Էջ:Իմ հորաքույրը 21.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հորաքույրս Եգիպտոսում պատահել էր այս ոսկե ատամներով պարոնին և խոստացել էր երկիր վերադարձին ցույց տալ իր եղբոր աղջիկը։

Ահա թե ինչպես Ջինջիլյան էֆենդին մուտք գործեց մեր տունը և էլ դուրս չեկավ։

Թե հորաքույրս ինչպես և որպեսզի աջողությամբ տարավ թելլալ[1] կնիկի այս գործը, դժվար թե ես կարողանամ պատմել այստեղ մանրամասնորեն և ճշգրտորեն, որովհետև այս պատմությունը հորաքրոջս ամենածածուկ, մութ և լռին գործերից մեկն է։

— Չեմ գիտեր թե աղջիկդ պահես-պահես՝ որի՞ն պիտի տաս, ասում էր մորս, բոլորն ըլ կը խոսին, որ թոքախտավոր է, բարակ ցավ ունի, և ինչե՜ր, մեյ մը ականջդ դուրս ըրե՛ և լսե՛, թթո՞ւն պիտի դնես։

— Բայց շատ տարիք ունի, ինձմե մեծ է, պատասխանում էր մայրիկս ոսկի ատամներով մարդու համար, գլխուն վրա ճերմակ մազերու համրանքը չկա, աղջիկս ծերի՞ պիտի տամ։

— Ոո՜ւհ, գլուխդ հողիմ,— ասում էր հորաքույրս, բոլորը Ջինջիլյան մը կըսեն հինգ Ջինջիլյան ըլ պռկունքներեն կը կախվին, ի՜նչ պատիվներ կուտա խալխը աղջիկները անոր շալակը հանելու, բայց բախտը տես, որ իր ոտքովը ընկեր է մեր դուռը։

Վերջապես հորաքույրս բոլորին համաձայնացրեց։

Մինչև ամուսնություն՝ մի կերպ մենք նոր փեսային տարինք, բայց ամուսնությունից հետո՝ մեծ եղբայրս մտավ իր դերում, որովհետև փեսան դուրս եկավ իր դերից։

Ջինջիլյան էֆենդին սկսեց եղբորս անձնական գործերին խառնվել։ Եղբայրս անցել էր հորս տեղը և չէր տանում, որ որևէ մեկը միջամտի իր խելքին։

Մենք մի մեծ պարտեզ ունեինք քաղաքից քիչ դուրս, որ չորս բոլորը փշենիներով ցանկապատ ուներ։ Մեծ եղբայրս ցանկացավ ցանկապատի տեղ աղյուսով պատ կանգնեցնել։ Շատերը եղբորս խորհուրդ տվին չանել այդ, որովհետև ծախսը շատ է և չարժե։

  1. միջնորդ