Էջ:Գաղթականներ 48.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուզեն, դու սպանիր ինձ․․․ Կանես, չէ՞, չես թողնի, որ նրանց պիղծ ձեռքերը դիպչեն ինձ․․․ որքան կուզեի, մեռնել, մեռնել այսպես գրկիդ մեջ, երջանիկ րոպեում․․․

— Իսկ ես, ես ի՞նչ կլինեմ,— ասաց Պետոն,— ի՞նչ պիտի անեմ, եթե դու մեռնես։

— Օ՜, իմ Պետրոս,— մրմնջաց Նազիկը,— ես էլ քեզնից բաժան ապրել չեմ կամենում… Մեռնենք միասին․ այդ լավ է… Երևում է, որ իրավունք չենք ունեցել երջանիկ լինելու․․․ Ոչ․․․ հայրս էլ հաճախ ասում էր, որ մեր ճակատի գրածը թշվառություն է, հալածանք․․․ Ինչո՞ւ այդպես է, չգիտեմ․․․ Ինչո՞ւ գողերը, ավազակները ավելի լավ ճակատագիր ունեն… Դու այդ գիտես, Պետրոս…

Նրա ձայնը թուլանում էր․ նույնպես և մարմինը․ լիովին ամփոփվել, կուչ էր եկել երիտասարդի գրկում և աչքերը փակվել էին։

— Մոտեցիր․․․ գրկիր ինձ,— մրմնջում էր նա․․․— մրսում եմ կարծես… այդպես․․․ օ, ինչ լավ է․․․

Եվ երբ քիչ լուռ էին, շարունակեց մեղմ ձայնով․

— Երբ ես կմեռնեմ… դու ապրիր… ապրիր, և իմ մորս, հորս, մեր գյուղացիների․․․ բոլորի վրեժն առ․․․ և ապա եկ ինձ մոտ… կանես, չէ՞…

Հանկարծ Պետոն մտաբերեց քուրդերին և աչքը բարձրացրեց։ Տեսավ, որ մոտենում էին և մինչև իսկ որոշեց, որ երեք էին։

Նա շտապով բաց թողեց գրկից Նազիկին։

— Գալիս են.— ասաց,— գոնե պաշտպանվելով մեռնենք… ինչ լավ կլիներ, եթե դու էլ հրացան արձակել գիտենայիր և այժմ մի հատ ձեռքդ լիներ․․․ մենք երեքին էլ կփռեինք գետին․․․

Հետո առավ հրացանը, մի վայրկյան լարեց, և երբ երեք քուրդերը կանգ էին առել հետքերի ուղղությունը քննելու, կրակեց։

Բոցը վիժեց փողից որպես մի խուրձ շանթ, սլացավ մթության մեջ, հետո լսվեց մի սուլում և մի աղաղակ։ Մի քուրդ ընկել էր։