Էջ:Գևոն 07.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Վարպետին վարպետը կա։

Ֆիրիկը ավելի վարպետ էր։

Գևոն ինք հեծավ Ալին վրա և բերավ տուն։ Ախոռը մտած ատեն Ալին առջի ոտքը դպավ ախոռի սեմին։ Գևոն մտահոգվեցավ։ Գիշերը ամբողջ մտածեր և եկավ այն եզրակացության, որ «կերևա քի խամ տեղ էր, թեքերլեմիշ եղավ[1]»։

Երկրորդ օրը կեսօրին դուրս հանեց ձին, հեծավ և ուղղվեցավ դեպի քաղաքեն դուրս։

Պատահեցավ առու մը, Ալը ուղիղ գնաց և կոխեց առուին մեջ, փոխանակ հեշտությամբ ցատկելու վրայեն։

Գևոյին սիրտը դող ինկավ։ Անմիջապես ցատկեց ձիեն և, գալով կենդանիին դեմը, ձեռքերու ահաբեկիչ շարժումներ ըրավ անոր աչքերուն առջև, ձին երբեք չցնցվեցավ։ Այն ատեն նշմարեց, որ Ալի աչքերուն մեջ լույսի թրթռումներ չի կային։

Ալը քոռ էր երկու աչքերեն։

Գևոն կոտրվավ։

Հեծավ ձին և ամենայն զգուշությամբ եկավ տուն, որպեսզի չըլլա թե ուրիշը նշմարե՝ ճանապարհին ինքնիրեն մրմնջելով.

— Գևո՛, խաբվար, հարա՛մ ըլլի ճամպազությունդ։

Տուն հասնելուն, ձին քաշեց ներս։ Չէր խոսեր։ Օվիկը մոտեցավ վարպետին, ինքն ալ վարպետ այլևս.

— Աղա՛, ի՞նչ կա քի,— հարցուց Օվիկը։

— Ալը քոռ է երկու աչքերեն, Օվիկ։ Տիարպեքիրցին լավ նետեց մեզի, աղեկ տոլապ էր։

Օվիկը գլուխը ծռեց և չխոսեցավ։

— Օվիկ, ուշանալ չըլլիր, Ալը վաղը պետք է քշենք,— հարեց Գևոն։

— Քշե՛նք,— պատասխանեց Օվիկը։

Երկրորդ օրը ամենայն հեշտությամբ ծախեցին Ալը թուրք սպայի մը։

Անցավ մեկ֊երկու շաբաթ։ Թուրք սպան Ալը ետ բերավ։ Այդ արաբական ազնիվ ձին տասը Օսմանյան ոսկիի ծախելու գաղտնիքը իմացված էր։

Թուրք սպան տասը ոսկին կուզեր։ Աղմուկ, իրարանցում։

  1. անիվի պես դառնալ, գլորվել