Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նրա կյանքում բախտորոշ դեր խաղաց անվանի բանաստեղծ Մկրտիչ Պեշիկթաշլյանը։ Լինելով Սրբուհու ուսուցիչը, փոխադարձ ռոմանտիկ սիրով կապվելով միմյանց հետ, բանաստեղծը իր սանուհուն համակում է անսահման սիրով դեպի հայրենի լեզուն, տոգորում նրան հայրենասիրական զգացումով։ Նա սովորում է հայերենը, հիանում մայրենի լեզղվի գեղեցկությամբ և անգամ հմտանում գրաբարի իմացությամբ։

Սրբուհու մայրը՝ Նազլը Վահանյանը, Կ․ Պոլսի զարգացած, Հայրենասեր կանանցից էր և ժամանակին աչքի Էր ընկնում հասարակական բարիգործական գործունեությամբ։ Իր նախաձեռնությամբ նա Օրթագյուղում բացել է Հռիփսիմյան վարժարանը, որը հսկայական դեր խաղաց հայ աղջիկների կրթության ու դաստիարակության գործում։ Մեծանալով այդ միջավայրում՝ Սրբուհին նույնպես տարվում է հասարակական գործունեությամբ։ Նա զբաղվում Էր մանկավարժությամբ, կատարում էր Հռիփսիմյան վարժարանի վարչության ատենադպրի պաշտոնը, ապա կազմակերպում է «Դպրոցասեր հայուհեաց» ընկերությունը և դառնում նրա ղեկավարը։

Տյուսաբը բավականաչափ ուշ մտավ գրական ասպարեզ․ նրա առաջին տպագիր գործը մի փոքրիկ բրոշյուր Էր, որը լույս տեսավ 1880 թվին «Աշխարհաբար հայ լեզուն» վերնագրով։ Այստեղ հեղինակն անդրադառնում Է Արևմտահայ իրականության մեջ դեռևս շարունակվող գրապայքարի խնդրին՝ հաստատուն կանգնելով աշխարհաբարի պաշտպանության դիրքերում։

1881 թ․ «Թերճիման էֆքյար» թերթում լույս տեսավ Տյուսաբի «Քանի մը խոսք կանանց անգործության մասին» հոդվածը, որն անմիջապես արտատպվեց «Արևելյան մամուլում»։ Կարճ ժամանակ անց վերջինիս Էջերում երևաց հեղինակի՝ նույն խնդրին վերաբերող մի այլ հոդված՝ «Կանանց աշխատության սկզբունքները»։ Հոդվածներում Տյուսաբը բարձրացնում Է կնոջ ազատության Հարցը, մասնավորապես առաջադրում կանանց աշխատանքի իրավունքի պահանջը։

Իր հոդվածների լայն արձագանքից ոգևորված և արժանանալով իր գրական միջավայրի ազդեցիկ մարդկանց խրախուսանքին, Տյուսաբը եռանդուն գրչով անձնատուր Է լինում գեղարվեստական գրականությանը, և ընդամենը մի հնգամյակում, գրամ ու հրատարակում երեք վեպ՝ «Մայտա» (1883), «Սիրանույշ» (1884), «Արաքսիա կամ վարժուհին» (1887)։

Վերջին վեպով փաստորեն ավարտվում է Տյուսաբի գրական գործունեությունը։ Արդեն հիվանդ՝ տիկնոջը վիճակվում է կրելու մի անդարմանելի վիշտ. 1891 թ․ մահանում է նրա տասնութամյա դուստրը, որի հետ կապված Էր իր հոգու և զգացմունքների բոլոր թելերով։ Դա փշրում Է փխրուն ու զգայուն Տյուսաբի սիրտը և առհավետ մեկուսացնում նրան գրական և նույնիսկ աշխարհիկ կյանքից։ Այսպես նա ապրում Է ամբողջ տասը տարի, մինչև, որ 1901 թվականին քաղցկեղը կտրում է նրա կյանքի վերջին մաշված թելը։

IV