Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Դու մի՛ ասիլ, Աստծու դռները՝ հենց այդ խոսքն ասելիս, բացված են լինում։ Թագավորի այդ խոսքը Աստծու ականջն է հասնում։

Սրա վրա մի տարի անցած-չանցած, թագավորի կնիկը ծնում է ու բերում՝ ի՞նչ եք կարծում, ի՞նչ՝ մի օձի ճուտ։

― Ի՜նչ ես ասում, տատի՛,― բացականչեցին մանուկները։

― Հապա՜, երեխե՛ք, մի օձի ճո՛ւտ։ Բայց ի՜նչ ճուտ։ Այդ ճուտը լինում է թե չէ՝ ամեն մի շունչն առնելիս մեծանում է, դառնում մի աժդահա, մի ահագին վիշապ։ Ծննդկանը[1], տատմայրը[2] և մյուսները, ահ ու դողի մեջ ընկած՝ փախչում են, նրան թողնում տեղնուտեղը վեր ընկած։

Օձի ճուտը երբ տեսնում է, որ մենակ է մնացել, սկսում է լաց լինել։ Բայց ի՞նչ լաց. այնպես է ծվվում, ծկլթում, որ թագավորի բոլոր պալատը դղրդում է։

Թագավորին չէին իմաց տալիս, թե՝ նրա կինը օձ է ծնել, բայց երբ օձի ձայնը թագավորի ականջն է հասնում, և նա սկսում է հարց ու փորձ անել, նոր ընկնում են ոտներն ու հայտնում, թե՝ թագավորն ապրած կենա, բա չես ասիլ, թագուհին մի օձի ճուտ է ծնել, որ հիմա ահագին վիշապ է դառել, ու նա է, որ այդպես ծվվում, ծղրտում է։

Թագավորն իսկույն միտն է բերում իր խնդիրքը ու մատը կծում է. «Հը՜մ― ասում է,― ես ինչ որ ուզել եմ Աստվածանից, նա էլ այն է տվել»։ Հետո իր մարդկերանցն ասում է.

― Այդ վիշապն ի՞նչ մեծության կլինի, մի մարդու չափ կլինի՞։

Ասում են.

― Դեռ չկա մի մարդու չափ, բայց այնպես է մեծանում, որ մարդու մեծությունիցն էլ կանցնի շուտով։

Հետո թագավորն ասում է.

― Հիմա ի՞նչ անենք, ինչ կա՝ կա։ Աստծու տվածն այդ է։ Օձ է թե վիշապ՝ իմ զավակն է. պետք է պահենք, պետք է բան տանք ուտելու, որ քաղցած չմեռնի։

Մարդիկը գնում են երթկովը ուտելու բաներ են գցում առաջը, բայց օձը չի մոտենում ոչ մեկ բանի, այլ հենց մի բերան ծվվում է։

Այդ որ իմանում է թագավորը, ժողովում է իր գիտուն մարդկանցը և հարցնում է նրանց, թե՝ ի՞նչ պիտի տանք այս օձին, որ ուտի, ես չեմ ուզում, որ դա քաղցած մեռնի։ Նրանցից մինը, որ ամենից իմաստունն է լինում, ասում է.

― Դա ոչ մի բան չի ուտիլ, բացի աղջկանից։ Փորձեցեք և կտեսնեք, որ իմ ասածը ճշմարիտ է։

Թագավորն ասում է.

― Ո՞ւմ վրա փորձենք։ Դե բեր առաջ քո՛ աղջիկդ տանք իրան, հետո ուրիշներիցը կուզենք։

Դրա վրա՝ մյուս խելոքներն ասում են.

― Թագավորն ապրած կենա, թեպետ դուք ուղիղ դատեցիք, որ վճռեցիք ամենից առաջ այդ խոսքն ասողի աղջիկը գցել վիշապի բերանը, բայց դրա հետևանքը շատ վատ կլինի քեզ համար։ Մենք ամենքս էլ չենք խնայիլ մեր աղջկերքը, կտանք, բայց երբ որ հերթը հասնի ժողովրդին, բանն ուրիշ տեսակ կփոխվի։ Նրանք որ իմանան, թե՝ իրանց աղջկերքը պիտի վիշապին տան, մեջները խռովություն կընկնի, ամենքն էլ ոտքի կկանգնեն ու քեզ թագավորությունից կգցեն։ Լավն այն է, որ մարդիկ ուղարկենք ուրիշ երկրներ, որ գնան նրանցից աղջկերք փախցնեն բերեն։

  1. Ծննդկան - նորածին երեխայի մայր
  2. Տատմայր - մանկաբարձուհի, ծննդկանին առաջին օգնություն ցույց տվող փորձառու կին, տատմեր
7