Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 04.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատմում էր ուստա Մարգարը, ծիծաղում ու հղկում տախտակը։

Բայց երբ հայրս ընտանիքի բոլոր անդամներին դուրս հանեց, որպեսզի դագաղի մեջ պառկի վերջին անգամ ստուգելու՝ ուստա Մարգարն էլ դուրս եկավ սենյակից սարսափով։

— Ղուրբա՜ն ըլիմ աստծո զորության, ասլանի ջիգեր ունի,— ասաց ուստա Մարգարը։

Դուրսը բոլորն էլ լաց էին լինում, բոլորն էլ մասնակցում էին մորս ողբին։

Իմ աչքերն էլ լցվեցին արցունքով։

Իմ հոգու թեթևությունը փոխվեց մի մթին ծանրության։ Ականջիս շշուկ ընկավ, որ հայրիկը շուտով պետք է մեռնի․․․

Ինձ պատեց մի վախ։ Այդ վախը գնալով աճեց։ Մինչև երեկո նա տիրեց ամբողջ իմ հոգուն։

Սկսեցի վախենալ տան բոլոր իրերից, մանավանդ դուռը բաց թողնված պահարանից, ջրհորից, սանդուղների տակը գրված մեծ սնդուկից, որի մեջ երբեմն մենք պահվում էինք խաղի համար։

Երբ հայրս դուռը բաց արավ, ո՛չ ոք չգնաց մոտը, բացի ինձանից։

Գնացի, փաթաթվեցի նրան, գլուխս խրեցի նրա կրծքի մեջ, խո՜րը, խո՜րը շնչեցի նրա շապկի հոտը։

Այդ հոտը տաքացրեց ինձ, փարատեց իմ սարսափը։

Հայրս գրկեց ինձ, նայեց աչքերիս մեջ։

Ես տեսա արցունքի կաթիլներ նրա աչքերում։

Մորս արցունքները շատ էի տեսել, բայց հորս արցունքները՝ երբեք։

Առաջին անգամ տեսա այրող արցունքը։

— Յավրում, մավի գյոզլի յավրում[1], — շշնջաց նա ու ինձ ողողեց համբույրներով։

Հետզհետե բոլորն էլ եկան, շարվեցին հորս առաջ։ Նա նստած էր իր անկողնի վրա, ես՝ նրա գրկում։

Գլուխը վեր բարձրացրեց, նայեց շուրջիններին և, տեսնելով լացից ուռած աչքերը, բարկացավ․

— Ի՞նչ եք դեմս կայներ, հեռացե՛ք։

  1. Տղաս, կապուտաչյա տղաս