Փունջ մը կնճիռ, բույլ մը կայծակ,
Դըժոխք մ՚անեծք խոցեց հոգյակս։
Ես ուզեցի պաշտել ըզնե,
Սիրել ժպիտքն՝ փըթիթք անհուն,
Սիրել աստղերն սև աչերուն
Եվ այն խոկումն, որ մըթագնե
Պայծառ ճակատը՝ այն ամպըն է
Որ կըշպարե դեմքը լուսնույն։
Գիշեր մը սուգ, անդունդ մ՚հառաչ՝
Հուզեց ներա հոգին ու լանջ։
Ես ուզեցի միշտ քովն ըլլալ,
Մըտիկ ընել թնդյուն սրտին,
Շնչել, խմել ներա հոգին,
Եվ շոշափել լոկ ձյունափայլ
Ծոծորակին վըրա ծալ–ծալ
Թափող վարսից ալյակք ծըփին։
Օվկեան մը տրտունջ լսեցի,
«Զիս կընեղե՜ս» հըծծեց ինծի։
Ես ուզեցի քընար մ՚ըլլալ
Նրա ձեռքին տակ հևացող,
Ներա հոգվույն խորն հիացող
Թեթև պատկեր մ՚ըլլալ շարժյալ,
Մոռնալ զիս, լոկ ըզնե խոկալ՝
Կվառե երազ մ՚որուն մեկ շող։
Որոտացին խոկմանցս ամպեր,
Կայծակնահար ըրին հոգիս,
Մոխիր դարձան երազներս հիս,
Ճակատագիրս խնծղաց ի վեր,
Խորշ մը կար որ զիս չէր ծաղրեր,
Այն՝ լուռ փոսն էր գերեզմանիս․․․
Փունջ մը կնճիռ, բույլ մը կայծակ,
Դժոխք մ՚անեծք խոցեց հոգյակս։