Էջ:Խենթը.djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս դատողությունները ի նկատի առնելով, կարելի է հեշտ բացատրել թե ինչո՞ւ Թոմաս էֆենդին ընդունված էր ծերունի Խաչոյի ընտանիքի մեջ, որպես այս տան պատվավոր ծանոթներից մեկը։ Տանուտեր Խաչոն, որպես ժողովրդից ընտրված գյուղի գլխավորը, որպես պաշտոնական անձն, միշտ հարաբերություններ ուներ կապալառուի հետ, թե՛ տուրքերի, թե՛ հարկերի և թէ՛ գյուղացոց մշակությունների տասանորդի պատճառով։ Եվ այս առիթով էֆենդին երթևեկություն ուներ Խաչոյի տանը, գալիս էր շատ անգամ շաբաթներով մնում էր այնտեղ և հավաքում էր իր կապալառության վերաբերյալ արդյունքները։ Տանուտերի «օդան» այս տեսակ հյուրերի համար մի կատարյալ պանդոկ է գյուղերում։ Գայմագամը, մուդիրը, մուլթեղիմը, «հոգևոր պտուղ» հավաքող վարդապետը, վերջին զափթիան և մինչև անգամ վերջին մուրացկանը,— բոլորը այնտեղ էին վազում։ Այդ հասարակությունը իրանց հատկություններով շատ չեն զանազանվում միմյանցից…
Ջրաղացի անտառում, ծերունի Խաչոյի որդիների գիշերային անհաջող խորհրդի առավոտն էր, երբ հայտնվեցավ Թոմաս էֆենդին գյուղում, իր հետ բերելով երկու զափթիաներ, որոնք միշտ անբաժան էին լինում նրանից։ Նա եկել էր ոչխարների և այլ անասունների հարկերը նշանակելու, որովհետև արդեն գարուն էր և գյուղացիները պետք էր իրանց անասունները «յայլաղ» (արոտատեղ) տանեին արածացնելու և ամառվա տոթերից հեռու պահելու համար։ Վերջացնելով իր գործը, Թոմաս էֆենդին տանուտեր Խաչոյի հետ դիմում էին դեպի նրա տունը։ Սուլթանր երբեք այն հպարտությամբ չէ անցնում Ա. Պոլսի փողոցներով, երբ գնում է Այա-Սոֆիայի մզկիթը իր ուրբաթ ավուր աղոթքը մատուցանելու, որպես այդ փոքրիկ մարդը անց էր կենում Օ… գյուղի փողոցներով։ Տմբլիկ փորը դուրս ցցած, քիթը դեպի վեր բարձրացրած, նա անդադար նայում էր այս և այն կողմը, տեսնելու, թե որքան գյուղացիներ գլուխ են տալիս նրան։ Նա այսօր հագած ուներ մի տեսակ մունդիր, բազմաթիվ դեղին կոճակներով, և հավատացնում էր, թե վեզիրն է ուղարկել նրա համար։
Մտնելով տանուտերի օդան, նա առանց սպասելու՝ հրամայեց, որ սուրճ տան, և ինքր կարգադրեց, թե ինչ պետք էր պատրասել ճաշի համար։ Արքունի կապալառուն ինչ տուն որ մտնում է՝ իրան տան տեր է համարում, եթե տանեցիք չկատարեն նրա հաճույքները, նա խստիվ պահանջել գիտե…
Երբ նստեցին, ծերունի Խաչոն ասաց նրան.

144