Էջ:Գաղթականներ 49.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իսկույն երկու գնդակներ եկան դեպի նա։ Մեկը տափակացավ ժայռի վրա, իսկ մյուսն անցավ գլխի վրայից։

Դրանից հետո քուրդերը մի քանի ոստյուն գործեցին և մտան քարերի ետևը։

Անշուշտ նոքա իմացել էին հետքերից, որ անցել էր մի մարդ, բայց այդ մարդը ուսերի վրա ուրիշին ուներ։ Եվ խորամանկ քուրդերը հասկացել էին Նազիկի այդ կողմը լինելը։

Այժմ կանոնավոր կռիվ էր սկսվում, մտած պատնեշների ետևում։ Ուժերը անհավասար էին, բայց Պետրոսը քիչ ուրախություն զգաց։ Առաջին անգամը չէր, որ երկու քուրդի հետ կռիվ էր տալիս։

Ուրախություն զգաց․ այժմ ապահով էր, որ հաղթելու էր, և մի գնղակ ուղղեց դեպի ժայռը։

Այդպես մի քանի րոպե գնդակներ սկսեցին տեղալ միմյանց վրա ընդհատ։ Պետրոսը, սակայն, չէր նկատում, որ հակառակ կողմից արձակվող հրացանը մեկն էր, փոխանակ երկուսի։

Նազիկը կծկվել էր ժայռի ետևում։

Այդպես էր դրությունը։ Դիմացից լռել էին. Պետրոսը սպասեց ինքն էլ, երբ հանկարծ ետևի կողմից թնդաց մի հրացան։ Պաշարվել էր։ Քուրդերից մեկը գաղտագողի անցել էր ետևի կողմը, մտել մի ուրիշ քարի ետև և այնտեղից գնդակահար էր անում Պետոյին։

Առաջին գնդակը, սակայն, փշրեց միայն մի կտոր քար, բայց Նազիկը գրեթե ուշաթափ եղավ։

Պետրոսը կատաղությամբ մի ոստյուն գործեց. դրան հետևեցին երկու ուրիշ ձայներ․ մի գնդակ սլացավ իր կողքից, լսվեց մի աղաղակ և նա տեսավ, թե ինչպես Նազիկը ձեռքերը դեպի նա պարզեց․ հետո բարձրացավ, ծնկան վրա եկավ և փռվեց ժայռի վրա։

Պետրոսի արյունը դեպի գլուխը հոսեց բուռն կերպով։ Հսկա թռիչք գործեց, հասավ քուրդին, հանեց երկար սուրը և մի այնպիսի հարված հասցրեց նրան, որ եթե քուրդը ետ չքաշվեր, անշուշտ գլխից զրկվելու էր։

— Նամերդ,— մռնչաց Պետոն և չթողեց քուրդին շարժվելու։ Գնդակները սուլում էին նրա կողքից, մեկն էլ ազդրի