Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԺԱ

Անահիտը Վաչագանի բացակայության ժամանակ լավ էր կառավարում երկիրը, և ամենքն էլ գոհ էին՝ առանց իմանալու, թե նա՛ է կառավարողը, բայց ինքը սաստիկ մտատանջության մեջ էր ընկել, ըստ որում՝ քսան օրից արդեն տասն օր էլ անցել էր, բայց թագավորը չէր վերադարձել։ Նա գիշերը հանգիստ չուներ. սարսափելի երազներ էր տեսնում և հանկարծ վեր թռչում։ Ամեն բան փոխվել էր նրա աչքումը, և ամեն ինչ մի անսովոր հատկություն ստացել։ Զանգին անդադար ոռնում ու վնգստում էր և, թագուհու ոտներն ընկնելով աղիողորմ կերպով կլանչում ու նրան ավելի ևս մտատանջության մեջ ձգում։ Վաչագանի ձին անընդհատ խրխնջում էր մայրը կորցրած քուռակի պես և, իր ախորժակը կորցնելով՝ օրեցօր նիհարում էր։ Մարի[1] հավերը կանչում էին աքաղաղի պես, իսկ աքաղաղները, փոխանակ լուսաբացին կանչելու՝ երեկոյին էին ծկլթում փասիանի ձայնով։ Պարտիզի սոխակներն ընդհատել էին իրանց ծլվլոցը, և նրանց տեղ լսվում էր գիշերները բուերի վայունը։ Այլևս չէին քչքչում Թարթառի կոհակները՝ ուրախ-ուրախ թռչկոտելով, այլ, վա՜շ-վի՜շ-վա՜շ-վի՜շ անելով՝ անցնում էին պարսպի տակով տխուր ու տրտում։ Արիասիրտ Անահիտը մի անսովոր երկյուղի մեջ էր ընկել, և ի՛ր իսկ ստվերը նրա առջև վիշապի պես էր ձգվում։ Մի հասարակ թխկոցից, մի սովորական գոչյունից նա վեր էր թռչում և սարսռում։ Երբեմն ուզում էր կանչել իշխաններին և հայտնել նրանց թագավորի բացակայությունը և անհայտանալը, բայց վախենում էր, թե՝ միգուցե դրա հետևանքը վատ լինի, մի ապստամբություն ծագի երկրի մեջ և խռովություն ընկնի։

Մեկ առավոտ էլ, սաստիկ սրտնեղած, ման էր գալիս պարտիզումը, երբ իր ծառաներից մինը ներս եկավ և հայտնեց նրան, թե՝ մի օտար վաճառական է եկել և ասում է, որ մի երևելի բան ունի վաճառելու թագուհուն։ Անահիտի սիրտն սկսեց մի անսովոր կերպով տրոփել։ Հրամայեց, որ շուտով ներս բերեն այն մարդուն։

Ներս եկավ մի դաժան կերպարանքով մարդ, խոր գլուխ տվավ թագուհուն և արծաթե սինու վրա դրած մի ոսկե դիպակ դրավ թագուհու առջև։ Անահիտը վեր առավ, քննեց դիպակը և, ուշ չդարձնելով նախշերի վրա, հարցրեց գինը։

— Իր կշռովը երեք հարյուր կշիռ ոսկի կարժե, ողորմա՛ծ թագուհի։ Ուզում եմ ասել, որ ինձ վրա այդքան է նստել միայն գործքն ու նյութը, իսկ աշխատանքն էլ թողնում եմ քո ողորմության կամքին։

— Մի՞թե այդքան թանկ կարժե։

— Ո՛ղջ լինի թագուհին, դրա մեջ կա մի այնպիսի զորություն, որ անգնահատելի է։ Դրա վրա եղած նկարները հասարակ նախշեր չեն, այլ՝ թալիսմաններ են, իսկ այդ թալիսմանները այն զորությունն ունին, որ դրա հագնողին միշտ զվարթ, միշտ ուրախ կպահեն։ Դրա հագնողը կյանքի մեջ տխրություն չի տեսնիլ։

— Մի՞թե այդպես,— ասաց Անահիտը և սկսեց բաց անել դիպակը և ուշի-ուշով զննել նրա նկարները, որոնք ոչ թե թալիսմաններ, այլ՝ ծաղկագրեր էին։ Անահիտը լուռ ու մունջ կարդաց նրանց մեջ հետևյալ խոսքերը.

«Իմ աննմա՛ն Անահիտ, ես ընկել եմ մի սոսկալի դժոխքի մեջ։ Այս դիպակ բերողը նույն դժոխքի վերակացուներից մեկն է։ Ինձ մոտ է և Վաղինակը։ Դժոխքը գտնվում է

  1. Մարի - էգ թռչուն
107