Էջ:Աղավնիներ 34.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Ակոբը մոտեցավ աղջկան, շոյեց նրա մազերը բոլորովին հուսադրված, որ Լիլոն լավանալու է, անպայման լավանալու է, բայց մոր արցունքները թափվում էին ցցված այտոսկրներից վար։

Արան էլ մոտեցավ, բռնեց Լիլոյի ձեռքը և լուռ գլուխը կախեց։ Ակոբն զգաց, որ Արան քաշվում է իրենից։

— Դուք էրկուքդ ըլ իմ աղվընիկներս եք, իրարու պաչեցեք, տեսնամ,— ասաց հայրը։

Լիլոն ամաչեց։ Արան գլուխը բարձրացրեց և գուրգուրանքով նայեց աղվընիկ խաղցնող Ակոբին, որ ամբողջ կյանքում դանակի հետ էր խաղացել և արյուն թափել։

— Ձըզի կըսեմ, իրար պաչեցեք, տեսնամ,— պնդեց Ակոբը։

Լիլոն ու Արան լուռ էին։ Ակոբը բարձրացավ տեղից, բռնեց Արայի գլուխը, մոտեցրեց Լիլոյին։ Նրանք համբուրեցին իրար։ Համբուրելիս Ակոբը բացականչեց.

— Օխ, աղվընիկներս…

Ակոբն անսահման երանություն էր ապրում, նրա մեջ բոցավառվեց հույս, որ Լիլոն կլավանա, անպայման կլավանա։

— Կնի՛կ, գյուլթեոքենս[1],— դարձավ նա իր կնոջը,— հեչ մի՛ լար, աղվընիկս կաղեկնա, էկուր, ես էլ քըզ պագնիմ։

Եվ Ակոբը գրկեց իր կնոջն ու համբուրեց նրան հին օրերի ջերմությամբ։

Կինը ժպտաց, կարծես կյանքը վերադառնում էր։

Ակոբը գլուխը դարձրեց և նշմարեց ոսկիները Լիլոյի վերմակի վրա։ Անմիջապես գլխի ընկավ, որ Արան բերած կլինի։ Նա բռնեց նրան, համբուրեց և ասաց.

— Փարադ առ, ծոցդ դիր, դուն էլ մեղք ես, էրեսդ ռանգ չէ մնացեր, չոփ ես կտրեր, մեղք ես, յավրում։

— Լիլոյի համար բերեր իմ,— պատասխանեց Արան ոգևորված։

— Ես փարա ունիմ, դահա հողը չեմ մտեր, քանի որ ջանս սաղ է, կպահիմ իմ աղվընիկս։

  1. անճարակ