու օր առաջ։

— Խելքս հեչ բան չի պառկիր,— զարմանքով ասաց Փայլունը և դուրս գնաց։

Տիգրանը մտածեց. «Մեջտեղն էշը ես մնացի»։ Եվ լսեց, որ կինը երգում է և սուլում։ Երգելը նրան զայրացրեց, դուրս գնաց և կոպիտ ասաց.

— Փայլո՛ւն, բիլեզիկը ետ ղրկե։

— Որո՜ւն ղրկեմ։

— Հաջի աղային։

— Խենթ֊խենթ մի՛ խոսար։

— Խենթը դո՛ւն ես։

Փայլունը լռեց։ Առաջին անգամ էր, որ իրենց միջև կոպիտ խոսակցություն էր տեղի ունենում։

— Հիմա՛ ետ ղրկե։

— Թերևս Հաջի աղան չէ ղրկեր։

— Մի՛ հակաճառեր,— բղավեց Տիգրանը և դուրս գնաց։

Փայլունն ապշած մնաց իր կանգնած տեղում, ավելն ընկավ ձեռքից, աչքերը թացացան, գոգնոցի ծայրով սրբեց արցունքները և գնաց հարևանի փոքրիկ տղային խնդրեց՝ ապարանջանը տանելու և հանձնելու Խամբուրենց Հաջի աղային։

Երբ Մեմիկ խաթունը բաց արավ դուռը, փոքրիկ տղան, թղթի մեջ փաթաթված ապարանջանը երկարեց նրան և ասաց.

— Ղույումճի Տիգրանի կնիկը ղրկեց։

Մեմիկ խաթունը բացականչեց.

— Վո՜ւյ…

Տղան թռավ։ Մեմիկ խաթունը բաց չարավ ծրարը, ուղիղ բարձրացավ վեր, ծրարը դրեց Հաջի աղային առաջ և ասաց.

— Տե՛ս, ինչ աստիճան լկտի տըլլի, որ քըզի նվեր ղրկե։

― Ո՞վ, կնի՛կ,

— Սիրեկանդ։

Հաջի աղան ցնցվեց։ Տիրեց լռություն։

Ծրարը մնացել էր մեջտեղում և ոչ ոք չէր մոտենում բաց անելու։ 

— Լեզուդ չորացա՞վ,— կոպիտ ճչաց Մեմիկ խաթունը։

Հաջի աղան մեղմ ձայնով ասաց.

— Մեմի՛կ, էս ի՞նչ է, ո՞վ է, ե՞ս, թե՞ դուն, թե՞ աշխարքը։

— Դո՛ւն,

— Է՛, աղեկ որ մինակ ես եմ խենթեցեր, աշխարքը խելոք է․ դո՛ւն ըլ խելոք ես։

Հաջի աղայի ձայնի մեջ կար դողդոջուն մի ալիք, որ Մեմիկ խաթունի մեջ առաջացրեց խղճահարություն, աչքերը լցվեցին արցունքով, մոտեցավ, փաթաթվեց ամուսնուն և ողոքիչ ձայնով ասաց․

— Հաջի աղա, ո՛տքդ պագնեմ, ըսե՛, էս բոլորը սո՞ւտ է։

— Սո՛ւտ է, Մեմի՜կ, սո՛ւտ է, թե որ սուտ չէ, մինչև առտու անկողնես չէլլամ, տունեն դագաղով դուրս տանեն։

Մեմիկ խաթունը կարծես հավատաց, բայց հարկավոր էր ծրարը բաց անել, և արին․ ապարանջա՜ն։ Հաջի աղան և Մեմիկ խաթունը ապշահար, գրեթե խելագարված, իրար երես նայեցին․ ապարանջա՜ն։

— Մեղա՜ Աստված…— շշնջաց Հաջի աղան։

Մեմիկ խաթունը երկար մտածեց և բացականչեց, ըստ երևույթին նա եզրակացության հասել էր․

— Քա՛, Հաջաղա՞․․․

— Մեմի՛կ, ալ բան մի՛ հարցներ, քիչ առաջ դուն կըսեիր ես եմ խենթցեր, շիտակ է. ես խենթ եմ։

— Քա՛, էս ի՞նչ բան է, բիլեզիկը էրիկմա՞րդը կղրկե հարսին, թե՞ հարսը կղրկե էրիկմարդուն։

— Քանի որ աշխարքը տակն ու վրա եղավ, էդպես էլ կըլլի, Մեմի՛կ, վնաս չունի,— պատասխանեց Հաջի աղան, բայց նրա աչքերի լույսի մեջ արդեն առկախ էին իսկական խելագարության նշանները։

Մեմիկ խաթունն ինքնիրեն շշնջաց, այնպես՝ որ Հաջի աղան էլ լսի․

— Պռստվածի՜ն տես, չի՛ հավնիր, ե՜տ ղրկեր է…

Հաջի աղան խայթվածի պես ետև դարձավ, զայրացած նայեց կնոջը և հարցրեց.

— Դուն էդպե՞ս կկարծես։

— Ալ ուրիշ բան կա՞։ 

Հանկարծ Հաջի աղան բղավեց․ մի բղավոց, որ չէր լսել Մեմիկ խաթունը նրա հետ ամուսնանալու առաջին օրից մինչ այդ պահը.

— Խենթը դո՛ւն ես, խենթը աշխա՛րքն է, դո՛ւրս, դո՛ւրս, դուրս։

Մեմիկ խաթունը, վախենալով նրա զայրույթից, դուրս գնաց և հազիվ երկու աստիճան վար էր իջել, նստեց, զգալով, որ կորցնում է մարմնի հավասարակշռությունը։ Բարեբախտաբար, վրա հասավ աղջիկը, որին պատմեց ապարանջանի պատմությունը։ Աղջիկն էլ համոզվեց մոր եզրակացության, որ հայրը ապարանջանը ուղարկել էր ղույումճի Տիգրանի կնոջր, կինը չէր հավանել և սրտնեղած ետ էր ուղարկել։

Մեմիկ խաթունի լացը չկտրվեց, հակառակ, որ աղջիկը նրան գրեթե գրկելով, իջեցրեց ներքև, երեսները լվաց և ամենաքնքուշ խոսքերով ջանաց մխիթարել նրան։

— Էս ի՞նչ սև ձյուն էր մաղվավ գլխուս… ասում էր Մեմիկ խաթունը և զարնում ծնկներին։

Աղջիկը տեսնելով, որ մայրը չի հանգստանում, առաջարկեց գնալ իր տունը և մի քանի օր այնտեղ մնալ։

— Քանի մը օր մեր տունը կեցիր, տեսնենք ինչ կըլլի, ինչ չըլլիր,— ասաց աղջիկը։

— Ի՜նչ տըլլի, Սոդոմ Գոմոր տըլլ, բոլորս ըլ մեջը տի վառինք,— պատասխանեց մայրը և, շալը քաշելով գլխին, հետևեց աղջկան։

Երբ երեկոյան Մեմիկ խաթունը պատմեց ամբողջ եղելությունը փեսային, փեսան վճռականորեն հայտարարեց.

— Այդ բոլորը սո՛ւտ է, ես չե՛մ հավտար։

Փեսան լսեր էր դրսի բամբասանքը, նա միայն չէր իմանում ապարանջանի դեպքը, որ նույնպես նրան թվաց բոլորովին անհավանական։

— Քա՛, փեսա՛,— ասաց Մեմիկ խաթունը,— բերող տղան ըսավ քի բարև ըրե Հաջի աղային և ըսե քի Փայլունը ղրկեց։

— Այս բոլորին մեջ օյին մի կա, քիչ մը համբերեցեք, տեսնանք ի՞նչ կըլլի,— եզրափակեց փեսան, և պատրաստ էր գնալու աներոջ մոտ և պարզելու խնդիրը, բայց ո՛չ իր կինը, և ո՛չ էլ զոքանչը թույլ չտվին։ 

Թ

Հաջի աղան ամբողջ գիշերը մենակ մնաց տանը և ոչ մի վայրկյան չքնելով, մինչև անգամ շորերը չհանելով, մտածեց։ Նրա մտքից երբեք չանցավ, թե կինը տանը չէր․ նա կարծեց, որ մյուս սենյակում քնեց և չուզեց իր երեսը տեսնել։

Ամբողջ գիշերը, լռության և մենակության մեջ, հազար ու մի բաներ անցան նրա մտքով, բայց ոչ մի եզրակացության չկարողացավ հանգել․ երբեմն հաստատապես համոզվում էր, որ ինքը խելագարված է, բայց երբ գալիս էր այդ համոզման, ակամա մի թեթև ժպիտ էր ուրվագծվում դեմքի վրա, և ինքն իրեն մռթմռթում էր. «Շա՜տ աղեկ, խենթցեր եմ. ջանը՛մ, խենթ մարդը ինքը կգիտնա՞ թե խենթցեր է»։

Կեսգիշերից հետո մի կամ երկու անգամ տան մեջ ձայն լսեց, առաջացավ սենյակի դուռը, ունկնդրեց և, հանդիպելով լռության թանձր պատերին, վերադարձավ իր անկյունը, նստեց և, անվերջ ծխելով, մտածեց։ Առավոտյան դեմ հանկարծ որոշեց գնալ ղույումճի Տիգրանի մոտ և խոսել նրա հետ ու պարզել ամեն բան։ Երբ այս որոշումը տվեց, թեթևացավ նա, մինչև անգամ թեթևացավ նրա մարմինը, որ կարծես ծանրացել էր, ինչպես դիակ։

Առավոտյան կիրակի էր, Տիգրանը տունը կլիներ, կարող էր գնալ և տունը, կինն էլ կլիներ տանը, կարող էր խոսել մինչև անգամ կնոջ ներկայության և ամեն թյուրիմացություն վերացնել։

Երկար սպասեց Մեմիկի ներս մտնելուն, բայց Մեմիկը չերևաց․ որոշեց գնալ, էլ սպասելու կարիք չկար։ Մեմիկը, երևի, եկեղեցի է գնացել, մտածեց նա և, ապարանջանը դնելով գրպանը, իջավ սենյակից։ Տանը բացարձակ լռություն էր. մտավ խոհանոցը, ոչ ոք կար։ Երբ դրսի դուռը պիտի բաց աներ, կանգ առավ դռան ետև. գնա՞ր, թե՞ չգնար․ գնար ի՞նչ ասեր, ինչի՞ց սկսեր, ի՞նչ կար որ ինչից սկսեր, ապա՝ որոշեց սկսել ապարանջանից և վճռականորեն նրա քայլերն ընկավ դուրս։

Փողոցում ոչ ոքի չէր նայում, խուսափելու համար ջղայնացնող նայվածքներից։ Նրան տեսնողները, մինչև Մեմեդ Փաշայի պարտեզը՝ այնքան էլ ուշադրություն չդարձրին, կարծեցին, թե եկեղեցի է գնում, բայց, երբ Մեմեդ Փաշայի պարտեզից ծռվեց դեպի Բոշայենց փողոցը, այլևս ոչ մի անուշադիր նայվածք չմնաց, մի քանի հոգի մինչև անգամ ետ դարձան տեսնելու համար, թե Խամբուրենց Հաջի աղան ինչո՞ւ ծռվեց Բոշայենց փողոցը։ Հաջի աղան գնաց ու կանգ առավ ոսկերիչ Տիգրանի դռանը և առանց վարանելու թակեց դուռը և սպասեց։ Եթե մեկը նրան մոտիկից դիտեր՝ կտեսներ նրա ճակատի բարակ քրտինքը և տերևի նման ողջ մարմնով դողալը։ Նրա գլուխը կախ էր, նայում էր գետնին, առանց նայվածքը վեր բարձրացնելու։

Եթե նա մի անգամ նայվածքը բարձրացներ, կտեսներ հեռուն կանգնած 25—30 հոգի, որոնք անհամբեր սպասում էին, թե ինչ պիտի պատահեր, կտեսներ Էլմաս խաթունը և մյուս հարսները, որոնք դիմացի լուսամուտից, գրեթե իրար վրա հենվելով, դիտում էին իրեն։ Նրանք սպասում էին, որ Փայլունը դուռը բանա, հրավիրի Հաջի աղային ներս և փաթաթվի վզովը, և իրենք էլ երկրորդ անգամ ականատես լինեն։

Հանկարծ Փայլունը երևաց պատշգամբը և ձայնեց.

— Ի՞նչ կուզեք։

— Պարոն Տիգրանը կուզիմ։

— Տիգրանը տունը չէ։

— Ե՞րբ կուգա,— հարցրեց Հաջի աղան, բայց այլևս գրեթե բան չէր տեսնում, որովհետև, նայվածքը վեր բարձրացնելով, տեսել էր դիմացի կանանց և փողոցում կանգնողներին։

— Չեմ գիտեր,— պատասխանեց Փայլունը և դողահար ներս քաշվեց պատշզամբից։

Հաջի աղայի քայլերը մեքենայորեն ետ դարձան։ Գլուխը կախ՝ նա շարունակեց ճանապարհը, հազիվ ջոկելով փողոցի քարը առվից։ Նա լսում էր բացականչություններ, որոնք ծակում էին նրա ականջը։

— Տեսավ, որ մարդ կա՝ «Պարոն Տիգրա՜նը կուզիմ»…— ծամածռելով կանչում էր մեկը։

— Հաջաղա՛, Փայլունը քեզ կկանչի…

— Հաջաղային քեֆը եկե՜ր է․․․ 

Հաջի աղան հասավ տուն, սառը քրտինքի մեջ ողողված, մտավ ներս, դուռը փակեց և հենց դռան ետև նստեց և ինքնիրեն ասաց. «Մահվան թասա է»։

Մեմիկ խաթունը չէր երևում։ Մի կերպ հավաքեց իր ուժերը, բարձրացավ սենյակը և, մոտենալով լուսամուտին, դիտեց դուրսը գաղտագողի։ Ոչ ոք չկար փողոցում, իրեն հետևողները ցրված էին։ Այս իրողությունը կազդուրեց նրան, և թեթևացավ։ Մարմնի ղողը դադարեցնելու համար մեկ երկու գավաթ օղի քաշեց և նստեց անկյունը և սկսեց մտածել մի ելք գտնելու համար։

Որքան մտածում էր, այնքան մթնում էր իր աչքերի առաջ ողջ աշխարհը։ Ինչի՞ց սկսվեց այս բոլորը, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ է այդ աղջիկն իրեն ապարանջան ուղարկել. արդյոք ճի՞շտ կաներ, եթե ապարանջա՞նը ներքևից նետեր պատշգամբը, որպեսզի բոլորը տեսնեին, թե ինքը չի ընդունում այդ նվերը. թերևս սխալ արավ, որ չարավ, թերևս անհրաժեշտ էր գնալ և ապարանջանը շպրտել պատշգամբը և վերադառնալ։

Գնալով մտքերը դառնում էին կիզիչ․ կարծես տաք, շիկացած շամփուրներ էին կոխվում գանգի մեջ և անգթորեն դուրս քաշվում. կարծես մի հզոր և կոպիտ ձեռք բռնում էր իր սիրտը և ճմլում, ինչպես մի բուռ մսի կտոր։ Հանկարծ վեր կացավ, մոտեցավ սենյակի դռանը և կանչեց․

— Մեմի՜կ…

Կանչեց և անմիջապես լռեց, որովհետև ձայնը սայթաքեց, կորցրեց իր բնական շեշտը. կարծես մի օտարոտի մարդ էր կնոջը կանչում․ ետ քաշվեց, մոտեցավ հայելուն, հազիվ կարողացավ իր դեմքը ճանաչել, քայլեց դեպի անկյունը, բայց սկսեց պտտվել ողջ մարմնով, օրորվում էր սենյակը, առաստաղը ծռվեց, նորից ուղղվեց, պատից կախված լամպը հպավ հատակի գորգին և նորից կախվեց իր տեղը։ Որքան ջանաց մի սիգարեթ փաթաթել, չհաջողվեց, որովհետև մատներն իրար չէին հասնում. նայում էր մատներին և տեսնում էր ահավոր տարածություն իր երկու մատների միջև. վերջապես հասավ անկյունը, մարմինը ձգեց հատակին, գլուխը դրեց բարձի վրա և փակեց աչքերը։ 


Ժ

Երբ պատարագը վերջացավ և ոսկերիչ Տիգրանը դուրս եկավ եկեղեցուց, նա ևս ենթակա եղավ տարօրինակ նայվածքների տարափի։

Դեռ եկեղեցու բակումն էր, երբ լսեց.

— Ժա՜մ է եկեր, տո՛ւն գնա, տե՛ս ո՞վ կա էնտեղ։

Լսեց, թեև հաստատ համոզված չլինելով, որ իրեն է վերաբերում, այնուամենայնիվ, ետ դարձավ։ Մարդկանց երեսին տեսավ հեգնական ժպիտ։ Ցնցվեց։ Եկեղեցու բակից դուրս ելնելիս մեկը,— այս անգամ արդեն պարզ էր ակնարկությունը,— ասաց.

— Հաջաղա Փայլունին քով էր գացեր․․․

Այս լսելուց հետո ոսկերիչ Տիգրանը միայն բնազդորեն գտավ իր տան ճանապարհը։

Տուն մտնելուն պես կատաղած բարձրաղաղակ պոռաց․

— Ո՞վ էր եկեր հոս։

Փայլունը նայեց Տիգրանի աչքերին, և՛ սարսափեց, և՛ սարսափից ամեն ինչ մոռացավ, հենվեց պատին և բյուրեղացած աչքերով սկսեց նայել անգույն տարածության մեջ։ Տիգրանը մոտեցավ նրան․

— Ո՞վ էր եկեր քովդ,— հարցրեց ահռելի ձայնով։

Փայլունը ոչինչ չկարողացավ պատասխանել։ Տիգրանը քաշեց ուսից և շպրտեց նրան հատակին։

— Ո՞վ էր եկեր հոս, կըսիմ, բերանդ չի՞ բացվիր, հա՞…— բղավեց զայրույթի գագաթնակետին հասած և բարձրացնելով ջրի կուժը՝ շպրտեց նրան։

Փայլունը դարձյալ բնազդորեն և մեքենայորեն խուսափեց հարվածից։ Կուժը զարնվեց պատին և շառաչյունով փշրվեց։

— Տիգրա՜ն…— հազիվ կարողացավ արտասանել անմեղ կինը։

— Դահա անո՞ւնս կուտաս, լի՛րբ,— պոռաց Տիգրանը և նորից մոտեցավ կնոջը։

Ոչ մի աղերսական նայվածք չազդեց խելագարված ամուսնու վրա։ 

— Ժամ չեկար, որ Հաջի աղայի հետ քեֆ ընես, հա՞, հիմա քեֆը ես քըզի սովրացնիմ։

Փայլունը ուզում էր ասել, թե Հաջի աղան եկել էր և միայն իրեն էր հարցնում, բայց Տիգրանը չթողեց, որովհետև կատաղությամբ հարձակվեց վրան, երկու ձեռքերով բռնեց վիզը և սկսեց սեղմել։ Փայլունի աչքերն ընկան դուրս և արյունակալվեցին, մատներովը ճանկռոտեց Տիգրանի երեսը, որից Տիգրանն ավելի կատաղեց և ավելի ուժգնությամբ և խելագարվածի ֆիզիկական ուժով շարունակեց կոկորդի սեղմումը։ Հանկարծ Փայլունը թուլացավ, կորավ վզի դիմադրականությունը, այնպես, որ Տիգրանի մատները խրվեցին կնոջ մսի մեջ։ Ինչպես ձեռքերի արանքում լիներ խմորի մի կույտ, մարմինն ամբողջ կորցրեց իր պնդությունը և շորի կտորի նման ընկավ Տիգրանի ծնկների վրա։ Տիգրանը վայրկենապես սթափվեց և սարսափեց, ձգեց Փայլունի մարմինը հատակի վրա և սկսեց կանչել.

— Մեռա՜վ, մեռա՜վ, մեռա՜վ…

Ձայնն այնքան բարձրաղաղակ և աղիողորմ էր, որ բոլոր հարևանները լսեցին և թափվեցին դռան առաջ։ Տիգրանն ուզում էր մոտենալ դռան և բաց անել, բայց դողում էին ծնկները և չկարողացավ ոչ մի քայլ անել։ Դռան առաջ հավաքվողները լսում էին, որ Տիգրանն ինչ-որ ձայներ էր հանում, կարծես լացի ձայն էր, բայց անասնական։

Դռան առաջ հավաքվողների մեջ երկու երիտասարդ, տեսնելով, որ Տիգրանը դուռը չի բաց անում և զգալով ինչ֊որ զարհուրելի ոճրի առկայությունը տան ներսում, քայլեցին տան ետևը, բարձրացան պատի վրա և, ցատկելով պարտեզը, ներս մտան և բաց արին տան դուռը։ Բազմությունը լցվեց ներս։ Փայլունի դիակն ընկած էր հատակին անշնչացած։ Տիգրանը քաշված մի անկյունում, հատակի վրա ծնկի չոքած, գլուխը հենած պատին՝ հեկեկում էր։

Ավելի արագ, քան կայծակի սլացումը՝ ամբողջ քաղաքում տարածվեց ոճիրի լուրը։

— Ոսկերիչ Տիգրանը կնիկն է խեղդե՜ր։

— Վա՜յ Հաջաղա՛, վա՜յ․․․ 

ԺԱ

Ոճիրի լուրը լսեց և Մեմիկ խաթունը հենց աղջկա տանը․ լսեց նա մանրամասնորեն. Հաջի աղան գնացել է Փայլունի մոտ այն ժամանակ, երբ ամուսինը եկեղեցումն է եղել. Փայլունը ներս է առել Հաջի աղային, ոսկերիչը տուն վերադարձին իմացել է, բացատրություն է պահանջել կնոջից, կինը լռել է և…

— Աս մարդը խելքը թռցրե՜ր է,— բացականչեց Մեմիկ խաթունը և վազեց տուն։

Հաջի աղան ոչինչ չէր լսել ոճրի մասին։

Մեմիկ խաթունը տուն մտնելուն պես ձեռքերը խփեց ծնկներին և կանչեց․

— Հաջի աղա՛, Հաջի աղա՛, նամուս չի մնաց, ալ բան չի մնաց…

Հաջի աղան լսեց այդ կանչը, բայց կարևորություն չընծայեց, որովհետև նոր բան չգուշակեց․ նա կարծեց, թե միևնույն դեպքի շարունակությունն էր, բայց լուսամուտի տակ ձայներ սկսեցին լսվել․ լսեց իր անունը, Փայլունի անունը, ոսկերիչի տունը։ Նախ և առաջ Հաջի աղան որոշեց պահել իր սառնասրտությունը։ «Կհաչեն՝ կհաչեն՝ կերթան»,— եզրակացրեց նա մտքում և փաթաթեց սիգարեթը, բայց ձայներն ավելի բարձր և ավելի համառ դարձան։

— Նազենիմ հարսին գլոխը կերավ…

— Դատաստանին օրը ի՞նչ պատասխան տի տա։

— Լոս֊լոս գնացեր է հարսին քովը…

Հաջի աղան չկարողացավ դիմադրել, մոտեցավ լուսամուտին։

Փողոցում լիքը բազմություն կար, բոլորն էլ դեպի լուսամուտն էին հառել իրենց աչքերը։

Հաջի աղան ետ քաշվեց և սկսեց ունկնդրել։ Ոչ մի բացականչությունից չկարողացավ իմանալ, թե նոր ի՞նչ է պատահել, բայց նրա ներքին աշխարհում չոքեց մռայլությունը։ Երկար ունկնդրելով ձայներին և չկարողանալով որևէ եզրակացության գալ, երկու գավաթ նորից օղի տնկեց և իջավ ներքև՝ Մեմիկից մի բան իմանալու։

— Մեմի՛կ…

Մեմիկ խաթունը գլուխը վեր բարձրացրեց և սարսափահար աչքերով նայեց ամուսնուն։ Նա սարսափեց նախ և առաջ նրա ձայնից, բոլորովին օտարոտի էր այդ ձայնը, չկար այդ ձայնի մեջ երեսունհինգ տարվա հարազատությունը, և ապա Հաջի աղան փոխվել էր դեմքով, զգալիորեն ծերացել էր, մռայլվել, հոնքերը կախվել էին աչքերի վրա, ինչպես քիվը՝ փլատակ տան կույր լուսամուտների վրա։

— Մեմի՛կ․․․— նորից ձայնեց Հաջի աղան։

— Մեմիկ գետնին տակ անցներ, աս բանը չտեսնար,— պատասխանեց Մեմիկը։

Հաջի աղան լռեց, կարծես թանձր պատերի միջից տեսնում էր դռան առաջին բազմությունը։

— Մեմի՛կ, ի՞նչ է եղեր, ըսե՛,— ասաց Հաջի աղան։

Մեմիկ խաթունը խղճաց Հաջի աղային. նրա ձայնում այնքան աղերսական շեշտ կար, որ ամենաանտարբեր մարդն անգամ կզգացվեր։

— Հաջի աղա՛, ո՛տքդ պագնիմ, սա բաներն ինչո՞ւ ըրիր,— լացով արտասանեց Մեմիկ խաթունը։

— Ջանըմ, ի՞նչ ըրի, ի՞նչ եմ ըրեր…

Մեմիկ խաթունը պատմեց ահավոր եղելությունը…

․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

— Խեղդե՞ց,— հարցրեց Հաջի աղան։

— Հա՛, խեղդեր է։

Հաջի աղան մի քիչ օրորվեց, բռնեց սանդուղների հենարանը, ձեռքը տարավ ճակատին՝ վայրկենապես կուտակված պաղ քրտինքի կաթիլները սրբելու, և դանդաղորեն բարձրացավ իր սենյակը։ Սանդուղից վեր բարձրանալիս նրան թվաց, որ քայլում է դեպի ավելի և ավելի մութը․ կարծես մթնոլորտը սևացավ, խտացավ և դարձավ կուպր։ Սենյակ մտնելիս նա մինչև անգամ ժպտաց, ինչ֊որ չճանաչեց, տարիների հարազատ սենյակը կորցրել էր իր արտաքին տեսքը։ Դեռևս փողոցի ձայները լսվում էին, բայց ոչ քիչ առաջվա պարզությամբ, որովհետև Հաջի աղան սուզվում էր անել քաոսի մեջ։ Գրեթե խարխափելով, նա գտավ պահարանը, բնազդորեն բաց արավ և, կույրի նման շոշափելով, ձեռք բերեց օղու շիշը, քաշեց բերանին, խմեց մինչև հատակը։ Շիշը չկարողացավ իր տեղը դնել, բաց թողեց պարապության մեջ․ շիշն ընկավ հատակին և ջարդվեց․ Մեմիկ խաթունը լսեց այդ աղմուկը և շշնջաց․

— Շուշա՞ կկոյրե, կոյրե (կոտրե), գլո՛ւխդ ըլ հետը կոյրե, աննա՛մուս․․․

Հանկարծ մի միտք, ինչպես մթան մեջ վառվող փոքրիկ լուցկին, լուսավորեց Հաջի աղայի տեսողությունը։ Ինչքան այդ միտքը լայնացավ նրա ուղեղում, այնքան պայծառացավ շրջապատը, իրերը ստացան իրենց նախկին ձևը, սենյակը լուսավորվեց, ջարդված շշի բեկորները հատիկ֊հատիկ երևացին նրա աչքին, նա մինչև անգամ ժպտաց, ինչ֊որ շշնջաց, կարծես մի գաղտնի բան ասաց ինչ֊որ մեկին, քայլերն ուղղեց դեպի դուռը, դուրս ելավ, իջավ սանդուղից, մտավ կրակատունը, բաց արավ պահարանը, վերցրեց լվացքի թոկը, որ Մեմիկ խաթունը խնամքով փաթաթել էր, թոկը դրեց ժակետի տակը, որ ոչ ոք չտեսնի, բարձրացավ նորից սենյակը։ Կարծես ուրախ տրամադրություն ուներ, ուզեց օղի խմել, բայց ոչ մի կաթիլ չկար։

Մեմիկ խաթունը լսեց սեղանի անկման աղմուկը, բայց ոչինչ չկարողացավ գուշակել, նորից շշնջաց.

― Աննա՛մուս․․․

Ապա ողջ տանը տիրեց լռություն, ինչպես փակված գերեզմանում։

Փողոցի բազմությունը դեռ ամբողջովին չէր հեռացել, երբ Մեմիկ խաթունը որոշեց վեր բարձրանալ, խոսիլ ամուսնու հետ, թքել նրա երեսին և պահանջել, որ մի բան անի՝ բազմությունը հեռացնելու։

Մինչև Մեմիկ խաթունի սենյակ մտնելը Հաջի աղան ավանդել էր իր հոգին․ նրա մարմինը երկարել էր, ոտները գրեթե հասել էին սենյակի հատակին։ Երբ Մեմիկ խաթունը տեսավ Հաջի աղային՝ սյունի պես երկարած հատակեն մինչև առաստաղը, սարսափելի ճիչ արձակեց և ընկավ հատակին, հազիվ մի քանի անգամ կարողանալով կանչել՝ հասե՜ք․․․ 

Փողոցում կանգնողները լսեցին ճիչը և ապշահար դարձան դեպի լուսամուտը։ Մեկն աղաղակեց․

— Հիմ ըլ կնիկը կխեղդե։

— Հասե՛ք, տո՛․․․

Մի քանի հոգի մոտեցան դռան, հրեցին, բաց արին։ Բազմությունը լցվեց ներս և տեսավ Մեմիկ խաթունին՝ ընկած սենյակի հատակին, ուշագնաց, իսկ Հաջի աղայի հասակը, ինչպես մի սյուն, տնկված էր սենյակի մեջտեղում։


1935 թ.

Տողատակեր

[խմբագրել]
  1. երեխաներին
  2. փողոց
  3. երևի
  4. ուղտ
  5. զարմանալի