Մենք ունեինք մի հեռավոր ազգական, որին Ավետիս Ամուճա[1] էինք կանչում։ Ո՛չ միայն մենք, այլև ամբողջ քաղաքը նրան Ավետիս Ամուճա էր կանչում, մինչև անգամ թուրքերը։
Թե ի՛նչ ազգական էր նա, ես մինչև հիմա էլ չգիտեմ։
Ավետիս Ամուճան և Գուվար Քորոն[2] քառասուն տարուց ավել էր, ինչ ամուսնացած էին։ Նրանք ո՛չ իրար էին տեսել նախապես, ո՛չ էլ իրար հավանել, այլ ծնողներն էին հավանել և պսակել, ինչպես սովորություն էր հի՜ն, անհետացա՜ծ երկրում։
Ամուսնությունից հետո միայն մի երկու տարի նրանք ապրել էին իրար հետ առանց վեճի և կռվի, մնացյալ տարիների ամեն մի օրը գոյություն էր ունեցել մի փոքրիկ, շա՜տ փոքրիկ առիթ, որ վիճեին նրանք և վեճը փոխվեր կռվի։
— Աղջի՛, չըլլելիք, հավերը կինե[3] մտան օդան,— գոռում էր Ավետիս Ամուճան և դուրս չէր քշում հավերը, կանչում էր կնոջը, որ նա՛ քշի։
— Մեյ մը քը՜շ ըսես, կերթան, ա՛յ մարդ,— բարկանում էր Գուվար Քորոն և՝
— Քը՜շ, քը՜շ, քշա՜, քշա՜…
Ավետիս Ամուճան հակաճառում էր.
— Ես հավ քշող չի՛մ։
— Հավ քշող չես՝ ի՞նչ ես։
— Էրիկ մարդ իմ, գլխուս վրա ֆես կա,— ազդարարում էր Ավետիս Ամուճան։
Սկզբները Գուվար Քորոն սրանով վերջացնում էր վեճը։
Բայց կամաց-կամաց եկավ այն եզրակացության, որ գլխի վրա ֆես ունեցողն էլ կարող էր և պարտական էր հավեր