Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նեխահոտ և ապականյալ սենեկին մեջ կեցավ Սիրանույշ գրեթե ժամու մի չափ, առանց սակայն թույլտվություն ընելու Մարիամին նույն տեղը մտնելու, վասնզի եղբորն անզգա վիճակը զինքը չարաչար կը հուզեր։ Այրի կինը կար միայն յուր քով, և սա պարտավորվելով շատ անգամ սենեկեն դուրս ելնելու, տիկինը առանձին կը մնար հիվանդ տղուն հետ, իբրև մայր գուրգուրալով անոր վրա։ Այդ տխրության տեսարանին միացնելով և յուր հուսահատ սրտին պատկերը տարաբախտ մանկամարդին այտերեն վար կը հոսեին լռին արտասուք. ու հառաչանք բերնեն կը սուրային՝ կարծես հրեղեն ակոս մի թողլով սրտին ճամփուն վրա։

Վերջապես եկավ բժիշկն, Սիրանույշի հրավիրանոք մոտեցավ տառապելույս անկողնույն, ուշի ուշով զննեց զտղան, հարկ եղած հարցումներն ըրավ, դժգոհ կերպարանք մ՚առավ, դեղագիր մի գրեց զոր տանտիրոջ հանձնեց, որպեսզի ժամ հառաջ դեղարան տարվի։ Պատշաճ դատված հրահանգը տալեն վերջը բժիշկը սենեկեն դուրս ելավ ու հրավիրեց զՍիրանույշ նույնը ընելու:

— Տիկի՛ն, բնավ պետք չունիք հիվանդին մոտ կենալու ոչ դուք և ոչ ալ այս երիտասարդուհին,— ըսավ, զՄարիամ ցույց տալով, որ սենեկեն ներս մտած էր բժշկին հետ։

— Ի՞նչ է ունեցածը,— հարցուց Սիրանույշ այլայլելով։ — Ժանտատենդ (սքառլաթին),– պատասխանեց բժիշկը ցած ձայնիվ։

Մարիամ այդ խոսքերն իմանալով,

- Ո՜հ, գոչեց, եղբայրս չի՞ ապրի արդյոք,— և սկսավ լալ դառնագին։

- Կրնա ապրիլ անշուշտ,- պատասխանեց բժիշկը,- բայց դուք խիստ երիտասարդ եք այդպիսի հիվանդություններ դարմանելու համար։— Եվ զայս ըսելով մեկնեցավ նա երեկոյան դեմ վերստին գալու խոստմամբ։

Սիրանույշ հիվանդապահ կին մի բերել տալու պատվերն ընելեն վերջը տան կնոջ, և ամենայն կերպիվ հանձնարարելեն վերջը փոքրիկ հիվանդը, մեկնեցավ հոնկե զՄարիամ հետը տանելով, թեև աղջիկը կը հակառակեր տիրուհվույն կամացը դեմ, բաղձալով եղբորը մոտ կենալու զինքը խնամելու համար: