Էջ:Երկու գերեզման 15.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ ամեն մի մարդ էլ կարող է եփել, ամաններն օրերով չէր լվանում, թղթով սրբում էր և նորից գործածում։

Գուվար Քորոն ահավոր դատարկություն էր թողել տան մեջ և Ավետիս Ամուճայի հոգում։

Քանի օրերն անցան, Ավետիս Ամուճայի թախիծն այնքան խորացավ, նա Գուվար Քորոյին փնտրում էր այնպես, ինչպես մայր թռչունը՝ իր կորցրած ծիտին, անընդհատ ման էր գալիս փոքրիկ տարածություն ունեցող իր տան մեջ, մենակ, և բարձրաձայն աղաղակում.

— Գուվա՛ր, աղջի՛ Գուվար, ո՞ւր գացիր, եկո՛, է՛, եկո՜…

Գրեթե ամեն երեկո բաց էր անում Գուվար Քորոյի սնդուկը, դուրս էր բերում շորերը, քսում երեսին և լաց լինում։ Լացը վերածվում էր դառը ողբի, երբ հիշում էր, թե ո՛ր շորը հագած օրը ինչ բանի մասին կռիվ էր եղել։

— Գուվա՛ր, քըզի կ՚ըսիմ, նորե՛ն եկո, հետս կռիվ ըրե՛, աչքս քոռնա՝ բան չեմ ըսեր. եկո՛, է՜, եկո՛…,— կանչում էր Ավետիս Ամուճան։

Հաջորդող ձմռան հիվանդացավ։

Գիշերը բաց էր մնացել, մրսել էր։ Ոչ ոք չկար, որ մի բաժակ ջուր տար։ Հազիվ կարողացավ վեր կենալ, պահարանից օղի վերցրեց մարմինը շփելու և տաքացնելու։ Մարմնի ամեն տեղը մի կերպ քսեց, բայց կռնակը չկարողացավ, մարմնի այն մասը, որ ամենից շատ էր կոտրատվում և ցավում։ Ավետիս Ամուճան խեղճացած նայեց տարածության մեջ և կանչեց։

— Գուվա՛ր, ելի՛ր, մեջքս արաղ քսե՛, մսեր իմ…

Այն մարդը, որ Գուվարի ողջության, երբ նրա մասին խոսք էր լինում, նեղանում էր, թե՝ ուրիշ խոսելիք չունիք, այժմ ինքը հանդիպած բարեկամին, ազգականին, ծանոթին և խանութի հարևաններին խոսում էր լուսահոգիի մասին։ Թվում էր նրա առաքինությունները, մինչև անգամ նրա թերությունները ներկայացնելով իբրև առաքինություններ։

Հաճախ ուրախությամբ հիշում էր.

— Լուսահոգիի հետ օր մը անանկ կռիվ ըրի, անանկ կռիվ ըրի, արար աշխարհքը թոզ ու դուման բռնեց։

Ամենափոքրիկ դեպքն անգամ հիշեցնում էր նրան մեռած կնոջը։