Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 113.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գերեզմանին։ Նվերն անարժեք էր. բայց այն ժամանակվա իմ ամբողջ սիրտն էր։

Տարիներ հետո, երբ Պոլսում ես կռացա Միսաքի ցուրտ շիրիմը համբուրելու, ինձ թվաց, որ Միսաքը խոսեց ինձ հետ, խոսեց արևի համար տածած բուռն կարոտով։

Գույների այս չնաշխարհիկ երգիչը քնում էր անգույն մի տարածության մեջ։

Միսա՛ք, արդյո՞ք ոչ մի կապույտի վրա չեն հառում քո աչքերը։

Այժմ ես մեծացել եմ, դարձել եմ չափահաս, դու մնացիր պատանի։ Այժմ, իմ չափահասի ձեռքերով և չափահասի խորին գուրգուրանքով, շոյում եմ քո պատանի, չքնաղ գլուխը և արցուքներս վազում են քո երգերի վրա։

Երբ մրսում եմ այս աշխարհում, մեծ պատանի՛, գրկում եմ քո երգերը, և ահա արևը, քո երգած արևը, սուզվում է իմ ցուրտ հոգու մեջ կաթիլ առ կաթիլ։


ԺԼ

Մենք ունեինք և թուրք հարևաններ։

Շեմսին մեր թուրք հարևանի որդին էր, որի հետ մենք հասակակից էինք, գրեթե միասին էինք մեծացել։ Մեծացել էինք երկու եղբոր պես․ իրար վեգ էինք տվել, տնից վերցրած քաղցրավենիքներ էինք հյուրասիրել իրարու, միասին լողացել և միասին կմշտել նրա մեծ քրոջը՝ իրենից երկու տարով մեծ՝ լացացրել նրան միասին։

Սանիեն, նրա քույրը, կարծես եթերից էր շինված, այնքան թեթև, այնքան սպիտակ և ոսկեգույն էր, հակառակ իր եղբոր թուխ մորթին, սև մազերին, հոնքերին և մանավանդ սևասև աչքերին։

Նրանց պարտեզում կար մի մեծ ակացիայի ծառ։ Ես նրան շատ էի նմանեցնում ակացիայի սպիտակ ծառին։

Սանիեն մի քիչ քթից էր խոսում — ինչ֊որ ընկել էր փոքրիկ եղած ժամանակ և վնասվել — բայց ինձ չափազանց դուր էր գալիս այդ քթի միջից խոսելը, այնքան էր դուր գալիս, որ ուզում էի բոլոր աղջիկներն էլ քթից խոսեին։ Սանիեն առաջին աղջիկն էր, որի մարմնի ամենափափուկ տեղերին դպել էին իմ մատները, հաճույք էի զգացել և կարծում էի, որ իսկական