Էջ:Բաց-կապույտ ծաղիկներ 35.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամուսինը, որքան Անժելը, կապույտ ու նվաղկոտ աչքերով և ոսկեգույն ծամերով այս աղջիկը։

Որքան դուրսը բամբասանքն աճում էր, այնքան խորանում էր Անժելի մեջ երախտագիտության զգացումը դեպի փալանճի Թորիկը, այդ կոպիտ և անտաշ մարդը։

— Ես քեզի համար ամեն բան կընեմ, Թորիկ, հոգիս, դուն ինձ ազատեցիր այդ ճամփայեն,— ասում էր Անժելը, գրկում Թորիկին և ցողում իր հրճվանքը մի քանի կաթիլ զով արցունքով, որ վազում էր կապույտ և նվաղկոտ աչքերից։

— Էդ ճամփան ալ մի հիշեր,— ասում էր Թորիկը և շոյում նրա ոսկեգույն ծամերը կոպիտ ձեռքերով, ձեռքեր, որոնք հպել էին միայն մախաթին, չոր խոտին և էշի կռնակին։

Ամեն օր Թորիկը Անժելին մի նվեր էր բերում, թեկուզ շատ աննշան մի իր։ Մինչև անգամ եթե, ըստ սովորության, տունը միրգ բերեր, մի բան, որ անում էր երբ կին չուներ, բերում֊դնում էր Անժելի առաջ և ասում.

— Քըզի համար եմ բերել, կեր, գառնուկս։

Թորիկը ճարտար չէր լեզվում։ Նրա ածականները «հրեշտակ» և «գառնուկ» բառերից դենը չանցան, բայց Անժելն զգում էր այդ սովորական բառերի մեջ անսահման ջերմություն և գորովանք։

Ժամանակի ընթացքում բամբասող բերանները հոգնեցին։ Թորիկի և նրա տան կերպարանափոխվելը, Անժելի աչք ծակող առաքինությունը, նրա ճաշակը, նրա շնորհքները հեղաշրջեցին մտքերը։

— Քա՛, կը տեսնա՞ք, բոզեն սուրբ ելավ,— ասում էին։

Մի անշնորհք հարսի սկեսուրը բղավում էր վրան և ասում․

— Թուրվանտային բոզ հարսին չափ ըլ չի կաս, մեկ մատը քեզ արժե։

Եվ ժամանակի ընթացքում Թուրվանտա Քորոյի մեջ ծնունդ առավ խոր խղճահարություն դեպի մի անմեղ, հավատարիմ, հնազանդ և հազար ու մի հունարներով օժտված այս աղջիկը, և այդ խղճահարությունը փոխվեց անսահման մայրական սիրո։

Անժելը մի օր Թորիկի գուլպաներն էր լվանում, երբ Թուրվանտա Քորոն ներս մտավ, մոտեցավ Անժելին, բռնեց նրա