Էջ:Բաց-կապույտ ծաղիկներ 28.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համբուրեց նրան։ Աղջիկը ընդոստ մոտեցավ, կարծելով, որ իր համար էլ հաճախորդ է եկել, բայց երբ տեսավ Անժելին արդեն գլխարկով և վերարկուով, զարմացավ։

— Ո՞ւր կերթաս։

— Մեր տունը,— պատասխանեց Թորիկը և վերցրեց Անժելի պայուսակը։

Անժելը համբուրվեց և մյուս աղջկա հետ։

— Եկուր, մեզի տես,— ասաց նա։

— Չէ, ալ հոս չի գար, աֆ կընես,— պատասխանեց Թորիկը։

Փողոցի մթնում Անժելը սեղմվեց Թորիկին և հարցրեց.

— Ուղիղ ձեր տո՞ւնը պիտի երթանք։

— Ըսե՝ մեր տունը։

— Մեր տունը,— կրկնեց Անժելը և ձեռքը տարավ կրծքին։

Նրա սիրտը դուրս էր թռչում։ Նորից բոլորովին հակադիր զգացումներ պաշարեցին նրան՝ ուրախություն և մի տեսակ վախ, որ առաջ էր գալիս անորոշ և անծանոթ դրությունից։

— Ոչ, այս կոպիտ, անտաշ մարդն ինձ չի խաբեր,— կրկնեց Անժելը մտքում և քայլեց կպած Թորիկին։

— Խոնջենաս նե՝ ըսե, քըզի դնիմ ուսիս վրա, տանիմ մինչև տուն։

— Չէ, չեմ հոգնի,— պատասխանեց Անժելը։

Երկինքն ավելի էր ցածրացել, աստղերը կարծես թափվում էին աչքերի մեջ. Թորիկին թվաց, որ փշենիների ծաղիկների բույրը Անժելի բույրն էր՝ թարմ ու խռովիչ։


ԺԱ

Թուրվանտա Քորոն քնել էր, երբ Թորիկը վառեց ճրագը և ձայն տվեց.

— Թուրիկ մորքոր, ելիր, կնիկ եմ բերեր։

Թուրվանտա Քորոն ցատկեց անկողնուց և քնաթաթախ աչքերով տեսավ Անժելին, որ դողդոջուն կանգնել էր սենյակի դռան մոտ։

— Քա՛, ի՞նչ կըսես,— բացականչեց Թուրվանտա Քորոն և ճմռեց աչքերը քունը փախցնելու համար։