Էջ:Գաղթականներ 24.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«․․․ Մեռել էր,— շարունակեց ծերունին խիստ մեղմ, գրեթե հազիվ լսվող ձայնով,— իր որդին էր. սպանել էին… էլ ինչո՞ւ ուրեմն ապրել, ինչո՞ւ․․․ Ու մտավ ծերունին իր խրճիթը և գլուխը դրեց հանգած օջախի վրա ու այսպես…»։

Ծերուկի ձայնը կտրվել էր. բոլորը կռացան դեպի նա։ Շրթունքները դեռ շարժվում էին և մի աղիողորմ շշուկ էր միայն, որ լսվում էր.

«Լե՜, լե՜, բալաս, լե, լե, ձագուկս, լե՜, լե՜․․․»։

Հետո մի ցնցում․․․ և ամեն ինչ վերջացել էր։

Ընկավ կողքի վրա, գլուխը թևի մեջ առավ և շունչը փչեց։

Տիրեց մի խոր, անշշուկ և ճնշող լռություն։ Աղոթարանի լույսը մեռելային լույսով լուսավորում էր տեսարանը․ քամին սաստկացել էր։

Հենց այդ միջոցին էր, որ մայրերից մեկը, զգալով մեջքի վրա մի սառնություն, դարձավ ու շոշափեց կապած մանուկին։

— Աղջի,— հրեց նա կողքի կնոջ և շշնջաց․— Սերգոն էլ չէ շարժվում։

Մյուս կինը մոտ գնաց, շոշափեց մանուկին, բարձրացրեց նրա գլուխը, հետո սոսկումով բաց թողեց և մռմռաց․

― Քնել է․․․

Մանուկը սառել էր։ Մեռած էր։

Իսկ քամին անդադար փչում էր․ լսվում էին հեռավոր բուերի ողբագին ձայներ։ Աղոթարանի ձայնը մեծանում էր։

4

Կարսի ձրի ճաշարանի դռան և լուսամուտի առաջ խռնվել էր մի մեծ բազմություն, որ գրավել էր նեղ բակի քարակույտերը, փտած գերաններն ու տանիքները և ցիրուցան թափվել-նստոտել նրանց վրա։ Ամեն ոք սպասում էր ճաշը բաժանելուն։

Թուրքահայ գաղթականներ էին դրանք՝ խառն տեղացի աղքատների հետ։ Բարեգործությունը սկսել էր կերակրել նրանց։ Ազատվել էին ցրտից, քուրդից, թուրք զինվորից և