Էջ:Բաց-կապույտ ծաղիկներ 24.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մտան մի մութ միջանցք։ Դուռը փակվեց։ Մթնում մեկը բռնեց Թորիկի ձեռքը։ Ընկերոջ ձեռքը չէր, փափկուկ էր, փոքր։

Հանկարծ միջանցքը կիսով չափ լուսավորվեց, երբ բացվեց լուսավոր սենյակի դուռը։

Սենյակի դուռը բաց արավ կիսամերկ մի աղջիկ, ոսկեգույն մազերով, սպիտակ, փոքրամարմին։

Սենյակում կար մի երրորդ աղջիկ, որ երկարել էր անկողնի վրա։

— Քանի հոգի են,— հարցրեց այդ վերջինը։

— Երկու,— պատասխանեց դրսի դուռը բաց անող աղջիկը։

— Է՛հ, ուրեմն, ես կրնամ քնանալ,— ասաց նա և շուռ եկավ դեպի պատը։

Թորիկը կանգնել էր սենյակի մեջտեղը և չի կարելի ասել, որ տեսնում էր որևէ բան։ Ամեն ինչ թվում էր մշուշում, քողարկված։ Նրա սիրտը ճնճղուկի նման թպրտում էր կրծքի վանդակի մեջ։

Մոտեցավ ոսկեգույն մազերով աղջիկը, բռնեց թևից, տարավ և նստեցրեց իր անկողնու վրա։ Ընկերը և դուռը բաց անող աղջիկը նստեցին մյուս անկողնու վրա։

Երբ Թորիկը նստեց աղջկա անկողնին, նրան թվաց, որ թռավ սպիտակ ամպի մի կույտի վրա։ Աղջիկը բարձրացավ, նստեց Թորիկի ծնկներին։

Թորիկը չիմացավ, թե ինչպես գրկեց ոսկեգույն մազերով աղջկա մեջքը և սեղմեց։

Առաջին անգամն էր, որ Թորիկն այդքան մոտիկից էր հպում մի կնոջ, առաջին անգամն էր, որ մի կնոջ շունչը դիպչում էր իր երեսին, առաջին անգամն էր, որ կնոջ յուրահատուկ բուրմունքը խռովում էր նրա ռնգունքները։ Այդ բուրմունքն ավելի թարմ էր, քան փշենու դեղին ծաղիկի բուրմունքը։ Պինդ, կոպիտ թևերով գրկած աղջկա մեջքը՝ նա ուզում էր ասել, որ «ես քըզը կը սիրիմ», բայց նախադասությունը խեղդվեց կոկորդում և փոխանակ այդ ասելու, ասաց.

— Խնձոր կսիրի՞ս։

— Այո, կսիրեմ։

— Երթամ քըզի համար խնձոր բերիմ,— անկեղծորեն և ջերմությամբ առաջարկեց Թորիկը։