Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 117.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բայց Բահրիեն, գարունքից կրակված, միջոց է գտնում ոչ միայն լուսամուտին մոտենալու, այլև ձեռքը դուրս հանելու, ծաղիկ նետելու և շշնջալու։

— Վաղը պարտեղն իջիր, քաֆթառները գնալու են, — լսեցի մի օր լուսամուտի ետևից։

Այդ ձայնը կարկաչեց իմ ականջին, զարթեցրեց իմ մեջ կինը․․․

Լսեցի ու անցա, բայց կարծես նա պոկեց սիրտս և լուսամուտի նեղ վանդակներից քաշեց ներս։

Հեռացա, բայց ձայնը շարունակեց հնչել իմ հոգում, ավելի և ավելի ուժգին։

Կանգ առա մի ծառի շվաքի տակ, արևը ծաղիկներ է հյուսել գետնի վրա, տեսնում եմ Բահրիեին այդ հյուսվածքի մեջ, հովը շնկշնկում է տերևների մեջ — Բահրիեն է խոսում․

— Վաղը պարտեզն իջիր․․․

Գիշերը կանգնեցի կտուրի վրա, ակացիայի ճյուղերը կռացել են, լուսինը՝ ճիշտ մեր կտուրի վրա, Բահրիեի դեմքն եմ տեսնում լուսնի վրա՝ խոշոր, սև աչքերով, մազը կարճ կտրած, թափվել է ճակատի վրա։ Ժպտում է։

Առավոտյան բարձրացա մեր պարտեզի պատի վրա, ցատկեցի հարևանի պարտեզը, շորերս թրջվեցին առավոտի ցողից։ Պետք է երեք պարտեղից անցնել Բահրիեի պարտեզը մտնելու համար։

Բարձրացա նրանց պարտեզի պատի վրա։ Դողում եմ, բայց ինձ թվում է, որ կարող եմ թռչել։

Բահրիեն տեսավ ինձ։ Վազեց։

Ես ներքևումն եմ, ծաղկած նռնենու տակ, քիչ հեռուն գտնվող եղրևանին ծածկում է ինձ։ Բահրիեն երևաց, կանգ առավ, հևում է, դողում, ձեռքր դրած ուռած կրծքի վրա։ Գրկեցի նրան, հարբեցի նրա բուրումից, այրվեցին շրթունքներս․․․

— Գնանք,— ասում է,— ներս գնանք։

Կրոնավորը գիշերով գնացել է հին քաղաքն իր երկու կանանցով․ ինչ֊որ ժառանգական դատ կա, դրսի դուռը փակել են Բահրիեի վրա, ոչ մի կասկած չկա, որ նա կարող է դուրս գալ տնից։

Ձեռքս բռնած՝ Բահրիեն տարավ ինձ ներս, ննջարանը։