Էջ:Լուր–դա–լուր 2.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բնությունն էր քարացնում, զեփյուռին ողբացնում, ամեն ինչ շարժում, հրեշտակների նախանձը գրգռում։

Այդպես էր Հասոն։

Էլ ինչպես ոչխարները չհնազանդեին նրա երգի ձայնին։

Ինքը չէր շարժվում, ոչխարներին նվագով կանչում էր մոտը։

Արածացնելու համար «Բերիկը», ջրելու համար «Խոզաթը» և հեզ անասուններին շուրջը ժողովելու համար՝ ածում էր «Ոչխարի կոչը»։

Ոչխարները լսելուն պես թողնում էին ամեն ինչ, անցնում ամեն բան, գալիս Հասոյի շուրջը հավաքվում։

Ապրում էր Հասոն այդպես երջանիկ, հեռու մարդկանցից, բնության գրկում, լեռների կրծքին։ Երջանիկ Էր նա որպես մի իշխան, սիրված իր հոտից, նվիրված իր երգերին։

―――――――――――

Բայց մի օր Հասոն տեսավ աղայի միակ աղջկան։ Տեսավ ու սիրեց։

Սիրուն էր Զալխեն։ Կախարդիչ՝ աչքերը, սալվի էր բոյը, կամար՝ ունքերը, գողտրիկ՝ թշերը։

Զալխեն էլ տեսավ Հասոյին, Զալխեն էլ սիրեց Հասոյին։ Տխրեց խիստ Հասոն։ Կորցրեց աշխուժություն, կորցրեց զվարթություն։ Օրերով պտույտ էր գործում պալատի շուրջը, մինչև իսկ եթե ոչխարն այնտեղ ուտելու խոտ չգտներ։ Աչքը աշտարակին, նվագում էր տխրագին․ սիրտը սրնգի մեջ դնում ու արտասվում։

Զալխեն էլ տանջվում էր։ Թաքնված վարագույրի ետևում, աչքը Հասոյից չէր հեռացնում, ոչ էլ ականջը՝ նրա նվագից։ Ոչ ուտում էր և ոչ էլ խմում, տանջվում էր միայն։

Երկուսն էլ գիտեին, որ շատ հեռու են միմյանցից, որ աղայի աղջիկը հովվի կին չի լինիլ։

Բայց սերը աստուծո կրակն է, շատ զորեղ կրակ։ Նա կտրում, անցնում է ամեն հեռավորություն, թափանցում է ամեն խորություն։

Սերը ոչ հեռավորություն է ճանաչում, ոչ էլ խտրություն։