Էջ:Լուր–դա–լուր 6.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կատաղեց Հասոն, բացվածքը չէր տեսնում։ Որքան սեր ուներ ու զգացմունք, ներշնչեց սրնգին, գեղգեղանքներով քարացրեց բնությանը… բայց ոչխարները ետ-ետ էին գնում։

Ամաչեց աղան իր գործից, կիսամեռ եղավ Զալխեն հուսահատությունից։

Փոխեց Հասոն եղանակը։

Այժմ ինքն էլ չգիտեր ինչ էր նվագածը։

Դադրել էր քամին, կանգնել էր ջուրը, լռել ամեն ինչ։

Ո՞վ չի լսել «Լար-դա-լուր»-ը, որին չի դիմանալ ոչ մի քար սիրտ։ Որին լսելով, կթրթռա սիրող սիրտը, կմարի։ Որին լսելով, կգժվի սիրող աղջիկը․ կգժվի և դեպի սիրածը կսլանա։

Սքանչելի էր նա, երգերի փառքն է նա։

Հրեշտակների մրմունջը, Հասոյի հոգին է նա։

――――――――――――

Շարժվեցին ոչխարները, գլորվեցին շատերը։

Շարժվեց և Հասոն, կռացավ, տեսավ բացվածքը։

Հասկացավ ամեն ինչ, նայեց աղային։

Զգաց, որ Զալխեն կորած էր իր համար, ինքն էլ աշխարհի համար։

Շարժվեց Զալխեն էլ, նայեց աղային, նայեց Հասոյին։

Զգաց, որ Հասոն կորել էր իր համար, ինքն էլ աշխարհի համար։

Եվ լռեց ամեն ինչ…

«Լուր-դա-լուր»-ը դադարեց, նրա խաղի վերջին թրթռումը գնաց մեռնելու օդի մեջ…

Հետո… լսվեց մի ճիչ։

Ու երկու մարմիններ արագ պտույտ գործելով օդի մեջ, գնացին միասին ջախջախվելու անդունդի խորքում… և միմյանց գրկում։

Հասոն ու Զալխեն էին դրանք…