Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դու ոչ թե այսօր ես փրկել մեզ, իմ աննմա՛ն թագուհի, այլ՝ շատ օրեր սրանից առաջ, երբ ես տեսա քեզ երազումս, հենց ա՛յդ զգեստիդ մեջ։

— Դու սխալվում ես, Վաղինա՚կ,— ասաց Վաչագանը,— թագուհին այն ժամանակը փրկեց մեզ, երբ որ քեզ ասաց. «Ձեր թագավորի որդին արհեստ գիտե՞»։ Մի՞տդ է, որ դու էլ մի կուշտ ծիծաղել էիր։

— Ա՜խ, ճշմարիտ է. ի՞նչ ասեմ։ Եվ ես, որ այն ժամանակը շատ անհավատ էի, միայն հիմա եմ սկսել հին լսածներիս հավատալ։ Մեսրոպ վարդապետը որ մեզ քարոզում էր, թե՝ «Եթե Քրիստոս դժոխք չիջներ, դժոխքը չէր կործանվիլ»,— ես նրա այդ ասածի վրա էլ էի ծիծաղում, բայց հիմա իմ թագավորն անձամբ ցույց տվավ, որ Մեսրոպը ճշմարիտ էր ասում։

— Հանգստացի՛ր, Վաղինակ, այդ մասին մենք հետո շատ կխոսինք,— ասաց թագուհին, նոր արդեն զգալով, որ ինքն էլ է սաստիկ հոգնած։

— Ես ինչպես տեսնում եմ, քեզ նմանապես հարկավոր է հանգստանալ,— ասաց Վաչագանը թագուհուն։— Դու հիմա հանգստացիր, մնացածը ես ինքս կհոգամ։