Էջ:Գաղթականներ 29.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուզում էի, որ ետ դառնանք, ետ․․․ մեր, մեր երկիրը գնանք…

Դուրս էին եկել բազարից էլ, այժմ քայլում էին հայոց նախկին և այժմ ռուսացրած եկեղեցու ստորոտից, գետափն ի վեր։

— Էհ, այո,— շարունակեց Պետրոսն երկար լռությունից հետո տխուր, կծու ձայնով,— ահա թե ինչու եկաք այստեղ և թողիք ձեր տունն ու տեղը․․․ Գնալ, կանգնել այդ ողորմելի մարդկանց մեջ, մի ժամ սպասել, այդ սպասելու մեջն իսկ ամփոփված ստորությունը, նախատինքը տանել և այդ բոլորը մի աման կերակուրի համար…

Նազիկը չէր պատասխանում․ կծկվել էր, ցեխի միջից քայլում էր, քիչ էր մնում լար։

— Լսում էիր, թե ի՞նչեր էին խոսում շուրջդ․— հարցրեց պահ մի լռությունից հետո երիտասարդը։

— Ո՛չ,— պատասխանեց աղջիկը,— ես քեզ ու մորս վրա էի մտածում։

— Իսկ ես լսում էի. լսում էի այնտեղացի կնոջ խոսքերը, ասում էր, որ մենք եկել ենք մեր երկրից և ազգի ձրի հացն ենք ուտում, որ մենք ծույլ ենք, խարդախ ենք․․․

Քայլում էին, աշխատելով չոր տեղեր կոխել։ Քամին բաց էր անում Նազիկի պարեգոտը, ստիպված էր պարուրվել նրա մեջ, կծկվել, գլխի թաշկինակը ավելի ցած քաշելով՝ երեսը ծածկել։

— Կմրսես, շուտ-շուտ գնանք,— ասաց Պետրոսը և նորից շարունակեց։

— Չէ՛, պետք է ետ դառնալ,— ասաց հուզված ձայնով,— այստեղ քեզ նայում են իբր հափշտակողի վրա։ Եվ իրավ, ինչ ենք մենք․ այն, ինչ որ տեղացի աղքատների համար էր, մենք ենք գրավում․ ի՞նչ իրավամբ։ Երեկ մի դռան մոտից անցնում էի․ լսեցի, թե ինչ խոսքեր էր ասում մի կարսեցի հաստ ու կարճլիկ կին մի բուլանխցի նիհար կնոջ, որ գրկել էր իր մերձիմահ մանուկին։ Գիտես ի՞նչ էր ասում։

— Ես ի՞նչ գիտեմ,— մռմռաց Նազիկը,— ինձ այժմ տանջում է այն միտքը միայն, թե մայրս ի՞նչ պիտի ուտի․ քաղցած է։

— Մենք այդ կտեսնենք,— պատասխանեց Պետոն