Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 02.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուզում էի թռչել դեպի զմրուխտյա դաշտերը․ ինձ այնպես էր թվում, որ եթե մայրիկս թողնի՝ ես պիտի կարողանամ ցատկել դիմացի կտուրը և այդ կտուրից էլ դեպի դաշտը։ Հարևան կտուրը բարձրացավ մի կին և, տեսնելով լիալուսինը, խաչակնքեց և մեզ դառնալով՝ ասաց․

— Չոճուխը տեներն ես հաներ․․․

— Հա՛․․․

— Քա՜, ինչքա՜ն գիրցեր է, աչք չիտամ․․․

Մայրիկս քնքուշ կշմտեց իմ ամենափափուկ տեղը։

Ես այլևս չլսեցի, թե ինչ խոսեցին, ինձ հափշտակել էր ընդարձակ և անդորր տարածությունը։ Դաշտում իմ աչքին խփում էին մինարեները և կաղամախիները, երկուսն էլ դեպի երկինքն էին թռչում, երկուսն էլ օրորվում էին մթնշաղում։ Կտուրից ես սկսեցի տեսնել և տները, հենց առաջին անգամ տեսա մեր տունը։ Մինչև այդ ինձ միայն փողոցի դուռն էին հանում կամ շատ֊շատ լուսամուտի առաջ, կանգնած բռնում էին, որ դիտեմ, ես տեսել էի մեր դիմացի տունը և նրա ձևը, մեր տունը դեռ չէի տեսել․ չէի տեսել այնպիսի կետից, որ կարողանայի ամբողջականապես ըմբռնել նրա ձևը։ Երբ մ այրիկս ինձ տարավ կտուրի մյուս ծայրը, ես ներքև նայեցի և տեսա մեր պարտեզը․ տեսա ավազանը, որ փոքրացել էր, տեսա Գոգոյին, որ ծաղիկներն էր ջրում, նա էլ կարճացել էր, թփերը, մեծ ծառերն անգամ թզուկացել էին։ Դարձա մայրիկիս զարմացած, մայրիկս չէր փոքրացել։

Մթնշաղի մանիշակագույն մշուշում սուրում էին ծիծեռնակներ, բյուրավոր ծիծեռնակներ, որոնցից ոմանք իմ գլխի վրայով, շատ մոտիկից, սուր ճիչ արձակելով՝ անցնում էին։ Երբ ես հետևում էի նրանցից մեկնումեկի թռիչքին և պատկերացնում էի նրա թռիչքի գիծը իբրև թել, իմ առաջ դիզվում էր խառնված թելի մի կույտ։

Մայրիկիս գրկում ես այնքան խաղացի և թռչելու փորձեր արի, որ հոգնեցի, փաթաթվեցի մայրիկիս վզով, կամաց֊կամաց գլուխս կախվեց ստինքների վրա, շրթներս հպան նրա ջերմ պտուկներին։ Միայն առավոտյան աչքերս բացի։ Արև էր։ Մայրիկս քնած էր, կուրծքը բաց։ Վեր կացա, մոտեցա նրան, գլուխս թաղեցի նրա կրծքի մեջ։ Մայրիկս, առանց աչքերը բանալու, մի թևով պինդ գրկեց ինձ։