Էջ:Գաղթականներ 22.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Լավ մարդ էր թե չէ, այդ աստված գիտե. բայց աղքատը նրա դռնից դատարկ ձեռքով ետ չէր դարձել, այրին նրան չէր մեղադրել, թշվառներին նա չէր զրկել և ոչ էլ տոկոսով մարդ խեղդել․․․ Ապրում էր նա ոչ վատ. մեռել էր կինը, մեռել էր աղջիկը. բոլորից միայն մի հատ որդի էր մնացել։ Վեցն էր թաղել, թաղելով ծերացել։ Կյանքի մի փոքրիկ կաթիլ ուներ, նա էլ իր միակ որդու համար էր պահել… Ուներ չուներ, այդ մի հատիկ որդին ուներ։

Որդին՝ քսան տարեկան մի ջիվան, կտրիճ, սիրուն ու թոսուն, բոյով ու թուխ֊թուխ։ Սար ու ձոր դողում էր նրա առջև… իսկ հայրը ուներ չուներ այդ ուներ։ Նրա կյանքի պայմանն էր այդ։ Ամեն զրկանք, ամեն նեղության նա արհամարհում էր, ամեն բան կրում․ իր Առաքելին ուտեցնում, նրան հագցնում, նրա համար մտածում, նրան էր երազում…»։

Դողում էր պատմիչի ձայնը․ քայլում էր նա. իսկ ակնարկը հեռուն, մթության մեջ, կարծես որոնում էր մի ինչ-որ սիրելի բան, ժպտում էր սիրալիր կերպով…

«… Այդպես երջանիկ,— շարունակեց ծերունին,— էլ դարդ կամ ցավ նրա համար չէր։ Մեծանում էր որդին․ կտրիճ էր դառնում․ իսկ հայրը ծերանում, ուժերը սպառվում։ Բայց ինչ հոգ, որդի ուներ, որի կյանքի աշխուժով ապրում էր ինքն էլ։

Անցան տարիներ, երջանիկ տարիներ․ եկավ և ձմեռ․ էկավ գարուն էլ, ամառը հասավ։ Կտրիճ երիտասարդը կյանք էր ստանում, օրեցօր աճում և ծերունուն երջանիկ դարձնում։ Նրա մի ոստումը, նրա մի ժպիտը թշվառ ծերունուն արև էր տալիս… Բայց…»։

Պատմիչը այստեղ կանգ առավ․ ցուպը գետնին կռթնեցրեց և ասաց շատ թույլ ձայնով.

— Թողեք շունչ առնեմ…

Կանգ առին բոլորը ու լուռ էին։ Ծերունին խոնարհեցրեց գլուխը մի վայրկյան, հետո դանդաղությամբ բարձրացրեց, տխուր, խամրող աչքերով լսողներին նայեց և շարունակեց։

«Մեկ օր, մի սև օր․․․ երբ հայրը իր տան առջև նստած, որդու մասին էր մտածում, երբ երկինքը պայծառ բացված,