Էջ:Գաղթականներ 40.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետո,— ցածից արձակված գնդակները չե՞ն կարող մեզ վնասել։

— Չեմ կարծում, եթե միշտ ներսը մնանք,— պատասխանեց նրան երիտասարդներից մեկը։

— Մոտենում են,— հայտնեց չորրորդ երիտասարդը, որ ավելի դեպի մուտքն էր գտնվում,— նայեցե՛ք, որքան շատ են…

Բոլորը դարձան դեպի դաշտը։ Խումբը մոտենում էր. նրանց նիզակները ֆոնի վրա երերում էին, իսկ վահանների գամերն ու հրացանների փողերը փայլում լուսնի աղոտ լույսի տակ։ Բազմաթիվ էին, բոլորը ձիերով և լավ զինված։

— Պատրաստվենք, տղերք,— գոչեց Պետրոսը,— ս. Կարապետ մեզի քոմագ… Հրացաններիդ աչք խփեք. ետ քաշվենք, և թողեք ինձ դիտելու թշնամու քայլերը։

Մյուս վեց երիտասարդները ներս քաշվեցին։ Պետոն փորսող տալով մոտեցավ տափարակի ծայրին, աշխատեց քարայրի ձգած ստվերի մեջ մնալ և սկսեց դիտել։

Քուրդերը հառաջացան բավական տեղ, կանգ առին, խմբվեցին և շրջապատեցին իրենց մեծավորին։ Մի քանի րոպե հետո նրանք նորից բաժանվեցին և ավելի կամաց քայլելով՝ գնացին դեպի քարայրները։ Մեկ-մեկ համրվում էին. բոլորն էլ Համիդիե զորքի նշաններն ունեին իրենց քրդական հագուստի վրա։

Երբ մոտեցել էին այն կետին, որտեղից սկսվում էր ժայռի ստորոտը, քուրդերից շատերը ձիուց իջան և հրացանները լարեցին։

— Պատրաստ կացեք,— դարձավ Պետոն ընկերներին,— սկսում են հարձակումը, սողոսկելով մոտեցեք ինձ և երկու հոգի ձեզնից աջ, իսկ երկուսը՝ ձախ հսկեցեք գնդակահար անելու մագլցողներին։

Այդ միջոցին ճայթեց մի չոր բան կարծես․ արձագանքը թնդացրեց հովիտը և մի գնդակ եկավ թռցնելու մի քանի ժայռի կտոր, քարայրներից երկրորդի գլխի վերևում։

Այդ առաջին ճայթյունը դողեցրեց պաշտպանվածներին․ Մարթինի զորեղ և հեռաձիգ հրացանի ձայնն էր։