Էջ:Աղավնիներ 04.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կտուրի լողի հետև, որպեսզի աղավնիները չվախենան, իջնեն մեր կտուրի վրա, և ես կարողանամ, թերևս, բռնել նրանցից մեկն ու մեկը, դպցնել մատներս փետուրներին։ Ո՛չ մի անգամ էլ չէի հաջողում։

Լողի ետևում պահված՝ ես տեսնում էի, որ նրանցից մի քանիսն իջան մեր կտուրի քիվի վրա։ Ես միայն տասը քայլ հեռու եմ նրանցից, դիտում եմ անհանգստությամբ, այնպես զգույշ, շունչս փորս գցած, որպեսզի շուտ չթռչեն։

Ես երազում տեսնում էի Ակոբի աղավնիները։ Իջել են նրանք գլխիս, ուսերիս, թևերիս։ Լսում եմ նրանց մրմունջը։

Սկսում եմ ցատկել, պարել։

Նրանցից ո՛չ մեկը չի փախչում, բռնում եմ, շոյում, սիրում, գգվում համբուրում, դնում ծոցիս մեջ։

Հանկարծ զգում եմ, որ երազ է, բայց շարունակվում է երազը՝ աղավնիները գլխիս վրա են, ուսերիս, ծոցումս։

Զարթնում եմ։

Ամեն ինչ չքանում է, միայն դեռևս կարծես շարունակում եմ լսել նրանց մրմունջը։ Երկար շարունակվում է սպիտակ աղավնիների երազի անիմանալի խայտանքը։

Եվ ես չէի կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ արհամարհում էին աղավնիները, ինչո՞ւ էին անարգում, անպատվում աղվընիկ խաղցնողներին, մանավանդ, աղվընիկ խաղցնող Ակոբին։

Երեկո է։ Արևը դեռ չի թաղվել հեռավոր սարերի հետևը, քիչ տեղացող անձրևը մաքրել է երկրի դեմքը։

Պայծառ լույս է։ Լուսամուտների ապակիները փածկլտում են։

Ակոբը բարձրացավ կտուրը, բաց արավ աղավնիների դռնակը։

Աղավնիները թռան դուրս ուրախ մրմունջներով։

Ոմանք սպիտակ են, կաթնագույն, թռչելիս մի բմբուլ է պոկվում, օրորվելով ընկնում գետնին։ Մանուկները վազում են, իրար ձեռքից խլում, ձեռք բերողն ամրացնում է գդակին։ Ոմանք ժայռային մուգ֊կապույտ գույն ունեն, ոմանք տեղ֊տեղ սպիտակ, տեղ֊տեղ մուգ գույնով, լուսնկայի կաթնային սկավառակի վրա մուգ գույնի թղթի կտորներ փակցվածի նման, ոմանք՝ ծխախառն բաց գույնով, արևմարի վերջին