Դոն Կիխոտ/Գլուխ XXIX

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գլուխ XXVIII, որ պատմում է դոն Կիխոտի վեճի մասին հովվի հետ Դոն Կիխոտ

հեղինակ՝ Միգել Սերվանտես

Գլուխ XXX, որ պատմում է, թե ինչ պատահեց դոն Կիխոտի և նրա զարմուհու ու տնտեսուհու միջև․ այս պատմության ամենակարևորագույն գլուխը
[119]
ԳԼՈՒԽ XXIX
ՈՐ ՊԱՏՄՈՒՄ Է ՍԱՆՉՈ ՊԱՆՍԱՅԻ
Եվ ԹԵՐԵՍԱ ՊԱՆՍԱՅԻ ԽՈՍԱԿՑՈՒԹՅԱՆ
ԵՎ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԻ ԱՅԼ ԱՆՑՔԵՐԻ ՄԱՍԻՆ

Սանչոն վերադարձավ տուն ուրախ ու զվարթ։

— Քեզ ի՞նչ է եղել,— հարցրեց կինը,— ինչի՞ց ես այդքան ուրախացել։

— Լսիր, Թերեսա,— պատասխանեց մարդը,— նրանից եմ այսքան ուրախ, որ որոշել եմ վերադառնալ ծառայության իմ տիրոջ` դոն Կիխոտի մոտ։ Նա կամենում է երրորդ անգամ գնալ արկածներ որոնելու։ Ես էլ կերթամ նրա հետ։ Առաջիկա երեք օրը լավ խնամիր գորշուկիս, որ պատրաստ լինի ճանապարհի։ Վարսակը կրկնակի տուր, փալանը և այլն լավ նայիր, պակաս բան չմնա, մենք հո հարսանիք չենք գնում։ Խոստովանություն լինի, կնիկ ջան, եթե ես հույս չունենայի մոտիկ ապագայում կղզու վարչապետ դառնալու, տեղնուտեղը վեր կընկնեի կմեռնեի։

— Ինչե՜ր ես խոսում, սիրելիս,— բացականչեց Թերեսան,— գրողը տանի վարչապետությունը, դու ողջ լինես։ Հո մորդ արգանդից վարչապետ չես դուրս եկել, հո մինչև օրս որպես վարչապետ չես ապրել և իբրև վարչապետ չես մեռնելու և հողի բաժին դառնալու։ Աշխարհիս երեսին ամենքն էլ վարչապետ հո չեն, ինչ կա որ, բոլորն էլ կամաց-կամաց ապրում են և մարդ համարվում։ Աշխարհիս երեսին ամենալավ համեմը՝ քաղցրն է, որ անպակաս է աղքատին, ուստի նա միշտ ուտում է հաճույքով։ Սակայն, տես հա՜, Սանչո, եթե պատահմամբ դու որևէ տեղ վարչապետ դառնալու լինես, չմոռանաս ինձ ու երեխաներիդ։ Հիշիր, որ Սանչիկոն արդեն տասնհինգ տարեկան է դառել և ժամանակն է, որ դպրոց գնա, չէ՞ որ նրա աբբահայր հորեղբայրը խոստացել է նրան հոգևոր պաշտոն տալ։ Հիշիր նաև, որ քո դուստրը պակաս չի ուզում մարդու գնալ, քան դու՝ վարչապետ դառնալ։

— Ազնիվ խոսք,— պատասխանեց Սանչոն,— եթե աստված վարչապետության պես մի բան տալու լինի ինձ, ես, կնիկ ջան, Մարիսանչային այնքան բարձրաստիճան մի տղայի մարդու կտամ, որ նրան էլ ուրիշ բան չեն կոչի, քան տիրուհի։

— Միտք արա, թե ինչեր ես ասում, ա՛յ մարդ,— առարկեց Թերեսան։— Վայ թե կոմսությունը կործանի մեր աղջկան։ Քո կամքը լինի, մարդու տուր դուքսի կամ իշխանի, միայն թե կասեմ, որ ես երբեք չեմ համաձայնի և միշտ հակառակ կմնամ։ Ես միշտ սիրել եմ հավասարությունը և ատելով ատել անհիմն գոռոզությունը։ Քանի աստված դեռ չի զրկել ինձ հինգ թե վեց զգայարաններից,— չգիտեմ՝ թե քանիսն է լինում,— ես թույլ չեմ տա, որ այդ դժբախտությունը գլխիս գա։ Իսկ դու, սիրելիս, վարչապետ դառ, կղզի առ և, որքան սիրտդ ուզի՝ հպարտացիր։ Սակայն մորս արևը վկա, ո՛չ ես, ո՛չ իմ աղջի կը գյուղից ուրիշ տեղ չենք գնա։ Ազնիվ կինը տանը կնստի, ասես թե ոտը կոտրած լինի, իսկ ազնիվ աղջկա համար ամեն աշխատանք՝ տոն է։ Գնա քո դոն Կիխոտի հետ արկած որոնելու, իսկ մեզ թող մեր դառը բախտին։

— Սատանան է մտել մեջդ, ինչ է, կնիկ,— պատասխանեց Սանչոն։— [120]Ապա միտք արա՝ եթե ես կամենայի, որ իմ աղջիկը աշտարակից գլխիվայր ընկներ, կամ գնար թափառելու աշխարհովս մեկ, դու կունենայիր իրավունք չհամաձայնելու։ Իսկ եթե ես, մեկ հարվածով, այնպես, որ դու աչք ճպելու ժամանակ չունենաս, նրան ազնվական տիրուհի դարձնեմ, դարմանի միջից հանեմ և ամպհովանու ներքո նստացնեմ, փափուկ բարձերի բլուրի վրա, ապա ինչո՞ւ դու չպիտի համաձայնես և չկամենաս այն, ինչ որ ես եմ ցանկանում։

— Գիտե՞ս ինչու,— պատասխանեց Թերեսան,— որովհետև աղքատների վրա մարդիկ հարևանցիորեն են նայում, իսկ հարուստների վրա՝ երկար-երկար։ Եթե հարուստը նախապես աղքատ է եղել, ահա այդտեղից էլ սկիզբ են առնում ասեկոսեներն ու բամբասանքները։

Սանչոն կնոջը մխիթարեց, ասելով, որ ճար չկա։ Աղջկան պիտի կոմսուհի դարձնի, բայց կաշխատի, որքան կարելի է, ուշ անել այդ բանը։