Էջ:Գաղթականներ 31.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հասել էին գետափի կամրջի կողքին մնացած մի թումբի մոտ, մի հին բաղնիքի մնացորդ սենյակի ետևում։

— Խեղճ Նազիկս, —ասաց երիտասարդը՝ բռնելով նրա ձեռքը,— մի վախենալ․ այս անգամ ես եմ հետներդ․ դու գիտես, որ իմ կյանքը քեզ համար է միայն։

Աղջկա աչքերը սիրո արտահայտությամբ լցվեցին, սեղմեց երիտասարդի ձեռքը։

— Ներս մտնենք,— ասաց,— մայրիկը մենակ է։

Բաղնիքի այդ մնացորդ սենյակից դուրս էին խուժում այլանդակ ձայներ։

Նազիկը առաջ անցավ։ Պետոն հետևեց նրան։ Ներսում, այս, այն կողմ, բաց գետնի վրա թափվել էին կին, տղա, ծեր և աղջիկ, բոլորը ցնցոտիներով, կեղտոտ և խղճալի։

Մի անկյունում, փսիաթի վրա էր, որ պառկել էր Նազիկի հիվանդ մայրը։

Նրա դրությունը անհույս էր․ այդ պարզ էր․ ամեն ինչ քայքայվում էր նրա մեջ։ Դժգույն, աչքերը խամրած, թոշնած։ Գլուխը կռթնեցրել էր բարձի պես մի տոպրակի և աչքերն առաստաղին՝ տնքում էր ծանր կերպով։

Նազիկը մոտ գնաց ու չոքեց նրա գլխի մոտ։

— Կերակուր չբերի, մարե,— մրմնջաց նա,— Պետրոսը չթողեց․ ասում է հերիք է մուրանք, շա՞տ անոթի ես, մարե։

Հիվանդ կինը նայեց ուշադրությամբ շրթերը պրկած գունատ երիտասարդին, հետո քիչ բարկացավ, հենվեց աղջկան և նստեց։

― Անոթի չեմ,— ասաց նա թույլ ձայնով,— գիտեմ արածդ, Պետրոս․ գիտեի, որ եթե իմանայիր, այդպես էիր անելու․․․ Աստված քեզ պահե․․․ Մենք մեր դռներում շատերի ենք կերակրել․ այս մուրացկանությունը, այս անկումը ինձ սպանեց։

— Գիտե՞ս ինչ, մարե՛․— խոսեց երիտասարդը,― ես կերթամ աշխատանք կգտնեմ և հաց կբերեմ ձեզ. անհոգ եղեք։ Բայց ավելի լավն այն է, որ ետ դառնանք։ Շատ ծանր է… Գնանք, մարե, գնանք էլի մեր հողը գտնենք, մեր ջուրը խմենք, մեր ձեռքով աշխատենք, մեր հացն ու մեր աշխատանքն ուտենք… Ի՞նչ կյանք է այս. չորս կողմդ օտար