Էջ:Գաղթականներ 17.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդպես բնավեր, թշվառ, այդպես կիսամեռ դրության մեջ, անծանոթ հողի վրա և թափված ձյունի, ցեխի ու ջրի մեջ, կուչ եկած, կիսամերկ…

Արյունը գլխին խփեց։ Մի կատաղի զայրույթ խեղդում էր նրան. բռնահարեց դաշույնի կոթը, բայց մտաբերեց իսկույն, որ վաղուց է թշնամուն ետ թողել և եկել էր զոհը տեսնելու․ այժմ նա կանգնած է շիջող կյանքի, ոչնչացող հասարակության առջև և ականատես է նրա օրհասին, ականատես նրա վերջին տանջանքներին․․․

Ի՞նչ էին վայելել դրանք՝ այդ թշվառները, որ այժմ այդպես մեռնում էին հեռու՝ իրենց երկրից, տնից ու հողից։ Ծնվել էին գերության շղթայի մեջ, սնվել թշվառությունով և այժմ, շներից ավելի վատ դրության մեջ՝ մեռնում են, ոչնչանում, այն էլ օտար հողի վրա, անոթությունից, ցրտից…

Եվ այդպես քանի՜ քանիսները, հարյուրներ, հազարներ․․․

Կամաց քայլելով առաջ գնաց։ Լսվել էր նրա մոտենալը. մի քանիսները շարժվեցին, ոտքի ելան․ պատմող ծերունին դադարեց․ իսկ մեկը, որ ըստ երևույթին խմբապետն էր, առանց շարժվելու տեղից՝ նայեց եկողին և ասաց տխրությամբ.

— Քուրդ է… էհ, թողեք, տղերք, չէ որ ոչինչ չունինք։

Հետո Պետոյին դարձավ և ասաց քրդերեն.

— Ոչինչ չմնաց… ձերոնք վաղուց առին եղածները։

Երիտասարդը մի քանի քայլ էլ առաջացավ, դրեց գետնին հրացանի կոթը և ասաց մեղմ ձայնով.

— Մի վախենաք, ես հայ եմ, ճանապարհորդ… Դուք ո՞ր կողմերից եք…

— Մշո երկրից, Ցրոնից…

— Ցրոնի՞ց… Գոմերից չկա՞ն ձեր մեջ։

— Գոմե՞ր…— մռմռաց խմբապետը,— նրանք մեր մեջ չկան։

Պետոն խոնարհեցրեց գլուխը. ծնկները կթոտեցին և նա համարյա ընկավ․ հրացանը շառաչյունով գետին իջավ։

— Ախ,— ասաց նա խորին տխրության շեշտով,— օրերով քայլիր, հույսով հասիր այստեղ և… չկա։