Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մայտա առ Տիկին Սիրա

Տիգրանեն լուր ստացա։ Նամակը վսեմ միության հոդն է երկու սիրեցյալ սրտերու մեջ։ Տիգրանա մեն մի բառը կրկնություն մ՚է յուր սիրույն և հավատարմությանը։ Այո՛, լավ կը ճանչեմ անոր սիրտը և սակայն այդ կրկին հայտնություններն առավել ևս հավատքս կը հաստատեն։ Ինչու՞ պահեմ քեզմե, բայց քանի որ ծովն զմեզ կը բաժնե, այնպիսի վայրկյաններ ունիմ որ կասկածն առջևս կը կանգնի իբրև զարհուրելի հրեշ, և կը ներկայացնե ինձ կին մ՚ որ զիս Տիգրանեն կը բաժնե, և չգիտեմ ինչու՞ սոսկումը կը գրավե զիս մահը փափաքելի ընելով ինձ։ Սակայն միթե ապերախտ չե՞մ․ անոր նման բարձր սիրտ մի կրնա՞ երբեք ուխտադրուժ ըլլալ․ ո՜հ, հայհոյանք մ՚է իմ կասկածս սիրո դեմ։ Կը սիրեմ զՏիգրան, նա կը սիրե զիս ստուգապես, վարանմունքս զգացմանս չափազանցութենեն կը գոյանան, գիտեմ. և երբ կը ցրվին և հավատքը կը վեադառնա, թվի ինձ որ ահեղամռունչ ծովուն կոհակաց խաղալիքն ըլլալեն վերջը գեղազվարճ եզերքի կը վերադառնամ, երազելով և պաշտելով։

Տարաբախտ Հրանույշի օրերը վերջանալու մոտ կը թվին։ Մեր ընկերությունը անոր համար անհրաժեշտ պետք մ՚ եղած է․ հետևապես երբ անկարելի է անոր շրջագայության երթալը, իր տանը մեջ կ՚ընկերանանք իրեն։ Անընդհատ կը խոսի կույս երևակայության երազներուն վրա որք կենաց երազին մեջ պիտի անհետանան։ «Ավա՜ղ, կ՚ըսեր, երբեք կյանքն այնքան սիրելի չթվեցավ ինձ որչափ արդ որ խույս կուտա ինձմե»։ Ուրիշ անգամ մ՚ալ կը մրմնջեր․ «Ես վայրենի անտառ մ՚եմ որ իբր շող ճանաչեցի միայն շանթերուն փայլը որ անոր գագաթը լուսավորեց։ Կյանքս ճերմակ էջ մ՚է որ ո՛չ մի սիրտ անունը գծեց, այլ մահը միայն յուր սև դրոշմը դրավ անդ։ Գիտնայիք թե ո՜րքան աղետալի է հրաժարիլ կենաց բոլոր վայելքներե։ Ես ալ հոգի մ՚ունիմ ուրիշներուն նման, ես ալ երիտասարդ եմ, ես ալ գիտեի սիրել, գիտեի ժպտիլ երկնից և ծաղկանց։ Եկա, տխուր վկա մի հանդիսացա կենաց վայելից,

52