Էջ:Աղավնիներ 05.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շողերի նման, ոմանք՝ դեղնավուն կարմիր, կարծես աշնան տերևներ են հագել։

Օդում, երբ կաթնագույնները հանդիպում են բամբակի կույտերի նման սպիտակ ամպերի ֆոնին, էլ չեն երևում, կարծես հալչում են. իսկ երբ ամպերը մթին են լինում, մոխրագույններն են անէանում, կարծես լուծվում են մթին ամպերում։

Ահա մի զույգ, կրծքները կլորաձև կանաչին են տալիս, բայց երբ մի ակնթարթ փոխում են դիրքերը՝ կանաչը կորչում է և մանուշակագույնին է տալիս։

Նազանքով և մրմունջներով կտուրի վրա քայլում է մի ուրիշ խումբ, ամբողջովին շագանակագույն֊սուրճի և շաքարի փոշու խառնուրդ, երբ թռչում են՝ պոչերը աղեղնաձև, թևերի տակն ամբողջովին լուսնային սպիտակություն։ Քայլում են քիվի վրա, քչքչում, վզները հարատև շարժման մեջ ջրի նման շարժուն, այնքան թեթև, դարձդարձիկ ու լույծ, ալիքի վրա նետված գնդակի նման։

Եվ աղավնիները մահ էին, չա՜ր, ս՜և մահ։

Ես երբեք չէի կարող հասկանալ մթին այս առեղծվածը։

«Աղվընիկ խաղցուց, տունը մոխիր դարձավ»,— ասում էին հին մի աղվընիկ խաղցնողի մասին։


5

Աղվընիկ խաղցնողները մշտական կռվի մեջ էին։ Երբ նրանք տեսնում էին աղավնիներ օդում ճախրելիս՝ բաց էին թողնում իրենց լավագույն աղավնին, որպեսզի գնա, նրանցից մեկն ու մեկը քաշի, բերի։

Իրար ձեռքից աղավնիներ էին խլում— սա էր աղվընիկ խաղցնելու հմայքը։

Աղավնին չափազանց դարպասող թռչուն է, դյութող և դյութվող։

Սեռը աղավնու ամենաուժեղ բնազդն է։

Տաքացած տափակ կտուրի վրա, երբ արևի շողը կաթկթում է հեղուկի նման, աղավնիների կտուցներն այրվում են սիրուց, նրանք քչքչում են, թռվռում, կտուցներն ընկղմում իրենց փետուրների մեջ, կտցահարում մարմինները՝ խայտանքից