Դոն Կիխոտ/Գլուխ V

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գլուխ IV, որ պատմում է, թե ինչ պատահեց մեր ասպետին իջևանատնից գուրս գալուց Դոն Կիխոտ

Միգել Սերվանտես

Գլուխ VI, մեծ ու զվարճալի հետազոտության մասին, որին ենթարկեցին քահանան ու սափրիչը մեր հանճարեղ հիդալգոյի գրադարանը
[21]


ԳԼՈԻԽ V
ՈՐ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԵՐ ԱՍՊԵՏԻ
ՁԱԽՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Այդ միջոցին ճամփով մի գյուղացի էր անցնում, նույն գյուղի բնակիչ, որտեղից որ մեր ասպետն էր, և նրա դրացին։ Նա վերադառնում էր ջրաղացից, որտեղ ցորեն էր տարել։

Հանելով դոն Կիխոտի երեսակալը, որ ջարդվել էր փայտի հարվածներից, գյուղացին սրբեց նրա փոշոտ դեմքը։

— Պարոն Կեխադա (որովհետև նա այդպես էր կոչվում, քանի խելքը տեղն էր և խաղաղ հիդալգոյից թափառական ասպետ չէր դարձել), այդ ո՞վ է ձերդ ողորմածության բուրդն այդպես գզել։

Բարի մարդը խնամքով հանեց նրա կրծկալն ու մեջկալը, որպեսզի տեսնի՝ վիրավորված հո չի՞։ Սակայն ոչ վերք, ոչ արյուն չերևաց։ Ապա բարձրացրեց նրան գետնից և մեծ դժվարությամբ նստեցրեց իր էշի վրա։ Վերջապես հավաքեց զենքերը, անգամ նիզակի կտորները, կապեց այդ ամենը Ռոսինանտի թամբին, բռնեց ձիու սանձն ու էշի նոխտան և ճանապարհ ընկավ դեպի գյուղ, խորհելով խելագար խոսքերի մասին, որ արտասանում էր դոն Կիխոտը։

Գյուղացին հանգեց այն եզրակացության, որ իր հարևանը ցնդել է և շտապեց շուտ տուն հասնել, որովհետև դոն Կիխոտի երկար ու բարակ ճառերը ձանձրացնում էին։

Իրիկնադեմին նրանք հասան գյուղ։ Սակայն գյուղացին սպասեց, որ բոլորովին մթնի, որովհետև չէր կամենում, որ մեկնումեկը տեսնի մեր հիդալգոյին ծեծված և հազիվհազ նստած էշի վրա։ Երբ որ, նրա կարծիքով, հարմար ժամանակ հասավ, մտավ գյուղը և դիմեց դոն Կիխոտի տունը։ Այստեղ բոլորը շփոթմունքի մեջ էին։ Եկել էին նրա երկու մտերիմ բարեկամները՝ տեղական
[22]
սափրիչն ու քահանան, և խոսում էին տնտեսուհու հետ, որ բարձրաձայն ասում էր․

— Ի՞նչ եք կարծում, ի՞նչ դժբախտություն կարող է եկած լինել մեր պարոնի գլխին։ Ահա վեց օր է, ինչ անհետացել են նա էլ, նրա քնձռոտ ձին էլ, վահանն էլ, նիզակն էլ, զրահներն էլ։ Ախ, ի՜նչ դժբախտ կին եմ եղել ես։ Դա նույնքան ճիշտ է, որքան այն, որ մենք ծնվել ենք մեռնելու համար։ Այն ասպետական անիծյալ գրքերը, որ սա հավաքում ու շարունակ կարդում էր, նրան խելագարեցրին։ Հիմա ես հիշում եմ, թե քանի-քանի անգամ ինքն իր հետ խոսելիս ասում էր, թե մտադիր է թափառական ասպետ դառնալ, որպեսզի զանազան երկրներ գնա արկածներ որոնելու համար։ Սատանան տանի բոլոր այդ գրքերը, որ կործանեցին Մանչայի ամենախելոք գլուխը։

Նույնն էր ասում դոն Կիխոտի զարմուհին և ավելացնում.

— Գիտե՞ք, պարոն վարպետ Նիկոլաս (այդպես էր սափրիչի անունը), հաճախ քեռիս տարվում էր այդ անիծյալ վեպերի ընթերցանությամբ ու ձեռքն առնում սուրը և սկսում ծակծկել պատերը։ Իսկ երբ որ բոլորովին ուժասպառ էր լինում, հայտարարում էր, թե չորս հսկա է սպանել, որոնցից յուրաքանչյուրի հասակը չորս անգամ բարձր էր աշտարակից։ Հոգնածությունից նա քրտնաթոր էր լինում, իսկ ինքը պնդում էր, թե դա արյուն է հոսում իր վերքերից, որ ստացել է մարտի միջոցին։ Ապա նա խմում էր մի մեծ գավաթ պաղ ջուր, թարմանում, հանգստանում և հայտարարում, որ դա ոչ թե ջուր էր, այլ թանկագին խմիչք, որ բերել էր մի հզոր կախարդ՝ իր բարեկամը։ Սակայն այս ամենի մեղքը իմն է, որովհետև ես գլխի չընկա նախօրոք հաղորդել ձեզ քեռուս խելագարության մասին, չէ՞ որ դուք օգնած կլինեիք նրան, չէիք թողնի, որ հասնի այդ օրին, և այրած կլինեիք այս անօրեն գրքերը (իսկ նա դրանցից շատ-շատ ունի), որովհետև դրանք միանգամայն արժանի են հրաճարակ լինելու։

— Ես էլ նույն կարծիքին եմ,— վրա բերեց քահանան,— և խոսք եմ տալիս, որ վաղն իսկ դրանք կրակի կմատնենք, որպեսզի էլ չմղեն ընթերցողներին դեպի այդպիսի գործեր, որպիսիք, երևի, հիմա կատարում է իմ խեղճ բարեկամը։

Դոն Կիխոտն ու նրա ուղեկիցը լսեցին այս բոլոր խոսակցությունները, և գյուղացու համար լրիվ պարզվեց իր հարևանի ցավը։ Ուստի նա բարձրաձայն աղաղակեց․

— Բա՛ց արեք։

Ձայնի վրա բոլորը դուրս վազեցին։ Տղամարդիկ ճանաչեցին իրենց բարեկամին, կանանցից մեկը՝ իր տիրոջը, մյուսը՝ քեռուն, և բոլորը վրա տվին, որ գրկեն նրան, մինչդեռ նա մնացել էր էշի վրա նստած, որովհետև ոչ մի կերպ չէր կարողանում ցած իջնել։

— Բոլորդ էլ համբերեք, ես ծանր վիրավորված եմ իմ երիվարի պատճառով։ Ինձ տարեք դրեք անկողին և, եթե հնարավոր է, իմաց տվեք իմաստուն Ուրգանդային[1], որ նա բուժի և կապի իմ վերքերը,— ասաց նա։

— Ի՜նչ դժբախտություն, տեսա՞ք,— բացականչեց տնտեսուհին։— Սիրտս ճիշտ էր ասում, թե մեր պարոնի որ ոտն է կաղում։ Համեցեք, ձեր գալուստը

[23]բարի, ձերդ ողորմածություն, մենք կկարողանանք բժշկել ձեզ և առանց այդ Ուրգադայի[2]։ Մի անգամ էլ, հազար անգամ էլ անիծվեն այդ ասպետական գրքերը։ Ահա թե որտեղ հասցրին ձերդ ողորմածությանը։

Ապա նրանք դոն Կիխոտին տարան դրեցին անկողին և ուզում էին կապել վերքերը, սակայն ոչ մի վերք չերևաց։ նա բացատրեց, թե պարզապես իր երիվար Ռոսինանտի հետ գլորվել է գետնին՝ տասը հսկաների դեմ մարտնչելիս։ Ավելի հանդուգն ու կատաղի էակներ, նրա ասելով, աշխարհս չի ստեղծել։

— Պա՛-պա՛-պա՛-պա՛,— ընդհատեց քահանան,— գործը հսկաների՜ն հասավ։ Ազնիվ խոսք, վաղն ևեթ, արևը մայր չմտած, բոլոր գրքերն այրված կլինեն։

Նրանք սկսեցին դոն Կիխոտին հարցուփորձ անել, սակայն սա չուզեց որևէ բան պատմել, միայն խնդրեց, որ ուտելու բան տան իրեն և հանգիստ թողնեն, որովհետև ամենից շատ ուտելու և քնելու կարիք ունի։

Նրա ցանկությունը կատարեցին։ Ապա քահանան մանրամասն հարցուփորձ արեց գյուղացուն, թե ինչպես գտավ դոն Կիխոտին։ Գյուղացին պատմեց և կրկնեց բոլոր անմտությունները, որ մեր ասպետն ասում էր թե գետնին պառկած ժամանակ, թե էշով գալիս։

Տողատակեր[խմբագրել]

  1. Ուրգանդա— Ամադիս Գաղիացուն հովանավորող կախարդ կին։
  2. Ուրգադա — Ուրգանդայի աղավաղված անունն է, կնշանակի ծեր կին։