Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



4

Երբ որ Արեգը մոտեցավ բարձր աշտարակին՝ հետզհետե երևացին և ուրիշ շատ տներ, և նրա առջև բացվեց մի մեծ քաղաք։ Մոտեցավ քաղաքադռանը, տեսավ մի քանի մարդիկ կանգնած, հարցրեց նրանց.

— Տղե՛րք, ի՞նչ քաղաք է սա, և որտե՞ղ են իջնում օտարականները։

Մարդիկը ձայն չհանեցին։

— Ձե՛զ եմ ասում, տղե՛րք, չե՞ք հասկանում։

Ձայն չկա։

«Երևի խուլ են»,— մտածեց Արեգը և գնաց ձեռը դիպցրեց նրանց։

— Ո՜վ երկինք,— բացականչեց Արեգը,— այս ի՞նչ եմ տեսնում. այս ի՜նչ հիանալի արձաններ են, իսկ ես կարծեցի, թե ուղիղ մարդիկ են։ Այս ինչքա՜ն ճարտար քանդակագործ է եղել սրանց շինողը…

Արեգը, կարծելով, թե իր տեսածներն ուղիղ շինովի արձաններ են, ներս մտավ քաղաքը, և նրա առջևը բացվեցին նորանոր տեսարաններ, բոլորն էլ քարեղեն։

Ահագին շուկա, կարգին խանութներ, թե՛ կրպակ, թե՛ տուն, թե՛ կատու, թե՛ շուն, ուտելիք ու հագնելիք, գեղեցիկ գորգեր և ուրիշ զարդեր… բոլորը, բոլորը քարացած։ Ո՛չ ծուխ, ո՛չ կրակ, ո՛չ ձայն, ո՛չ շունչ… կյանքի հետք ու նշույլ չկա…

— Ես հիմա՜ հասկացա. սա՛ է Աղավնի աղջկա ասած քարե քաղաքը,— ասաց Արեգը և սկսեց շրջել քաղաքի մեջ, ուր ամեն մի քայլափոխում մի նոր տեսարանի էր հանդիպում։

Մի տեղ մի խումբ մարդիկ կանգնած՝ որպես թե իրար հետ խոսում են. մեկի դեմքը բարկացած է և բերանը բաց, կարծես մյուսին հայհոյում լինի. մեկը ծիծաղում է, մյուսը լաց է լինում. մի կին, երեխան գրկած, ողորմություն է ուզում. մի տեղ հարսանիքի հանդես է իր ամեն սարք ու կարգով. հարսին տանում են փեսայի տուն։ Մեկ խոսքով՝ եթե շարժման մեջ եղած մի քաղաք մի վայրկյանում տեղնուտեղը քարանա, ինչ պատկեր կը-