Էջ:Գաղթականներ 2.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարձրանում էր։ Ձյունի սառած շերտերը խշրտալով փշրվում էին նրա ոտքերի տակ։

Հոգնած էր. շատ էր քայլել. շունչը կտրվում էր։ Բլուրի գագաթը երևում էր ձյունի սպիտակության շնորհիվ։ Եվ ճանապարհորդը մի վերջին ճիգ ևս գործելով՝ մագլցեց ու հասավ կատարին։

Այնտեղ նա իջնող զառիվայրի գլխին նստեց, հրացանի կոթը գետնին դրավ, կռթնեց փողի վրա և սկսեց դիտել։

Գրեթե ոչինչ չի երևում։ Մի անհուն սևություն, որ տեղ-տեղ խորքում, ծածկված էր մի քանի փայլուն, կարմիր բծերով։

Սահմանագլխի և բլրի ստորոտում գտնվող գյուղի կրակներն էին։ Եվ այդ գյուղը անշուշտ քուրդի գյուղ էր։

Սև ամպերից կազմված միապաղաղ մի ծածկոց էլ երկնքի երեսն էր թաքցրել. աստղի նշույլը իսկ չկար։ Բնության խուլ շշուկը ծփում էր անդունդների վրա և անհետանում անսահման տարածության մեջ։

Ճանապարհորդը կռացավ դեպի ցած և լարեց լսողությունը. թվաց, որ լսում էր շների ձայն. բայց այնքան խուլ, անորոշ, որ նրանց որ կողմից գալը անհնար էր որոշել։

Սահմանագլխի մոտ էր։ Այդ նա գիտեր։ Բասենում նրան ասել էին, որ եթե կրակներ տեսնե, ապահով թող լինի, որ սահմանագլխի վրա է։

Ուրեմն, այդ սևության խորքումն էր ահա, որ գտնվում էր այն երկրի սկիզբը, որի մասին իրենց մոտ այնպես ցանկալի երազներ էին տեսնում. ուր, ասում էին, ոչ քուրդն է հափշտակում անպատիժ, և ոչ էլ կոպիտ ուժը հաջողվում ձեռնամուխ լինել մարդուս նվիրական սեփականությանը…

Ուրեմն, փոքր մի ևս, և նա ոտքը պետք է դներ այդ հողի վրա։

Բայց նա չէր եկել այդ երկիրը մտնելու։ Նրա համար այդ միտքը էլ գրավիչ չէր։

Նրա մտադրությունը այն չէր, որ խուսափեր իր դառնություններով լի երկրից և գնար այնտեղ, ուր ասում էին, մարդիկ ազատ են և ապահով, և ուր բարի, գթոտ մարդիկ կային։