Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միտքն այն է, որ՝ «Թագավորի կյանքը արհեստն է փրկել»։ Այս լավ միտք է, և ինչ ժողովրդի մեջ որ գտնվում է մի այսպիսի սրբացած ավանդություն, դա ցույց է տալիս, թե ուրեմն՝ այն ժողովուրդը մեծ նշանակություն է տալիս արհեստներին, աշխատասիրությանը, որից գլխավորապես կախված է ժողովրդի բախտավորությունը։ Այդ բախտավորությունը ևս առավել ապահովանում է, երբ որ երկրի թագավորն ինքն անձամբ օրինակ է տալիս ժողովրդին և հովանավոր ու պաշտպան է դառնում արհեստին։

Եվ ճշմարի՛տ, մեր պապերը, որ շատ աշխատասեր և արհեստասեր էին, այդ անցքից հետո ևս առավել ուշադրություն դարձրին արհեստների վրա։ Ամբողջ աշխարհումը էլ ո՛չ մի հոգի չէր գտնվում, որ մի որևիցե արհեստ չիմանար, և շատ արհեստներ մեր աշխարհում մինչև վերին կատարելագործության հասան։ Աղջկերքը սովորում էին առհասարակ գործվածքներ անել. բրդից գործում էին զանազան գորգեր և շալեր, բամբակից՝ կտավեղեն, մետաքսից՝ նուրբ կերպասներ։ Կար, ձև, հյուսվածք՝ ամենը գիտեին։ Ամեն երկրագործ ի՛նքն էր շինում իր բոլոր գործիքները, իր գութանն ու սայլը, իր զենքն ու զրահը, իր պղնձեղեն ու կավեղեն ամանները, իր տունն ու կարասիքը։ Ամառը երկիրն էր գործում[1], ձմեռն իր արհեստը բանեցնում։ Եվ աշխատում էին ոչ թե ջոկ-ջոկ, այլ՝ խմբովին, միասին։ Տեսնելու բան էր, թե ինչպե՛ս գյուղի բոլոր առույգ երիտասարդները, ահագին կռանները ձեռքներին, զարկ զարկի հետևից կարկուտի պես թափում էին մի կտոր երկաթի վրա, որից ուզում էին մի խոփ շինել կամ կացին, կամ թուր և այլն։ Այսպես միասին էին հերկում իրանց դաշտերը և միասին հնձում արտերը։

Հոգևորականությունն այն ժամանակ մի ձրիակեր դասակարգ չէր։ Բոլոր վանքերը մի-մի գործարան էին, ուր պատրաստում էին ազնիվ մագաղաթ, գրում էին, կազմում էին և, բացի սրանից, իրանց բոլոր հագուստներն ու կարասիքը իրանց ձեռքովն էին պատրաստում։ Նրանք ասում էին.

«Ուսումն ու արհեստը պետք է այնպես հյուսված լինին միասին, ինչպես Վաչագան թագավորի դիպակը՝ իր խորհրդավոր թալիսմաններով»։

Կարող եք, ուրեմն, երևակայել, թե՝ ի՞նչ կլիներ մի ժողովուրդ այնպիսի հոգևորականների օրով, մանավանդ՝ այնպիսի մի թագավորի, ինչպիսին Վաչագանն էր, որ ժողովրդի զավակն էր, նրա հայրն ու եղբայրը։ Ի՞նչ կլիներ Անահիտի պես մի թագուհու օրով, որ երկրի համար դառավ հարազատ ու սնուցիչ մայր. և ահա՛ ինչ էր ասում ժողովուրդը Անահիտի մասին.

«Նա մեր գետերը ծածկեց լաստերով ու կամուրջներով, մեր ծովերն ու լճերը՝ նավերով ու նավակներով։ Նա մեր դաշտերը ողողեց ջրանցքներով ու առուներով, մեր քաղաքներն ու գյուղերը՝ սառն աղբյուրներով։ Նա մեր սայլերին հարթ ճանապարհներ տվավ, մեր գութաններին՝ ընդարձակ երկիր։ Նա կործանեց դժոխքը և մեր աշխարհը շինեց մի եդեմական դրախտ։ Կեցցե՜ Անահիտը, կեցցե՜ հավիտյան»։

  1. Երկիր գործել - զբաղվել երկրագործությամբ, հողի մշակմամբ
119