Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 105.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ասում եմ արհեստ չուներ՝ ուզում եմ ասել սովորական արհեստ չուներ։ Նրա արհեստը թուրք մեռելներին քաշել֊դուրս բերելն էր գերեզմանից։ Ինչպե՞ս էր անում այդ։ Թուրք մեռելները փաթաթված էին լինում պատանքի (քեֆին) մեջ և այդ քեֆինը առհասարակ լինում էր թանկագին մետաքսից կամ որևէ թանկագին կերպասից։ Նա զբաղվում էր քեֆին ծախելով։

Երևակայեցեք մի մարդ, որ գիշերը մեն֊մենակ մտնում է թրքական գերեզմանոցը, մոտենում է նոր թաղված գերեզմանին, բաց է անում, կռանում ներքև, գրկում մեռելին, քաշում, վեր բարձրացնում, ձգում գետնին, քեֆինը քանդում, մեջքին փաթաթում, մեռելը դնում տեղը, վրան ծածկում, այնպես, որ առավոտյան նշմարելի չլինի, ապա մոտենում է պարսպին, բարձրանում և ցատկում փողոց, քայլում տուն և հանգիստ քնում։

Այս գաղտնիքն իմանալուց հետո՝ մեր աչքին Մանուկ փեսան ավելի հերոսական դարձավ, թեև մենք էլ սկսեցինք ֆիզիկական սարսափ զգալ նրանից։

Երբ նրան խրատում էին, որ ձեռք քաշի այդ արհեստից, գեթ հասակն առնելուց հետո, նա պատասխանում էր․

— Շատ ռահաթ գործ ունիմ․․․

Մանուկ փեսան մի ուրիշ հատկություն էլ ուներ, նա կարող էր ամենաբնական կերպով հաչել։ Եվ այդ հատկությունը նրան շատ անգամ էր փրկել բռնվելուց։ Երբ ոտի ձայն էր առնում գերեզմանը քանդած ժամանակ, սկսում էր հաչել, և բոլորը փախչում էին սարսափած։ Մինչև անգամ գերեզմանոցի դիմացի տներում ապրող հայերը, երբ կես֊գիշերին հաչոց էին լսում, բոլորը սփրթնում էին, խաչակնքում և փսփսում․

— Մանուկ փեսան գյոռ կբանա կոր, վո՜ւյ, մայրիկ աստվածածին․․․[1]

Ցերեկը, երբ փողոցից անցնում էր հուղարկավոր թափորը, Մանուկ փեսան դիտում էր լուսամուտից, մանրիկ ժպտում և ցինիկորեն ասում․

  1. Ըստ մահմեդական սովորության՝ մեռելներին գերեզմանափոսում նստեցնում են, առանց հողով ծածկելու, միայն վրան են ծածկում հողով և փայտով։ Շները հեշտությամբ կարող էին մտնել և դիակն ուտել, բայց ոչ ոք չէր մոտենում, որովհետև շները հարձակվում էին։