Էջ:Աղավնիներ 27.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



— Ես քու…

Լիլոն լսում էր ու արտասվում։

Այս բոլորն ազդեցին աղջկա ոչ միայն հոգեկան, այլև մարմնական դրության վրա, օրեցօր սկսեց մաշվել։

— Տա՛ր ընծի, ուր կուզես տար, ազատե ընծի էս կրակեն,— աղաչում էր Լիլոն Արային։

Բայց Արայի նախկին ինքնավստահությունը չէր մնացել, փող չուներ, ապրելու դժվարություններ էր քաշում, հոր երեսից ընկած տղային ո՞վ մտիկ կտար։ Տնից դուրս գալու առաջին օրերն ազգականների մոտ էր ապրում, մի օր մեկի տանը, մյուս օրը ուրիշի, բայց սրանք էլ երես դարձրին։

— Եթե աղվընիկ խաղցնողի աղջիկը չես թողուր, մեր տունը մի՛ գար,— ազդարարեցին նրանք։

Պարզ էր. դա հոր պայքարի շարունակությունն էր։

Արան ստիպված եղավ փոխադրվել բազարի կեղտոտ խանը։ Նա ման էր գալիս քաղաքում կեղտոտված զգեստներով, շապիկը սևացած, մորուքը երկարած, շատերը նրան չէին էլ բարևում։

Արան հանդիպում էր իր եղբայրներին և անցնում էր անտարբեր, առանց ցույց տալու, թե մինչև անգամ մի օր ծանոթ է եղել նրանց։ Մի անգամ նա հանդիպեց մորը և գլուխը կախ անցավ, իսկ մայրը հազիվ իրեն գցեց մի մոտիկ ծանոթի տուն, արտասուքների մեջ խեղդված։

Վերջապես մայրը լուր ուղարկեց, որ փող կտա նրան, թող վերցնի աղջկան և գնա հեռավոր երկիր, իրենց աչքից հեռու։ Այս միտքը մայրը հայտնեց և մյուս որդիներին, նրանք էլ համաձայնեցին, որ լավ կլիներ հեռանար քաղաքից։ Մայրը մարդ ուղարկեց Արային և հայտնեց այդ մտադրությունը։ Արան շատ էր խեղճացել, այլևս նախկին համառությունը չշարունակեց և համաձայնեց.

— Հա՛, թող փարա տա, երթամ։

Մի օր էլ Արան եկավ Լիլոյի մոտ թե՝

— Մայրս խոսք է տվել փարա տա, քեղ առնիմ տանիմ Ստամբոլ։

Եվ Լիլոն սպասում էր այդ խոստումի կատարման։

Իսկ Ակոբի համար կյանքը դառնում էր անտանելի։ Անցնում էին օրեր ու շաբաթներ, և նա կտուր չէր բարձրանում