Էջ:Գաղթականներ 50.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ մտավ, բայց նա հրացանի բունով ջախջախեց քուրդի գլուխը, դաշույնով պատառեց նրա կոկորդը և ապա նույն թռիչքով անցավ այն տարածությունը, որ իրեն բաժանում էր մյուս քուրդից։ Եվ, չնայելով դեպի իրեն ուղղած գնդակները, հասավ նրան։

Ձեռքին միայն դատարկ հրացան ուներ, բարձրացրեց և առանց խոսելու իջեցրեց քուրդի գլխին։ Սա, վահանը դեմ տվավ և դաշույնով հարձակվեց։

Պետրոսը գոտուց ատրճանակը հանեց։ Մի րոպեից հետո այդ քուրդն էլ ոտքի տակն էր, բացված կուրծքով։

Հաղթությունը Պետոյինն էր։ Եվ դաշտը մտավ դարձյալ ամայության մեջ։ Խոր լռություն տիրեց նրա շուրջը։

Կանգ առավ ու շուրջը նայեց․ արյունով դեռ լեցուն էին աչքերը․ խելագարի պես էր, դեռ ոչինչ չէր հիշում։ Մթությունը սաստկանում էր. հորիզոնը լիովին ծածկված էր ամպերով, կամաց-կամաց շրջակա լեռների շրջագծերն իսկ անհետանում էին։

Մենակ էր այժմ և հետզհետե գիտակցության էր գալիս, հանդարտվում էր։ Մի վայրկյան հետո նա սկսեց հիշել։

Եվ երբ հիշեց, մի խուլ, ցավալից աղաղակ դուրս թռավ նրա կոկորդից։ Վազեց դեպի ժայռը․ ցած ձգեց հրացանը և չոքեց Նազիկի դիակի մոտ։

Դեռ տաք էր, բայց մեռնում էր․․․ Սոսկալի իրողությունը նրան երազ, կոշմար էր թվում․․․

― Նազիկ,― գոռաց աղիողորմ ձայնով,― իմ Նազիկ․․․

Աղջիկը շարժվեց և բարձրացրեց թևերը. բացվեցին քիչ նրա աչքերը մի ակնթարթ… և ապա մի բուռ արյուն դուրս հոսեց բերանից։

Պետոն գրկեց, բարձրացրեց նրան։

Մի բառ անգամ չարտասանեց անբախտ աղջիկը, թեքեց գլուխը, դրեց իր սիրողի կրծքի վրա և մեռավ․․․

― Նազիկ,― գոչեց երիտասարդը,― աստված իմ, մի՞թե առանց քեզ եմ մնալու, մի՞թե թողնում ես ինձ…

Ու բաց թողեց գրկից, դրեց գետնին, գլուխը ժայռին դեմ տվավ, հետո բարձրացավ, մի կողմ շպրտեց գլխարկը, բաց արավ կուրծքր։ Խեղդվում էր, շունչ չէր մնում․․․Մի օգնություն