Էջ:Գաղթականներ 15.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին շարժվելու․ նոր միայն սկսեց զգալ աննկարագրելի հոգնածություն․․․

Բայց ճիգ գործեց և քայլեց՝ միշտ աչքը խարույկին։ Նախ դանդաղությամբ էր քայլերը փոխում, բայց մեկեն երկու ոստյուն գործելով՝ անցավ մի մացառի վրայից և սկսեց վազել․․․ Ի՞նչ, Նազիկը գուցե տառապում էր այնտեղ, գուցե մեռնո՞ւմ էր, վերջին շունչը տալիս ձյունի մեջ ընկած, իսկ ինքը հոգնում է, վհատում է, ուշանում։

3

Արտուճի թփերով պատած մի շրջանի մեջտեղում, արմատախիլ փշերի դեզով կազմել էին մի մեծ խարույկ և նրա շուրջը թափվել, ընկել էին գաղթականները։

Մոտ երեսուն հոգի էին. կին, աղջիկ և մանուկներ։ Բոլորը խղճալի, պատառոտուն հագուստով, գրեթե ոտաբոբիկ և գլխաբաց։ Տղամարդկանց վրա բաճկոնները կտրտված, բացված ամեն կողմից, ցեխոտ ու կարմիր։

Կանանց հագուստն էր՝ միակ երկար պարեգոտի, որ իր ծակոտիկներով ցնցոտի էր եղել և ցրտի առջևն էր պարզում մերկ անդամներ։ Էլ ձեռք չէր մնացել առանց կապտելու, ուռելու, կարկամելու։ Փչում էին նրանք իրենց ձեռքերի մեջ, ոտները վեր ու վար անում ձյունի մեջ կանգնած, շփում ականջները… քթերից ծորում էր, աչքերից հոսում…

Հավաքվել, ընկել էին խարույկի շուրջը։ Ոմանք փռվել՝ մեջքը կրակին էին տվել։ Քունը ընկճել էր կանանց և մանուկներին։ Որդիք իրենց ծնողների գրկի մեջ կուչ եկել և այդպես կույտ-կույտ, միմյանց գալարված՝ պարզվել էին ցեխի և ջրի մեջ, որ գոյացել էր կրակից հալվող ձյունից։

Լսվում էին երբեմն խուլ, խոր հառաչներ ու գանգատներ։

— Օ, ի՜նչ ցուրտ է, ի՜նչ ցուրտ։

— Քաղցա՛ծ եմ, մայրիկ․․․

— Յամա՜ն աստված,— գոչում էր մի կին,— հոգիս առ պրծիր…— Որդին էր, որ տանջում էր նրան, կրկնապատում նրա վիշտը․ այդ փոքրիկ արարածի ձայնը կտրվել էր, բայց նա բերանը մոր ուսին կպցրած՝ կոկորդից խուլ, խռպոտ