Էջ:Գաղթականներ 19.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ախ, զավակս, ետ դարձիր շուտ, գնա հորդ մոտ… դու չգիտես, թե որքան թանկ արժե մի հոր համար իր որդու ներկայությունը, նրա կյանքը. ամեն, ամեն բան արժե… Դարձի՛ր ետ…

Ասաց ծերունին և լաց եղավ, արտասուք չուներ. դեմքի գծերը այլանդակվեցին։

— Հերիք է, աստվածդ սիրես, Մկո.— հանդիմանեց նրան խմբապետը — ի՞նչու ես սպանում մեզ էլ…

Ծերունին զսպեց իրեն. տրորեց աչքերը։

— Լավ, ահա, էլ չե՛մ լալիս, ոչ… իմ կորցրածը ի՞նչ արժե այս բոլոր կորուստի մոտ. ոչինչ, մի խիլ, մի կտոր հող…

Եվ նորից տիրեց լռություն։ Սկսել էր մի մեղմ, սառը քամի, որ օրորում էր խարույկի բոցը. կանայք ու մանուկները, ինչպես և քիչ–քիչ տղամարդիկ ևս, գնացին, փաթաթվեցին միմյանց և ընկան քնելու, էլի սկսեց լսվել սառած փոքրիկների վնգոցներ, սիրտ պատառող աղաղակներ։

Պետոն մոռացավ իր ցավը և սկսեց մոտից զննել թշվառներին։ Կտրտվում էր սիրտը։ Պոկոտեց մի քանի մացառներ էլ. կրակն արծարծեց, մի մերկանդամ մանուկի տվեց իր այծե մորթի բաճկոնը և փաթաթեց նրա մեջ։

— Շատ կա՞ մինչև սահմանագլուխը.— հարցրեց նա խմբապետին դառնալով։

— Մեզ ասել են, որ այստեղից քիչ է մնացել,— պատասխանեց նա,— տեսնենք կարո՞ղ ենք առանց տեսնվելու անցնել։

— Ուրեմն գնանք, էլ ինչու ենք նստել,— մեջ մտավ մեկը,— չէ որ մեզ գիշերով անցնել է պետք. աղոթարանը շուտով կբացվի։

Ամենքը նայեցին դեպի արևելք։

Աղոթարանը բացվում էր։ Ցուրտր սաստկանում էր, իսկ քամին ավելանում։ Խարույկի լույսը իջնում էր։

Պետոն կռթնած հրացանի վրա, դիտում էր խոնավ, թաց գետնի վրա կանանց ու մանուկներին։

Ուրեմն իր Նազիկն էլ այդպես, գուցե ավելի վատ դրության մեջ է. ո՞վ գիտե, դեռ ապրո՞ւմ է. կարողացե՞լ է հասնել, կարողացե՞լ է դիմանալ։