Էջ:Գաղթականներ 3.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բարի մարդկանց պետք չուներ նա, ոչ էլ օգնության։ Թշնամին նրա մեջքը դեռ չէր տեսել. նրա հրացանի գնդակը կամ դաշույնի հարվածը պարապ չէր անցել։ Մշո լեռների կտրիճ զավակն էր նա՝ Գոմեր գյուղացի Պետրոսը, որին ոչ մեկը անպատվել կամ ծուռ աչքով, մինչև այդ ժամանակ նայել չէր համարձակվել։

Ո՛չ, նա չէր կամենում գնալ մյուս թուլամորթների պես՝ խուսափել հարվածողից… Ո՛չ, նա թողել էր երկիրը, քայլել էր երկար, տաժանելի ճանապարհներ էր կտրել, որովհետև իր նշանածին էր որոնում, իր սիրելուն, իր Նազիկին։

Ո՞ւր էր նա այժմ, իր ծնողների և համագյուղացիների հետ. երկրի ո՛ր լեռների մեջ ապաստանած կամ ո՛ր ճանապարհի վրա ընկած, սպանված…

Դրանից քսան օր առաջ Բուլանըխից Մուշ վերադառնալով՝ աչքի առաջ ուներ, որ Գոմեր կհասնի և տարիներով փայփայած երազը կիրագործի, որ Նազիկին կունենա վերջապես։ Խոստացել էին պսակը այդ ձմեռ կատարել։

Նա սիրում էր Նազիկին, և աղջիկը պաշտում էր նրան։

Նրանք երջանիկ էին։ Պետրոսը ոչ մի մռայլ բան չէր երևակայում Բուլանըխից վերադառնալիս։ Քրդերի արածները սովորական էին եղել։ Ասում էին, որ Մուշի դաշտում քուրդերը, աշիրաթներն իսկ, ավերում էին գյուղեր և օրեցօր սաստկացնում այդ ավերածությունը. որ կոտորում են, փախցնում… Բայց Պետրոսը այդ բոլորը նոր չէր, որ լսում էր. ծնվելուց ի վեր նրա ականջները վարժվել էին այդ բոլորին։

Եվ այդպես, միշտ վարդագույն հույսերով Բուլանըխից Մուշ եկավ, սրտատրոփ Գոմեր վազեց իր նշանածին տեսնելռւ, բարեկամներին համբուրելու…

Բայց երբ գյուղ հասավ, ի՞նչ տեսնե…

Սասնո Բաքրանցի քուրդերի ցեղապետը, ահա թե ինչ պատմեցին նրան, ուզել էր տանել Նազիկին, հավանելու էր բարեհաճել նրան։ Վրթնոն՝ աղջկա հայրը, այդ լսելով, մի գիշեր հանկարծ առել էր իր ընտանիքը, շալակել էր ինչ որ կարողացել էր և փախել գյուղից։