Էջ:Գաղթականներ 10.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և սպասեց։ Անհամբեր էր իմանալու ինչ որ ուզում էր։

Որտե՞ղ էր գտնվում․ սահմանից շա՞տ հեռու էր. ի՞նչ ուղղության վրա․ գաղթականները ե՞րբ էին անցել և այլ այսպիսի բազմաթիվ հարցեր կուտակվել էին նրա գլխում։ Մի քանի անգամ հարցական ակնարկով նայեց ալեխառն մազերով հյուրընկալին։

Վերջապես սա դարձավ, նայեց դեպի մութ անկյունը, հրամայեց հյուրին հաց տալ և ապա ասաց․

― Սեր սերան, սեր ճևան. մեր աղան շատ հոգնած կլինի․ չի՞ կամենա, որ իրեն հանգիստ թողնենք։

— Օ, ո՛չ,— ասաց աշխուժով Պետոն,— իմ հայրը շատ բարի է. ես այնքան հոգնած չեմ․ շտապում էլ եմ․․․ իմ հոր անունը ի՞նչ է։

— Ֆնդո։

— Ֆնդո աղան եղե՞լ է Մշո երկիր։

— Ո՛չ․ ես մինչև Խնուս, Կարա–չոբան գնացել եմ, բայց ո՛չ հեռու․․․ լսել եմ, որ Մշո երկիր աստծո արքայության պես սիրուն է։

— Այո, մեր երկիրր սիրուն է։ Բայց իմ հայրը լսե՞լ է, որ այժմ այդ երկրում կռիվ կա, որ բոլոր աշիրաթները ոտքի են ելնում։

— Լսել եմ,— ասաց քուրդը․— ֆլաները[1] մեզ լուր են բերում. դեռ այսօր էր, որ մի խումբ տկլորներ, առանց հացի ու կիսամեռ, անցան մեր գյուղից։ Ոչինչ չունեին վարձատրելու առաջնորդի համար․ մենք նրանց ճանապարհ ցույց տվինք։ Կանայք էլ կային նրանց հետ․․․ էհ, մարդու խեղճն է գալիս․ ինչ կյանք է դրանց կյանքը․ նամարդություն է նրանց այդ վիճակի մեջ դիպչել կամ վնասել․․․ սառել էին. ոտները բոբիկ, մերկ․․․ ոչինչ չունեին։

— Ֆլաներր հարուստ են լինում,— մեջ մտավ մի քուրդ, որ նստել էր տանտիրոջ կողքին,— բայց խորամանկ են, իրենց հարստությունը ծածկում են։

— Չէ՛, Ռազախ,— պատասխանեց նրան Ֆնդոն,― ես էլ

  1. Հայերը։